ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6028/05/20 2024 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/6028/05/20 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
Ռ. Հակոբյան Ա. Թովմասյան | |
Լ. Հակոբյան
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի հոկտեմբերի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտյոմ Ոսկանյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ 17.06.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-24/41 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտյոմ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.06.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-24/41 որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 21.04.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.11.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ՝ Դատարանի 21.04.2021 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առանց շինարարության թույլտվություն ստանալու շինարարական աշխատանքներ իրականացնելու արտոնությունից օգտվելու համար անձը, որպես այդպիսին, պետք է ունենա իրավունքի հատուկ սուբյեկտի կարգավիճակ, որը սույն դեպքում կառուցապատողն է, իսկ «կառուցապատող» եզրույթը մեկնաբանվում է որպես անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող անձ:
Հետևապես, առաջնորդվելով այն հայեցակարգով, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշումը չի կանոնակարգում այն իրավահարաբերությունները, որոնց շրջանակներում պետության կամ համայնքային հողատարածքի վրա պետք է իրականացվեն շինարարական աշխատանքներ այլ անձի կողմից առանց իրավասու պաշտոնատար անձի թույլտվության (սույն դեպքում թույլտվություն բառը չպետք է նույնացնել «շինարարության թույլտվություն» վարչական ակտի հետ), ապա շինարարական աշխատանքներ իրականացնող անձը չի կարող օգտվել առանց շինարարության թույլտվություն ստանալու շինարարական աշխատանքներ իրականացնելու՝ ՀՀ կառավարության վերոգրյալ որոշմամբ սահմանված արտոնությունից:
Այսինքն, անկախ այն հանգամանքից, որ փաստացի կատարված շինարարական աշխատանքներն իրենց էությամբ նախատեսված են ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 4-րդ հավելվածում, որպես շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ, այնուամենայնիվ դրանք կիրառելի չեն պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, և բոլոր դեպքերում պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելիս անձը պետք է ունենա համապատասխան իրավասու պաշտոնատար անձի թույլտվությունը, որպիսի թույլտվությունը չի կարող նույնացվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «շինարարության թույլտվություն» վարչական ակտի հետ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ ներկայիս խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 154-րդ հոդվածը հաղթահարել է նախկինում առկա այն իրավական հակասությունը, ըստ որի՝ անձը վարչական պատասխանատվության կարող էր ենթարկվել միայն այնպիսի շինարարական աշխատանք կատարելու համար, որը ենթակա էր իրականացման շինարարության թույլտվության առկայության դեպքում: Ներկայիս կարգավորումները լայնացել են և ներառում են ոչ միայն հիմնական շինությունների կառուցումը, այլև ոչ հիմնական շինությունների կառուցումն ու տեղադրումը, իսկ արարքը որպես այդ հոդվածով նախատեսված կարող է որակվել այն դեպքում, երբ կատարված աշխատանքի կամ տեղադրման համար անհրաժեշտ է որևէ թույլտվություն:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Ենգիբարյանի կողմից 12.05.2020 թվականին կազմվել է թիվ 034386 արձանագրությունը, ըստ որի՝ հայտնաբերվել է «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հո․ 1 մաս, 3 պար․ հոդվածով (ներով) նախատեսված հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետության և համայնքային սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը իրավախախտումը։ (․․․) Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փող. 5 շենքի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է մետաղական կոնստրուկցիաներով շվաքարանի կառուցման և բազալտե սալիկներով բետոնացման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը հայտնաբերվել է 08.05.2020թ. ժ. 12:50-ի սահմաններում։
Իրավախախտումը կատարվել է Արտյոմ Սարգսի Ոսկանյանի կողմից (․․․)» (հատոր 1-ին, գ.թ. 36-37).
2) Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից 17.06.2020 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-24/41 որոշումը, որի համաձայն՝ Արտյոմ Ոսկանյանի կողմից Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի հարևանությամբ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ իրականացվել են մետաղական կոնստրուկցիաներով շվաքարանի կառուցման, ինչպես նաև բազալտե սալիկներով հարթակի կառուցման /բետոնացման/ շինարարական աշխատանքներ: Իրականացված շինարարական աշխատանքներն ընդգրկված չեն ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ սահմանված կարգի 4-րդ հավելվածի 1-ին ցանկի 2-րդ և 3-րդ բաժիններում նկարագրված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներում: Քաղաքացի Արտյոմ Ոսկանյանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում:
Նույն որոշմամբ Արտյոմ Ոսկանյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա կատարված աշխատանքների համար շինարարության թույլտվության անհրաժեշտության հանգամանքն արդյո՞ք կարող է որոշիչ նշանակություն ունենալ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության կիրառմամբ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար։
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և (կամ) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր (…):
Վճռաբեկ դատարանը, տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և ըստ այդմ՝ սույն գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ նշված իրավանորմի բովանդակությանը և բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (…) սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք)՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն ամրագրված վարչական իրավախախտում է, որի դրսևորումները նկարագրված են նշված իրավանորմի 1-ին մասի 1-3-րդ պարբերություններում։
Այսպես․ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտմանը, արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.
1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),
2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,
3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:
Թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը), հետևաբար նշված իրավադրույթի ուժով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք անձի կողմից կատարված շինարարական աշխատանքներն ուղղված են եղել ինքնակամ կառույցի (շենքի, շինության) իրականացմանը, թե՝ ոչ: (…) (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի, երրորդ անձ Ռուբեն Աղաջանյան թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտման դեպքին՝ բացահայտելով այդ իրավախախտմանը բնորոշ առանձնահատկությունը։
Նախևառաջ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկին որոշումներում արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վարչական իրավախախտման առարկան ինքնակամ կառույցն է (շենքը, շինությունը):
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը կարևորում է «ինքնակամ կառույց» հասկացության բովանդակության բացահայտումը։
Այսպես․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ կառույցն ինքնակամ է հետևյալ դեպքերում․
1) կառույցն իրականացվել է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում,
2) կառույցն իրականացվել է առանց թույլտվության,
3) կառույցն իրականացվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով։
Միևնույն ժամանակ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերություններում նկարագրված դիսպոզիցիաների առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդիրը նախատեսել է վարչական պատասխանատվություն ինքնակամ կառույց իրականացնելու համար։
Մասնավորապես, Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունում նկարագրված իրավախախտման հիմնական առանձնահատկությունն ինչպես արարքի կատարման վայրն է՝ պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասը, այնպես էլ արարքը կատարող սուբյեկտը՝ հողօգտագործման իրավունք չունեցող անձը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված նորմում «ինքնակամ կառույց» ասելով հարկ է հասկանալ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կառուցված շենք, շինությունը։ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության իմաստով օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաս է հանդիսանում պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասը։ Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կառուցված շենքը, շինությունն ինքնակամ կառույցի կարգավիճակ է ձեռք բերում հենց նման հողամասի վրա կառուցվելու փաստի ուժով։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արարքը կատարող սուբյեկտի՝ պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ հողօգտագործման իրավունք չունենալու փաստը հաստատվելու պարագայում այլևս որևէ նշանակություն չի կարող ունենալ այն հարցը, թե անձի կողմից կատարված շինարարական աշխատանքների իրականացման համար արդյո՞ք պահանջվում է շինարարության թույլտվություն իրականացմանը հետևյալ պատճառաբանությամբ․
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի (ուժի մեջ է մտել 27.06.2015 թվականից) «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 4-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` կառուցապատողը՝ քաղաքաշինական գործունեություն իրականացնող` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունք ունեցող անձն է:
Կարգի 26-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ հինգ կատեգորիաների՝ 1) ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ` I կատեգորիա (…):
Կարգի 27-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ նույն կարգի 26-րդ կետի` 1-ին ենթակետով սահմանված` ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների:
Կարգի 136-րդ կետի համաձայն` առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարության թույլտվություն չպահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավունք ունի այն անձը, ով օժտված է իրավունքի հատուկ սուբյեկտի կարգավիճակով, մասնավորապես՝ հանդիսանում է կառուցապատող, իսկ «կառուցապատող» եզրույթը վերոգրյալ իրավակարգավորումների իմաստով անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող անձն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշումն առհասարակ կիրառելի չէ պետության կամ համայնքային հողատարածքի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների իրականացման դեպքերում, հետևաբար նույնիսկ եթե հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում իրականացված շինարարական աշխատանքները, ըստ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի, դասվում են շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների թվին, միևնույնն է այդ փաստը չի կարող հիմք հանդիսանալ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտման համար անձին վարչական պատասխանատվության չենթարկելու համար։
Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության և ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառելու հարցը որևէ կերպ չի կարող պայմանավորվել կատարված շինարարական աշխատանքների համար շինարարության թույլտվություն պահանջված լինելու կամ չլինելու հանգամանքով։ Այլ կերպ ասած Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությամբ սահմանված սանկցիան ենթակա է կիրառման բոլոր այն դեպքերում, երբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների պահպանմամբ իրականացված վարչական վարույթի արդյունքում հաստատվում է նույն իրավանորմի դիսպոզիցիայում նկարագրված պայմանների առկայությունը, այն է՝ պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա շինարարական աշխատանքները կատարել է հողօգտագործման իրավունք չունեցող անձը՝ անկախ նրանից, թե այդ աշխատանքներն ինչ բնույթի են։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արտյոմ Ոսկանյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 17.06.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-24/41 որոշումը։
Դատարանը 21.04.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Սույն գործի փաստերից հետևում է, որ Արտյոմ Սարգսի Ոսկանյանը պատասխանատվության է ենթարկվել Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի հ.5 շենքի հարևանությամբ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա մետաղական կոնստրուկցիաներով շվաքարանի կառուցման, ինչպես նաև բազալտե սալիկներով հարթակի կառուցման (բետոնացման) շինարարական աշխատանքներ առանց թույլտվության, այսինքն՝ ինքնակամ իրականացնելու համար:
Վարչական վարույթի նյութերում առկա լուսանկարների ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում, որ դրանցում պատկերված է մետաղական կառուցվածք ունեցող շվաքարան, որի մետաղական սյուների վրա տեղադրված է ծածկը, իսկ շվաքարանի հատակը պատված է քարե սալիկներով։ Ընդ որում՝ լուսանկարներից հետևում է, որ շվաքարանի կառուցման համար կատարվել են նաև բետոնացման շինարարական աշխատանքներ:
(․․․) վարույթի նյութերում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ հայցվորը վիճարկվող որոշմամբ արձանագրված վայրում ոչ թե տեղադրել է փոքր ճարտարապետական կառուցվածք հանդիսացող ծածկարան, այլ կառուցել է մետաղական կառուցվածքով և քարե հարթակով շվաքարան, կատարել բետոնացման աշխատանքներ, որպիսի աշխատանքը չի հանդիսացել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանք»:
Վերաքննիչ դատարանը 24.11.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը բավարարել է ամբողջությամբ՝ Դատարանի 21.04.2021 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և փոփոխել է՝ հայցը բավարարել է, այն պատճառաբանությամբ, որ «(...) լուսանկարներից պարզ չէ, թե երբ, որտեղ և ում կողմից են դրանք կատարված: Բացի այդ, լուսանկարները հնարավորություն չեն տալիս պարզել, թե կոնկրետ ինչ բնույթի շինարարական աշխատանքներ են կատարվել՝ արդյո՞ք դրանք այնպիսի աշխատանքներ են, որոնց համար պահանջվում է շինարարության թույլտվություն, թե՝ ոչ, արդյո՞ք դրանք ցածր ռիսկայնություն ունեցող և, ըստ այդմ, շինարարության թույլտվություն չպահանջող շինարարական աշխատանքների ցանկում չներառված աշխատանքներ են, թե՝ ոչ։
(․․․) իրավախախտման լուսանկարներով չի հաստատվում Արձանագրության մեջ նշված շինարարական աշխատանքների կատարման փաստը, այսինքն՝ չի հիմնավորվում այն հանգամանքը, որ հայցվոր Արտյոմ Ոսկանյանն իրականացրել է շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ: (…)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Ենգիբարյանի կողմից 12.05.2020 թվականին կազմվել է թիվ 034386 արձանագրությունը, ըստ որի՝ հայտնաբերվել է «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հո․ 1 մաս, 3 պար․ հոդվածով (ներով) նախատեսված հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետության և համայնքային սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը իրավախախտումը։ (․․․) Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փող. 5 շենքի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է մետաղական կոնստրուկցիաներով շվաքարանի կառուցման և բազալտե սալիկներով բետոնացման շինարարական աշխատանքներ: Իրավախախտումը հայտնաբերվել է 08.05.2020թ. ժ. 12:50-ի սահմաններում։
Իրավախախտումը կատարվել է Արտյոմ Սարգսի Ոսկանյանի կողմից (․․․)»։
Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետի կողմից 17.06.2020 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-24/41 որոշումը, որի համաձայն՝ Արտյոմ Ոսկանյանի կողմից Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի 5-րդ շենքի հարևանությամբ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ իրականացվել են մետաղական կոնստրուկցիաներով շվաքարանի կառուցման, ինչպես նաև բազալտե սալիկներով հարթակի կառուցման /բետոնացման/ շինարարական աշխատանքներ: Իրականացված շինարարական աշխատանքներն ընդգրկված չեն ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ սահմանված կարգի 4-րդ հավելվածի 1-ին ցանկի 2-րդ և 3-րդ բաժիններում նկարագրված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներում: Քաղաքացի Արտյոմ Ոսկանյանի կողմից թույլ է տրվել Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում:
Նույն որոշմամբ Արտյոմ Ոսկանյանը, Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 400.000 ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Արտյոմ Ոսկանյանին վերագրված իրավախախտման առկայության և դրա հիմնավորվածության հարցը ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պայմանավորել են հայցվորի կողմից իրականացված աշխատանքների շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքներ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքով՝ անտեսելով և քննարկման առարկա չդարձնելով շինարարական աշխատանքների իրականացման վայրի՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի նկատմամբ Արտյոմ Ոսկանյանի հողօգտագործման իրավունք ունենալու կամ չունենալու հարցը։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վիճարկվող որոշմամբ հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավաչափությունը գնահատելու համար սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ պետք է կարևորվեր հենց վերոգրյալ հարցի պարզումը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում գործի ճիշտ լուծման նպատակով ստորադաս դատարանները չեն իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն և Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության սխալ մեկնաբանության հետևանքով չեն կարևորել, ըստ այդմ նաև պարզել վիճարկվող որոշմամբ հայցվորին վերագրված՝ Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման բոլոր պայմանների առկայությունը կամ բացակայությունը։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն ամբողջ ծավալով անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.11.2023 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ա. Թովմասյան լ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|