Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0732/11/20

Գործ թիվ ԵԴ/0732/11/20

Նախագահող դատավոր՝  Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հոկտեմբերի 15-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Վանիկ Խաչիկի Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունիսի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58212020 քրեական գործը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 23-ի որոշման հիման վրա քննչական խմբում ընդգրկված, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ (այսուհետ՝ նաև Քննիչ) Ա.Տոնոյանի կողմից 2020 թվականի հունիսի 26-ին կատարվել է խուզարկություն:

Քննիչ Ա.Տոնոյանի գործողությունների դեմ մեղադրյալ Վ.Ասատրյանի պաշտպան Է.Բեգլարյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ (այսուհետ՝ նաև Դատախազ) Դ.Աղաջանյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժվել է:

2. Դիմող Վ.Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքը՝ վարույթն իրականացնող մարմնին Վ.Ասատրյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ մերժվել է՝ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

3. Ներկայացուցիչ Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանը, մերժելով ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքը, արձանագրել է. «(...) [Բ]ողոքի շրջանակներում դիմողի ներկայացուցիչը վիճարկում է քննիչ Ա.Տոնոյանի կողմից կատարված գործողությունները՝ կապված Վանիկ Ասատրյանի բնակության վայրում կատարված խուզարկության և դրա արդյունքում ձեռք բերված նյութերի որպես ապացույց օգտագործելը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում դատախազ Դ.Աղաջանյանի կողմից կայացված «Բողոքը մերժելու մասին» որոշումը, որը կայացվել է պաշտպան Է.Բեգլարյանի կողմից ներկայացված բողոքի քննարկման արդյունքում:

(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ բողոքը՝ քննիչ Ա.Տոնոյանի գործողությունների դեմ, չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ, այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքում նշված հանգամանքների պարզումը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Ավելին, Դատարանը գտնում է, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող գործունեությանը դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար, հետևաբար, այն չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն չի կարող իրականացվել այն դեպքում, երբ քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները կամ իրականացրած գործողությունը չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, նույն կերպ վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նաև վիճարկվող որոշման կամ գործողության արդյունքում կայացված որոշումը:

(…) Դատարանը (…) արձանագրում է, որ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում բողոքը չի կարող ըստ էության քննության առնվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող Դատարանի կողմից, քանի որ այն չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ և չի կարող դառնալ մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության օբյեկտ (…)»1:

6. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը, արձանագրել է. «(...) [Դ]իմողի ներկայացուցչի կողմից վիճարկվում է ոչ թե խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, այլ այդ որոշման հիման վրա խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողությունների իրավաչափությունը, ինչը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա և ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բնակարանի խուզարկությամբ էականորեն սահմանափակվում է անձի և՛ սահմանադրորեն, և՛ միջազգային ակտերով երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել բողոքը, պարզել քննիչի գործողությունների իրավաչափության և դրանց արդյունքում դիմողի իրավունքների և օրինական շահերի խախտման առկայության կամ բացակայության մասին, և ըստ այդմ հանգեր համապատասխան եզրակացության:

(…) Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված խախտման բնույթով պայմանավորված Վերաքննիչ դատարանը զրկված է դիմողի ներկայացուցչի ներկայացրած մյուս փաստարկներին անդրադառնալու հնարավորությունից: Հետևաբար, դիմող Վ.Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակի, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 05-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ քննության ենթարկի դիմող Վ.Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքի հիմքերը և օրենքով սահմանված կարգով հանգի համապատասխան հետևության (…)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը՝ մասնավորապես, սխալ են կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 395-րդ և 398-րդ հոդվածների պահանջները: Բացի այդ, առկա է էական հակասություն Վերաքննիչ դատարանի որոշմամբ և Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների միջև:

Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, չհետևելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով թույլատրված խուզարկության ընթացքում քննիչի գործողությունները համարել է մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկա։

Ըստ բողոքաբերի՝ քննչական գործողությունների կատարման կարգի պահպանումը, անկախ դատավարության մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը շոշափելու աստիճանից, այնքանով, որքանով դրանց արդյունքում ձեռք են բերվում հետագայում մեղադրանքի հիմքը կազմող ապացույցներ, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չեն կարող հանդիսանալ։ Քննչական գործողությունների կատարման և դրա արդյունքում ապացույցների ձեռքբերման օրինականության ստուգումը ենթադրում է դրանց մանրակրկիտ, այդ թվում՝ քրեական գործում առկա այլ փաստական տվյալների հետ համադրությամբ վերլուծություն, որը գործի ըստ էության քննության դասական դրսևորում է։

Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ դատարանի որոշմամբ, որը բողոքարկվել և թողնվել է օրինական ուժի մեջ, կատարված խուզարկության ընթացակարգային առանձնահատկությունների և դրա արդյունքում ձեռք բերված ապացույցի թույլատրելիության գնահատումը վերապահված է բացառապես քրեական գործն ըստ էության քննող դատարանին և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քննարկվել չի կարող։

 Ըստ բողոքաբերի՝ հսկող դատախազի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը նույնպես ենթակա չէ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական ստուգման, որպիսի հետևությունը պայմանավորված է Հովհաննես Գինոսյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմամբ:

7.1. Վերոշարադրյալից բացի, բողոքաբերը վճռաբեկ բողոքում անդրադարձել է նաև խուզարկության կատարման փաստական հանգամանքներին:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի դատական ակտին։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմող Վանիկ Ասատրյանի ներկայացուցչի բողոքը։

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում (…)»։

10.1. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետևյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման3։

Ավելին, Վճռաբեկ դատարանն իր կողմից ձևավորած վերոգրյալ ընդհանուր կանոնի կենսագործման շրջանակներում արձանագրել է նաև, որ նախաքննության մարմնի կողմից իրականացվող ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) դատարանի միջամտությունը ոչ միայն չի բխում մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության խնդիրներից, այլև նման միջամտության անթույլատրելիությունն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար4։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 23-ի որոշման հիման վրա Քննիչ Ա.Տոնոյանի կողմից 2020 թվականի հունիսի 26-ին կատարվել է խուզարկություն5: Քննիչ Ա.Տոնոյանի գործողությունների դեմ Վ.Ասատրյանի պաշտպան Է.Բեգլարյանի բողոքը Դատախազ Դ.Աղաջանյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ մերժվել է6,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ դիմողի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքը՝ Քննիչ Ա.Տոնոյանի գործողությունների դեմ, չի մտնում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ, այն ներառված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված այն որոշումների թվում, որոնց համար օրենսդիրը նախատեսել է դատական բողոքարկման հնարավորություն: Բացի այդ, բողոքում նշված հանգամանքների պարզումը դատավարության ավելի ուշ փուլերում, այդ թվում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է, և այն չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Նույն կերպ, վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նաև վիճարկվող գործողության բողոքարկման արդյունքում կայացված դատախազի որոշումը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը դիմողի ներկայացուցչի բողոքը՝ վարույթն իրականացնող մարմնին Վ.Ասատրյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ, մերժել է7:

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելով, արձանագրել է, որ դիմողի ներկայացուցչի կողմից վիճարկվում է ոչ թե խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը, այլ այդ որոշման հիման վրա խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողությունների իրավաչափությունը, ինչը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա և ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում: Վերաքննիչ դատարանը ընդգծել է, որ բնակարանի խուզարկությամբ էականորեն սահմանափակվում է անձի և՛ սահմանադրորեն, և՛ միջազգային ակտերով երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել բողոքը8:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմողի ներկայացուցչի բողոքը, դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից:

Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողությունների իրավաչափության ստուգումն ընդգրկված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում, չի բխում վերոնշյալ իրավանորմի բովանդակությունից:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ բնակարանի խուզարկությամբ էականորեն սահմանափակվում է անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, որպիսի պայմաններում, ըստ Վերաքննիչ դատարանի, Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել բողոքը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի կողմից որպես ելակետ ընդունված՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի էականորեն սահմանափակված լինելու հանգամանքը, ի հակադրումն սույն որոշման 10.1-րդ կետում նշված սկզբունքի, չի կարող դիտարկվել որպես չափանիշ՝ խուզարկություն քննչական գործողության կատարման իրավաչափությունը և դրա արդյունքում ձեռք բերված նյութերի՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիությունը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգելու համար։ Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նախնական քննության փուլում Քննիչ Ա.Տոնոյանի վիճարկվող գործողությունների՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու հարցի լուծման տեսանկյունից որոշիչ նշանակություն պետք է տալ ոչ թե կատարվող գործողությամբ անձի իրավունքն էականորեն սահմանափակվելու հանգամանքին, այլ նրան, որ վիճարկվող գործողությունների՝ խուզարկության կատարման և դրա արդյունքում ձեռք բերված նյութերի՝ որպես թույլատրելի ապացույց օգտագործման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է և չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ տվյալ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով ապացուցողական գործունեության իրավաչափության գնահատման հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ հարցը կարող է քննության առարկա դարձվել բացառապես քրեական գործի ըստ էության քննության շրջանակներում, հակառակ պարագայում կարող է խախտվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և քրեական գործի դատական քննության գործառութային տարանջատման սկզբունքը։

12.1. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Քննիչ Ա.Տոնոյանի վիճարկվող գործողությունները գործի նախնական քննության փուլում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չեն կարող բողոքարկվել դատարան, քանի որ նախատեսված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս հնարավոր է և չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

12.2. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Քննիչ Ա.Տոնոյանի վիճարկվող գործողությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չհանդիսանալու պայմաններում, նույն կերպ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ նաև Դատախազ Դ.Աղաջանյանի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշումը9:

13. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ըստ էության քննության առնել դիմող Վանիկ Ասատրյանի ներկայացուցչի բողոքը, իրավաչափ չէ։

14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 11-ի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշմանը10՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 7.1-րդ կետում բարձրացված փաստարկներին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Վանիկ Խաչիկի Ասատրյանի ներկայացուցիչ Է.Բեգլարյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-56:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 95-103:

3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հմայակ Արսենյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0125/11/12 որոշման 13-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը։

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

6 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշումը:

10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան