Գլխավոր տեղեկություն
Համար
N 3657-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.10.07/65(1154) 27.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
24.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3657-Ա

«24» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանի և «ԱՎՐՈՐԱ ՍԹԱՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 10.01.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-24/9-2» ծածկագրով ծառայությունների մատուցման գնման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 կետի համաձայն՝ «Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը /այսուհետ` ծառայություն/` համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրի պահանջների»։

Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ «Ծառայությունը մատուցվում է Պայմանագրի N 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխան և N 2 հավելվածով սահմանված ծառայության մատուցման ժամանակացույցով նախատեսված ժամկետներով»։

Ընկերությունը խախտելով պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի՛ կազմակերպել և չի՛ իրականացրել Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագրով պահանջված ծառայությունը, մասնավորապես՝ 14–րդ չափաբաժնում նշված «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների 2024թ. սպարտակիադա» սպորտային միջոցառումը, որի մատուցման ժամկետ էր սահմանված մինչև ս/թ դեկտեմբերի 25-ը ներառյալ։

Միաժամանակ՝ Պայմանագրի տեխնիկական բնութագրով սահմանված՝ մրցաշարի հետ կապված բոլոր մանրամասները պատվիրատուի հետ համաձայնեցնելու վերաբերյալ դրույթի և համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 10.10.2023թ. հ. 2097-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի III գլխի /Ժամկետը և վայրը/ 11-րդ կետի /3-րդ մարզային փուլը անցկացվելու է 2024թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարզերում և Երևան քաղաքում/, ինչպես նաև 8-րդ գլխի /հայտերը/ 25-րդ կետի /Սպարտակիադայի 4-րդ՝ եզրափակիչ փուլի մասնակցության նախնական հայտերը ներկայացվում են նախարարություն եզրափակիչ փուլի մրցումներից 7 օր առաջ: Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում/, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը /այսուհետ` Վարչություն/ տեղեկացրել է, որ «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների 2024թ. սպարտակիադա» սպորտային միջոցառման երևանյան փուլերն անցկացվելու են մինչև ս/թ սեպտեմբերի 15-ը։ Վարչությունը Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների շրջանակներում 02.09.2024թ. h. 46.1/144799-24, 04.09.2024թ. h. 46.1/146528-24 և 10.09.2024թ. հ. 46.1/149318-24 գրություններով, ինչպես նաև star.avrora@inbox.ru էլեկտրոնային հասցեով Ընկերությանը տեղեկացրել է «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների 2024թ. սպարտակիադա» մրցաշարի երևանյան փուլերի անցկացման ժամկետների վերաբերյալ և խնդրել, որպեսզի Ընկերությունը ներկայացնի Պայմանագրով նշված մարզաձևերի մրցաշարերի անցկացման վայրերը, մրցավարական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև երևանյան թիմերին տրամադրվող մարզահագուստի օրինակները համաձայնեցման նպատակով, սակայն վերոնշյալ գրություններին Ընկերության կողմից որևէ արձագանք չի եղել և արդյունքում նշված ժամկետում չի մատուցվել ծառայությունը։

Պայմանագրի 2.1.3 կետի համաձայն` Պատվիրատուն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

բ) խախտվել է ծառայության մատուցման ժամկետը։

Պայմանագրի 2.4.1 կետի համաձայն` Կատարողը պարտավոր է «Պայմանագրի N 1 և N 2 հավելվածներով սահմանված պայմաններով ապահովել ծառայության մատուցումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ»։

Երևանի քաղաքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի բ) ենթակետի պահանջով՝ միակողմանի /մասնակի/ լուծել է 10.01.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-24/9-2» ծածկագրով պայմանագիրը։

10.01.2024 թվականին կնքված «ԵՔ-ԷԱՃԾՁԲ-24/9-2» ծածկագրով պայմանագրի միակողմանի /մասնակի/ լուծման՝ մասնավորապես 14-րդ չափաբաժնի մասով ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 18-ին և Պայմանագիրը սեպտեմբերի 19-ի դրությամբ համարվում է լուծված:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «ԱՎՐՈՐԱ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան