Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.03.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.03.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0163/04/22

2024 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0163/04/22

Նախագահող դատավոր`

 Ա Մխիթարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի մարտի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նարեկ Միկիչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Նարեկ Միկիչյանի սնանկության դիմումի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նարեկ Միկիչյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.01.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է, միաժամանակ արգելանք է դրվել Նարեկ Միկիչյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ Նարեկ Միկիչյանի միջնորդությունը՝ սնանկ ճանաչելու վճռից հետո ձեռք բերված՝ աշխատավարձ հանդիսացող դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու և այն տնօրինելը թույլատրելու մասին, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 19.01.2023 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 10.112022 թվականի «Արգելանքը վերացնելու մասին» որոշումը վերացվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարեկ Միկիչյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (ներկայացուցիչ՝ իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյան)։

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել Սահմանադրության 5-րդ և 81-րդ հոդվածները, «Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի 10-րդ հոդվածը, խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը, 96-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, 178-րդ ու 214-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սնանկության վարույթում բոլոր դեպքերում պարտապանի աշխատավարձը կարող է արգելադրվել 50 տոկոսի չափով, մինչդեռ անտեսել է, որ սնանկության վճռի կայացումից հետո պարտապանի ստացած աշխատավարձը վերջինիս գույքի կազմի մեջ չի մտնում, ուստի վաճառքի և արգելադրման ենթակա չէ։ Ավելին՝ պարտապանի աշխատավարձը սնանկության վարույթում առանձին դեպքերում 50 տոկոսի չափով կարող է արգելադրվել մինչև պարտատերերի առաջին ժողովը, իսկ առաջին ժողովում ֆինանսական առողջացման ծրագիրը չհաստատվելու դեպքում պարտապանի աշխատավարձի վրա կիրառված արգելանքները ենթակա են վերացման։

Սույն գործով Դատարանի 27012022 թվականի վճռով Նարեկ Միկիչյանը ճանաչվել է սնանկ, իսկ 31102022 թվականին կայացել է պարտատերերի առաջին ժողովը, որի ընթացքում ֆինանսական առողջացման ծրագիր չի հաստատվել, հետևաբար առկա չէ Նարեկ Միկիչյանի աշխատավարձի վրա կիրառված արգելանքը պահպանելու որևէ հիմք։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է արգելադրել կամ զիջել աշխատողի աշխատավարձն այն չափով, որ չափով, որ այն չի ապահովում աշխատողի և նրա ընտանիքի անդամների կենսաապահովման մակարդակը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.112022 թվականի «Արգելանքը վերացնելու մասին» որոշմանը։

 

 21 «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ պարտապանի աշխատավարձի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն այն բացառությամբ, որ դրա հետևանքով անձը չպետք է զրկվի նվազագույն կենսական ապահովման միջոցներից։ Մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն անդրադառնում են պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմին, իսկ 3-րդ մասը սահմանում է, որ այդ հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա։ Նշվածից հետևում է, որ հիշյալ հոդվածի իմաստով աշխատավարձը չի համարվում վաճառքի ենթակա գույք, սակայն միևնույն ժամանակ չի նշանակում, որ դրա վրա բռնագանձում չի կարող տարածվել։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ աշխատավարձից կատարվող գանձումների վերաբերյալ հարաբերություններն «Սնանկության մասին» ՀՀ օրենքից բացի կարգավորվում են նաև այլ իրավական ակտերով, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքից և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից բխում է, որ աշխատավարձի մինչև 50 տոկոսը կարող է բռնագանձվել, իսկ մնացած 50 տոկոսը չի կարող քիչ լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից։

 Օրենսդիրը հստակ սահմանել է աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հնարավորությունը՝ նշելով, որ ի տարբերություն իրացման ենթակա գույքի՝ դրամական միջոցների բռնագանձումն իրականացվում է անմիջապես։ Ավելին՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է այն գույքերի ցանկը, որոնց վրա բռնագանձում տարածվել չի կարող, իսկ այդ ցանկի մեջ աշխատավարձը՝ որպես բացառություն, նշված չէ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի իմաստով, այն է

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ մինչև 12022024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 95-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՍնԴ/0164/04/20 սնանկության գործով 04092020 թվականի, թիվ ՍնԴ/0191/04/21 սնանկության գործով 14102021 թվականի ու թիվ ՍնԴ/2612/04/21 սնանկության գործով 06042022 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմը կիրառվել է Վերաքննիչ դատարանի 19012023 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա ստացած աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հնարավորության հարցին։

 

Սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը համապարփակ և սպառիչ պատասխանելու նպատակով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում օրենսդրական կարգավորումների ու դրանց տրամաբանական փոխակերպումների լույսի ներքո նախ բացահայտել սնանկության ինստիտուտի ստեղծման նախադրյալները և սնանկության վարույթի հետապնդած նպատակները, ապա դրանց համահունչ քննարկման առարկա դարձնել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ստացած աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու հարցը՝ հիմք ընդունելով կայուն տնտեսական աճի ապահովման առաջնահերթության համատեքստում բարեխիղճ ու պարտաճանաչ պարտապանների և պարտատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունն ու ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները։

1) Նախ հարկ է նշել, որ սնանկության ինստիտուտի ստեղծման սկզբնական փուլը կոչվում էր «ծանր ժամանակաշրջան», երբ պարտապանների նկատմամբ վերաբերմունքը բավականին կոշտ էր և արտահայտվում էր պատժի ձևով՝ ֆիզիկական բռնություն, սնանկի վտարում, ստրկություն և այլն։ Օրինակ՝ մինչև մթա 6-րդ դարը Հին Հռոմում պարտքեր ունեցող անձին ստիպողաբար վաթսուն օր պահում էին պարտատիրոջ տանը, ապա հանում վաճառքի ստրկության, այն էլ՝ օտար երկրներ։ Այս ժամանակաշրջանը բնորոշվում է որպես պարտապանների հանդեպ իրենց չմարված պարտքերի դիմաց դաժան հաշվեհարդար։

Այդուհանդերձ, տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումների արդյունքում օրենսդրական ոլորտում տեղի ունեցան արդիականացումներ, և այս ամենին հաջորդեց երկրորդ փուլը, որի ընթացքում պարտապանի ու պարտատիրոջ միջև առաջացող հարաբերություններն սկսեցին կարգավորվել իրավունքի նորմերի միջոցով, որոնք հստակ պատիժներ էին սահմանում պարտապան հանդիսացող անձի համար։

Հաջորդ՝ երրորդ փուլը բնորոշվում է որպես «մարդասիրական ժամանակաշրջան», երբ 18-րդ դարում Անգլիայում և 19-րդ դարում ԱՄՆ-ում ձևավորվեց օրենսդրական հայեցակարգ, որն ուղղված էր ոչ դիտավորյալ սնանկության դեպքում պարտապանների անձնական պատասխանատվության վերացմանը, ինչն իր հերթին արտահայտում էր պարտատերերի շահագրգռվածությունն իրենց պահանջները բավարարելու, այլ ոչ թե պարտապաններին սահմանված կարգով պատժելու հարցում։ Այդ իսկ պատճառով օրենսդրության մեջ արվեցին փոփոխություններ սնանկ ճանաչված անձին պարտքի մարման հետաձգում տրամադրելու նպատակով, ինչպես նաև ներդրվեցին վերակազմակերպման տարբեր ընթացակարգեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ինստիտուտի ստեղծումը և զարգացումն անցել է պատմական եկար ժամանակահատված, ընդ որում՝ հիմնականում բոլոր երկրները պարտապանների հանդեպ ծայրահեղ ու դաժան անձնական ներգործության միջոցներից դեպի առավել քաղաքակիրթ մեթոդների կիրառման երկար ճանապարհ են անցել, որոնք ուղղված են ոչ միայն պարտատերերի, այլև պարտապանների իրավունքների պաշտպանությանը։ Հիմնականում բոլոր երկրների օրենսդրական համակարգերը փոխել են իրենց վերաբերմունքը սնանկության ինստիտուտի նկատմամբ և ուշադրությունը սևեռել պարտքի ու դրա վերադարձի գույքային ապահովման վրա՝ այդ ամենի հետ մեկտեղ ձգտելով ամբողջությամբ չսահմանափակել մարդու իրավունքները և ազատությունները, ինչպես դա արվում էր այս ինստիտուտի ձևավորման սկզբում։

Վճռաբեկ դատարանի համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում սնանկության ինստիտուտի ստեղծման, ինչպես նաև զարգացման նախադրյալները նույնպես հանգում են պարտապանների նկատմամբ առավել քաղաքակիրթ մեթոդների կիրառմանը և կոլեկտիվ շահերի ողջամիտ հավասարակշռմանը, որի իրականացման ուղեգծում պարտատերերի պահանջների արդարացի բավարարմանը զուգահեռ կարևորվում է նաև պարտաճանաչ ու բարեխիղճ պարտապաններին ֆինանսապես առողջացնելու և քաղաքացիական կայուն շրջանառություն վերադարձնելու նպատակների իրագործումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքում հստակ շարադրված չեն սնանկության վարույթի նպատակները, օրենքի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ դրա նպատակը նախ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող պարտապանների ֆինանսական առողջացումն է, իսկ անհնարինության դեպքում` պարտատերերի պահանջների արդարացի բավարարումը։ Այդ մասին են վկայում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի տարբեր նորմերի մեկնաբանման հիման վրա սնանկության վարույթի հետապնդած նպատակների բացահայտման վերաբերյալ դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունները։ Այսպես

Անդրադառնալով սնանկության ինստիտուտի նպատակներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է ընկերության պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսևորվում է նախևառաջ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերությունների ֆինանսական առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընկերության գույքի հաշվին ընկերության պարտատերերի պահանջների բավարարմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 12042011 թվականի թիվ ՍԴՈ-954 որոշումը)։

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 25022008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը, 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 և 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշումներում ընդգծել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պարտապանների շահերը։

Սահմանադրական դատարանը միաժամանակ հավելել է, որ սնանկության ինստիտուտը տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված պետության միջամտության առանձնահատուկ դրսևորում է, որը մի կողմից կոչված է առավելագույնս բավարարել պարտատերերի պահանջները՝ վարույթի շրջանակներում հավաքագրված միջոցներն արդար բաշխելով վերջիններիս միջև, մյուս կողմից՝ օրենսդրական կարգավորումների ներդրման միջոցով փրկել գոյատևման ընդունակ տնտեսվարող սուբյեկտներին (տե՛ս Սահմանադրական դատարանի 14.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1609 որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը: ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանին սնանկ ճանաչելը պարտավորությունը ոչ պատշաճ կատարած պարտապանի նկատմամբ դատական այնպիսի միջամտություն է, որի պայմաններում սահմանափակվում է պարտապանի գործողությունների շրջանակը մինչև սնանկության վարույթի ավարտը, որպիսի կարգավորման նպատակը պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովելն է (տե՛ս ըստ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումի՝ Հարություն Վարդանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ինստիտուտի՝ իր որդեգրած նպատակներին համահունչ կիրարկումը յուրաքանչյուր պետության տնտեսության կայունության ապահովման գրավականներից է, որը նպատակ ունի մի կողմից երաշխիքներ ստեղծելու պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, իսկ մյուս կողմից` հնարավոր բոլոր դեպքերում կայունացնելու պարտապանի գույքային դրությունը, վերականգնելու վճարունակությունը և ապահովելու նրա տնտեսական գործունեության շարունակականությունը։ Նշվածից բխում է, որ սնանկության ինստիտուտի նպատակը կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, որը ներառում է թե՛ պարտատերերին և թե՛ պարտապանին՝ կայուն տնտեսական աճի ապահովման առաջնահերթության ու տնտեսական բարեկեցության և սոցիալական արդարության հաստատման համատեքստում ենթադրելով բարեխիղճ ու վճարունակ պարտապանների ֆինանսատնտեսական առողջացում և կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում։ Ընդ որում, պարտապանի ֆինանսական առողջացումը սնանկության վարույթի անկյունաքարն է գրեթե բոլոր զարգացած իրավական համակարգերում, և պարտատերերի պահանջների արդարացի բավարարումից զատ, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև վճարունակ պարտապանի գործունեության վերականգնումը։

11) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆիզիկական անձանց սնանկության դեպքերում հատուկ կարևորություն ունի նաև սնանկության այդ վարույթի առանձնահատկությունները բացահայտելը, քանի որ ֆիզիկական անձ պարտապանի ֆինանսական առողջացման ու նրա տնտեսական բարեկեցության վերականգնման առաջնային նպատակի սահմանումն ընդգծում է սնանկության այդ վարույթի սոցիալ-վերականգնողական բնույթը, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ որպես սոցիալական պետության առջև դրված նպատակների իրագործման հրամայականով։

Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Սահմանադրության 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս այլնի, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը, բնակչության զբաղվածության խթանումը և աշխատանքի պայմանների բարելավումը։

Որպես սոցիալական պետություն Հայաստանի Հանրապետությունն իր առջև խնդիր է դնում հոգ տանել սոցիալական արդարության, իր քաղաքացիների բարեկեցության, ինչպես նաև սոցիալական պաշտպանվածության մասին, որպիսի պետական քաղաքականության հիմնական նպատակը գործարար միջավայրը բարելավելու, բնակչության զբաղվածությունը խթանելու միջոցով տնտեսական բարեկեցության և սոցիալական արդարության հասնելն ու մարդու արժանապատիվ կյանքի և ազատ զարգացմանն ապահովող պայմաններ ստեղծելն է։ Ի տարբերություն իրավաբանական անձանց սնանկություն՝ ֆիզիկական անձանց սնանկություն հիմնական նպատակն անհատին «նոր էջից» սկսելու հնարավորություն տալն է, ինչով պայմանավորված է նաև զարգացած շատ երկրներում ֆիզիկական անձանց սնանկության նկատմամբ բացասական ընկալման կորուստը։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ նշում է, որ ֆիզիկական անձանց սնանկությունն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք բնորոշ չեն իրավաբանական անձի սնանկությանը։

Տնտեսական, իրավական և քաղաքական գործոններից բացի, ֆիզիկական անձանց սնանկության հարաբերություններում մեծ ազդեցություն ունեն նաև կոնկրետ պետության սոցիալական ու մշակութային առանձնահատկությունները։ Մեծ դեր ունի հոգեբանական սթրեսը և բարոյական ճնշումը։ Բարոյական ճնշումը պարտապանների վրա բացասաբար է անդրադառնում նաև պարտատերերի և հասարակության հարաբերությունների վրա։ Պարտապանների մոտ բացակայում է կանոնավոր եկամուտ ստանալու շարժառիթը, քանի որ այն ուղղվելու է պարտքերի մարմանը, ինչը հանգեցնում է նրան, որ օրինական աշխատանքային շուկան սնանկ ճանաչված անձանց դադարում է հետաքրքիր լինելուց և նրանք մուտք են գործում ստվերային տնտեսություն։ Արդյունքում՝ հարկային բազայի նեղացման հետևանքով հասարակությունն սկսում է կորցնել եկամուտ՝ այդկերպ չստացված եկամուտը նյութական վնաս է հասցնում ոչ միայն պարտապանին, այլև հասարակությանն ընդհանրապես՝ այն դեպքում, որ հասարակության համար անձնական սնանկության հետ կապված ծախսերը զգալիորեն ավելի մեծ են, քան պարտատերերի ֆինանսական կորուստները:

Վերոշարադրյալով պայմանավորված՝ Համաշխարհային բանկի ֆիզիկական անձանց անվճարունակության հետ կապված հարցերով աշխատանքային խմբի ֆիզիկական անձանց անվճարունակության լուծման վերաբերյալ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն)1 (1) մեջ նշվում է, որ ֆիզիկական անձանց սնանկության հիմնական նպատակներից մեկը վերջիններիս տնտեսական կարողությունների վերականգնումն է, այլ կերպ ասած՝ նրանց տնտեսական առողջացումը (economic rehabilitation), որի տարրերից մեկն այնպիսի իրադրության ստեղծումն է, որը թույլ է տալիս պարտապանին խուսափել ապագայում կրկին չափից դուրս շատ պարտավորություններ ստանձնելուց։

Տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու նպատակների, ինչպես նաև ֆիզիկական անձանց սնանկության վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկության գործընթացում գտնվող ֆիզիկական անձն ավելի շատ ունի պաշտպանության կարիք՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ հոդված)։ Այդ իսկ պատճառով ֆիզիկական անձի սնանկության նպատակները կենտրոնացած են բարեխիղճ և պարտաճանաչ ֆիզիկական անձի՝ որպես քաղաքացիական շրջանառության մեջ սեփական կարգավիճակով գործող անձի պահպանման վրա։ Այսինքն՝ ֆիզիկական անձանց սնանկության վարույթը կարելի է բնորոշել պետության սոցիալական քաղաքականության դրսևորում, քանի որ սնանկության մասին օրենքը պետք է ծառայի բարեխիղճ ֆիզիկական անձանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով հայտնվել են դժվարին իրավիճակում, և ում ջանքերն ինքնուրույն հաղթահարելու դժվարությունները հաջողությամբ չեն ավարտվել։

2) Նշվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձանց սնանկության իրավահարաբերությունները կարգավորող իրավանորմերը պետք է մեկնաբանել ֆիզիկական անձ պարտապանին առողջացնելու և նրա ֆինանսատնտեսական դրությունը վերականգնելու նպատակների հաշվառմամբ՝ ղեկավարվելով ոչ թե սեփական կարգավիճակով գործող անձին քաղաքացիական շրջանառությունից ուղղակի դուրս մղելու ու բնականոն շուկայական հարաբերություններից մեկուսացնելու հետևանքով տնտեսապես «ստրկության» և լճացման մատնելու, այլ օրինական աշխատանքային շուկան գրավիչ դարձնելու ու նոր եկամուտ ստեղծելու միջոցով նրան «նոր էջից» սկսելու հնարավորություն տալու առաջնահերթությամբ։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 91-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե նույն գլխով [«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլուխ] այլ բան նախատեսված չէ:

Օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

Վերոշարադրյալ իրավանորմերից բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե այդ օրենքի՝ «Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները» վերնագիրը կրող 11-րդ գլխով այլ բան նախատեսված չէ։

Օրենքով սահմանված մեկ այլ կարգի համաձայն՝ պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, իսկ նույն օրենքի 11-րդ գլխում ներառված համապատասխան իրավակարգավորման համաձայն՝ այդ վճռով միաժամանակ արգելանք է դնում տվյալ պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող տարածվել բռնագանձում:

Տվյալ դեպքում միակ օրենքը, որով օրենսդիրը սահմանել է, թե որ գույքի վրա չի կարող տարածվել բռնագանձում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն է։ Այսպես՝

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

4) մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

6) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

(․․․)

5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.

8) հաշմանդամներին.

9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ.

11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին՝ որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին՝ որպես պատվովճար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Շարադրվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները չեն կազմում ինչպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ նույն օրենքի 60-րդ հոդվածի առարկա, այսինքն՝ դրանց վրա կարող է տարածվել բռնագանձում օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Ընդ որում, պահումների այդ չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե բռնագանձվում է ալիմենտ, հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը, որոնցից յուրաքանչյուր դեպքում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավակարգավորումները կիրառելի են բացառապես մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը պարտապանի ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու ու բռնագանձում տարածելու առումով, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու առումով օրենսդիրը, ըստ էության, նախատեսել է առանձնահատուկ իրավակարգավորում։

Օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված հոդվածում կիրառված է «գույք» հավաքական եզրույթը և որևէ բացառություն նախատեսված չէ, ինչից հետևում է, որ խոսքը գնում է նաև քաղաքացիական իրավունքի առանձնահատուկ օբյեկտի՝ դրամական միջոցների մասին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետ)։ Աշխատավարձը ևս դրամական արտահայտություն ունեցող գույք է, որն աշխատողին վճարվում է կատարված աշխատանքի դիմաց որպես հատուցում։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «գույք» եզրույթի ներքո նաև դրամական միջոցները հիմք ընդունելու պայմաններում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Օրենքի 95-րդ հոդվածում կիրառված՝ «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի իրական կամքը բացահայտելու համար «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունն անհրաժեշտ է քննարկել տարածական մեկնաբանման կանոնի համատեքստում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ելնելով դրա նորմատիվ իմաստի նշանակությունից և կարգավորման նպատակից։

Հարկ է ընդգծել, որ դրամական միջոցը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ։ Մասնավորապես, մի դեպքում այն կարող է հանդես գալ որպես քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ։

Սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքն Օրենքով սահմանված կանոններին համապատասխան հանվում է վաճառքի՝ համարժեք վճարային միջոց ստանալու և պարտատերերի պահանջները բավարարելու համար։ Նշվածից հետևում է, որ Օրենքի նպատակը հանգում է գույքը դրամական արտահայտություն ունեցող համարժեք օբյեկտի՝ դրամի փոխարկելուն և այն պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելուն, որպիսի դեպքերում դրամական միջոցը հանդես է գալիս որպես գույքի համարժեքային օբյեկտ։ Մինչդեռ այն դեպքերում, երբ պարտապանն ունի դրամական միջոցներ, ապա դրանք արդեն հանդես են գալիս որպես ինքնուրույն օբյեկտներ՝ օժտված պարտքերի մարմանն ուղղվելու այն նույն գործնական նշանակությամբ, ինչ գույքի վաճառքի արդյունքում ստացված դրամական միջոցները։

Այլ կերպ ասած՝ «վաճառքի ենթակա գույք» ասելով պետք է հասկանալ ոչ միայն այն գույքը, որը կարող է վաճառվել և փոխարկվել համարժեք դրամական միջոցներով՝ ուղղվելով պարտապանների պահանջների բավարարմանը, այլ նաև ինքնին դրամական միջոցը՝ որպես քաղաքացիական իրավունքի ինքնուրույն օբյեկտ։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Օրենքի 95-րդ հոդվածում կիրառելով «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունը՝ օրենսդրի կամքը միտված չի եղել այդ նորմի կիրառման շրջանակն այն աստիճան նեղացնելուն, որ պարտապանի գույքի կազմից արհեստականորեն բացառվեն նրա դրամական միջոցները: Գույքը վաճառքի հանելու նպատակը դրամական միջոցներ ստանալն ու դրանք պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելն է, ուստի պարտապանի մոտ ի սկզբանե առկա դրամական միջոցները նրա գույքի կազմում չներառելն իմաստազրկում է նշված նորմի կարգավորիչ նպատակն ու խեղաթյուրում պարտատերերի պահանջներն արդարացի բավարարելու սնանկության վարույթի նպատակը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 95-րդ հոդվածի կարգավորման օբյեկտն ավելի լայն է, քան դրա բովանդակության լեզվաբանական արտահայտումը, հետևաբար կիրառված «վաճառքի ենթակա գույք» արտահայտությունը չի սահմանափակվում անմիջականորեն վաճառքի ենթակա գույքով, այլ ներառում է նաև պարտապանի դրամական միջոցները։ Վերոշարադրյալի հաշվառմամբ անդրադառնալով Օրենքի 95-րդ հոդվածին՝ Վճռաբեկ դատարանը նշում է, որ ֆիզիկական անձ պարտապանի վաճառքի ենթակա գույքի կազմը որոշելու հարցը պայմանավորված է առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու փաստի պարզմամբ, որով պայմանավորված՝ ֆիզիկական անձ պարտապանի գույքը կարող է ունենալ հետևյալ կազմը

1. ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում

- մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պարտապանի ամբողջ գույքը,

- գույքը, որը պարտապանը ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցնելը,

2. ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում

- մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պարտապանի ամբողջ գույքը,

- սնանկ ճանաչելու մասին վճռին հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքը,

- այն գույքը, որը պարտապանն ստացել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը կնքած գործարքի արդյունքում։

Այսպես՝ ի տարբերություն ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքի՝ այդպիսին հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ձեռք բերած գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, նրա գույքի կազմի մեջ չեն մտնում՝ բացառությամբ օրենքով նախատեսված և վերը նշված հիմքերով ձեռք բերված գույքի։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված կանոնից բացառություն է սահմանված միայն պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա, իսկ այդ գանձումների բովանդակությունը բացահայտված է ՀՀ աշխատանքային օրենսգրքով։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են` 1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը, 2) հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները, 3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը, 4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։ (…):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումներն աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում գործատուի հանդեպ աշխատողի ունեցած պարտքերի մարմանն ուղղված գումարներն են, որպիսի հանգամանքի հաշվառմամբ դրանք պարտապանի գույքի կազմի մեջ չեն ներառվում՝ անկախ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու փաստից։ Այլ կերպ ասած՝ օրենսդիրն իսպառ բացառել է պարտապանի գույքի կազմում աշխատավարձից կատարվող գանձումները ներառելու հնարավորությունը՝ հիմք ընդունելով այդ գանձումների նպատակային ուղղվածությունը։

Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ստացած աշխատավարձը պարտապանի գույքի կազմի մեջ չի մտնում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք աշխատավարձն Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով համարվում է «պարտապանի կնքած գործարքի արդյունքում ստացված գույք», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված կարգավորումը վերաբերում է քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում պարտապանի ստացած գույքին, երբ մինչ սնանկ ճանաչվելը մտնելով որոշակի քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ պարտապանը հավակնել է այդ գործարքի արդյունքում ձեռք բերել որոշակի գույք։ Մինչդեռ աշխատանքային պայմանագիրն իր բովանդակությամբ ոչ թե ուղղված է որոշակի գույք ձեռք բերելուն, այլ արտահայտում է աշխատողի և գործատուի համաձայնությունը մտնելու աշխատանքային հարաբերությունների մեջ՝ փոխադարձաբար ստանձնելով իրավունքներ ու պարտականություններ։ Ընդ որում, աշխատավարձը ոչ թե աշխատանքային պայմանագրի արդյունքում աշխատողի ստացած դրամական միջոց է, այլ դրանով նախատեսված որոշակի աշխատանք կատարելու դիմաց գործատուի կողմից աշխատողին վճարվող հատուցում։

Հիմք ընդունելով աշխատանքային պայմանագրի հասկացությունը և էությունը, դրա իրավական հետևանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող նույնացվել քաղաքացիաիրավական իրավահարաբերությունների շրջանակում կնքված գործարքի, իսկ աշխատավարձը՝ դրա արդյունքում ստացված գույքի հետ։

3) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկ ճանաչվելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ֆիզիկական անձ պարտապանի ստացած աշխատավարձը բռնագանձման ենթակա գույքի կազմում ընդգրկելու հարցը պետք է քննարկել իրավական որոշակիության և օրինական ակնկալիքների հանդեպ հարգանքի սկզբունքների համատեքստում նույնպես, երբ որոշակի աշխատանք կատարելու դեպքում անձի մոտ ձևավորվում է դրա դիմաց իրեն վճարվելիք ու իր սեփականությունը հանդիսացող աշխատավարձից (օրինական ակնկալիքից) անարգել օգտվելու և դրա նկատմամբ միջամտություն չունենալու համոզմունք:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ (…):

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական պետությունում իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը (տե՛ս 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արձանագրել է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ինքնուրույն նշանակություն ունի, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ֆորմալ դասակարգման հետ (տե՛ս Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի թիվ 31107/96 գանգատով Եվրոպական դատարանի 1999 թվականի, Բեյելերն ընդդեմ Իտալիայի թիվ 33202/96 գանգատով Եվրոպական դատարանի 02111998 թվականի և Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի թիվ 31443/96 գանգատով Եվրոպական դատարանի 22062004 թվականի վճիռները): Ըստ Եվրոպական դատարանի իրավունքի՝ «գույք» է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու օրինական ակնկալիքը (տե՛ս Տրգոն ընդդեմ Խորվաթիայի թիվ 35298/04 գանգատով Եվրոպական դատարանի 11062009 թվականի վճիռը, կետ 44):

Սահմանադրական դատարանն իր 15012008 թվականի թիվ ՍԴՈ-723, 18032008 թվականի թիվ ՍԴՈ-741 և 04052010 թվականի թիվ ՍԴՈ-881 որոշումներում նույնպես փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ օրինական ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը:

Սահմանադրական դատարանը նշել է, որ սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք (տե՛ս 18032008 թվականի թիվ ՍԴՈ-741 որոշումը):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատավարձը օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է:

«Աշխատավարձի պաշտպանության մասին» կոնվենցիայի (ՀՀ-ի համար ուժի մեջ մտել է 17.12.2005 թվականին) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է՝ փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:

Եվրոպական դատարանը նշել է, որ ապագայում ստացվելիք ակտիվները թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով սեփականություն են համարվում այն դեպքում, եթե դրանք արդեն վաստակվել են կամ դրանց նկատմամբ առկա է հարկադիր պահանջ (տե՛ս օրինակ՝ Wendenburg and Others v. Germany թիվ 71630/01 գանգատով Եվրոպական դատարանի 06032003 թվականի, Levänen and Others v. Finland թիվ 34600/03 գանգատով Եվրոպական դատարանի 01031994 թվականի, Anheuser-Busch Inc. v. Portugal [GC] թիվ 73049/01 գանգատով Եվրոպական դատարանի 11012007 թվականի և Denisov v. Ukraine թիվ 76639/11 գանգատով Եվրոպական դատարանի 18102017 թվականի վճիռները)։

Եվրոպական դատարանը հավելել է, որ երբ խոսքը գնում է վճարման ենթակա գումարի կրճատման մասին, այն սկզբունքները, որոնք հիմնականում կիրառվում են թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հետ կապված դեպքերում, հավասարապես կիրառելի են աշխատավարձերի կամ սոցիալական նպաստների նկատմամբ (տե՛ս Savickas and Others v. Lithuania, ի թիվս այլնի, թիվ 66365/09 գանգատով Եվրոպական դատարանի 07112013 թվականի և Շտումմերն ընդդեմ Ավստրիայի թիվ 37452/02 գանգատով Եվրոպական դատարանի 07072011 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատավարձի, այդ թվում՝ օրենքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետներում այն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ և պաշտպանված է օրենքով, ինչն իր արտացոլումն է գտել ՀՀ աշխատանքային օրենսգրքում դրույթների ամրագրմամբ, (…) (տե՛ս Գենրի Մկրտչյանն ընդդեմ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2058/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30042015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև աշխատավարձի հիմնական հատկանիշներին՝ ի թիվս այլնի արձանագրելով, որ այն վարձատրություն է կատարված կամ կատարվելիք աշխատանքի դիմաց, որը վճարելու գործատուի պարտականությունը և աշխատավարձ ստանալու աշխատողի իրավունքը ծագում է աշխատանքային հարաբերությունների ծագման պահից հետո (տե՛ս Վահե Դավթյանն ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի թիվ ԵԷԴ/3838/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորման պայմաններում պարտապանի մոտ ձևավորվում է իրեն սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք կատարելու դեպքում դրա դիմաց վարձատրություն ստանալու և դրանից անարգել օգտվելու օրինական ակնկալիք, որի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ընթացակարգը, ուստի դրան անհամաչափ միջամտելն անթույլատրելի է։ Ընդ որում, ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի աշխատավարձը բռնագանձման ենթակա գույքի կազմի մեջ ներառելու դեպքում պարտապանն անորոշ ժամանակով զրկվում է իր կատարած աշխատանքի դիմաց հատուցում ստանալու և այն օգտագործելու իրավունքից, որը ոչ միայն խախտում է նրա սեփականության իրավունքը, այլև բացասաբար ազդում է սնանկության վարույթի ընթացքում աշխատանքը պահպանելու, նոր աշխատանք փնտրելու ու նոր եկամուտներ ստեղծելու պարտապանի կամքի վրա։ Արդյունքում սնանկության վարույթը չի ծառայում ֆիզիկական անձ պարտապանի սոցիալ-ֆինանսական վիճակը վերականգնելու և նրան ֆինանսապես առողջացնելու իր նպատակներին։

Ֆիզիկական անձանց սնանկության դեպքում նոր եկամուտ ստանալուց խուսափելու և պարտապանների՝ տնտեսական դաշտից ու օրինական աշխատանքային շուկայից դուրս մղվելու բացասական հետևանքների մասին են վկայում նաև վիճակագրական տվյալները։

Միացյալ Թագավորության կառավարության Լավ Կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ 2019 թվականին պատրաստվել է սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվություն2 (2), որը 2019 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացված հետազոտությամբ նպատակ է ունեցել բացահայտելու Հայաստանի Հանրապետությունում սնանկության գործընթացի տարբեր փուլերում առաջացող հիմնախնդիրները։

Նշված հաշվետվությամբ արձանագրվել է, որ սնանկության գործընթացն ակնհայտ բացասական հետևանքներ է թողնում պարտապանների սոցիալական կարգավիճակի վրա: Մասնավորապես, հետազոտության արդյունքների համաձայն՝ սնանկության արդյունքում հարցված ֆիզիկական անձանց համախմբության մեջ էապես կրճատվել է զբաղվածների տոկոսը՝ 30.2%-ով, և միաժամանակ էապես աճել է գործազուրկների տոկոսը (21.2%-ով)։ Միաժամանակ նշվել է, որ սնանկությունից հետո ավելացել է այն մարդկանց տոկոսը, ովքեր ոչ մի ոլորտում գործունեություն չեն ծավալում՝ դառնալով 44.7%։ Արդյունքում արձանագրվել է, որ հավաքագրված տվյալները վկայում են ոչ միայն առանձին անհատների կյանքում բացասական փոփոխությունների, այլև տնտեսական դաշտում սնանկության գործընթացի արդյունքում զբաղված աշխատուժի և տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման մասին:

Նշված վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆիզիկական անձ պարտապանների սնանկության դեպքում նկատվում է նրանց սոցիալական վիճակի վատթարացում, ինչն արտահայտվում է գործազրկության ցուցիչների կտրուկ բարձրացմամբ՝ հանգեցնելով զբաղված աշխատուժի և տնտեսվարող սուբյեկտների քանակի կրճատման։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ֆիզիկական անձանց սնանկության դեպքում նրանց կյանքում և աշխատաշուկայում գրանցված բացասական այս փոփոխությունները չեն բխում պարտատերերի շահերի հարաբերակցության շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների տնտեսական առողջացման ու վերասոցիալականացման՝ Օրենքի հետապնդած նպատակից, ինչպես նաև համահունչ չեն սոցիալական ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ որպես սոցիալական պետության առջև դրված՝ գործարար միջավայրը բարելավելու և բնակչության զբաղվածությունը խթանելու միջոցով ընդհանուր տնտեսական բարեկեցության ու սոցիալական արդարության հասնելու պետական քաղաքականությանը։

4) Ֆիզիկական անձանց սնանկության բացասական հետևանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքում առկա գործիքակազմերն առնվազն պետք է օգտագործվեն ի կատարում նշված նպատակների՝ ոչ թե ֆիզիկական անձ պարտապանին «պատժելու» միջոցով պարտատերերի պահանջները բավարարելուն ստիպելու, այլ սնանկ ճանաչվելուց հետո աշխատելու և նոր ակտիվներ ստեղծելու դրդապատճառներ ընձեռելու միջոցով, քանի որ միայն պարտքի գոյության փաստը կարող է պարտապանին հետ պահել որոշակի գործունեություն իրականացնելու մղումից։

Համաշխարհային բանկի կողմից մշակված Հաշվետվությամբ արձանագրվել է, որ իրավակիրառ համակարգերի մեծամասնությունը չի պարունակում գործիքակազմեր, որոնք կստիպեն պարտապաններին աշխատել պարտատերերի համար՝ ապագա արժեքներ ստեղծելու ուղղությամբ։ 19-րդ դարի կեսերին տարածաշրջանների մեծ մասում ստրկության և պարտքային գերության վերացումն անօրինական դարձրեց պարտքը մարելու նպատակով օրինական հարկադիր աշխատանքի ձևերը: Նույնիսկ պարտապանների բանտարկումը վերջիններիս վճարումներ կատարելուն հարկադրելու հուսալի մեթոդ չէր, որից երկրների մեծ մասը հրաժարվեց ոչ միայն այն նույն պատճառներով, ինչն առկա էր ստրկությունից և պարտքային գերությունից հրաժարվելու դեպքերում, այլև պարտքերը մարելու հարցում դրա չափազանց անարդյունավետ լինելու պատճառով։

Հաշվետվությամբ նշվում է, որ չնայած պարտապանի անձը մեծապես մեկուսացված է պարտքերի հավաքագրումից, այդուհանդերձ վերջինիս գույքը պաշտպանված չէ, և գույքի ամենակարևոր տեսակը՝ աշխատավարձը և այլ եկամուտները, պարտքերի հավաքագրման գերիշխող թիրախ են: Պարտապանի աշխատավարձի ու նրա նկատմամբ առկա այլ պարտքերի հավաքագրումը շատ համակարգերում սահմանափակվեց 20-րդ դարի կեսերին, բայց նույնիսկ այդ սահմանափակումների պայմաններում հավաքագրման ենթարկվում է պարտապանների եկամտի գերակշիռ մասը։

Հաշվետվությամբ ընդգծվում է, որ երբ պարտապանի ապագա վաստակի մեծ մասը կամ ամբողջը նախատեսվում է հանձնել պարտատերերին, նրանք ունենում են եկամուտ ստանալու քիչ դրդապատճառներ և «գործադուլ անելու» պատճառներ, ինչի հետևանքով պարզապես հրաժարվում են աշխատել պարտատերերի համար։ Պարտապանները կարող են իրենց ու իրենց ընտանիքներին ապահովելու հարցում ապավինել պետության աջակցությանը և(կամ) մուտք գործել ստվերային կամ սև շուկայական տնտեսություն՝ ստեղծելով այնպիսի արժեք, որին հասանելիություն չունեն պարտատերերը: Որոշ խոշոր երկրների շուկաներում ֆիզիկական անձ պարտապանները կարող են անգամ տեղափոխվել աշխատանքից աշխատանք և ամբողջությամբ թաքցնել իրենց եկամուտը՝ ժամանակավորապես կամ ընդմիշտ խոչընդոտելով պարտատերերին գտնելու արժեքներ։

Հաշվետվությամբ ընդգծվում է նաև, որ դրական դրդապատճառներն այստեղ ավելի արդյունավետ են, քան պատժամիջոցներ կիրառելը, և սնանկության ինստիտուտը կարող է առաջարկել տարաժամկետում կամ ազատում՝ որպես պարտապանների կողմից արժեք ստեղծելու ու պարտատերերի հետ կիսվելու արդյունավետ խթան։ Առանց այն խթանների, որը կարող է սնանկության ինստիտուտն առաջարկել, ֆիզիկական անձ պարտապանների այլընտրանքը սովորաբար վճարումներ չկատարելն է, որն էլ պարտատերերի կողմից պարտապաններին ապարդյուն հետապնդելու հավիտենություն է՝ կտրված բնականոն տնտեսական կյանքից։ Պարտապաններին արժեք ստեղծելուն խրախուսելու կարևոր կողմը փոխզիջման հասնելն է, որն այդ արժեքը բաշխելու դիմաց միավորում է բոլոր պարտատերերին։

Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովը (UNCITRAL), նպատակ ունենալով հավասարակշռություն հաստատել պարտապանի ֆինանսական դժվարություններին հնարավորինս արագ և արդյունավետ լուծելու անհրաժեշտության ու այդ ֆինանսական դժվարություններին անմիջականորեն առնչվող տարբեր կողմերի շահերի միջև, 2005 թվականին մշակել է «Անվճարունակության օրենսդրության մասին օրենսդրական ուղեցույցը»3 (3) (այսուհետ նաև՝ Ուղեցույց)։ Ուղեցույցում անդրադառնալով անվճարունակության վարույթից բացառված ակտիվներին՝ նշվել է, որ պարտապանի ֆիզիկական անձ լինելու դեպքում սնանկության օրենքը կարող է բացառել որոշ ակտիվներ նրա գույքից, ինչպիսին օրինակ մինչև դիմում ներկայացնելը մատուցված անձնական ծառայություններից ստացված եկամուտն է կամ պարտապանի կատարած հանրային աշխատանքից ստացված գումարը, ինչպես նաև այն արժեքները, որոնք անհրաժեշտ են պարտապանին ապրուստ վաստակելու համար, անձնական ու տնտեսական իրերը։ Որոշ ուսումնասիրություններ առաջ են քաշում այն տեսակետը, որ պարտապանի անձնական արժեքների լրիվ կամ էական բացառումը սնանկության վարույթից կարող է դրական ազդեցություն ունենալ ձեռներեցության և ռիսկի դիմելու նրա վարքագծի վրա։

Սնանկության վարույթի կիրառման արդյունավետության տեսանկյունից կարևորվում է պարտապաններին առողջացման ինստիտուտի միջոցով ընձեռվող հնարավորություններին հասանելիության ապահովումը և տարբեր ընթացակարգերի կիրառությունը, որպիսին ֆինանսական առողջացման ծրագիրն է։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճիռ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատում է դատարանը, եթե այն համապատասխանում է նույն օրենքով սահմանված պահանջներին, և առկա է պարտապանի և գրանցված պարտատիրոջ համաձայնությունը: (…):

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը կոչված է հնարավորություն ընձեռել պարտապանին ամբողջությամբ և լիովին առողջանալ՝ տնտեսական շրջանառության մեջ հանդես գալով որպես մրցունակ և ֆինանսապես կայուն սուբյեկտ և նպատակ ունի զերծ պահել պարտապանին պարտատերերի կողմից ներկայացվող պահանջներից, որպեսզի վերջինս ֆինանսապես վերականգնվի, վճարունակ դառնա, լիարժեք մասնակցի քաղաքացիական շրջանառությանը (տե՛ս 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ֆինանսական առողջացման կարևորությունը բացատրվում է նրանով, որ այն համարվում է հենց սնանկության ինստիտուտի առաջնային նպատակ. անձին սնանկ ճանաչելու նպատակը քաղաքացիական շրջանառության կայունության ապահովումն է՝ այդ շրջանառության անվճարունակ մասնակիցներին ֆինանսապես առողջացնելու կամ նրանց քաղաքացիական շրջանառությունից դուրս մղելու նպատակով, որպեսզի վերջիններիս անվճարունակության հետևանքով չոտնահարվեն նաև քաղաքացիական շրջանառության մնացած մասնակիցների շահերը (տե՛ս ըստ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի դիմումի՝ Հարություն Վարդանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող` օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի արդյունքում պարտապանը չի լուծարվում: Ֆինանսական առողջացման ծրագիրը սնանկության այնպիսի ընթացակարգ է, որը կիրառվում է պարտապանի նկատմամբ, նրա վճարունակությունը վերականգնելու և պահանջների մարման հերթականությանը համապատասխան պարտապանի պարտավորությունների մարման նպատակով: Ֆինանսական առողջացումը կարևոր օղակ է հանդիսանում սնանկության ընթացակարգերում, որոնք կիրառվում են սնանկ ճանաչված պարտապանների նկատմամբ: (…) Օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնողին օգտագործել օրենքով չարգելված ցանկացած միջոցառում (միջոցառումներ), որի արդյունքում պարտապանը կմարի իր դրամավճարային բոլոր պարտավորությունները և արդյունքում չի լուծարվի (տե՛ս ըստ Արայիկ Սարգսյանի դիմումի՝ Երանուհի Ծովիկյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԷԴ/0057/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ֆինանսական առողջացման ծրագիրը սնանկության վարույթի կենտրոնական փուլերից մեկն է, որը հետապնդում է պարտապանի և պարտատերերի շահերի բախումը կանխելու ու դրանց միջև ողջամիտ հավասարակշռություն ապահովելու նպատակ՝ միաժամանակ հնարավորություն տալով պարտապանին ծավալելու իր հետագա տնտեսական գործունեությունը և ապահովելու իր հետագա մասնակցությունը քաղաքացիական շրջանառությանը: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագիրն այն գործիքակազմն է, որն օրենքով չարգելված ցանկացած միջոցի կիրառմամբ խրախուսում է պարտապանների ֆինանսապես առողջացումը՝ պարտքերի համահարթեցման և նոր եկամուտների ներգրավմամբ միաժամանակ ապահովելով պարտատերերի պահանջների բավարարումը։ Չնայած սնանկ ճանաչված լինելուն՝ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանը փաստացի կարողանում է շարունակել իր գործունեությունը և սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարման՝ Օրենքով սահմանված գործիքակազմերը փոխակերպվում են այդ ծրագրով նախատեսված ընթացակարգերով։

Այդուհանդերձ սնանկության ոլորտի հետազոտությունների շրջանակում կատարված հարցումները ցույց են տալիս, որ հարցված պարտապանների 64 տոկոսը ֆինանսական առողջացման ծրագիր կազմելու փորձ անգամ չի կատարել, ավելին՝ շատ դեպքերում պարտատերերի հետ բանակցելու պարտապանի փորձերը ձախողվել են4 (4): Ընդ որում` ֆինանսական առողջացման ծրագրերի սակավությունը բացատրվում է նրանով, որ գործող համակարգում առկա չեն բավարար խթաններ, որպեսզի սնանկության կառավարիչները գտնեն վերակազմակերպման տարբերակներ:

Միավորված ազգերի կազմակերպության միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի մշակած Ուղեցույցում նույնպես նշվում է, որ ոչ բոլոր պարտապանները, որոնք մրցակցային շուկայում անհաջողություն են ունեցել կամ ֆինանսական դժվարությունների են բախվել, պետք է լուծարվեն: Գոյատևման ողջամիտ հեռանկար ունեցող պարտապանին (օրինակ՝ հնարավոր շահութաբեր բիզնես ունեցող) պետք է տրվի հնարավորություն ի ցույց դնելու, որ իր հիմնական գործունեությունը պահպանելն առավել շահեկան է: Առավել ևս, որ արդի տնտեսության պայմաններում ձեռնարկատիրական գործունեության համար տեխնիկական գիտելիքները և գործարար համբավն ավելի կարևոր են, քան նյութական ակտիվները, և մարդկային ռեսուրսների պահպանումն ու գործարար հարաբերություններն արժեքի էական տարրեր են, որոնք հնարավոր չէ իրացնել լուծարման միջոցով։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սնանկ ճանաչված ֆիզիկական անձանց կայուն եկամուտ՝ աշխատավարձ, ունենալու դեպքերում նոր արժեքներ ստեղծելու դրական ազդակների կիրառումն առավել արդյունավետ է, քան աշխատավարձի կամ դրա մի մասի բռնագանձմամբ նրանց «պատժելու» և տնտեսական «ստրկության» մատնելու միջոցներինը։ Այլ կերպ ասած՝ աշխատանք ունեցող և կայուն աշխատավարձ ստացող պարտապանին պետք է տրվի քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու ու գործունեություն ծավալելու շարունակականության մղում՝ անկախ սնանկ ճանաչված լինելու փաստից խրախուսելով ֆինանսատնտեսական հարաբերություններից արհեստականորեն դուրս չմղվելու և տնտեսական մրցակցային շուկայում գոյատևելու նրա վարքագիծը։ Մինչդեռ աշխատավարձի կամ դրա մի մասի վրա բռնագանձում տարածելու ու այն հարկադրաբար պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղելու պարագայում ֆիզիկական անձ պարտապանները պարզապես կդադարեն աշխատել և(կամ) որևէ գործունեություն ծավալել՝ անկախ իրենց տնտեսական կարողություններից ու ֆինանսապես գոյատևելու հեռանկարից։

Վճռաբեկ դատարանի համոզմամբ ֆինանսական առողջացման ծրագիրը սնանկության վարույթում ներդրված՝ կարգապահության բարձրացմանն ուղղված այն գործիքակազմն է, որի միջոցով բարեխիղճ ու պարտաճանաչ պարտատերերը կարող են սեփական տնտեսական ներուժի կիրառմամբ հաղթահարել ֆինանսական դժվարությունները և համամասնորեն բավարարել պարտատերերի պահանջները՝ սնանկ ճանաչված լինելու պայմաններում անգամ մրցունակ մնալով տնտեսական դաշտում։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 27012022 թվականի վճռով Նարեկ Միկիչյանը ճանաչվել է սնանկ, և արգելանք է դրվել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա՝ բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել։

07112022 թվականին Դատարանում մուտքագրված դիմումով Նարեկ Միկիչյանը խնդրել է վերացնել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող իր քարտային հաշվեհամարի վրա կիրառված արգելանքն ու թույլատրել տնօրինել 27012022 թվականից հետո դրա վրա կուտակված դրամական միջոցները, որպիսի միջնորդությունը Դատարանը 10112022 թվականի որոշմամբ բավարարել է։

Վերաքննիչ դատարանը 19.01.2023 թվականին բավարարել է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության վերաքննիչ բողոքը և վերացրել է Դատարանի 10.112022 թվականի «Արգելանքը վերացնելու մասին» որոշումը հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) օրենսդրությամբ արգելված է պարտապանի աշխատավարձի 50 տոկոսից ավելիի վրա բռնագանձում տարածելը, ուստի պարտապանի աշխատավարձի մնացյալ 50 տոկոսից գանձումներ կատարելու հնարավորությունը օրենսդրի կողմից սահմանափակված չէ։ Հետևաբար, պարտապանի աշխատավարձից գոյացող դրամական միջոցների վրա արգելանքը Դատարանի կողմից կարող է վերացվել միայն 50 տոկոսի չափով, ինչը հաշվի չի առնվել Դատարանի կողմից՝ վիճարկվող որոշման կայացման ընթացքում։ (…) սույն գործով կիրառելի է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին ՀՀ օրենքով սահմանված բացառության հաշվառմամբ: Ուստի, նման պայմաններում առկա է աշխատավարձի վրա որոշմամբ կիրառված արգելանքն ամբողջությամբ վերացնելու հարցի նոր քննության անհրաժեշտություն, իսկ վիճարկվող դատական ակտը ենթակա է վերացման: (…)»:

Սույն որոշմամբ ներկայացված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում պարտապան Նարեկ Միկիչյանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձի 50 տոկոսի վրա բռնագանձում տարածելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ նկատի ունենալով, որ սույն գործով ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չէ, իսկ Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ հոդվածն այս դեպքերում նախատեսում է բռնագանձում տարածել միայն մինչև պարտապանի սնանկ ճանաչվելը պարտապանի ձեռք բերած գույքի վրա, և նույն հոդվածով նախատեսված բացառություններն առկա չեն։

 Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Նարեկ Միկիչյանին սնանկ ճանաչելու վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա ստացած աշխատավարձի կամ դրա մի մասի վրա բռնագանձում տարածելը կարող է բացասաբար ազդել պարտապանի՝ որպես սեփական կարգավիճակով գործող ֆիզիկական անձի հետագա գործունեություն ծավալելու և նոր արժեքներ ստեղծելու նախաձեռնողականության վրա։ Արդյունքում սույն սնանկության վարույթը կկորցնի պարտապան Նարեկ Միկիչյանին սոցիալ-ֆինանսապես առողջացնելու, գոյատևման հեռանկար և «նոր էջից» սկսելու հնարավորություն ընձեռելու իր նպատակային ուղղվածությունը։

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածը խախտված լինելու մասին բողոքում ներկայացված հիմնավորումները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի թույլ տված խախտումները հանգեցրել են հարցի սխալ լուծման՝ խաթարելով արդարադատության բուն էությունը։ Մասնավորապես, պարտապան Նարեկ Միկիչյանին սնանկ ճանաչվելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու պայմաններում խաթարվում է ֆիզիկական անձանց սնանկության վարույթի նպատակը, ինչպես նաև իր կատարած աշխատանքի դիմաց հատուցում ստանալու, այսինքն՝ օրինական ակնկալիքի հարգանքի համատեքստում խախտվում է պարտապան Նարեկ Միկիչյանի սեփականության իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու պայմաններում պարտապան Նարեկ Միկիչյանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա ստացած աշխատավարձի վրա բռնագանձում տարածելը վերջինիս սեփականության իրավունքի անհամաչափ միջամտություն է։ Մասնավորապես, քանի որ սնանկության վարույթն Օրենքով սահմանված՝ որոշակի հաջորդական գործողությունների ամբողջություն է, որի շրջանակներում հնարավոր չէ կանխորոշել այդ վարույթի տևողությունը և մոտալուտ ավարտը, պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու դեպքերում նա անորոշ ժամկետով զրկվում է իր կատարած աշխատանքի դիմաց հատուցում ստանալու իրավունքից՝ Օրենքում առկա կարգավորումների շրջանակներում չունենալով իր իրավունքի սահմանափակման ժամանակահատվածը կանխատեսելու հնարավորություն։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ ազգային ժողովի կողմից 16012024 թվականին ընդունված և 12022024 թվականին ուժի մեջ մտած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքի 35-րդ հոդվածով փոփոխություններ և լրացումներ կատարվել են նաև վկայակոչված հոդվածում, ինչի արդյունքում այդ հոդվածը ներկայումս գործում է հետևյալ խմբագրությամբ

«1Ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

2. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի (բռնագանձման) ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ պարտապանի աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

3. Պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների գանձումն իրականացվում է հաշվի առնելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգավորումները և սնանկության վարույթի առանձնահատկությունները: Սույն մասի գործողությունը տարածվում է ինչպես մինչև սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահը վճարված աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա, այնպես էլ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարներից կատարվող գանձումների վրա։

3.1. Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու կամ դադարեցվելու դեպքում սնանկության վարույթի ցանկացած փուլում դատարանը՝ կառավարչի դիմումի հիման վրա, առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների բռնագանձման ենթակա մասից գանձումներ կատարելու վերաբերյալ: Դատարանը մերժում է կառավարչի դիմումը, եթե, հաշվի առնելով պարտատերերի պահանջների չափը, գտնում է, որ պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների չափը այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ դրա վրա բռնագանձում տարածելը, ներառյալ, եթե՝

1) աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները չեն գերազանցում նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը, կամ

2) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների բռնագանձմամբ պարտատերերի պահանջները չեն բավարարվելու մինչև 48 ամսվա ընթացքում։

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դատարանի որոշումը կառավարիչն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է պարտապանի գործատուին: Դատարանի որոշումը հիմք է գանձման ենթակա գումարը գործատուի կողմից պարտապանի սնանկության հատուկ հաշվին փոխանցման համար:

3.3. Դատարանի կողմից կառավարչի դիմումը մերժելը արգելք չէ կառավարչի կողմից կրկին դատարան դիմելու, եթե մինչև սնանկության գործի ավարտը կառավարչին հայտնի է դարձել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների անհրաժեշտ չափով աճի մասին: Սույն մասով նախատեսված կարգով կրկին դիմելու դեպքում դատարանը դիմումը քննում է սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգով»:

Ընդ որում, 16012024 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները տարածվում են նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա:

Նկատի ունենալով, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարգավորվել է սույն բողոքով բարձրացված հարցը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 16012024 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-27-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց (12022024 թվականից) հետո հարուցված սնանկության գործերի վրա տարածվում են 95-րդ հոդվածի՝ նշված օրենքի խմբագրությամբ կարգավորումները, իսկ նախքան 12022024 թվականը հարուցված սնանկության գործերի դեպքերում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններին համապատասխան՝ պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձը չներառելով բռնագանձման ենթակա գույքի կազմի մեջ։

 

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի դատական ակտը վերացնելու դեպքում ՀՀ սնանկության դատարանի 10.112022 թվականի «Արգելանքը վերացնելու մասին» որոշումը մտնում է օրինական ուժի մեջ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2023 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

______________________

1 Տե՛ս հետևյալ հղումով՝ https://documents1.worldbank.org/curated/en/668381468331807627/pdf/771700WP0WB0In00Box377289B00PUBLIC0.pdf։

2 Տե՛ս հետևյալ հղումով՝ https://moj.am/legal/view/article/1242/։

3 Տե՛ս հետևյալ հղումով՝ https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media-documents/uncitral/en/05-80722_ebook.pdf։

4 Տե՛ս «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր»-ը, հղումը՝ https://www.moj.am/storage/uploads/123Road_Map_with_Action_Plan_ARM.pdf։

 

Նախագահող և զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան