Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.07.2017-01.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1037
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 773 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել ըստ աշակերտների թվի` հետևյալ բանաձևով`

 

Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՒՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ

 

որտեղ`

Ըգ-ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդամենը գումարն է,

Սթ-ն հաստատության սովորողների թիվն է,

Սգ-ն մեկ սովորողին ընկնող տարեկան գումարն է,

Պգ-ն հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է,

ՏՍթ-ն հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների թվի հանրագումարն է,

ԱՕք-ն աշխատանքային օրերի քանակն է,

ՍՆգ-ն տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարն է,

ՀՈՒՀՍթ - հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն է,

ՍԱդգ-ն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարն է:

Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը 2014 թվականի համար կազմում է 16876.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը), որը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման` ելնելով ընթացիկ ցուցանիշներից:

101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից և, աշակերտների թվից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:

(1-ին կետը լրաց. 16.01.14 N 16-Ն, խմբ. 08.07.15 N 749-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ հաստատել ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները` ելնելով ընթացիկ ցուցանիշներից, կիրառելով համապատասխան գործակիցներ` հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակներում, ինչպես նաև լրացուցիչ գործակիցներ` բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, ինչպես նաև, աշակերտների թվից ելնելով, մինչև 100 աշակերտ, 101-ից մինչև 300 աշակերտ, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թիվը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը և տարրական դասարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը:

(2-րդ կետը փոփ. 16.10.08 N 1188-Ն, խմբ. 18.03.11 N 259-Ն, լրաց. 16.01.14 N 16-Ն, 08.07.15 N 749-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 16.01.14 N 16-Ն)

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) սույն որոշման 2-րդ կետով սահմանված՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի գործակիցները հաստատելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին սույն որոշման 1-ին կետով սահմանված բանաձևով հաշվարկված հատկացումներում կատարել վերաբաշխումներ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ: Հատկացվող գումարների վերաբաշխումները 2017 թվականի համար` Երևանի քաղաքապետարանի մասով, կարող են կատարվել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

(4-րդ կետը խմբ. 16.01.14 N 16-Ն, խմբ. 29.06.17 N 758-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության` աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 773 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ

(հավելվածն ուժը կորցրել է 16.01.14 N 16-Ն)


 

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան