ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 1991 թվականի N 179
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ) ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Հաստատել պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթները (կցվում են):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) 1991-1995 թվականներին իրականացնել միջոցառումներ պետական հողային կադաստրի կատարելագործման և ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդներին, շահագրգռված ձեռնարկություններին, կազմակերպություններին, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ու քաղաքացիներին հողի մասին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու ուղղությամբ.
բ) իրականացնել հողային ֆոնդի վիճակի փոփոխությունների ժամանակին բացահայտման, դրանց գնահատման, բացասական երևույթների կանխման և վերացման ուղղությամբ հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) աշխատանքներ.
գ) հողային կադաստրի համակարգի մեջ ընդգրկել նախկինում նրանից դուրս մնացած հողատարածությունները (քաղաքների, շրջկենտրոնների, բնակավայրերի, արդյունաբերական, շինարարական, ժողովրդատնտեսական օբյեկտների, ինչպես նաև այլ հողօգտագործողների տնօրինության տակ գտնվող հողերը):
4. Սահմանել պետական հողակադաստրային փաստաթղթերի հետևյալ ցանկը.
հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, պետական տնտեսությունների հողակադաստրային գիրքը.
ժողովրդական պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների հողերի պետական հողակադաստրային գիրքը.
շրջանային ենթակայության քաղաքի, քաղաքատիպ ավանի, քաղաքի շրջանի, շրջանի պետական հողակադաստրային գիրքը.
հանրապետական ենթակայության քաղաքների պետական հողակադաստրային գիրքը.
Հայաստանի Հանրապետության պետական հողային կադաստրը:
5. Հողային կադաստրի և հողերի վիճակի դիտարկումների ամբողջ աշխատանքներն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 1991-1995 թվականներին`
ա) հողային կադաստրի վարման մեթոդական ցուցումները, կարգը և հողակադաստրային փաստաթղթերի համակարգը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքի ու հողային օրենսգրքի պահանջներին.
բ) մշակել և սահմանված կարգով հաստատել հողերի վիճակի դիտարկումների անցկացման մեթոդական ցուցումներ ու հրահանգներ.
գ) սկսած 1992 թվականից, հողային կադաստրի 1986-1990 թվականների տվյալների և գործող գների մեխանիզմի հիման վրա ճշտել հողերի վճարի, եկամտահարկի ու վարձավճարի չափերը: Սահմանված կարգով հաստատել այդ ցուցանիշների որոշման միասնական կարգը, հաշվի առնելով առանձին գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության արդյունավետությունը:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում հողատեսքերի քարտեզագրական, հողագիտական (ագրոքիմիական, հողամելիորատիվ), երկրաբուսաբանական և այլ հետազոտությունները, ինչպես նաև հողերի վիճակի դիտարկումները կատարվում են միասնական մեթոդիկայով ու ծրագրով` տարբեր կազմակերպությունների ու ձեռնարկությունների կողմից` անկախ գերատեսչական ենթակայությունից, համաձայնեցվում են հողաշինարարական ծառայության հետ, հաշվի առնելով այդ հետազոտությունների անհրաժեշտությունը հողային կադաստրի և դիտարկումների վարման համար:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) հողային կադաստրի և հողերի վիճակի դիտարկումների աշխատանքները ժամանակին կազմակերպելու, մշակված նյութերն ըստ փուլերի ընդունելու, քննարկելու և սահմանված կարգով հաստատելու նպատակով ստեղծել համապատասխան տեխնիկական խորհուրդներ.
բ) հողերի վիճակի դիտարկումներ, հողաշինարարական, հողագիտական, երկրաբուսաբանական և այլ հետազոտություններ անցկացնելու նպատակով 1991 թվականին «ՈՒԱԶ» կամ «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան վերասարքավորել շարժական լաբորատորիայի.
գ) հաշվի առնելով հողային կադաստրի, հողերի վիճակի դիտարկումների իրականացման ընթացքում մեծածավալ ինֆորմացիայի մեքենայական մշակման անհրաժեշտությունը, 1991 թվականից ապահովել նշված աշխատանքների կատարումը կոմպյուտերների և հաշվողական տեխնիկայի կիրառմամբ.
դ) յուրաքանչյուր 5 տարին մեկ թարմացնել և լրացնել հողային կադաստրի և հողերի վիճակի դիտարկումների նյութերը:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1977 թվականի օգոստոսի 8-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի մասին» N 528 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ) ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության 65, 66 և 67 հոդվածների համաձայն վարվում է պետական հողային կադաստր, որը ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդներին, շահագրգռված ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, գյուղացիական ու գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և քաղաքացիներին ապահովում է հողի արդյունավետ օգտագործման և պահպանման կազմակերպման, հողային հարաբերությունների կարգավորման, հողաշինարարության, հողերի որակական բնութագրման, գնահատման, հողի վարձաչափերի հիմնավորման, տնտեսական գործունեության գնահատման, հողերի օգտագործման հետ կապված այլ հարցերի մասին անհրաժեշտ տեղեկություններով:
2. Հայաստանի Հանրապետությունում պետական հողային կադաստրը և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումները (մոնիտորինգը) վարվում են միասնական համակարգով, քարտեզագրական, հողագիտական, երկրաբուսաբանական, հողաշինարարական և այլ հետազոտությունների նյութերի հիման վրա:
Հողերի վիճակի համակարգված դիտարկումը (մոնիտորինգը) հողային ֆոնդի վիճակի դիտարկման համակարգ է, որն անց է կացվում հողերի վիճակի փոփոխությունները ժամանակին բացահայտելու, դրանք գնահատելու, բացասական երևույթների հետևանքները կանխելու և վերացնելու համար:
3. Պետական հողային կադաստրի և դիտարկումների վարման աշխատանքներն իրականացվում են «Հայպետհողշիննախագիծ» պետական նախագծային ինստիտուտի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` իրականացնել պետական հողային կադաստրի և հողերի վիճակի դիտարկումների վարմանը նպաստող հողասեփականատերերի, հողօգտագործողների գրանցման, հողատեսքերի քարտեզագրական, հողագիտական, երկրաբուսաբանական և այլ աշխատանքներ.
մշակել և հաստատել հողերի սեփականության և հողօգտագործման պետական գրանցման, հողերի գնահատման, քարտեզագրման, տարբեր բնույթի հետազոտությունների կատարման մեթոդական ցուցումներ և հրահանգներ.
կազմակերպել պետական հողային կադաստրում ընդգրկված երկարաժամկետ և օպերատիվ տեղեկությունների համակարգ և նրա անընդհատ կատարելագործում, համապատասխանեցնելով այն տվյալ պահի ժողովրդատնտեսական պահանջին.
ապահովել պետական հողային կադաստրի և հողերի վիճակի դիտարկումների պարբերաբար կազմումը և հրատարակումը:
5. Կադաստրային տվյալների պարբերաբար ճշտման և թարմացման նպատակով`
ա) գյուղատնտեսական արտադրություն վարող բոլոր հողասեփականատերերը, հողօգտագործողները, անկախ նրանց պատկանելությունից, յուրաքանչյուր տարի, ոչ ուշ, քան մինչև հունվարի 10-ը տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, իսկ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները` ոչ ուշ, քան մինչև հունվարի 20-ը համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին հաշվետվություններ են ներկայացնում հունվարի 1-ի դրությամբ իրենց ենթակայության տակ գտնվող հողերի կազմում կատարված փոփոխությունների մասին, համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հաստատված ձևերի.
բ) պատգամավորների համապատասխան խորհուրդների գործկոմների պետական հողաշինարարական մարմինները հունվարի 1-ի դրությամբ գյուղատնտեսության նախարարությանը հաշվետվություններ են ներկայացնում շրջանային և հանրապետական ենթակայության քաղաքների հողերի առկայության ու որակական փոփոխությունների մասին.
գ) ժողովրդական պատգամավորների տեղական և շրջանային խորհուրդները յուրաքանչյուր տարի հաշվետվություններ են ներկայացնում գյուղատնտեսության նախարարությանը գյուղատնտեսական հողատեսքերի տարածության մեջ առկա և կատարվող փոփոխությունների (այդ թվում ջրովի և չորացրած հողերը առանձին), ըստ հողի սեփականատերերի և հողօգտագործողների դրանց բաշխման, չօգտագործվող, ոչ արդյունավետ օգտագործվող հողերի, ինչպես նաև ընթացիկ տարում ոչ գյուղատնտեսական նպատակների համար հատկացվող հողերի մասին.
դ) գյուղատնտեսության նախարարությունը հինգ տարին մեկ հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ` հատկացված հողերի օգտագործման վճարի, հողատեսքերի առկայության և ըստ հողօգտագործողների հողերի բաշխման մեջ կատարված փոփոխությունների, ինչպես նաև հողերի որակական վիճակի կադաստրային գնահատման և նոր հողերի իրացման մասին:
(5-րդ կետը խմբ. 21.11.91 N 645)
6. Հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ժողովրդական պատգամավորների համապատասխան խորհուրդներին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:
Հողերի վիճակի դիտարկումների արդյունքները յուրաքանչյուր տարի ընդգրկվում են հողերի որակական վիճակի մասին հաշվետվությունների մեջ, որոնք կազմվում են սույն դրույթների 5-րդ կետին համապատասխան:
7. Հողերի առկայության և որակական վիճակի մասին դրույթների 5-րդ կետով նախատեսվող հաշվետվությունները քննության են առնվում և հաստատվում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից ոչ ուշ, քան մինչև փետրվարի 1-ը և այն ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ամփոփում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմներից ստացված հաշվետվությունները և ոչ ուշ, քան մինչև մարտի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ է ներկայացնում հողերի քանակական, որակական վիճակի և գնահատման վերաբերյալ հաշվետվություն:
(7-րդ կետը խմբ. 21.11.91 N 645)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.10.1997, N 465 | 01.03.1998, N 179 | |
07.01.1998, N 6 | 10.02.1998, N 179 | |
21.11.1991, N 645 | 21.11.1991, N 179 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|