ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 1995 թվականի թիվ 18
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու ԵՎ նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածները, որոշում Է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու և նրանցից դրամական ավանդներ ընդունելու» կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` 3-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրման հանձնաժողովի կազմը, վարկային և ավանդային պայմանագրերի ձևերը:
3. Սույն որոշմամբ հաստատված կարգն ուժի մեջ է մտնում հաստատման պահից:
|
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին վարկեր տրամադրելու ԵՎ նրանցից դրամական ավանդներ ընդունելու մասին
1. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները վարկեր կարող են ստանալ միայն ՀՀ կենտրոնական բանկից:
2. ՀՀ կենտրոնական բանկն իր աշխատակիցներին վարկեր տրամադրում է ըստ ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ հաստատված սահմանաքանակի` ՀՀ կենտրոնական բանկի ընդհանուր վարկային ռեսուրսների հաշվին:
3. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրումը կատարվում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացության հիման վրա, նրա նախագահի անունով աշխատակցի կողմից ներկայացրած գրավոր դիմումի համաձայն` հաշվի առնելով պահանջվող գումարի հիմնավորվածությունը: Վարկեր տրամադրվում են միայն ՀՀ կենտրոնական բանկում մեկ տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցներին:
4. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին տրվում են սպառողական և ուսուցման վարկեր: Սպառողական վարկը տրվում է`
- երկարատև օգտագործման և այլ ապրանքների ձեռքբերման համար.
- բնակարանների և ամառանոցների գնման, վերանորոգման, դրանց կից շինությունների կառուցման համար:
5. Սպառողական վարկը չի կարող օգտագործվել առևտրային գործարքների համար:
6. Ուսուցման վարկը տրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմված ուսումնական և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման, ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանյան երկրներում ուսումնական հաստատություններում սովորելու և ֆինանսական հիմնարկություններում կատարելագործվելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկի կադրերի և մասնագետների վերապատրաստման և համապատասխան բաժինների եզրակացության առկայության պարագայում:Վերջինիս համար որպես հիմք է ընդունվում տվյալ աշխատակցի որակավորման մակարդակը և դրա բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի տվյալ ստորաբաժանման ֆունկցիաներին համապատասխան տվյալ աշխատակցի նկատմամբ ներկայացվող առաջարկությունը:
7. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները ստացված վարկերը չեն կարող օգտագործել առևտրային բանկերի, այլ ֆինանսավարկային կազմակերպությունների բաժնետեր (մասնակից) դառնալու կամ այլ կերպ դրանց կառավարման աշխատանքներին մասնակցելու նպատակով:
8. Հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերը ձևակերպվում և հատկացվում են ՀՀ կենտրոնական բանկի և աշխատակիցների միջև կնքված վարկային պայմանագրերի հիման վրա, որով ամրագրվում են տրամադրվող վարկերի նպատակը, գումարը, տարեկան տոկոսադրույքը, օգտագործման ժամկետը, տրամադրման և մարման կարգն ու պայմանները, վերադարձման ապահովման ձևերը, վարկառուի և վարկատուի իրավունքներն ու պարտավորությունները, կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ (պայմանագրի ձևը կցվում է):
9. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին կարող են տրամադրվել ինչպես կարճաժամկետ (մինչև մեկ տարի), այնպես էլ երկարաժամկետ (մեկից ավել տարի) վարկեր, դրամով: Ընդ որում, վերանորոգման նպատակով` մինչև 3 տարի ժամկետով, ուսուցման վարկ` մինչև 5 տարի ժամկետով, իսկ բնակարանի և ամառանոցի գնման, դրանց կից շինությունների կառուցման համար` մինչև 15 տարի ժամկետով: Նշված վարկերի դիմաց հաշվարկված տոկոսների գանձումը կատարվում է վարկի ձևակերպման օրվանից սկսած, եռամսյակը մեկ անգամ, իսկ դրանց մարումը` ժամկետը լրանալու օրը: Վարկ վերցնող յուրաքանչյուր աշխատակցի անունով բացվում է վարկային առանձին հաշիվ:
10. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերը տրամադրվում են ՀՀ կենտրոնական բանկի գործող վերաֆինանսավորման տոկոսադրույքով:
ՀՀ կենտրոնական բանկը, ելնելով վարկային շուկայում ձևավորված տոկոսադրույքից, սղաճի տեմպերից, յուրաքանչյուր եռամսյակ վերանայում է աշխատողներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները: Տոկոսադրույքի իջեցման դեպքում այն տարածվում է նաև նախկինում տրված վարկերի վրա, տոկոսադրույքի իջեցման մասին ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման ընդունման պահից սկսած` չտարածվելով մինչ այդ պահը հաշվարկված տոկոսային գումարների վրա: ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին վարկերի տրամադրման հանձնաժողովը վարկերի տրման տոկոսադրույքների փոփոխման մասին հայտնում է աշխատակիցներին` ի գիտություն:
11. Տրամադրվող վարկի գումարի չափը որոշվում է աշխատակիցներին վարկերը տրամադրող հանձնաժողովի կողմից: Վարկերը կարող են տրվել ինչպես գրավով, այնպես էլ առանց գրավի: Առանց գրավի վարկերը տրամադրվում են աշխատակցի վերջին երեք ամիսների միջին ամսական աշխատավարձի մինչև 25-պատիկ գումարի չափով, իսկ գրավով վարկերը` գրավադրված արժեքների գումարի մինչև 80 տոկոսի չափով: Որպես գրավ կարող են ընդունվել արժութային արժեքներ կամ բարձր իրացվելիություն ունեցող այլ միջոցներ:
12. Վարկի մարումը և տոկոսների վճարումը կարող է իրականացվել նաև աշխատողների աշխատավարձից` պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով:
13. Աշխատակցին իրավունք է վերապահվում վարկը վերադարձնել պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ` վարկի օգտագործման ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները վերադարձնելու պայմանով:
14. ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ, ելնելով սույն կարգի 6-րդ կետով տրված վարկի նպատակից և դրա վերաբերյալ աշխատակցի կողմից ներկայացված հաշվետվության արդյունքներից, դրա արդյունավետությունից ու նշանակությունից, կարող է հատուցվել տրված վարկի մի մասը և դրա դիմաց հաշվարկված տոկոսներն ամբողջությամբ: Ուսուցման նպատակով տրված վարկերի հատուցումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի հաշվին, ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման հիման վրա:
15. ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցին նոր վարկ տրամադրվում է նախկինում ստացած վարկը մարելուց հետո կամ գրավի առկայության դեպքում, բացի ուսուցման վարկից` դրա անհրաժեշտության հիմնավորման և վարկերի տրամադրման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
16. Աշխատանքից ազատման դեպքում աշխատակիցը պարտավոր է հետ վերադարձնել վարկը և մինչ այդ պահը հաշվարկված տոկոսները:
17. Արտակարգ դեպքերում (մահվան, դժբախտ պատահարի) վարկի և տոկոսների մարման հարցը, հանձնաժողովի ներկայացմամբ, քննարկվում և լուծվում է ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:
18. ՀՀ կենտրոնական բանկի կողմից իր աշխատակիցներին տրամադրված վարկերի նպատակային օգտագործման վերահսկողությունը դրվում է հանձնաժողովի վրա, որի իրավասությունը ամրագրվում է վարկային պայմանագրում:
19. ՀՀ կենտրոնական բանկը, համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հոդված 26), իր աշխատակիցների (ՀՀ կենտրոնական բանկի գլխամասային գրասենյակի, հիմնարկների, բաժանմունքների և ներկայացուցչությունների) ազատ դրամական միջոցները կարող է ներգրավել որպես ավանդ` ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:
20. ՀՀ կենտրոնական բանկի և իր աշխատակցի (այսուհետև` ավանդատու) միջև փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրով, որտեղ նշվում են ավանդադրված գումարի, դրա դիմաց վճարվող տոկոսների չափը և վճարման կարգը, ժամկետները, ավանդի հետ վերադարձման կարգը և պայմանները, ավանդատուի և բանկի իրավունքներն ու պարտավորությունները, կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ (պայմանագրի ձևը կցվում է):
21. Յուրաքանչյուր ավանդատուի համար ՀՀ կենտրոնական բանկում բացվում է առանձին ավանդային հաշիվ:
22. Ավանդադրված գումարների սպասարկումը կատարվում է «Գործառնական և այլ ծախսեր» 970 հաշվից:
23. ՀՀ կենտրոնական բանկը ավանդատուներից ընդունում է ինչպես ցպահանջ, այնպես էլ ժամկետային ավանդներ:
24. ՀՀ կենտրոնական բանկը սահմանում է ժամկետային ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները` հաշվի առնելով հանրապետության ֆինանսական շուկայում ձևավորված միջին տոկոսադրույքի չափերը և սղաճի տեմպերը:
25. ՀՀ կենտրոնական բանկում ավանդադրված գումարների համար սահմանված տոկոսադրույքը, կախված ֆինանսական շուկայում ձևավորված միջին տոկոսադրույքի չափերից, շուկայական տոկոսադրույքի փոփոխության և սղաճի տեմպերից, յուրաքանչյուր եռամսյակ ենթակա է փոփոխման: Տոկոսադրույքի բարձրացման դեպքում այն տարածվում է նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա, տոկոսադրույքի բարձրացման մասին ՀՀ կենտրոնական բանկի վարչության որոշման ընդունման պահից սկսած` չտարածվելով մինչ այդ պահը հաշվարկված տոկոսային գումարների վրա:
26. Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդը հետ վերցնելու դեպքում ավանդատուին վճարվում է ցպահանջ ավանդների համար նախատեսված տոկոսադրույքով, եթե այլ բան չի նախատեսված պայմանագրով:
27. Արտակարգ դեպքերում (մահվան, դժբախտ պատահարի) ավանդը և տոկոսները տրվում են ավանդատուի ժառանգներին` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 1
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Կ Ե Ն Տ Ր Ո Ն Ա Կ Ա Ն Բ Ա Ն Կ
ք. Երևան ____ _______ 1994 թ.
Վ Ա Ր Կ Ա Յ Ի Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
Թ Ի Վ ___
Հավելված 2
Ա Վ Ա Ն Դ Ա Յ Ի Ն Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր Թ Ի Վ ___