ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0107/11/08 |
գործ թիվ ԵԿԴ/0107/11/08 |
|
Նախագահող դատավոր՝ Ռ. Ազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Հ. Ղուկասյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
|
Ս. Օհանյանի |
2009 թվականի նոյեմբերի 26-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով «Էկոնոմինկասացիա» դուստր փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ԴՓԲԸ) ներկայացուցիչ Հասմիկ Ռաֆայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրինության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ 2008 թվականի օգոստոսի 16-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
2. 2008 թվականի հոկտեմբերի 10-ին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գուրգենի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
3. Նախաքննության մարմնի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական միջոցներ հաշվառված, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:
4. 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:
ՀՀ գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի 2008 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժվել է:
5. 2008 թվականի նոյեմբերի 28-ին «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրենը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ գույքի վրա կալանք դնելու մասին 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումը վերացնելու խնդրանքով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ բողոքը մերժվել է:
6. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրենի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճել է:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:
7. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հունիսի 2-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն` «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության և իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը չի կարող որակվել որպես վերաքննիչ բողոքից հրաժարում, հետևաբար չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ վարույթը կարճելու համար:
8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի ներկայացուցիչը:
9. Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
10. Ս.Պետրոսյանը, հանդիսանալով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ տնօրեն, հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում և հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է 333.589.800 ՀՀ դրամի վնաս:
11. Նախաքննության մարմնի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ պետությանը պատճառված վնասի վերականգնումը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ընկերությունում որպես հիմնական միջոցներ հաշվառված, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող թվով 19 տրանսպորտային միջոցների վրա:
12. «Էկոնոմինկասացիա» ԴՓԲ ընկերության կանոնադրության 2.3-րդ կետի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով (միջոցներով):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի դրույթների միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
14. Բողոք բերած անձը նշել է, որ վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 8-րդ, 42-րդ, 42.1-րդ հոդվածների և 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի, 232-րդ հոդվածի 2-րդ մասի, 233-րդ հոդվածի 1-ին մասի և 290-րդ հոդվածի 5-րդ մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջները:
15. Ըստ բողոքաբերի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի չի առել, որ քննիչի որոշմամբ տրանսպորտային միջոցների վրա դրված կալանքով սահմանափակվել են ընկերության` տրանսպորտային միջոցները տնօրինելու իրավազորությունը, որով խախտվել են ընկերության իրավունքները: Բացի այդ, քննիչը գույքի վրա կարող էր կալանք դնել միայն այն դեպքում, երբ նման հնարավորություն ուղղակի սահմանված լիներ օրենքով, մինչդեռ քննիչի կողմից որոշման կայացման հիմքում ընկած է միայն ընկերության կանոնադրության 2.3-րդ կետը, որի համաձայն` ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, իսկ ընկերության պարտավորությունները չեն նշվել ո՛չ քննիչի և ո՛չ էլ դատարանների կողմից:
16. Բողոքում նշվում է նաև, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի պարտավորությունների համար չի կարող երբևէ պատասխանատվություն կրել քրեական պատասխանատվության սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձը` ընկերությունը:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի՝ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի գույքի վրա կարո՞ղ է արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի ուժով կալանք դրվել նրա անունից հանդես եկող պաշտոնատար անձի՝ տնօրենի գործողությունների համար:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է (…), գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում»:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «ՀՀ-ում ֆիզիկական և իրավաբանական անձինք (…) պարտավոր են վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ»:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «Հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը, հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում, կրում են հարկ վճարողները և դրանց (ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք»:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով»:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Ընկերության տնօրենը տնօրինում է ընկերության գույքը, ներկայացնում ընկերությունը ՀՀ-ում և արտասահմանում, գործում է առանց լիազորագրի, (…), կնքում պայմանագրեր, (…), իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, (…) և վերահսկում դրանց կատարումը»:
20. Նախորդ կետում շարադրված նորմերի վերլուծությունից երևում է, որ իրավաբանական անձի մասնակցությունը ցանկացած իրավահարաբերության, այդ թվում՝ հարկերը վճարելուն և հարկային օրենսդրության մյուս պահանջները կատարելուն, իրականացվում է նրա մարմինների միջոցով: Վերջիններս հանդես են գալիս իրենց կողմից ներկայացվող իրավաբանական անձի անունից և իրենց գործողություններով կարող են իրավունքներ ձեռք բերել և պարտականություններ ստանձնել այդ իրավաբանական անձի համար:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Պետրոսյանը, հանդիսանալով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի տնօրեն (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), իրավասու է եղել ԴՓԲԸ-ի անունից ու նրա օգտին կատարել որոշակի գործողություններ:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Ս.Պետրոսյանը հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում և հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է 333.589.800 ՀՀ դրամի վնաս (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Նշված գործողությունները կատարելիս մեղադրյալը հանդես է եկել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի անունից և, չկատարելով հարկային պարտավորությունների սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձի պարտականությունները, վնաս է պատճառել պետությանը:
Քննիչը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի կանոնադրության 2.3-րդ կետը, իր որոշմամբ կալանք է դրել «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ը սեփականության իրավունքով պատկանող թվով 19 մարդատար ավտոմեքենաների վրա, և դրանով ապահովել պետությանը պատճառված վնասի վերականգնումը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը (տե՛ս սույն որոշման 11-րդ և 12-րդ կետերը):
22. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձը պատասխանատու է իր անունից հանդես եկող անձի յուրաքանչյուր, այդ թվում՝ օրենքի պահանջներին չհամապատասխանող գործողությունների համար: Ուստի, սույն գործով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ն պատասխանատու է իր անունից հանդես եկող տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար:
Հետևաբար՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա կարող է դրվել կալանք, եթե անհրաժեշտություն կա ապահովելու գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը:
23. Այս մոտեցումը համապատասխանում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին Լրացուցիչ արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին: Մասնավորապես, Գասուս Դոսյեր ունդ Ֆյորդերտեխնիկ ՍՊԸ-ն ընդդեմ Նիդերլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. « … երրորդ անձանց գույքի վրա կալանք դնելու հարկային մարմինների իրավունքը հիմք չի տալիս ենթադրելու, որ հասարակական շահի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության միջև անհրաժեշտ հավասարակշռությունը չի պահպանվել: Այնպիսի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, որը փաստացի գտնվում է պարտապանի տիրապետման ներքո, թեև ձևական առումով հանդիսանում է երրորդ անձի սեփականությունը, հանդիսանում է կիրառման վարույթներում պարտատուի շահերի պաշտպանության տարածված մեխանիզմ. այն չի կարող ինքնին անհամատեղելի համարվել Առաջին Արձանագրության 1-ին հոդվածին: Ուստի օրենսդիրը հանրային շահի` հարկերի արդյունավետ վճարումն ապահովելու նպատակով կարող է դիմել այդ միջոցին …» (տես` GASUS DOSIER-UND FÖRDERTECHNIK GmbH v. THE NETHERLANDS գործով 1995թ. փետրվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 15375/89, կետ 66):
24. Ելնելով վերոգրյալից և մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «...այն անձանց գույքի վրա, որոնց վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն...» արտահայտությունը կարող է վերաբերել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց: Ուստի բողոք բերած անձի այն պնդումը, թե քրեական պատասխանատվության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձի պարտավորությունների համար երբևէ չի կարող պատասխանատվություն կրել քրեական պատասխանատվության սուբյեկտ չհանդիսացող իրավաբանական անձը` ընկերությունը, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և հարկային օրենսդրության՝ սույն որոշման 19-րդ կետում նշված հոդվածների իմաստից:
25. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավամբ օրինական ուժի մեջ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` «Գույքի վրա կալանք դնելու մասին» 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ բողոքը մերժելու մասին որոշումը: Հետևաբար, վճռաբեկ բողոքում նշված հիմքով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից նյութական կամ դատավարական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ, 233-րդ հոդվածների պահանջներին, ուստի նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
26. Բողոքարկվող դատական ակտի վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթների իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ իրավաբանական անձանց գույքի վրա կալանք դնելու դեպքերում դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: «Գույքի վրա կալանք դնելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ավագ քննիչ Լ.Սարգսյանի 2008 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման դեմ «Էկոնոմինկասացիա» դուստր փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչի բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի օգոստոսի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |