«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 2118-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 14.08.14 N 847-Ն)
1. Ստեղծել «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1-ին կետը փոփ. 07.06.12 N 714-Ն, 14.08.14 N 847-Ն)
2. «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Մովսես Խորենացու 162ա հասցեում գտնվող շենքի 5-րդ հարկի՝ 70 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 2450451 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(2-րդ կետը լրաց. 07.06.12 N 714-Ն, փոփ. 14.08.14 N 847-Ն)
3. Սահմանել, որ`
1) կազմակերպության նպատակներն են քրեական արդարադատության ոլորտում իրավախախտում կատարած անձանց ուղղումը, սոցիալական վերականգնումն ու վերաինտեգրումը, կրկնահանցագործությունների կանխումը, հասարակության անվտանգության բարձրացումը.
2) կազմակերպության գործունեության առարկան է`
ա. իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը,
բ. սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար,
գ. իրավախախտում կատարած անչափահասների արտադպրոցական դաստիարակության կազմակերպման, իրավագիտակցության բարձրացման, պատժից ազատված անչափահասների սոցիալական վերաինտեգրման միջոցառումների կազմակերպումը,
դ. քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը,
ե. սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը,
զ. տեղեկատվական և վիճակագրական շտեմարանների ձևավորումը, վերլուծությունը և ուսումնասիրությունների իրականացումը,
է. տեղեկատվական-վերլուծական նյութերի և գրականության պատրաստումը:
(3-րդ կետը փոփ., խմբ. 14.08.14 N 847-Ն)
4. Թույլատրել «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն հանգստի ու զվարճությունների կազմակերպման, մշակույթի և սպորտի բնագավառներում` մատուցելով հետևյալ ծառայությունները`
ա) պատանի հանդիսատեսի և մանկական թատրոնների ներկայացումների ցուցադրում,
բ) ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում,
գ) ինքնագործ նկարիչների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում,
դ) զարդակիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում,
ե) սիրողական ակումբների և ստուդիաների անդամների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում,
զ) ժողովրդական ստեղծագործության ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում և անցկացում,
է) հրատարակչական գործ:
(4-րդ կետը փոփ. 14.08.14 N 847-Ն)
5. «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» «դ», «ե» և «Է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 07.06.12 N 714-Ն, 14.08.14 N 847-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 14.08.14 N 847-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նշված կազմակերպության միջոցների հաշվին:
(7-րդ կետը խմբ. 07.06.12 N 714-Ն, փոփ. 14.08.14 N 847-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|