«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 հունիսի 2005 թ. |
N 293-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող անդորրագրերի և դրանց պարտադիր վավերապայմանների մասին» թիվ 259 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի օգոստոսի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 | |
Հաստատված է |
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային գործարքներ իրականացնող մասնագիտացված անձանց կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերը (այսուհետև` անդորրագիր) հաճախորդներին տրամադրելու կարգը և ձևը, ինչպես նաև անդորրագրերի նվազագույն վավերապայմանները:
2. Սույն կարգի իմաստով մասնագիտացված անձ են համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված անձինք:
3. Սույն կարգի պահանջները չեն տարածվում մասնագիտացված անձանց միջև, ինչպես նաև մասնագիտացված անձանց և հաճախորդների միջև կնքված անկանխիկ արտարժույթի առք ու վաճառքի այն գործառնությունների վրա, որոնց հիմքում առկա են արտարժույթի առք ու վաճառքի` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, գրավոր պայմանագրեր կամ հայտեր, որոնք առնվազն պարունակում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված վավերապայմանները: Ընդ որում, սույն կետով նշված պայմանագրերի համար պարտադիր չէ «գործարքի կատարման ժամը» և «համակարգչի գրանցման համարը» վավերապայմանների առկայությունը: Սույն կետով նշված հայտերի համար 500,000 (հինգ հարյուր հազար) դրամ գումարը չգերազանցող առք ու վաճառքի գործառնությունների դեպքում, պարտադիր չեն հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին տրամադրվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիրը առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).
ա) մասնագիտացված անձի անվանումը (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում նաև մասնաճյուղի անվանումը),
բ) մասնագիտացված անձի (մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում` մասնաճյուղի) գտնվելու վայրը,
գ) մասնագիտացված անձի լիցենզիայի համարը,
դ) հարկ վճարողի հաշվառման համարը,
ե) հերթական համարը,
զ) համակարգչի գրանցման համարը,
է) գործարքի կատարման ամսաթիվը և ժամը,
ը) գործարքի տեսակը («արտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք»),
թ) գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով,
ժ) գնված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),
ժա) վաճառված գումարը (գումարը թվերով և բառերով), արժույթը (արտարժույթի կոդ),
ժբ) հաճախորդի անունը, ազգանունը (իրավաբանական անձանց ներկայացուցիչների համար նաև կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպության դրոշմակնիքը),
ժգ) հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
ժդ) հաճախորդի ստորագրությունը,
ժե) կատարողի/աշխատակցի ստորագրությունը և/կամ մասնագիտացված անձի դրոշմակնիքը:
5. Սույն կարգի 4-րդ կետի «ժբ», «ժգ» և «ժդ» ենթակետերով սահմանված տեղեկատվության առկայությունը անդորրագրերի վրա պարտադիր է 500,000 (հինգ հարյուր հազար) դրամ գումարը գերազանցող առք ու վաճառքի գործառնությունների համար: Ընդ որում սույն կարգի 4-րդ կետի «ժդ» ենթակետի պահանջը կհամարվի բավարարված նաև այն դեպքում, եթե բացակայում է անդորրագրի ձևաթերթիկի «հաճախորդի ստորագրություն» դաշտը, սակայն անդորրագրի վրա առկա է հաճախորդի ստորագրությունը:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված վավերապայմաններից բացի մասնագիտացված անձինք կարող են իրենց ներքին ակտերով սահմանել անդորրագրերի լրացուցիչ վավերապայմաններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
7. Մասնագիտացված անձը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր:
8. Անդորրագրերը պետք է կազմվեն էլեկտրոնային եղանակով` համակարգիչների կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով: Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» ենթակետերով սահմանված տվյալների առկայությունը անդորրագրում մասնագիտացված անձի համակարգչային ծրագիրը կարող է ապահովել ավտոմատ կերպով (ենթակա չէ մուտքագրման արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործառնություն իրականացնելիս): Անդորրագրի հերթական համարը, համակարգչի գրանցման համարը, գործարքի կատարման ամսաթիվը և ժամը պետք է ֆիքսվեն համակարգչի կողմից և ենթակա չլինեն փոփոխման:
9. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքի փոխարժեքը ՀՀ դրամով կարող է մուտքագրվել համակարգ կամ փոփոխվել միայն մասնագիտացված անձի լիազորված աշխատակցի կողմից, ընդ որում` բանկերի, օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի և վարկային կազմակերպությունների դեպքում սույն կետով նշված լիազորված աշխատակիցը չպետք է հանդիսանա հաճախորդին սպասարկող աշխատակից:
10. Արտարժույթի առք ու վաճառքի գործարքը իրականացնելիս մասնագիտացված անձի աշխատակցի կողմից անհրաժեշտ տվյալները մուտքագրվում են համակարգ և այնուհետև անդորրագիրը տպվում է երկու օրինակից:
11. Անդորրագրի մեկ օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին:
12. Արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ անդորրագրի օրինակը պետք է տրամադրվի հաճախորդին նախքան վաճառված կանխիկի տրամադրումը, կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ:
13. Անդորրագրի երկրորդ օրինակը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ առնվազն մեկ տարի: