ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1994 թվականի N 117
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի ապրիլի 11-ի թիվ 14 որոշումն ուժը կորցրած ճանաչելու ԵՎ 1994 թվականի հուլիսի 14-ի թիվ 50 որոշման մեջ փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի ապրիլի 11-ի թիվ 14 որոշումը:
2. Սահմանել, որ 1995 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին վարկեր է տրամադրում միայն միջբանկային վարկային սակարկությունների միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1994 թվականի մայիսի 17-ի թիվ 75 հրամանով ստեղծված վարկային հանձնաժողովին` սույն որոշման ընդունման պահից 10 օրվա ընթացքում քննարկել առևտրային բանկերի գրավոր դիմումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի ապրիլի 11-ի թիվ 14 որոշմամբ հաստատված կարգով տրամադրված վարկերի տոկոսադրույքների վերանայման կապակցությամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության սույն թվականի հուլիսի 14-ի թիվ 50 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետը:
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ուղղակի վարկավորման կարգով տրամադրված, ինչպես նաև միջբանկային վարկային սակարկություններում գնված վարկերը կարող են մարվել ժամկետից շուտ: Այդ դեպքում վարկը մարելու օրը, վարկի գումարի և տոկոսների հետ միաժամանակ, վարկառուն վարկատուին է փոխանցում վարկի չօգտագործված օրերի համար հաշվարկվելիք տոկոսների գումարի ոչ պակաս, քան 20 տոկոսը, եթե պայմանագրում այլ բան չի նախատեսված:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության սույն թվականի հուլիսի 17-ի թիվ 50 որոշման 6-րդ կետը:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից սեփական և ներգրավված (բացի վերաֆինանսավորման կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված) ռեսուրսների հաշվին տրամադրված վարկերի տոկոսադրույքների վերանայման դեպքում նոր տոկոսադրույքները չեն տարածվում փաստացի հաշվարկված և չգանձված տոկոսագումարների վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված դեպքերի:
8. Սահմանել, որ միջբանկային վարկային սակարկությունների միջոցով գնված վարկի օգտագործման ամբողջ ժամանակաշրջանում սահմանված տոկոսադրույքը մնում է անփոփոխ:
9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ու վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչություններին` 1 շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել սակարկությունների կազմակերպման և անցկացման նոր կարգի նախագիծը: