Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.39
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ 2/0416/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ 2/0416/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.01.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գեննադի Սողոմոնովի` 1.955.700 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Գեննադի Սողոմոնովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության՝ 06.08.2008 թվականի թիվ 2326857 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Գեննադի Սողոմոնովի կողմից 1.955.700 ՀՀ դրամ վճարելու համար արձակել վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գեննադի Սողոմոնովը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 06.08.2008 թվականի թիվ 2326857 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.      

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ, 26-րդ հոդվածները, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Գործով հաստատված փաստերից երևում է, որ Գեննադի Սողոմոնովը գյուղատնտեսական մթերքներ չի արտադրել, նա արտոնագրային վճար վճարող չէ և գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով համատեղ գործունեության պայմանագիր չի կնքել, այլ գյուղմթերքներ արտադրող տարբեր անձանցից գնել է գյուղատնտեսական արտադրանք և այն վաճառել, որի դիմաց ստացել է շահույթ (եկամուտ), այսինքն՝ զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նշված հանգամանքները հիմնավորվում են նաև Գեննադի Սողոմոնովի 28.07.2008 թվականի բացատրությամբ, ըստ որի՝ 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներից գնել և Վրաստան է արտահանել 68.000կգ կաղամբ՝ 1.967.800 ՀՀ դրամ վաճառքի գնով և կարտոֆիլ՝ 1.291.700 ՀՀ դրամ վաճառքի գնով, իսկ գործունեությունից ստացված շահույթը կազմել է 150.000-200.000 ՀՀ դրամ: Այսինքն՝ Գեննադի Սողոմոնովը բացատրությամբ հաստատել է ապրանքի վաճառքից շահույթ ստանալու, առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը: Մինչդեռ, Դատարանը չի գնահատել նշված բացատրությունը:

Դատարանը, Գեննադի Սողոմոնովի մոտ ստուգում իրականացնելու համար հիմք հանդիսացած հանձնարարագիրը դիտելով վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ, Տեսչությունից չի պահանջել նշված հանձնարարագիրը և այն անմիջականորեն չի գնահատել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.01.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ Տեսչության հայցը բավարարել, իսկ Գեննադի Սողոմոնովի հակընդդեմ հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 06.08.2008 թվականի թիվ 2326857 ստուգման ակտի համաձայն՝ Գեննադի Սողոմոնովը 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսներին վաճառքի համար ձեռք է բերել և Վրաստանի Հանրապետություն է արտահանել կաղամբ՝ ընդհանուր 3.259.500 ՀՀ դրամ արժեքով: Ակտով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար Գեննադի Սողոմոնովի նկատմամբ հաշվարկվել է 1.955.700 ՀՀ դրամ տուգանք (գ.թ. 6-7):

2) Գեննադի Սողոմոնովը 28.07.2008 թվականին բացատրություն է տվել այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներից 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսներին գնել և Վրաստան է արտահանել 68.000կգ կաղամբ և կարտոֆիլ՝ համապատասխանաբար 1.967.800 ՀՀ դրամ և 1.219.700 ՀՀ դրամ վաճառքի գներով (գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.        

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործենությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)՝ գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով: Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների անձնական գույքի (ներառյալ նաև անշարժ) և իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և որոշակի գործունեության մասով ստացել համապատասխան արտոնագիր, այն անձանց նկատմամբ, որոնց լիցենզիայի գործողությունը կասեցված է եղել առանց լիցենզավորող մարմնի որոշման:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)՝ գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60.000 դրամից ոչ պակաս):

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական անձը ցանկացած տեսակի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար պարտավոր է ՀՀ օրենսդրությանը համապատասխան գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և հաշվառվել հարկային մարմնում: Նշված պահանջի չպահպանումը ֆիզիկական անձի համար առաջացնում է որոշակի անբարենպաստ հետևանքներ: Հարկային օրենսդրության իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի կարող համարվել միայն քաղաքացիների անձնական գույքի և իրերի օտարումը: Հարկային օրենսդրությունն անբարենպաստ հետևանքների առաջացման առումով բացառություն է անում որոշակի գործունեության մասով համապատասխան արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց և այն անձանց համար, որոնց գործունեությունը կասեցված էր առանց լիցենզավորման մարմնի որոշման, ինչը ենթադրում է լիցենզավորման ենթակա գործունեություն և լիզենզիայի առկայություն: Հետևաբար, ֆիզիկական անձի կողմից, առանց սահմանված կարգով գրանցվելու և հարկային մարմնում հաշվառվելու, շահույթ ստանալու նպատակով իրականացվող ցանկացած գործունեություն դիտվում է որպես ապօրինի գործունեություն:

Սույն գործով հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում Դատարանը դրել է այն փաստարկները, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որ գյուղատնտեսական ապրանքներ արտահանելու համար անհրաժեշտ է պարտադիր կարգով պետական գրանցում ստանալ, որից հետո միայն իրականացնել այդ ապրանքների արտահանում և վաճառք: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ձեռք բերել տարբեր տեսակի գյուղատնտեսական մթերքներ, իրացնել դրանք և ստանալ եկամուտ (շահույթ): «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման: Գեննադի Սողոմոնովի կողմից գյուղատնտեսական մթերքների իրացումը չի կարող համարվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այլ գործունեություն, որի արդյունքում ստացված եկամուտներից նա պարտավոր էր եկամտահարկ վճարել օրենքով սահմանված կարգով, որը չի արել: Հետևաբար, նրա գործողությունները պետք է գնահատվեն ոչ թե որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այլ որպես սահմանված կարգով եկամտահարկի գումարները պետական բյուջե չվճարելու օրենքով սահմանված պարտականության խախտում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածները և որևէ կերպ չի պատճառաբանել դիրքորոշումն այն մասին, որ գյուղատնտեսական մթերքների իրացումը չի կարող համարվել որպես ապօրինի գործունեություն, քանի որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ Գեննադի Սողոմոնովը գյուղատնտեսական մթերքների արտահանումը իրականացրել է առանց սահմանված կարգով գրանցվելու կամ հարկային մարմնում սահմանված կարգով հաշվառվելու, իսկ ՀՀ օրենսդրությունը նշված գործունեության իրականացման առումով որևէ բացառություն չի նախատեսում:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի կիրառմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածը սույն գործով կիրառելի չէ, քանի որ այն կարգավորում է գյուղատնտեսական արտադրանքից ստացված եկամտի և դրա հետ կապված նվազեցումների հետ կապված հարաբերությունները, այլ ոչ թե ազատում է սահմանված կարգով գրանցվելու և հարկային մարմնում հաշվառվելու պարտավորությունից:

Բացի այդ, գործի նյութերով հաստատվում է, որ Գեննադի Սողոմոնովը 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներից ձեռք է բերել և Վրաստանի Հանրապետություն է արտահանել կաղամբ և կարտոֆիլ՝ ընդհանուր 3.259.500 ՀՀ դրամ արժեքով, այսինքն՝ նշված գյուղատնտեսկան մթերքները վերջինս չի արտադրել, այլ ձեռք է բերել այլ անձանցից: Նշված հանգամանքն ընդունվել է նաև Գեննադի Սողոմոնովի կողմից:

Դատարանը հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է նաև այն հանգամանքները, որ Տեսչությունը Դատարան չի ներկայացրել ստուգման անցկացման համար հիմք հանդիսացող հանձնարարագիրը, որի պատճառով հնարավոր չէր պարզել, թե արդյոք նշված հանձնարարագիրը ներկայացվել է Գեննադի Սողոմոնովին, թե՝ ոչ, ինչի արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ Տեսչությունը չի ապահովել օրենքի պահանջը և Գեննադի Սողոմոնովին չի ծանուցել իր մոտ կատարված ստուգումների մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է նշված իրավական խնդրին (տե´ս, օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/5525/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշում)՝ նշելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն, Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան