ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2008 թվականի N 693-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ու «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Ատոմսերվիս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր, Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածք) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքի վրա տեղակայված` 5170 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 41577 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (վարչական շենք և արտադրական շինություններ) (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2) Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
3) Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով հիմնարկի միջոցների հաշվին:
4) «Ատոմսերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
5) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի փետրվարի 21-ին ընկերության ակտիվների գնահատված արժեքը` 71925.1 հազ. դրամ,
բ. աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 71925.1 հազ. դրամ,
գ. որ աճուրդի հաղթողին երկարաժամկետ վարձակալությամբ է տրամադրվում գույքը և դրա զբաղեցրած 0.73 հեկտար հողամասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6) Ընկերության պարտավորությունները 2007 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 154748 հազ. դրամ, այդ թվում`
ա. առևտրական կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 869 հազ. դրամ,
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 37323 հազ. դրամ,
գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 17247 հազ. դրամ,
դ. պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 98025 հազ. դրամ,
ե. այլ ընթացիկ պարտավորություններ` 1284 հազ. դրամ։
7) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
8) Ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
9) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, բաժնետոմսերի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
գ. աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել բաժնետոմսերի արժեքի որոշման հետ կապված վճարը` 246000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և կնքել գույքի վարձակալության պայմանագիր:
10) Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
11) Աճուրդի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
12) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գնորդի հետ կնքել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված, վարձակալությամբ հանձնվող գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի հողօգտագործման պայմանագիրը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան 91 հասցեում գտնվող 5872,9 քառ. մետր մակերեսով շենքը («Գավառի մանկական պոլիկլինիկա» ԱՊՓԲԸ-ի հին մասնաշենք) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի ապրիլի 2-ին գնահատված գույքի արժեքը` 19264 հազ. դրամ,
բ. աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 19264 հազ. դրամ,
գ. որ աճուրդի հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,3564 հեկտար հողատարածքը` կադաստրային արժեքով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,
բ. եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
գ. աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 291384 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
3) Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
4) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3. «Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղի, 2 հասցեում գտնվող նախկին հոգեբանական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տարածքում գտնվող` 674.6 քառ. մետր մակերեսով տնակները (այսուհետ` գույք) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
1) Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը գույքը և գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,078 հեկտար հողատարածքը` իր կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Թումանյան 12):
2) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի օգոստոսի 8-ին գույքի գնահատված արժեքը` 1721 հազ. դրամ,
բ. օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 1721 հազ. դրամ:
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 229632 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
4) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` համայնքային բյուջե:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|