ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2016 թվականի N 1083-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Կ. Կարապետյան 2016 թ. հոկտեմբերի 27 Երևան
վարչապետ
|
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1083-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ
ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի (այսուհետ` ՀՀ ՊՆ ՌԱՊԿ) և ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կանոնների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունների նշանակությունը համապատասխանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:
3. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ընթացքում պետք է պահպանվեն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:
5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների հիման վրա:
6. Ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներով, դրանց կիրառման մեխանիզմներով և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգով (այսուհետ` սահմանված կարգով որոշվող գին):
7. ՀՀ ՊՆ ՌԱՊԿ-ը մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը (այսուհետ` պլան-ժամանակացույց), որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը: Պլան-ժամանակացույցը հաստատվում է ՀՀ ՌԱՀ-ի նախագահի կողմից:
8. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս իրենց կողմից ձևավորված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի ձեռքբերման, թիկունքային գույքով ապահովման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման պահանջարկի նախագիծը ներկայացնում են ՀՀ ՊՆ ՌԱՊԿ: Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի ղեկավարի կողմից` պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում:
9. ՀՀ ՊՆ ՌԱՊԿ-ն ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված պահանջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքները: Կազմակերպում է դրանց քննարկումը պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում և ռազմական կարիքների համար պետական պատվեր իրականացնող բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր այլ կատարողների հետ (այսուհետ` հնարավոր կատարողներ): ՀՀ ՊՆ ՌԱՊԿ-ի հարցման հիման վրա պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները պետք է ներկայացնեն ռազմական ապրանքների և գույքի տեխնիկական բնութագրերը (առաջարկությունները կամ նմուշը): Ուսումնասիրման և քննարկման արդյունքում որոշվում է ռազմական ապրանքների ու գույքի ներհանրապետական մատակարարման՝
1) պահանջարկի իրականացման հնարավորությունը.
2) հնարավոր կատարողների ցանկը.
3) իրական ծավալները և կատարման ժամկետները.
4) ըստ սահմանված կարգի որոշված գները և դրանց տեսակները:
10. Սույն կարգի պահպանմամբ ձևավորված ռազմական կարիքների համար պետական պատվերում ընդգրկման ենթակա ռազմական ապրանքների և գույքի ցանկի նախագիծը (այսուհետ` ամփոփ հայտ) ներկայացվում է ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն:
11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N ՆՀ-893-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին, իսկ հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով` սկզբից ՀՀ ՌԱՀ-ին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին:
12. ՀՀ ՌԱՀ-ի անդամների հետ համաձայնեցված պետական պատվերի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալները և անվանացանկը քննարկվում են ՀՀ ՌԱՀ-ի կողմից և առաջարկություններն ուղարկվում են պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և ՀՀ ՊՆ ՌԱՊԿ` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով:
13. ՀՀ ՊՆ ՌԱՊԿ-ը կազմում է ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը` ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների, և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |