ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
23 ապրիլի 2013 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 20.03.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում` ԱՊՀ երկրների համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի մշակման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման և անտառային պաշարների վերարտադրության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:
2. «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին:
3. Արձանագրության բաղկացուցիչ մաս է կազմում Հավելվածը, որով կողմերն ընդունում են անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտին վերաբերող կանոնակարգ` նոր խմբագրությամբ:
4. Կանոնակարգով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտի միջպետական խորհուրդ ուղարկել երկու ներկայացուցչի. մեկին` անտառարդյունաբերական համալիրի կառավարման մարմնի կողմից, մյուսին` անտառային տնտեսության կառավարման մարմնի կողմից,
● որպես ընդունող պետություն` Խորհրդի նիստերի անցկացման կազմակերպման հետ կապված ծախսերն իրականացնել պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին,
● որպես ուղարկող պետություն` Խորհրդի անդամների և նիստերի այլ մասնակիցների գործուղման ծախսերն իրականացնել պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների կողմից:
5. Արձանագրությամբ սահմանված է նաև այն ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
23 ապրիլի 2013 թ. ՍԴՈ-1084 |