ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0280/05/10 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/0280/05/10 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի հայցի ընդդեմ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշմամբ Տեսչության վճռաբեկ բողոքը բավարարվել է` որոշվել է բեկանել Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի հայցը մերժել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վճռաբեկ դատարանը, բեկանելով Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը, իր 04.03.2011 թվականի որոշմամբ պատճառաբանել է, որ 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտի 2-րդ և 6-րդ կետերում նշված խախտումներն արձանագրելու համար հիմք է հանդիսացել 18.12.2009 թվականի թիվ 2602538 հանձնարարագրով 19.12.2009 թվականին անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի մոտ կատարված հսկիչ գնումը, որի արդյունքում նույն թվականին կազմվել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը, իսկ 18.12.2009 թվականի թիվ 2602538 հանձնարարագրի հիման վրա կատարված հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրության գործընթացն անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի կողմից ընդհանրապես չի վիճարկվել:
Մինչդեռ, անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը, բողոքարկել է Տեսչության` հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ գործողությունը և դրա արդյունքում 19.12.2009 թվականին կազմված «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը:
Մասնավորապես` ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1063/05/11 վարչական գործով 11.10.2011 թվականին կայացրած վճռով անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի հայցը բավարարել է և վճռել է ոչ իրավաչափ ճանաչել Տեսչության պաշտոնատար անձանց` հսկիչ գնում իրականացնելու գործողությունը, որի արդյունքում կազմվել է 19.12.2009 թվականի «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը: ՀՀ վարչական դատարանի նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 28.02.2012 թվականի որոշմամբ Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության վերաքննիչ բողոքը մերժել է և անփոփոխ է թողել ՀՀ վարչական դատարանի 11.10.2011 թվականի վճիռը: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունը: Վճռաբեկ դատարանի 11.04.2012 թվականի և 23.05.2012 թվականի որոշումներով Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության բերած վճռաբեկ բողոքները վերադարձվել են: Վճռաբեկ դատարանի 23.05.2012 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Այսինքն` Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշմամբ Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը բեկանելու համար հիմք հանդիսացող Տեսչության` հսկիչ գնում իրականացնելու գործողությունը և դրա արդյունքում 19.12.2009 թվականին կազմված «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը ճանաչվել են ոչ իրավաչափ, իսկ նշված փաստը հաստատվում է ՀՀ վարչական դատարանի` 11.10.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով հարուցել Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշման վերանայման վարույթ` նշված որոշումը վերանայել և փոփոխել` Տեսչության վճռաբեկ բողոքը մերժել` օրինական ուժ տալով Դատարանի 04.06.2010 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության պետի 18.12.2009 թվականի թիվ 2602538 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի մոտ կատարվել է հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրություն` ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների ուսումնասիրման նպատակով, կանխիկ եղանակով (գ.թ. 59):
2) Նշված ուսումնասիրության արդյունքում Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը, որի համաձայն` Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում` «ս 16» տաղավարում գործող անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանից գնվել է 1 կանացի մատանի ադամանդով, նրան վճարվել է 300 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ, որը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա, և հետ է վերադարձվել 13.000 ՀՀ դրամ «մանրը» (գ.թ. 60):
3) Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304158 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգում (գ.թ. 61):
4) Նշված ստուգման արդյունքում Տեսչությունը 25.12.2009 թվականին կազմել է թիվ 1304158 ակտը, որի 2-րդ և 6-րդ կետերում արձանագրվել է, որ 19.12.2009 թվականին Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառում անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանին պատկանող տաղավարից իրականացվել է հսկիչ գնում` ոսկյա մատանի ադամանդով, որի դիմաց վճարվել է 300 ԱՄՆ դոլար և 7.000 ՀՀ դրամ, որը չի մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենա և չի տրամադրվել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն (գ.թ. 11-12):
5) ՀՀ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/1063/05/11 վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի ընդդեմ Տեսչության` պաշտոնատար անձի գործողությունը, որի արդյունքում կազմվել է 19.12.2009 թվականի արձանագրությունը, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, 11.10.2011 թվականի վճռով հայցը բավարարել է` վճռել է ոչ իրավաչափ ճանաչել Տեսչության պաշտոնատար անձանց գործողությունը, որի արդյունքում կազմվել է 19.12.2009 թվականի «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը, ապա ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 11.10.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանի 11.04.2012 թվականի և 23.05.2012 թվականի որոշումներով վերադարձվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի որոշման դեմ Կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության բերած վճռաբեկ բողոքները (նշված դատական ակտերը ներկայացվել են վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Սույն գործով Վճռաբեկ դատարանը, 04.03.2011 թվականի որոշմամբ բավարարելով Տեսչության վճռաբեկ բողոքը և բեկանելով Դատարանի 04.06.2010 թվականի վճիռը, պատճառաբանել է, որ Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304158 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի մոտ կատարված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում կազմված Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտի 2-րդ և 6-րդ կետերում նշված խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել 19.12.2009 թվականին Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառի` անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանին պատկանող տաղավարից կատարված հսկիչ գնումը, որի արդյունքում Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը:
Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ սույն գործով անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանը Տեսչության պետի 18.12.2009 թվականի թիվ 2602538 հանձնարարագրի հիման վրա կատարված հսկիչ գնումների իրականացման ուսումնասիրության գործընթացն ընդհանրապես չի վիճարկել, հետևաբար նշված հսկիչ գնման գործընթացի իրականացման վերաբերյալ Դատարանի հետևությունները չէին կարող սույն գործի քննության առարկա դառնալ:
Սույն վճռաբեկ բողոքին կից անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի` 11.10.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի հայցը բավարարվել է` վճռվել է ոչ իրավաչափ ճանաչել Տեսչության պաշտոնատար անձանց գործողությունը, որի արդյունքում կազմվել է 19.12.2009 թվականի «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի` 11.10.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Տեսչության պաշտոնատար անձանց գործողության ոչ իրավաչափ ճանաչումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք է, քանի որ նշված վճռով հաստատվում է, որ Տեսչության պաշտոնատար անձանց գործողությունը, որի արդյունքում կազմվել է 19.12.2009 թվականի «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը, ոչ իրավաչափ է, իսկ Կոմիտեի նախագահի 23.12.2009 թվականի թիվ 1304158 հանձնարարագրի հիման վրա անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանի մոտ կատարված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում կազմված Տեսչության 25.12.2009 թվականի թիվ 1304158 ակտի 2-րդ և 6-րդ կետերում նշված խախտումների արձանագրման համար հիմք է հանդիսացել հենց 19.12.2009 թվականին Երևանի Խորենացի թիվ 24 հասցեում գտնվող ոսկու տոնավաճառի` անհատ ձեռնարկատեր Լուսինե Ասլանյանին պատկանող տաղավարից կատարված հսկիչ գնումը, որի արդյունքում էլ Տեսչությունը 19.12.2009 թվականին կազմել է «Հսկիչ գնման արդյունքների մասին» արձանագրությունը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ և 134-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ և 204.38-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերանայել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.03.2011 թվականի որոշումը: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.06.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |