Գլխավոր տեղեկություն
Համար
N 510
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-19.02.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՍՍՌԿՈևԿժող 1959/12, դեկտեմբեր հոդ.115
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
25.12.1959
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի նախագահի տեղակալ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
25.12.1959
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.1996

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ-ՈՒՄ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը նշում է, որ ռեսպուբլիկայի որսորդական տնտեսության վարման գործում գոյություն ունեն թերություններ: Աշխատավորների դեպուտատների շրջանային Սովետների գործկոմները, սովխոզները, կոլտնտեսությունները, անտառտնտեսությունները, անտառաարդտնտեսությունները, Որսորդների և ձկնորսների կամավոր ընկերության ռեսպուբլիկական խորհուրդը, արգելանոցները, միլիցիայի օրգանները և դատարանները անբավարար աշխատանք են տանում պետական որսորդական ֆոնդի հափշտակումների դեմ պայքարելու համար:

Աշխատավորների դեպուտատների շրջանային Սովետների գործկոմները պատշաճ ուշադրություն չեն դարձնում որսորդների և ձկնորսների ընկերություններին որսորդական տնտեսության զարգացմանը ակտիվորեն մասնակից դարձնելու գործին, որի հետևանքով մի շարք շրջաններում տեղի ունեն օգտակար վայրի գազաններին, թռչուններին և ձկներին բնաջնջելու դեպքեր:

Հայկոոպը, որպես ռեսպուբլիկայում մորթեղենի հիմնական մթերող, քիչ միջոցառումներ է ձեռնարկում որսորդական տնտեսության վարումը բարելավելու ուղղությամբ:

Իջևանի, Բասարգեչարի, Թալինի և այլ շրջանների սպառկոոպմիությունների մթերման գրասենյակները խախտում են մորթեղենի ընդունման` գոյություն ունեցող կանոնադրությունը, որով և նպաստում են որսագողությանը:

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը գոյություն ունեցող որսահանդակները չի ամրացնում պետական ու կոոպերատիվ կազմակերպություններին և չի ստեղծում որսորդական տնտեսություններ, մի բան, որը որսորդական ֆաունայի զարգացման պայմանների բարելավման հիմնական միջոցառումներից մեկն է:

Պետական անտառային պահպանությունն անբավարար է ներգրավված պետական անտառային ֆոնդի տերիտորիայում գտնվող որսորդական ֆաունայի պահպանման ու վերարտադրության աշխատանքում:

Ռեսպուբլիկայի որսորդական տնտեսության վարման գործում եղած թերությունները վերացնելու նպատակով և ի կենսագործումն ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1959 թվականի մայիսի 11-ի N 478 որոշման, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է.

1. Պարտավորեցնել աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական Սովետների գործկոմներին

ա) ուժեղացնել որսորդական ֆաունայի պահպանման վերահսկողությունը ռեսպուբլիկայի ամբողջ տերիտորիայում և հատկապես պետական արգելանոցներում ու արգելավայրերում.

բ) ապահովել որսորդական ֆաունայի պահպանման գործում միլիցիայի օրգանների, ավտոտեսչության, սովխոզների ադմինիստրացիայի, կոլտնտեսությունների վարչությունների, հասարակական կազմակերպությունների և բնակչության ակտիվ մասնակցությունը և գործուն օգնություն ցույց տալ որսորդական հսկողությանը.

գ) ամեն տեսակի աջակցություն ցույց տալ Որսորդների և ձկնորսների կամավոր ընկերության սկզբնական կազմակերպություններին կոլտնտեսություններում, սովխոզներում, ձեռնարկություններում, ուսումնական հիմնարկներում և օգնել նրանց` որսորդական տնտեսության զարգացման գործում.

դ) օգտակար գազանների և թռչունների պահպանման պատասխանատվությունը, որսորդական հսկողության և տեղական Սովետների այլ օրգանների հետ միասին, դնել նաև հիմնական հողօգտագործողներին` սովխոզների, անտառտնտեսությունների, անտառարդտնտեսությունների, արգելանոցների ադմինիստրացիայի, կոլտնտեսությունների վարչությունների և որսորդական ընկերությունների սկզբնական կազմակերպությունների վրա:

2. Այն անձանց, որոնք որսորդական ընկերությունների անդամներ չեն, որսորդական մինիմումի քննություն չեն հանձնել և որսորդական իրավունք ստանալու համար սահմանված պետական պոշլինան չեն վճարել, արգելել Հայկական ՍՍՌ տերիտորիայում որս անելը:

3. Սահմանել, որ որսորդական տնտեսության ճիշտ կազմակերպման հիմնական ձևը որսահանդակները առնվազն 10 տարով պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին ամրացնելն է, որոնք պետք է անհրաժեշտ միջոցառումներ անցկացնեն ամրացված որսահանդակներում օգտակար գազանների և թռչունների քանակն ավելացնելու համար:

Հիշյալ կազմակերպություններին իրավունք վերապահել այդ որսահանդակներում կառուցելու որսորդական տնտեսության զարգացման համար անհրաժեշտ շինություններ` կոլտնտեսությունների, սովխոզների և անտառտնտեսությունների հետ համաձայնեցնելով:

4. Որսահանդակներ առանձնացնելու և դրանք պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպություններին ամրացնելու ֆունկցիան դնել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության վրա:

5. Սահմանել, որ անտառտնտեսություններում և անտառարդտնտեսություններում անտառային պահպանությունը պատասխանատվություն է կրում նաև որսորդական ֆաունայի պահպանության համար և պարտավոր է այն կազմակերպություններին, որոնց որսահանդակներ են ամրացվել պետական անտառային ֆոնդի հողերում, աջակցություն ցույց տալ որսորդական տնտեսության կազմակերպման, օգտակար վայրի գազանների և թռչունների պահպանման ու բուծման միջոցառումների իրականացման գործում:

Պարտավորեցնել անտառտնտեսություններին, անտառարդտնտեսություններին, սովխոզներին և խորհուրդ տալ կոլտնտեսություններին արտադրական պլաններում նախատեսելու միջոցառումներ օգտակար վայրի գազանների և թռչունների կերի բազան բարելավելու, նրանց աղով ջրելատեղերով, բներով ապահովելու և պաշտպանական պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում անտառտնտեսությունների, անտառարդտնտեսությունների և սովխոզների հաստիքներում սահմանել որսագետի պաշտոններ:

6. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել ու հաստատել պետական որսորդական տեսչության և եգերական ծառայության կանոնադրությունը:

7. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանը` եգերներին հատկացնել ծառայական հողամասեր այն կարգով և այն նորմաների համաձայն, որոնք սահմանված են անտառատնտեսությունների անտառապահների և հեծելապահակների համար:

8. Հարթափող հրացանների հաշվառման գործում պատշաճ կարգ ու կանոն մտցնելու համար պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Ներքին գործերի մինիստրությանը` աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործկոմների հետ համատեղ անցկացնել հարթափող զենքի վերացուցակագրություն և այսուհետև հաշվառում:

9. Պարտավորեցնել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Պետպլանին` 1960 թվականի հայտերը քննելիս հաշվի առնել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության ավտոմոբիլների և մոտոցիկլետների պահանջը եգերական ծառայության կազմակերպման համար:

10. Հանձնարարել Երևանի քաղաքային Սովետի գործկոմին` Որսորդների և ձկնորսների կամավոր ընկերության ռեսպուբլիկական խորհրդին Երևան քաղաքում ապահովել համապատասխան շենքով:

11. Թույլատրել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանը 1960 թվականի հունվարի 1-ից կազմակերպելու որսորդական տնտեսության բաժին:

12. Մորթեղենի և որսի մթերումը ռացիոնալ կազմակերպելու նպատակով հանձնարարել Հայկոոպին և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանը` Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Կենսաբանական ինստիտուտի հետ համատեղ 1960-1965 թվականների ընթացքում անցկացնել գազանների և թռչունների գույքագրում (ինվենտարիզացիա):

13. Հանձնարարել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Պետպլանին երկամսյա ժամկետում քննության առնել ռեսպուբլիկայի որսահանդակների բարեկարգման համար միջոցներ առանձնացնելու մասին Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության հայտերը:

14. Հաստատել «Հայկական ՍՍՌ տերիտորիայում որս անելու և որսորդական տնտեսություն վարելու կանոնները» և «Որսահանդակները պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին ամրացնելու կարգի ու պայմանների մասին կանոնադրությունը»: Ուժը կորցրած համարել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի 1957 թվականի մայիսի 4-ի N 211 կարգադրությամբ հաստատված` «Հայկական ՍՍՌ տերիտորիայում որս անելու և որսորդական տնտեսություն վարելու կանոնները»:

15. Ընդունել ի ղեկավարություն, որ ՍՍՌՄ Մինիստրների Սովետը 1959 թվականի մայիսի 11-ի N 478 որոշմամբ, ի մասնակի փոփոխումն ՍՍՌՄ Մինիստրների Սովետի 1953 թվականի օգոստոսի 17-ի N 2186 որոշման 3-րդ կետի, կարգ սահմանեց, որ հարթափող հրացանները վաճառվելու են ամենուրեք` Որսորդների և ձկնորսների կամավոր ընկերության անդամատոմսերը ներկայացնելուց հետո:

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Նախագահի Տեղակալ`

ՅԱ. ԶԱՐՈԲՅԱՆ

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

Սովետի Գործերի Կառավարիչ`

Դ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

25 դեկտեմբերի 1959 թ., N 510

Քաղ. Երևան

 

Հաստատված է

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի

1959 թվականի դեկտեմբերի 25-ի

N 510 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՏԵՐԻՏՈՐԻԱՅՈՒՄ ՈՐՍ ԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր Ը

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայկական ՍՍՌ տերիտորիայում բնական ազատ վիճակում գտնվող վայրի գազանները և թռչունները, անկախ այն բանից, թե ում օգտագործման տակ է գտնվում տերիտորիան, որսորդական ֆոնդ են կազմում, որը պետական սեփականություն է, այսինքն` համաժողովրդական ունեցվածք, որից թույլատրվում է օգտվել որս անելու սահմանված կանոնների պահպանմամբ միայն:

2. Որսորդական տնտեսության տակ հասկացվում է այն միջոցառումների սիստեմը, որոնց նպատակն է որսորդական ֆոնդի պլանային զարգացումն ու օգտագործումը, որսագազանների ու թռչունների պահպանումը, նրանց պաշարների հարստացումն ու բարելավումը` վերարտադրության, բուծման և ակլիմատացման, օգտակար գազանների ու թռչունների թվի ավելացման ու վնասակարների թվի կրճատման, որսահանդակների բարելավման և ճիշտ որսի կազմակերպման միջոցով:

3. Որսահանդակներ են համարվում Հայկական ՍՍՌ հողային, անտառային և ջրային այն բոլոր տարածությունները, որոնք պիտանի են վայրի գազանների և թռչունների բուծման ու բազմացման համար: Որսահանդակները բաժանվում են ընդհանուր օգտագործման հանդակների և սպորտային բնույթի ամրացված որսորդական տնտեսությունների:

4. Որսահանդակները կցագրում և պետական, կոոպերատիվ ու հասարակական կազմակերպություններին է ամրացնում Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը` առնվազն 10 տարով:

5. Որսի տակ հասկացվում է վայրի գազանների և թռչունների` սույն կանոններով սահմանված կարգով կատարվող որսը: Հայկական ՍՍՌ տերիտորիայում թույլատրվում է միայն սպորտային որսը:

6. Որսորդական սպորտը զարգացնելու նպատակով, ինչպես նաև սիրող որսորդներին որսահանդակների ճիշտ օգտագործման, դրանց պահպանման, օգտակար գազանների և թռչունների որսի ու վերարտադրության միջոցառումների անցկացման աշխատանքում ներգրավելու համար` կազմակերպվում են որսորդների և ձկնորսների կամավոր ընկերություններ, որոնք իրենց աշխատանքում ղեկավարվում են ընկերության կանոնադրությամբ:

7. Որսորդական տնտեսության և որսորդական սպորտի, ինչպես նաև որսորդների կամավոր ընկերությունների ղեկավարությունը և նրանց գործունեության վերահսկողությունն իրականացնում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը:

8. Արժեքավոր որսագազանների և թռչունների պաշարները պահպանելու, ինչպես նաև նրանց բազմացման, տեղավորման և հետագա օգտագործման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, որսահանդակների կազմից առանձնացվում են`

ա) արգելոցներ:

բ) որսորդական արգելավայրեր.

գ) կցագրված որսորդական տնտեսություններ:

 

II. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանն իրավունք է վերապահվում.

ա) կատարել գազանների փորձնական որս` մորթու հասունությունը որոշելու նպատակով.

բ) տալ Հայկական ՍՍՌ տերիտորիայում որսի համար արգելված գազանների և թռչունների արժեքավոր տեսակների որսի (բռնելու) թույլատվություններ ու լիցենզիաներ, սահմանել որսի ժամկետները.

գ) տալ վայրի գազաններ և թռչուններ որսալու և ձեռք բերելու թույլտվություններ` գիտական և այլ նպատակներով տարաբնակեցնելու համար.

դ) սահմանել գազանների և թռչունների լիցենզիային որսի համար տրվող վճարի չափը և գանձել տրված լիցենզիայի արժեքը.

ե) վնասակար գիշատիչների բնաջնջման գործում աչքի ընկած որսորդներին և կոլեկտիվներին տալ պարգևներ` որպես խրախուսանք.

զ) որսագողերին որոշ ժամանակ, բայց երկու տարուց ոչ ավելի, զրկել որս անելու իրավունքից, նրանցից վերցնել որսորդական տոմսը.

է) նյութեր ներկայացնել քննչական օրգաններին` որսագողերին քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ը) հաստատված գնահատումներին համապատասխան` քաղաքացիական հայցեր ներկայացնել պետական որսորդական ֆոնդին հասցված վնասի համար.

թ) ապօրինի կերպով կատարված որսի արտադրանքը վերցնել և հանձնել մթերող ու կոոպերատիվ կազմակերպություններին` մթերման գներով.

ժ) նշանակել տուգանքներ` մինչև 500 ռուբլի.

ժա) Որսորդների և ձկնորսների ընկերության անդամների կողմից որսի կանոնների խախտման վերաբերյալ նյութերը հանձնել որսորդների կամավոր ընկերությունների ընկերական դատարաններին.

ժբ) ապօրինի որսի արտադրանքի հայտնաբերման նպատակով` ստուգել մթերող կազմակերպությունների մորթեղենի պահեստները և նրանց հաշվապահական փաստաթղթերը:

 

III. ՈՐՍ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՈՄՍԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Հայկական ՍՍՌ տերիտորիայում, բացի արգելոցների տերիտորիայից, որս անելու իրավունք է վերապահվում 18 տարեկանից բարձր այն բոլոր անձանց, որոնք հանձնել են որսորդական մինիմումը, ունեն միասնական նմուշի որսորդական տոմս, վճարել են պետական պոշլինան` 10 ռուբլի:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-  

ա) որսորդական տոմսը առանց գերբավոր մարկայի` համարվում է անվավեր, այդպիսի տոմսի տերը ենթարկվում է տուգանքի.

բ) կցագրված որսորդական տնտեսություններում որս անելու համար անհրաժեշտ է ունենալ նաև որսաքարտ, որի վրա պետք է նշում արված լինի այն տնտեսության ադմինիստրացիայի կողմից, որին ամրացված է որսահանդակը:

 

11. Հայկական ՍՍՌ տերիտորիայում որսորդական տոմսեր տալու և որսորդական հրացանները գրանցման ենթարկելու իրավունք է վերապահվում`

ա) Որսորդների և ձկնորսների քաղաքային ու շրջանային կամավոր ընկերություններին-սիրող որսորդների համար.

բ) Համաբանակային ռազմա-որսորդական ընկերությանը-զինծառայող որսորդների համար.

գ) «Դինամո» սպորտային ընկերության Հայկական ռեսպուբլիկական խորհրդին-«Դինամո» ընկերության անդամների համար:

12. Անվանական որսորդական տոմսը և նրա մեջ գրված որսորդական հրացանը արգելվում է հանձնել ուրիշ անձանց:

13. Որս անելիս, ինչպես նաև որսած գազանի մորթին մթերող կազմակերպություններին հանձնելիս որսորդը պարտավոր է իր մոտ ունենալ որսորդական տոմսը և առաջին իսկ պահանջի դեպքում այն հանձնել լիազորված անձանց` ստուգման համար: Մթերող կազմակերպությունները պարտավոր են ստուգել տոմսի գործողության ժամկետը, լուսանկարը, պետական պոշլինայի մուծման վերաբերյալ ֆինօրգանների նշումները, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում ակտ կազմել և այն ուղարկել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչություն:

14. Յուրաքանչյուր որսորդ պարտավոր է պահպանել սույն կանոնները, ինչպես նաև որսորդների և ձկնորսների կամավոր ընկերության կանոնադրությունը:

15. Որսորդական տոմսեր տալու կանոնների պահպանման վերահսկողություն է իրագործում Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-   Որսի ժամանակ դժբախտ դեպքերը կանխելու նպատակով որսորդական զենքերը համապատասխան ընկերությունների միջոցով տարեկան ոչ պակաս, քան մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական զննության:

 

IV. ՈՐՍ ԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Որսահանդակներում թույլատրվում է առաջին հերթին կոլեկտիվ, ինչպես նաև անհատական որս անել սույն կանոններով թույլատրված եղանակներով և որսի գործիքներով:

17. Հայկական ՍՍՌ տերիտորիայում ամբողջ տարվա ընթացքում արգելվում է`

ա) բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի (վայրի ոչխարի), հարավ-ամերիկյան ճահճային կուղբի (նուտրի), ուսուրական պտավոր եղջերուի, այծյամի, ժանտաքիսի-խայտաքիսի, աքիսի որսը.

բ) թռչունների` ուլարի, կովկասյան ցախաքլորի, գորշ և քարագույն կաքավի, կովկասյան փասիանի, մեծ սպիտակ ձկնկուլի, սև և սպիտակ արագիլի, ֆլամինգոյի (կարմրաթևիկ), մանրաբազեի, բոլոր մկնաբազեների (բացի ճահճային մկնաբազեից), կանյուկի (մորաճուռակ), բոլոր տեսակի բուերի, որորների, վարդագույն սարյակի, բոլոր երգող թռչունների, բացի կեռնեխից, բոլոր միայնակ թռչող աղավնիների, բացի անտառաղավնիներից և տատրակներից, որսը.

գ) որսի հանրավտանգ բնաջնջող եղանակների կիրառումը ավտոմոբիլներից և ինքնաթիռներից կատարվող որսը, լապտերների (ֆարերի) օգնությամբ կատարվող որսը, ինքնաձիգ հրացաններ լարման դնելը, թակարդ-հանգույցներ դնելը, թույներ շաղ տալը, ինչպես նաև փոս փորելը և N 5-ից խոշոր թակարդներ դնելը.

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-    Վնասակար գիշատիչների, (գայլերի, լուսանների, շնագայլերի, ընձառյուծների և այլն) որջերը ոչնչացնելը, ծուխ տալու միջոցով բներից դուրս բերելը, կրծողներին, գյուղատնտեսության վնասատուներին ոչնչացնելը, ինչպես նաև վնասակար թռչունների բները քանդել-ավերելը թույլատրվում է ամբողջ տարվա ընթացքում.

 

դ) մատղաշ մուշտակավոր գազաններին ծխի միջոցով բներից դուրս բերելը-բռնելը` անազատության մեջ պահելով, թռչունների ձվերը հավաքելը, բները քանդելը.

ե) ամեն տեսակ որսը պետական արգելոցների և արգելավայրերի տերիտորիայում:

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության հատուկ ցուցումով թույլատրվում է արգելոցներում բնաջնջել գիշատիչներին` իրենց իսկ արգելոցի աշխատողների ուժերով միայն:

18. Որսահանդակների սահմաններում, ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս, որսորդական հրացանով կամ որսի այլ գործիքներով, որսորդական շներով կամ որսած կենդանիներով գտնվելը հավասարեցվում է որս անելուն:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.- Գյուղատնտեսական վնասատուներին բնաջնջելը որս չի համարվում:

 

19. Առանց պատշաճ թույլտվության որս անելը, արգելված ժամանակ կամ այնպիսի որսահանդակներում որս անելը, որտեղ գազանները և թռչունները պահպանվում են սույն կանոններով, ինչպես նաև սահմանված նորմայից ավելի քանակությամբ կենդանիներ որսալը որակվում է որպես որսագողություն և մեղավորները ենթարկվում են պատասխանատվության պետական որսորդական ֆոնդի հափշտակության համար:

20. Հայկական ՍՍՌ տերիտորիայում որսած վայրի կենդանիների մորթիները և կաշիները ենթակա են հանձնման որսորդական արտադրանքի մթերման իրավունք ունեցող պետական կամ այլ կազմակերպություններին:

21. Մթերող կազմակերպությունները որսորդների հետ որսորդական արտադրանքի հանձնման պայմանագրեր կարող են կնքել միայն այն դեպքում, եթե որսորդն ունի որսորդական տոմս, որի մեջ նշումներ կան պետական պոշլինայի վճարման և անդամավճարների մուծման մասին:

22. Որսի միսը կարող է օգտագործվել կամ իրեն` որսորդի կողմից կամ մթերման գներով հանձնվել գնման կազմակերպություններին` տվյալ որսի ժամկետի լրանալուց ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում կամ իրացվել Որսորդների ընկերության ռեսպուբլիկական խորհրդի խանութների միջոցով:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.- Որսորդական արտադրանքը արգելվում է վաճառել շուկաներում:

 

23. Մթերող և այլ կազմակերպություններին արգելվում է գնել`

ա) սահմանված ստանդարտին չհամապատասխանող մաշկեր ու մորթիներ.

բ) ապօրինաբար, արգելված եղանակներով կա, որսի համար արգելված ժամանակ որսած գազանների մաշկեր, ինչպես նաև արգելվում է մորթիներ գնել որսի իրավունք չունեցող անձանցից (որսագողերից).

գ) սահմանված լիմիտներից ավելի որսած գազանների մորթիներ:

24. Մասնավոր անձանց կողմից կաշվի հումքի մշակումն ու վերամշակումը, ինչպես նաև այդպիսինի գնումն ու վաճառումը դիտվում է որպես մորթեղենի պետական մթերումների ձախողում և պատժվում է օրենքով:

25. Ապօրինի որսի արտադրանքը մթերող կազմակերպություններն ընդունում են առանց արժեքը վճարելու, պարտադիր կերպով ակտ կազմելով, որն անհապաղ ուղարկվում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչություն, իսկ ապօրինի որսի արտադրանքի արժեքը Պետբանկի Հայկական գրասենյակի միջոցով փոխանցվում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության հատուկ հաշվարկային հաշվին:

26. Մթերող կազմակերպությունները որսորդական արտադրանքի մթերումներն անց են կացնում ըստ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության հետ համաձայնեցված տարեկան պլանների:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՖՈՆԴԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

27. Պետական որսորդական ֆոնդի պահպանությունը և որսի կանոնների պահպանման հսկողությունը դրվում է`

ա) Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության որսորդական տեսուչների վրա.

բ) անտառատնտեսությունների վրա.

գ) միլիցիայի աշխատողների վրա.

դ) աշխատավորների դեպուտատների գյուղական, ավանային, շրջանային և քաղաքային Սովետների գործկոմների վրա.

ե) որսորդների և ձկնորսների կամավոր ընկերությունների վրա.

զ) հասարակական որսորդական տեսչության վրա:

28. Որսորդների լայն մասսաներին և մյուս քաղաքացիներին պետական որսորդական ֆոնդի պահպանությանը և ապօրինի որսի դեմ մղվող պայքարին մասնակից դարձնելու նպատակով` Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը կազմակերպում է հասարակական որսորդական տեսչություն, որը որսագողության դեմ մղվող պայքարին աջակցող հասարակական օրգան է:

29. Որսի կանոնների խախտումը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է`

ա) պարզել խախտողի անձը.

բ) նրանից խլել ապօրինի որսի արտադրանքը, որսի գործիքները և որսորդական հրացանը.

գ) կազմել ակտ և այն ուղարկել Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչություն:

30. Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը որսի կանոնների խախտման վերաբերյալ ակտն ստանալուց հետո, հնգօրյա ժամկետում որոշում է կայացնում խախտողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին կամ նյութերը հանձնում է համապատասխան օրգաններին` մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկելու համար:

31. Պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը հանձնվում է խախտողին միլիցիայի օրգանների միջոցով` որոշումը կայացնելուց հետո ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում:

Որոշման մեջ պետք է նշվեն բողոքարկման կարգը և ժամկետները:

Բողոքները տրվում են Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության պետի անունով: Վերջինիս ընդունած որոշումը վերջնական է:

32. Որոշման հանձնումից հետո 15 օրվա ընթացքում տուգանքը չմուծելու դեպքում գործը հանձնվում է դատարան` տուգանքը բռնագանձելու համար:

33. Ապօրինի որսի արտադրանք են համարվում այն կենդանիների մորթիները և միսը, որոնց որսը կատարվել է սահմանված լիմիտներից ավելի քանակությամբ և որսի համար արգելված ժամանակ:

 

VII. ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

34. Հայկական ՍՍՌ տերիտորիայում բոլոր գազանների և թռչունների որսը, բացառությամբ 4-րդ գլխի 17-րդ կետում թվարկվածների, թույլատրվում է կատարել հետևյալ ժամկետներում:

 

___________________________________________________________________________________________

 

Գազանների և թռչուններ

անվանումը

Որսի ժամկետները

Որսի նորմաները

___________________________________________________________________________________________

1. Արջ

նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը

ըստ լիցենզիայի
2. Խոզ

նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը

ըստ լիցենզիայի
3. Կզաքիս

դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը

առանց նորմայի
4. Աղվես ամբողջ տարին առանց նորմայի
5. Ջրասամույր, գորշուկ

նոյեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը

առանց նորմայի 

6.

Նապաստակ

նոյեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը

մեկ որսի ժամանակ

3 հատ

7. Սկյուռ

նոյեմբերի 1-ից մինչև մարտի 10-ը

առանց նորմայի

8.

Խոզուկ

հոկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը

մեկ որսի ժամանակ

2 հատ

9.

Լոր

օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը

մեկ որսի ժամանակ

30 հատ

10.

Մարգալոր, կտցար

օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը

մեկ որսի ժամանակ

30 հատ

11.

Մեծ կտցար և մորակտցար

սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը

ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը

մեկ որսի ժամանակ

20 հատ

12.

Անտառակաքավ, կեռնեխ, աղավնի

սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը

մեկ որսի ժամանակ

8 հատ

13.

Սև փարփար

հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը

մեկ որսի ժամանակ

10 հատ

14.

Լողվոր թռչուններ (սագ, բադ)

հոկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ը

3 սագ

10 բադ

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-  Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությանն իրավունք է վերապահվում 15 օրվա սահմաններում փոփոխել կենդանիների առանձին տեսակների որսի ժամկետները ռեսպուբլիկայի շրջաններում և առանձին դեպքերում (անասնաճարակային հիվանդությունների հետևանքով կենդանիների մասսայական անկում, հյուծվածություն կամ ֆաունայի առանձին տեսակների պաշարների ավելացում, տարերային աղետներ և այլն), անկախ որսի սահմանված ժամկետներից արգելել կամ թույլատրել այս կամ այն գազանների և թռչունների որսը առանձին շրջանների կամ ամբողջ ռեսպուբլիկայի տերիտորիայում:

 

35. Թույլատրվում է Հայկական ՍՍՌ ամբողջ տերիտորիայում, բացի արգելոցներից և արգելավայրերից, ամբողջ տարվա ընթացքում բոլոր տեսակի միջոցներով, բացի սույն կանոնների 17-րդ կետում թվարկված հանրավտանգ միջոցներից, ոչնչացնել հետևյալ գազաններին ու թռչուններին, գյուղատնտեսության վնասատուներ, ընձառյուծ, գայլ, լուսան, շնագայլ, եղեգնային և անտառային կատուներ, բոլոր տեսակի մկնանման կրծողներ, գորշագույն ձկնկուլ, շեկավուն ձկնկուլ, փոքր և մեծ ջրցուլ, եղեգնային մկնաբազե, գյուրզա, հայկական իժեր, տափաստանային իժեր, կաչաղակներ, ագռավներ:

 

VIII. ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

 

36. Ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ կցագրված որսահանդակների տերիտորիայում թույլատրվում է որսը կատարել հետևյալ գործիքներով.

ա) բոլոր սիստեմի հարթափող հրացաններով.

բ) N 5-ից ոչ խոշոր թակարդներով:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.- Ակոսավոր հրացաններով որս անելն արգելվում է:

 

37. Որսի համար ձեռք բերված որսորդական հրացանները ձեռք բերելուց հետո 5 օրվա ընթացքում պետք է գրանցման ենթարկվեն որսորդական ընկերություններում:

Այլ նպատակների համար ձեռք բերված որսորդական հրացանները, ինչպես նաև փոքր կալիբրի հրացանները նույն ժամկետներում պետք է գրանցման ենթարկվեն միլիցիայի օրգաններում:

38. Որսորդական հրացանների փոխանակման իրավունք ունեն որսորդական տոմս ունեցող անձինք: Փոխանակված որսորդական հրացանները 3 օրվա ընթացքում պետք է վերագրանցման ենթարկվեն որսորդական տոմսը տված կազմակերպություններում:

 

IX. ՈՐՍԻ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

39. Հայկական ՍՍՌ տերիտորիայում ամբողջ տարվա ընթացքում արգելվում է`

ա) ամեն տեսակի թույների օգտագործումը մուշտակատու գազաններ որսալու համար.

բ) անօգնական վիճակում գտնվող գազանների և թռչունների որսը, փետրաթափ եղող թռչունների որսը, գիշերը կրակով թռչուններ որսալը, ինչպես նաև փոթորկից, ձնաբքից, հեղեղումներից և սովից փրկվող թռչունների որսը.

գ) բուն դնելու տեղերը փչացնելն ու ոչնչացնելը, գազանների և թռչունների համար դրված կերերը հավաքելը, որսորդական տնտեսությունների ներսում և սահմանների վրա փակցված ցուցակներն ու հայտարարությունները փչացնելը.

դ) անտառում որսի նպատակով դյուրավառ նյութերից (շորի կտորներ, թուղթ, պակլի) կազմված խիցեր օգտագործելը, ինչպես նաև բնակավայրերի ներսում և բերքահավաքի ժամանակ դաշտում կրակելը, որը կարող է անտառային և տորֆային հրդեհներ առաջացնել, խարույկները անմար թողնելը, լցրած հրացանով բնակավայրերում ման գալը, անտեսանելի նպատակակետի-խշխշոցի վրա կրակելը.

ե) հրացաններ, ինչպես նաև լցրած փամփուշտներ, հրապատիճներ և վառոդ վաճառելը շուկաներում կամ ձեռքի վրա:

 

X. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Սույն կանոնների խախտման մեջ մեղավորները պատասխանատվություն են կրում`

ա) առանց որսորդական տոմսի կամ պետական պոշլինան չվճարված տոմսով որս անելու համար, ինչպես նաև սույն կանոններում թվարկված խախտման մյուս դեպքերում վարչական կարգով ենթարկվում են մինչև 500 ռուբլի տուգանքի, որը նշանակում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը.

բ) արգելված վայրերում, արգելված ժամկետներում, արգելված եղանակներով կամ գործիքներով որս անելու մեջ մեղավորները ենթարկվում են քրեական պատասխանատվության` Հայկական ՍՍՌ Բնության պահպանության մասին օրենքին համապատասխան և Հայկական ՍՍՌ Քրեական Օրենսգրքի 111 «բ» հոդվածի համաձայն.

գ) որսորդական հարթափող հրացանները սահմանված ժամկետում գրանցման ներկայացնելուց խուսափող որսորդները ենթարկվում են մինչև 200 ռուբլի տուգանքի, իսկ կրկնվելու դեպքում` հրացանը դատարանի միջոցով բռնագրավվում է.

դ) մթերող և այլ կազմակերպությունները ոչ ստանդարտային և որսի համար արգելված մորթիներ և որսորդական այլ արտադրանք (բացի վնասակար գիշատիչներից) գնելու, ընդունելու, պահելու. վերամշակելու և վաճառելու համար ենթարկվում են տուգանքի, որը նշանակում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը` ՍՍՌՄ Ժողկոմսովետի 1932 թվականի մայիսի 9-ի N 680 որոշմամբ սահմանված կարգով.

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-

 ա) վնասակար գիշատիչների մորթիները կարող են ընդունվել ամեն ժամանակ և անսահմանափակ քանակությամբ.

բ) մթերող կազմակերպությունների վրա դրված տուգանքը պետք է վճարվի 10 օրվա ընթացքում` արձանագրությունը կազմակերպությանը հանձնելու օրից հաշված, արձանագրություն, որի պատճենը ներկայացվում է ֆինօրգաններին: Տուգանքը այդ ժամկետում չվճարելու դեպքում` այն գանձում են ֆինօրգանները հարկերի գանձման համար սահմանված կարգով:

 

ե) Հայկական ՍՍՌ որսահանդակներից որսած գազանների մորթիները պետք է հանձնվեն միայն մթերող կազմակերպություններին: Մորթիները պետք է որսորդները հանձնեն որսի ժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում.

զ) մորթին ընդունելիս մթերող կազմակերպությունները պարտավոր են անդորրագրում նշել որսորդի որսորդական տոմսի համարը:

41. Որսի և որսորդական տնտեսության վարման կանոնները խախտողները տուգանքից կամ քրեական պատասխանատվությունից բացի, կրում են նաև նյութական պատասխանատվություն պետական որսորդական ֆոնդին պատճառած վնասի համար, քաղաքացիական հայցի կարգով, ըստ հետևյալ գնահատումների.

 

___________________________________________________________________________________________
 

Գազանների և թռչունների անունը

Մեկ գլխի գնահատումը

___________________________________________________________________________________________

 

1

2

___________________________________________________________________________________________ 
1. Ազնիվ եղջերու 5000 ռուբ.
2. Պտավոր եղջերու 5000 ռուբ.
3. Մուֆլոն (վայրի ոչխար) 5000 ռուբ.
4. Բեզոարյան այծ 5000 ռուբ.
5. Արջ 3000 ռուբ.
6. Այծյամ 2000 ռուբ.
7. Խոզ 2000 ռուբ.
8. Ջրասամույր 1500 ռուբ.
9. Կուղբ 500 ռուբ.
10. Աքիս 100 ռուբ.
11.

Բոլոր միջատակեր և ձեռնաթևավոր կենդանիներ

(բացի խլուրդից)

25 ռուբ.
12. Սկյուռ 25 ռուբ.
13. Ցախաքլոր 300 ռուբ.
14. Ուլար 500 ռուբ.
15. Գորշագույն կաքավ 300 ռուբ.
16. Քարկաքավ 100 ռուբ.
17. Կռունկ 300 ռուբ.
18. Մեծ արոս և արոս 300 ռուբ.
19. Ավդոտկա 100 ռուբ.
20. Որոր 50 ռուբ.
21. Կարմիր բադ 100 ռուբ.
22. Կարապ 500 ռուբ.

23.

Պելիկան և ֆլամինգո

(հավալուսն և կարմրաթևիկ)

600 ռուբ.
24.

Սրունքավորներ (բացի գորշ և շեկ ձկնկուլներից)

200 ռուբ. 
25. Ցերեկային և գիշերային գիշատիչներ

(բացի ճահճային մկնաբազեներից և լորորս-ճուռակներից)

100 ռուբ. 
26. Կկու, այծկիթ, ջրածիծառ, փայտփորիկ, հոպոպ 75 ռուբ.

27.

Ճնճղազգիներ (բացի կաչաղակներից, ագռավներից և տնային ճնճղուկներից) 25 ռուբ.
28. Կզաքիս և գորշուկ (փորսուղ) 200 ռուբ. 
29. Խոզուկ 200 ռուբ.
30. Նապաստակ 200 ռուբ.
31. Լոր, կտցար, մարգալոր, կեռնեխ 50 ռուբ. 
32. Սև փարփար` կերկեր, աղավնի, անտառակաքավ 100 ռուբ. 
33. Ջրլող թռչուններ (սագ) 300 ռուբ. 
34. Բադ 100 ռուբ.
  ինչպես նաև օգտակար թռչունների բների ավերման հետևանքով հասցված վնասի համար 200 ռուբ. 

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.-

 Արգելոցներում կատարված որսագողության համար տուգանքի չափը կրկնապատկվում է, իսկ արգելավայրերում կատարված որսագողության համար` ավելանում մեկ և կես անգամ:

 

42. Ապօրինի կերպով մուշտակավոր գազաններ (բացի նապաստակներից) որսալու համար գանձվող վնասի չափը որոշվում է առաջին սորտի մորթու մթերման գների միապատիկ չափով:

43. Սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու կամ վնասը չհատուցելու դեպքում այդպիսին գանձվում է`

ա) Կազմակերպություններից` կազմակերպության հաշվից դուրս գրելու միջոցով.

բ) ֆիզիկական և պաշտոնատար անձանցից` դատական կարգով:

44. Ապօրինի որսի արտադրանքի իրացումից ստացվող դրամական գումարներից բյուջեի օգտին պետք է փոխանցել`

ա) դատարանով բռնագրավված ապօրինի որսի արտադրանքի իրացումից ստացվող գումարների 50 տոկոսը, խլված ձկան իրացումից ստացվող գումարների 70 տոկոսը փոխանցել հօգուտ ռեսպուբլիկական բյուջեի եկամուտների.

բ) դատական կարգով բռնագանձված տուգանքների գումարի 50 տոկոսը, վարչական կարգով գանձված գումարի 70 տոկոսը փոխանցել հօգուտ միութենական բյուջեի եկամուտների:

Մնացած գումարի 40 տոկոսը ծախսվում է միջոցառումներ անցկացնելու համար, 60 տոկոսը հատկացվում է որսի կանոնների խախտման և ապօրինի որսի արտադրանքի վաճառման դեպքեր հայտնաբերող պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին պարգևատրելու համար:

45. Վնասակար գիշատիչներին ոչնչացնելու համար որսորդներին պարգևատրություն է տրվում հետևյալ չափերով, Պետապի կողմից առանձնացվող միջոցների 15 տոկոսի հաշվին.

ա) յուրաքանչյուր սպանած ընձառյուծի համար` 700 ռուբ.

բ) յուրաքանչյուր սպանած գայլի համար` 500 ռուբ.

գ) յուրաքանչյուր սպանած բորենու համար` 300 ռուբ.

դ) յուրաքանչյուր սպանած լուսանի համար` 300 ռուբ.

ե) յուրաքանչյուր սպանած շնագայլի համար` 100 ռուբ.

զ) յուրաքանչյուր սպանած վայրի կատվի համար` 50 ռուբ.

Պարգևատրման գումարը տրվում է լրիվ չափով, առանց պահումների, անկախ սպանված գազանների սեռից և տարիքից:

 

Հաստատված է

Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի

1959 թվականի դեկտեմբերի 25-ի

N 510 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԱԿՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Որսորդական հանդակներ են համարվում Հայկական ՍՍՌ հողային, անտառային և ջրային այն բոլոր տարածությունները, որոնք պիտանի են վայրի գազաններ ու թռչուններ պահելու և բազմացնելու համար:

2. Որսորդական հանդակները բաժանվում են`

ա) ընդհանուր օգտագործման որսահանդակների

բ) սպորտային բնույթի կցագրվող որսորդական տնտեսությունների:

3. Ռեսպուբլիկայի բոլոր որսահանդակները գտնվում են Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության իրավասության տակ:

 

II. ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Կցագրվող որսորդական տնտեսությունները կազմակերպվում են պետական, կոոպերատիվ և հասարակական  կազմակերպությունների կողմից պլանային որսորդական տնտեսություն վարելու համար:

5. Որսահանդակները առնվազն 10 տարով ամրացվում են այն կազմակերպություններին, որոնք ընդունակ են այդ որսահանդակներում անցկացնելու որսորդական ֆաունայի պահպանման, վերարտադրության և հարստացման կոմպլեքսային միջոցառումներ:

6. Կցագրվող որսորդական տնտեսության նպատակն է որսահանդակներն առավելագույն չափով հարստացնել զանազան տեսակի որսորդական գազաններով ու թռչուններով և որսորդական տնտեսությունը վարել պլանային կարգով:

7. Կցագրվող սպորտային որսորդական տնտեսության նպատակն է բավարարել ընկերության անդամների պահանջմունքները սպորտային որսի ասպարեզում, ինչպես նաև նրանց ներգրավել միջոցառումներ անցկացնելու վայրի ֆաունայի ու ձկների պահպանման և վերարտադրության ուղղությամբ:

8. Կցագրված որսորդական տնտեսության տերիտորիայում թույլատրվում է որս անել միայն այն կազմակերպությունների թույլտվությամբ, որոնց ամրացված են այդ որսահանդակները:

9. Կցագրված որսահանդակների ամրացումը կազմակերպություններին կատարվում է Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության կողմից` շրջսովետների գործկոմների որոշումներին համապատասխան:

10. Պետական և կոոպերատիվ կազմակերպությունների կցագրված որսորդական տնտեսություններն ստեղծվում են վերադաս օրգանների ցուցումներով, իսկ որսորդական ընկերությունների կցագրված որսորդական տնտեսությունները կազմակերպվում են Որսորդների և ձկնորսների կամավոր ընկերության ռեսպուբլիկական խորհրդի, որսորդների և ձկնորսների ընկերությունների քաղաքային ու շրջանային վարչությունների որոշմամբ:

11. Որսահանդակի ամրացումը տվյալ կազմակերպությանը իրավունք է տալիս այդ կազմակերպությանը զարգացնելու և շահագործելու ամրացված տերիտորիայում ապրող օգտակար գազաններն ու թռչունները, իսկ հողերը մնում են հիմնական հողօգտագործողի տնօրինության տակ: Այն կազմակերպություններին, որոնց որսահանդակներ են ամրացվել կոլտնտեսությունների, սովխոզների և պետական անտառային ֆոնդի հողերում, իրավունք է վերապահվում այդ հանդակներում կառուցելու անհրաժեշտ շինություններ, կառուցման տեղը համաձայնեցնելով կոլտնտեսությունների, սովխոզների և անտառտնտեսությունների հետ:

12. Որսահանդակների ամրացումը ձևակերպվում է կցագրված որսորդական տնտեսություն ստեղծող կազմակերպության և Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության միջև կնքվող պայմանագրով:

13. Որսահանդակների կցագրման պայմանագրին կցվում են`

ա) որսահանդակների ամրացման պասպորտը, որի մեջ համառոտակի տրվում է որսահանդակների նկարագրությունը, նշվում են տնտեսության սահմանները, ով է տնօրինում հողահանդակների օգտագործումը, շահագործումը (ինչքան են կազմում վարելահողերը, ավազուտները, անհարմար հողերը, տափաստաններն ու խոտհարքները, անտառներն ու թփուտները, լճերը, գետերը, ճահիճները և այլն), տեղանքի ռելյեֆը, բուսականության բնույթը, ջրամբարների բնութագրությունը և նրանցում ձկների աճեցումը, որոնք կարող են ազդել որսորդական տնտեսության զարգացման վրա, կցելով որսորդական տնտեսության քարտեզը, նշելով ֆաունայի տեսակները, եգերական պահպանության դիսլոկացիան, որսորդների համար եղած տնակների տեղը, առբերման ուղիները և այլն.

բ) որսորդական տնտեսություն կազմակերպելու մասին շրջսովետի գործկոմի որոշումը կամ տվյալ կազմակերպությանը որոշակի սահմաններ ունեցող որսահանդակներ ամրացնելու մասին Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր Անտառային տնտեսության գլխավոր վարչության հասցեով ուղարկված միջնորդությունը.

գ) որսորդների և ձկնորսների ընկերության շրջանային խորհրդի որոշումը կամ վերադաս կազմակերպության ցուցումը որսորդական տնտեսություն ստեղծելու մասին, տեղեկանք հանդակների պահպանման և որսորդական միջոցառումների համար կատարվելիք հատկացումների մասին  (պահպանության կազմակերպման պլանը, որսորդների համար տնակների պատրաստումը. գազանների համար կերեր կուտակելը, ջրամբարների և աղուտների կազմակերպումը, կերային կուլտուրանների ցանքի պլանը, թռչունների համար բների պատրաստումը և այլն):

14. Ամրացվող որսահանդակների պասպորտին կցվող բոլոր փաստաթղթերը պատրաստում է այն կազմակերպությունը, որին ամրացվում է տվյալ որսահանդակը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.02.1996, N 60 19.02.1996, N 510
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան