ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 4693/12 և 3 այլ գանգատներ. տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
23 հունիսի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մխիթարյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2022 թվականի հունիսի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել անօրինական կալանքի վերաբերյալ։ Որոշ դիմումատուներ նաև այլ բողոքներ են ներկայացրել Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել անօրինական կալանքի վերաբերյալ (լրացուցիչ մանրամասների համար տե՛ս կից աղյուսակը): Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
Հոդված 5, կետ 1
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
գ. անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,»:
7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանելու համար խնդրո առարկա կալանավորումը պետք է տեղի ունենա «օրենքով սահմանված կարգով» և լինի «օրինական»: Կոնվենցիան, ըստ էության, սույն փաստաթղթում հղում է կատարում ներպետական իրավունքին և ամրագրում այդ իրավունքի նյութաիրավական և ընթացակարգային նորմերը պահպանելու պարտավորությունը, սակայն ի հավելումն պահանջում է, որ ազատազրկման ցանկացած դեպք պետք է ուղղված լինի 5-րդ հոդվածի նպատակը պահպանելուն, այն է՝ անհատին կամայականությունից պաշտպանելուն (տե՛ս՝ Ասանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004-II, Հաչիսոն Ռիդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hutchison Reid v. the United Kingdom], թիվ 50272/99, § 47, ՄԻԵԴ 2003-IV, և Վասենինն ընդդեմ Ռուսաստանի [Vasenin v. Russia], թիվ 48023/06, § 108, 2016 թվականի հունիսի 21): Երկարաժամկետ կալանքը թույլատրող իրենց որոշումներում դատական մարմինների կողմից տրված որևէ հիմքի բացակայություն կարող է անհամատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված՝ կամայականությունից պաշտպանության սկզբունքի հետ (տե՛ս՝ Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի [Stašaitis v. Lithuania], թիվ 47679/99, § 67, 2002 թվականի մարտի 21, Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի [Nakhmanovich v. Russia], թիվ 55669/00, § 70, 2006 թվականի մարտի 2, և Ելոյևն ընդդեմ Ուկրաինայի [Yeloyev v. Ukraine], թիվ 17283/02, § 54, 2008 թվականի նոյեմբերի 6):
8. Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia] (թիվ 13610/11, 2021 թվականի հունիսի 15) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա համանման հարցերի առնչությամբ:
9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և կողմերի փաստարկները, այդ թվում՝ Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությունը՝ Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում ներպետական դատարանների որոշումները, ինչպես նշված է կից աղյուսակում, դիմումատուներին չեն ընձեռել կամայականությունից պատշաճ պաշտպանության հնարավորություն, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանքի անօրինականության կարևոր տարր է, ուստի դիմումատուների կալանքը, ինչպես նշված է կից աղյուսակում, չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
10. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են, և դրանցով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
11. Որոշ դիմումատուներ ներկայացրել են այլ բողոքներ, որոնցով նույնպես Կոնվենցիայի համաձայն հարցեր են բարձրացվել՝ հաշվի առնելով Դատարանի համապատասխան ձևավորված նախադեպային իրավունքը (տե՛ս կից աղյուսակը): Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը և կողմերի փաստարկները, գտնում է, որ սույն բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով։ Ըստ այդմ, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ առկա բոլոր նյութերը, եզրակացնում է, որ դրանցով նաև բացահայտվում են Կոնվենցիայի խախտումներ՝ Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova] [GC] (թիվ 23755/07, §§ 84 և հաջորդող մասեր, 2016 թվականի հուլիսի 5), Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) և Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy v. Russia] (թիվ 5829/04, § 235, 2011 թվականի մայիսի 31) գործերով եզրակացությունների լույսի ներքո։
IV. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
12. Որոշ գանգատներում դիմումատուները ներկայացրել են նաև այլ բողոքներ՝ համաձայն Կոնվենցիայի տարբեր հոդվածների։
13. Մասնավորապես թիվ 45189/18 գանգատում դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն բողոք է ներկայացրել նաև 2018 թվականի մարտի 16-ին ազատ արձակելու մասին նրա դիմումը մերժելիս գործը քննող դատարանի կողմից կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառներ չներկայացնելու վերաբերյալ։ Հաշվի առնելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն իր եզրակացությունները և դիմումատուի խնդրո առարկա կալանքի ժամկետը՝ Դատարանը համարում է, որ սույն բողոքն ընդունելի է, սակայն չկա դրա վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն։
14. Թիվ 4693/12 և 5728/17 գանգատներում դիմումատուները նաև այլ բողոքներ են ներկայացրել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:
15. Դատարանը քննել է սույն բողոքները և հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերը, և այնքանով, որքանով բողոքի հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, գտնում է, որ կա՛մ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:
Այստեղից հետևում է, որ այդ բողոքները պետք է մերժվեն՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
16. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
17. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները և մերժում է դիմումատուների կողմից թիվ 4693/12, 5728/17 և 45189/18 գանգատներում ներկայացված՝ արդարացի փոխհատուցման որևէ լրացուցիչ պահանջ։ Ինչ վերաբերում է թիվ 39583/17 գանգատի դիմումատուին, ապա Դատարանը ոչինչ չի շնորհում, քանի որ նա սահմանված ժամկետում չի ներկայացրել արդարացի փոխհատուցման իր պահանջները, ինչպես պահանջվում է Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնով։
18. Դատարանն այնուհետև նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է անօրինական կալանավորման վերաբերյալ բողոքները, ինչպես նկարագրված է կից աղյուսակում, Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքները, ինչպես նշված է կից աղյուսակում, և թիվ 45189/18 գանգատում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքն ընդունելի, իսկ թիվ 4693/12 և 5728/17 գանգատներում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դիմումատուների ներկայացրած բողոքների մնացած մասը՝ անընդունելի.
3. Վճռում է, որ սույն բողոքներով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ կապված անօրինական կալանքի հետ, ինչպես նշված է կից աղյուսակում.
4. Վճռում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից աղյուսակը).
5. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թիվ 45189/18 գանգատում ներկայացված բողոքն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
6. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է թիվ 4693/12, 5728/17 և 45189/18 գանգատների դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
7. Մերժում է թիվ 4693/12, 5728/17 և 45189/18 գանգատներում դիմումատուների արդարացի փոխհատուցման պահանջների մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Յոլիեն Շուկինգ՝ | |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(անօրինական կալանք)
Թիվ |
Գանգատ թիվ |
Դիմումատուի անունը |
Ներկա-յացուցչի անունն ու գտնվելու վայրը |
Անօրինական կալանքի ժամկետը |
Կալանքի մասին որոշումը կայացրած դատարանը |
Հատուկ թերությունները |
Ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքները |
Յուրա-քանչյուր դիմումա-տուի ոչ նյութա-կան վնասի համար շնորհվող գումարը(եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը(եվրոյով)2 |
1. |
4693/12 |
Սերգեյ ՄԽԻԹԱՐՅԱՆ |
Սիմոնյան Լիպարիտ |
2011 թվականի ապրիլի 26-ից 2012 թվականի ապրիլի 13 |
Շիրակի մարզային դատարան |
Կալանավորման, անժամկետ կալանքի որոշման մեջ դատարանի կողմից տրված հիմքերի բացակայությունը |
6,000 |
չի շնորհվել | |
2. |
5728/17 |
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Աղվանյան Սիրուշ |
2016 թվականի նոյեմբերի 24-ից 2019 թվականի սեպտեմբերի 13 |
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարան |
Կալանավորման, անժամկետ կալանքի որոշման մեջ դատարանի կողմից տրված հիմքերի բացակայությունը |
5-րդ հոդվածի 3-րդ կետ՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայություն |
6,000 |
1,500 |
3. |
39583/17 |
Խաչիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Պողոսյան Սյուզաննա |
2016 թվականի նոյեմբերի 24. դիմումատուի դատապարտման կամ ազատ արձակման օրն անհայտ է |
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարան, 2016 թվականի նոյեմբերի 24-ին |
Կալանավորման, անժամկետ կալանքի որոշման մեջ դատարանի կողմից տրված հիմքերի բացակայությունը |
5-րդ հոդվածի 4-րդ կետ՝ կալանավորման օրինականության վերանայման վարույթում առկա թերությունները, 2016 թվականի նոյեմբերի 24-ի դատական նիստում անձամբ կամ ներկայացուցչության որոշակի ձևի միջոցով լսվելու իրավունք (տե՛ս Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy v Russia], թիվ 5829/04, § 235, 2011 թվականի մայիսի 31) |
չի շնորհվել |
չի շնորհվել |
4. |
45189/18 |
Հարություն ՍԱՐԻԲԵԿՅԱՆ |
Ռշտունի Նարինե |
2016 թվականի նոյեմբերի 24-ից |
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարան, 2016 թվականի նոյեմբերի 24-ին |
Կալանավորման, անժամկետ կալանքի որոշման մեջ դատարանի կողմից տրված հիմքերի բացակայությունը |
6,000 |
չի շնորհվել |
___________________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
