ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2024 թվականի N 171-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները՝ համաձայն N 2 հավելվածի:
3․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1714-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 725-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 1-ի N 171-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի պետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 1-ի N 171-Ն որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման հարցերը, ինչպես նաև սահմանվում են թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից համաձայնեցված գործունեության ապահովման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի հիմնական խնդիրները:
2. Միջգերատեսչական հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցության համար ապահովում է նշված պետական մարմինների միջև մշտական հաղորդակցություն, ինչպես նաև նշված բնագավառի հիմնախնդիրների արդյունավետ լուծման նպատակով պետական լիազորված մարմիններին ներկայացնում է առաջարկություններ: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությանը (վերահսկողությանը) և ապօրինի շրջանառության կանխարգելմանը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների համագործակցությանը, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանն աջակցելը.
2) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության ու թմրամոլության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով թիրախային տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ արձանագրված դրական փորձի տարածումը.
3) համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն և առաջավոր փորձը ներդնելուն աջակցելը, այդ նպատակով միջազգային փորձի ուսումնասիրությունը.
4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության վերաբերյալ պետական լիազորված մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության փոխանակման դյուրացումը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
1) աջակցում է պետական մարմինների կողմից թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և ապօրինի շրջանառության կանխարգելման աշխատանքների համակարգմանը.
2) աջակցում է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և ապօրինի շրջանառության կանխարգելման, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության (այդ թվում՝ համացանցի միջոցով կատարվող) դեմ պայքարի ոլորտում միջազգային առաջավոր փորձի ներդրմանը.
3) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության, դրա հետ կապված հանրային առողջության բնագավառի վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության ապահովման, հսկողության (վերահսկողության) և ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով մշտական հաղորդակցության միջոցով դյուրացնում է պետական լիազորված մարմինների տրամադրության տակ գտնվող համապատասխան տեղեկատվության (այդ թվում՝ թմրամիջոցներից և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից կախվածություն ունեցող անձանց վերաբերյալ) փոխանակումը.
4) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, այդ թվում՝ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքների տարեկան ծրագրի հաշվետվության վերլուծության հիման վրա, թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմիններին գրավոր առաջարկություններ է ներկայացնում օրենսդրության կատարելագործման, համապատասխան պայմանագրեր մշակելու կամ կնքելու վերաբերյալ.
5) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանը, փոփոխություններ ու լրացումներ է կատարում դրանում, քննարկում հանձնաժողովի աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:
5. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կարող է պետական մարմիններից և կազմակերպություններից հայցել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հսկողության (վերահսկողության) և ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերին առնչվող օրենքով չարգելված տեղեկատվություն:
6. Հանձնաժողովն իր գործունեությամբ չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամներին գրավոր ծանուցում է նիստի օրվանից առնվազն 5 օր առաջ: Պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցության ապահովման նպատակով հանձնաժողովի անդամները պահպանում են մշտական հաղորդակցություն:
8. Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից: Նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:
11. Հանձնաժողովի նախագահը`
1) համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
2) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
3) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
4) ստորագրում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը.
5) ներկայացնում է հանձնաժողովը պետական մարմիններում և կազմակերպություններում.
6) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը.
7) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
12. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) մասնակցում է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի աշխատանքների տարեկան ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակմանը և հանձնաժողովի աշխատանքային պլանների իրականացմանը.
3) ներկայացնում է առաջարկություններ հանձնաժողովի գործունեության, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
5) իրականացնում է հանձնաժողովին վերապահված այլ գործառույթներ։
13․ Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում պարտավոր է դրա մասին նախապես տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին:
14. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստերի հրավիրման օրվա, վայրի, ժամանակի և օրակարգի մասին.
2) հանձնաժողովի նիստին առնչվող փաստաթղթերը ներկայացնում է հանձնաժողովի նիստին.
3) արձանագրում է հանձնաժողովի նիստը և վարում հանձնաժողովի գործունեության հետ կապված գրագրությունը.
4) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
15. Հանձնաժողովի գործունեության կազմակերպական-տեխնիկական աշխատանքների և անհրաժեշտ գրագրությունների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: