ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1831-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական ուսումնասիրության և բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1831-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
1. Ծրագրի նպատակներն են՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մկնանման կրծողների, մորեխների, ծղրիդների (տնտեսական վնասակարության շեմը գերազանցելու դեպքում), օկնոգինայի, խաղողի ողկուզակերի, խնձորենու պտղակերի, արևելյան պտղակերի, լոլիկի հարավամերիկյան ցեցի և գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր այլ վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերման նպատակով ընտրանքային մշտադիտարկման իրականացում, տարածման սահմանների (արեալների) և վնասակարության տնտեսական շեմերի ճշտում, պայքարի ճիշտ ժամկետների սահմանում և այդ մասին տնտեսավարողներին իրազեկում.
2) պայքարի աշխատանքների իրականացում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների` մկնանման կրծողների, մորեխների և ըստ անհրաժեշտության՝ գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վտանգավոր այլ վնասատուների ու հիվանդությունների դեմ.
3) գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների տարածման սահմանների (արեալների) կրճատում, զանգվածային բազմացման ու հետագա տարածման կանխարգելում.
4) գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր, որակյալ և առողջ բերքի ստացում, կորուստների կրճատում.
5) գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների ավելացում.
6) Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության և պարենային անվտանգության մակարդակի բարձրացում։
2. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշմամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) վերապահված է բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման, տարածվածության սահմանների (արեալների) և վնասակարության տնտեսական շեմերի ճշտման, տարածման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների և մասնագիտական խորհրդատվության ու աջակցության ցուցաբերումը։
3. Տեղական ինքնակառավարման մարմինները «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ աջակցում են համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներին։
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերին հարող անտառներում վնասակար օրգանիզմների տարածման դեպքում գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն):
5. Միջոցառումներն իրականացվում են հետևյալ բաղադրիչներով`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով կազմակերպության կողմից մշտադիտարկման իրականացում․
2) արևելյան պտղակեր, խնձորենու պտղակեր, խաղողի ողկուզակեր, լոլիկի հարավամերիկյան ցեց և այլ վնասակար օրգանիզմների մշտադիտարկման իրականացման նպատակով ֆերոմոնային թակարդների ձեռքբերում և կազմակերպության մասնագետների միջոցով տեղադրում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում և պտղատու այգիներում․
3) պայքարի աշխատանքների իրականացում մկնանման կրծողների դեմ. այս բաղադրիչով նախատեսվում է նախարարության կողմից կազմակերպությանը հանձնված մկնասպան թունանյութը անհատույց հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր՝ համայնքներին բաշխելու և մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով․
4) պայքարի աշխատանքների իրականացում մորեխների և ծղրիդների դեմ (տնտեսական վնասակարության շեմը գերազանցելու դեպքում). այս բաղադրիչով նախատեսվում է նախարարության կողմից կազմակերպությանը հանձնված միջատասպան թունանյութը անհատույց հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր՝ համայնքներին բաշխելու և գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում, խոտհարքներում, արոտավայրերում և այլ հողատեսքերում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում մորեխներով և ծղրիդներով (տնտեսական վնասակարության շեմը գերազանցելու դեպքում) վարակվածության հետևանքով բուսասանիտարական վիճակի ապակայունացման դեպքում կարող են իրականացվել պայքարի միջոցառումներ ավիացիայի միջոցով․
5) պայքարի աշխատանքների իրականացում գյուղատնտեսական մշակաբույսերի համար առավել վտանգավոր վնասատուների դեմ. այս բաղադրիչով նախատեսվում է նախարարության կողմից կազմակերպությանը հանձնված միջատասպան թունանյութը, համաձայն նախարարության կողմից ընդունվող իրավական ակտով սահմանված կարգի, անհատույց հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր՝ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածություններում պայքարի աշխատանքների իրականացման նպատակով։
6. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև տարածաշրջանում բուսասանիտարական կայուն վիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով անհրաժեշտ է ապահովել ծրագրի իրականացումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության համար պարենային ապահովության և պարենային անվտանգության կարևորությունը։
7. Ծրագրում ներառված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծավալները կախված են Հայաստանի Հանրապետության մարզերում գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների տարածվածության ու վնասակարության աստիճանից, ինչպես նաև հարևան երկրներում արձանագրված բուսասանիտարական վիճակից։ Ելնելով առկա իրավիճակից ծրագրի ֆինանսական և արդյունքային ցուցանիշներում կարող են կատարվել համապատասխան փոփոխություններ:
3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻՆԵՐԸ
8. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝
1) բույսերի պաշտպանության միջոցների գների կտրուկ թանկացումը․
2) ֆինանսավորման կրճատումը․
3) մասնագետների աշխատավարձի ոչ մրցունակությունը․
4) բույսերի պաշտպանության միջոցների մատակարարման ժամկետների խախտումը։
9. Ծրագրի ռիսկերի հաղթահարման հնարավոր ուղիներն են՝
1) յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանվող ֆինանսական միջոցների շարունակական հատկացումը․
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից միջոցների ստացումը․
3) բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման ապահովումը՝ առաջնահերթությունից ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված կարգով գնումների գործընթացի կազմակերպումը․
4) նախարարությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի, համայնքապետարանների և գիտական ու կրթական կազմակերպությունների միջև փոխհամաձայնեցված և համատեղ աշխատանքների իրականացումը։
4. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
10. Ծրագիրը իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» օրենքով ծրագրի գծով սահմանվող միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին՝ երկու ֆինանսական բաղադրիչով.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման համաձայն կնքված դրամաշնորհային պայմանագրի հիման վրա սահմանված կարգով ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպության կողմից հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կատարվում է բուսանիտարական վիճակի ուսումնասիրություն՝ բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու նպատակով․
2) «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի նախարարության կողմից հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ձեռք են բերվում բույսերի պաշտպանության միջոցներ (պեստիցիդներ և ագրոքիմիկատներ)։
5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
11. Ծրագրից ակնկալվող արդյունքներն են՝
1) Հայաստանի Հանրապետությունում կայուն բուսասանիտարական վիճակի ապահովում․
2) գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների նվազեցում․
3) գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր որակի և առողջ բերքի ստացում․
4) գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում․
5) Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության ու պարենային անվտանգության մակարդակի բարձրացում։
6. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
12. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է նախարարության և կազմակերպության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների կողմից՝ ուսումնասիրելով մարզային մասնագետների և համայնքապետարանների կողմից ներկայացված հաշվետվությունները։
13. Մոնիթորինգի հիմնական նպատակն է միջոցառումների թերակատարումների հայտնաբերումն ու վերացումը, կազմակերպության մասնագետների կողմից ներկայացված հաշվետվություններում տվյալների անհամապատասխանությունների հայտնաբերումը և կանխումը, ինչպես նաև ծրագրի իրականացմանը խոչընդոտող խնդիրների բացահայտումը:
14. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված խախտումների ու թերացումների վերաբերյալ կազմակերպությունը տեղեկատվություն է ներկայացնում նախարարություն։
15. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների ու բացթողումների շտկման նպատակով նախարարության մասնագիտական ստորաբաժանման կողմից կազմակերպությանը տրվում են ցուցումներ և առաջարկություններ։
16. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ` ուսումնասիրելով ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր և նյութեր՝ նախնական ու վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման և թերակատարումների բացառման նպատակով:
17. Կազմակերպությունն ըստ եռամսյակների համայնքներում իրականացնում է մոնիթորինգ՝
1) ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասակար օրգանիզմների տարածվածության.
2) թունանյութերի, ֆերոմոնային թակարդների բաշխման, պահեստում առկա մնացորդների և վերջիններիս պահպանման ժամկետների վերաբերյալ:
18. Մոնիթորինգի իրականացման ընթացքում բացահայտված թերացումների ու բացթողումների շտկման նպատակով կազմակերպության մարզային մասնագետներին տրվում են ցուցումներ և առաջարկություններ:
19. Կազմակերպությունն իրականացնում է մոնիթորինգի տվյալների հավաքագրում, մշակում, ամփոփում և տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1831-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐՈՒՄ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN ը/կ |
Միջոցառումը |
Պատասխանատու կառույցները |
Կատարման ժամկետները |
1. |
Բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության |
2. |
Մշտադիտարկման և պայքարի միջոցառումների կազմակերպման նպատակով դրամաշնորհային պայմանագրի կնքում |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
յուրաքանչյուր տարի հունվար ամսին |
3. |
Մարզային մասնագետների հետ ծառայության մատուցման պայմանագրերի կնքում |
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
յուրաքանչյուր տարի հունվար ամսին |
4. |
Բուսասանիտարական ուսումնասիրություն, Բույսերի պաշտպանության միջոցների հանձնում Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր, Խորհրդատվության տրամադրում համայնքներին՝ թունանյութերի կիրառման ժամանակ |
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության |
5. |
Բույսերի պաշտպանության միջոցների բաշխում համայնքապետարաններին |
Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր |
տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության |
6. |
Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում |
Համայնքապետարաններ (համաձայնությամբ) |
տարեկան |
7. |
Հաշվետվությունների ներկայացում՝ թունանյութերի բաշխման վերաբերյալ |
Համայնքապետարաններ (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով սահմանված ժամկետներում |
8. |
Հաշվետվությունների ներկայացում՝ համաձայն դրամաշնորհային պայմանագրի
|
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
դրամաշնորհային պայմանագրով սահմանված ժամկետներում |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|