ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32860/02/22 | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32860/02/22 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
2024 թվականի սեպտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Կարինե Մարգարյանի հայցի ընդդեմ Աննա Բադալյանի և երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲԸ-ի՝ պայմանագրերը վավեր ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու ու պետական գրանցումը հաստատելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կարինե Մարգարյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Աննա Բադալյանի միջև 01.09.2021 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 25/1 տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագիրը, այդ հիմքով նույն անշարժ գույքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և հաստատել, որ Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 25/1 տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման իր անվամբ, ինչպես նաև վավեր ճանաչել իր ու Աննա Բադալյանի միջև 01.09.2021 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագիրը, այդ հիմքով նույն անշարժ գույքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը և հաստատել, որ Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման իր անվամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.09.2023 թվականի որոշմամբ Դատախազության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Մարգարյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածն ու «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացառապես դատախազությանը վերապահված՝ դատական ակտերն օրենքով սահմանված հատուկ դեպքերում բողոքարկելու իրավասությունը չի բացառում դատախազության կողմից ընդհանուր կարգով բողոք բերելու իրավունքը՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Դատախազության՝ գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքի կապակցությամբ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումները՝ քննարկման առարկա դարձնելով բացառապես Դատախազության կողմից վերաքննիչ բողոք բերելու իրավասության հարցը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատախազությունը վերաքննիչ բողոքը բերել է որպես գործին մասնակից չդարձած անձ, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այլ ոչ որպես դատախազություն՝ բուն դատախազական գործառույթների իրականացման շրջանակներում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման ամբողջությամբ հետևյալ հիմնավորումներով.
Դատախազությունը միասնական համակարգ է և որպես պետական մարմին իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք բխում են օրենքով իրեն վերապահված լիազորություններից։ Դատախազությունն իրավասու է բողոքարկել վճիռներ միայն օրենքով սահմանված դեպքերում և օրենքով սահմանված կարգով։ Հետևաբար, Դատախազությունը սույն քաղաքացիական գործով կայացված ու օրինական ուժի մեջ մտած վճիռը բողոքարկելու իրավասություն չունի, քանի որ երկու ֆիզիկական անձանց միջև ծագած վեճի՝ մասնավոր իրավահարաբերություններից բխող քաղաքացիական գործի շրջանակներում բողոք բերելու իրավունք Դատախազության՝ որպես պետական շահերի պաշտպանություն իրականացնող իրավասու մարմնի համար սահմանված չէ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Դատախազությունը, ի թիվս այլի, պահանջել է Աննա Բադալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող՝ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի 18.21 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 45.441.234 ՀՀ դրամ, Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի 99,56 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 211.953.284 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/20620/02/22 քաղաքացիական գործով 18.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 40-61).
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07․09․2022 թվականի որոշմամբ վերը նշված քաղաքացիական գործն ըստ ենթակայության հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի քննությանը (հիմք` «www.court.am»).
2) թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 19.09.2022 թվականի որոշմամբ գործը՝ ըստ Դատախազության հայցի ընդդեմ Սեյրան Օհանյանի, Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի և Ժակ Պիեռ Ֆովոյի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 40-60, 65, 66).
3) Դատախազությունը 14.12.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին՝ ի թիվս այլի խնդրելով նաև Աննա Բադալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 25/1 տարածք հասցեում և նույն շենքի թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքը: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 26.01.2023 թվականի որոշմամբ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը բավարարվել է (հատոր 3-րդ, գ.թ. 67-73).
4) Դատարանի 27.04.2023 թվականի վճռով Կարինե Մարգարյանի հայցն ընդդեմ Աննա Բադալյանի և երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բավարարվել է՝ վճռվել է վավեր ճանաչել Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև 01.09.2021 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 25/1 տարածքում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, այդ հիմքով նույն անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքն ու հաստատել, որ Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման Կարինե Մարգարյանի անվամբ, ինչպես նաև վավեր ճանաչել Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև 01.09.2021 թվականին Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենք թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագիրը, այդ հիմքով նույն անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքն ու հաստատել, որ Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման Կարինե Մարգարյանի անվամբ (հատոր 3-րդ, գ.թ. 68-75).
5) Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 25/1 տարածքում գտնվող անշարժ գույքի և Երևանի Նալբանդյան փողոցի 98-րդ շենքի թիվ 29 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ այսուհետ՝ Անշարժ գույքեր համապատասխանաբար 14.06.2023 թվականին ու 15.06.2023 թվականին գրանցվել է Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 91, 92).
6) Դատարանի 27.04.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը: Վերաքննիչ դատարանի 18.09.2023 թվականի որոշմամբ Դատախազության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 7-15, 110-112):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Դատախազության՝ որպես գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավական հնարավորության հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք,
2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,
3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,
4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
Սահմանադրական դատարանը 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Եվրոպական դատարանի դիրքորոշման համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և անձին խոչընդոտում են հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին (մասնավորապես` Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է ունենա իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված (տե՛ս Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ, գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված ու բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս Լաուրա Մկրտչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար, գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է ունենա իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների և պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների ու պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի և մյուսների թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակիորեն առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին: Օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս Վարդան Մինասյանն ընդդեմ «Ալ Համռա Ռիել Իսթեյթ» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/5045/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը՝ արձանագրում է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է, որի միջոցով ապահովվում է արդարադատության նպատակների գործնականում իրականացումը։ Ընդ որում, օրենսդիրը վերոնշյալ իրավունքի իրացումը երաշխավորել է նաև գործին մասնակից չդարձված այն անձանց համար, ում իրավունքներին, օրինական շահերին և պարտականություններին առնչվում է կայացված դատական ակտը: Նման կառուցակարգի առկայությունը գործին մասնակից չդարձված անձանց համար ստեղծում է իրենց խախտված իրավունքներն արդյունավետորեն վերականգնելու իրավական և փաստական հնարավորություն, ինչը, սակայն, չպետք է կրի հռչակագրային բնույթ: Այսինքն՝ գործին մասնակից չդարձված անձի համար յուրաքանչյուր դեպքում պետք է ապահովվի իր իրավունքներին և պարտականություններին առնչվող, դրանք սահմանափակող, համապատասխանաբար, դրանց իրացմանն ու կատարմանն օբյեկտիվորեն խոչընդոտող դատական ակտի բողոքարկման իրական հնարավորություն: Դատական ակտի՝ գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վրա ունեցած ազդեցությունն ինքնին կանխորոշում է տվյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորությունն այդ անձի կողմից՝ որպես իր խախտված իրավունքների վերականգնման գործուն երաշխիք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.
Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված (տե՛ս Սերգեյ Գրիգորյան ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հռիփսիմե Առաքելյանի, Թագուշ Կյուրեղյանի, Էլիզա Կարապետյանի թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26․05․2022 թվականի որոշումը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:
Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ Գլխավոր դատախազության` սույն քաղաքացիական գործի շրջանակներում պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու լիազորություն ունենալու հարցի քննարկմանը:
Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը։
Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ
2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.
3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին: Որպես պատասխանող` դատախազը կարող է հանդես գալ միայն իր հարուցած` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի քննության շրջանակներում ներկայացված հակընդդեմ հայցերով:
Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված պետական շահերի պաշտպանության իրավասությունը կոնկրետացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում, որտեղ ամրագրված են դատախազության այն լիազորությունները, որոնցով իրականացվելու է պետական շահերի պաշտպանությունը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի այսուհետ՝ Օրենք 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումն է։
Նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավասու մարմինն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անունից կարող է հայցադիմում ներկայացնել առաջին ատյանի դատարան։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվորի կողմից հայցադիմումով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով հայցի առարկան և (կամ) հիմքը փոփոխելու միջոցով կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ, այդ թվում՝ առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման, դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջ, կամ վիճարկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի համար նշանակություն ունեցող ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանքը։ Նույն մասով նախատեսված պահանջների համար չեն գործում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ
այլ օրենքներով նախատեսված հայցային վաղեմության ժամկետները։ Նույն մասով նախատեսված պահանջները կարող են ներկայացվել միայն նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կարգով որոշված ժամկետներում ծագած հարաբերությունների առնչությամբ։
Վերը վկայակոչված իրավանորմերը համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական շահերի պաշտպանության լիազորության իրականացման շրջանակներում Դատախազությունը որպես գործին մասնակից չդարձած անձ ունի իրավական հնարավորություն բողոքարկելու այն դատական ակտը, որն առնչվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով ներկայացված հայցի առարկայի հետ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ 27.04.2022 թվականին դիմելով դատարան՝ Դատախազությունը, ի թիվս այլի, պահանջել է Աննա Բադալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող՝ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի 18.21 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 45.441.234 ՀՀ դրամ, Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքի 99,56 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 211.953.284 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 18.05.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2022 թվականի որոշմամբ գործը ըստ ենթակայության հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի քննությանը։
Թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 19.09.2022 թվականի որոշմամբ գործը՝ ըստ Դատախազության հայցի ընդդեմ Սեյրան Օհանյանի, Ռուզաննա Խաչատրյանի, Աննա Բադալյանի և Ժակ Պիեռ Ֆովոյի՝ ապօրինի
ծագում ունեցող գույքերի ((…), Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի 18.21 տոկոսի և Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքի 99.56 տոկոսի) բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Դատախազությունը 14.12.2022 թվականին միջնորդություն է ներկայացրել հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին՝ ի թիվս այլի խնդրելով Աննա Բադալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի և Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքերը: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 26.01.2023 թվականի որոշմամբ հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդությունը բավարարվել է:
Դատարանի 27.04.2023 թվականի վճռով Կարինե Մարգարյանի հայցն ընդդեմ Աննա Բադալյանի, երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲԸ-ի բավարարվել է՝ վճռվել է վավեր ճանաչել Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև 01.09.2021 թվականին կնքված՝ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, այդ հիմքով նույն անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքն ու հաստատել, որ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման Կարինե Մարգարյանի անվամբ, ինչպես նաև վավեր ճանաչել Կարինե Մարգարյանի և Աննա Բադալյանի միջև 01.09.2021 թվականին կնքված՝ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, այդ հիմքով նույն անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքն ու հաստատել, որ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման Կարինե Մարգարյանի անվամբ:
Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի և Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքի նկատմամբ համապատասխանաբար 14.06.2023 թվականին ու 15.06.2023 թվականին գրանցվել է Կարինե Մարգարյանի սեփականության իրավունքը:
Դատարանի 27.04.2023 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը: Վերաքննիչ դատարանը 18.09.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ ««Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված դեպքերն օրենքով նախատեսված այն սահմանափակ դեպքերն են, երբ ՀՀ դատախազությունը իրավասու է բողոքարկել դատական ակտը: Հետևաբար, այդ դեպքերից բացի այլ դեպքերում ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները չեն կարող ընդունվել վարույթ», «սույն քաղաքացիական գործով վեճը բխում է մասնավոր իրավահարաբերություններից», «ՀՀ գլխավոր դատախազությունը մասնավոր իրավահարաբերություններից բխող սույն քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժ ստացած վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք չունի, քանի որ առկա չէ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով առաջինից վեցերորդ մասերով նախատեսված որևէ դեպք, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով ենթակա է մերժման»: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը տվյալ դեպքում կիրառելի չէ: Նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերը վերաբերում են ՀՀ քրեական դատավարության շրջանակներում դատախազության բողոքարկման իրավասությանը: 3-րդ մասով սահմանված դեպքը, ի թիվս այլնի, վերաբերում է նաև քաղաքացիական գործերով բողոքարկման իրավասությանը, սակայն այս դեպքում էլ կայացված դատական ակտը պետք է դեռևս օրինական ուժի մեջ մտած չլինի և դատախազությունն ի դեմս դատախազի պետք է մասնակցած լինի դատաքննությանը: Նույն հոդվածի 5-րդ մասը վերաբերում է միայն գլխավոր դատախազի և նրա տեղակալների վճռաբեկ բողոք բերելու իրավասությանը, իսկ 6-րդ մասը ի թիվս որոշ վարչական գործերի, վերաբերում է նաև այն քաղաքացիական գործերին, որոնք վերաբերում են պետական կամ համայնքային շահերին, սակայն այս դեպքում էլ որպեսզի դատախազությունը վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունենա, պետք է, որ վերջինս նախ մասնակցած չլինի այդ գործին քննությանը, երկրորդ այդ գործով մասնակցած լինի պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմին, որն ի պատասխան դատախազության հարցմանն օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում տեղեկացնի դատախազությանը, որ իր մասնակցությամբ գործով կայացված դատական ակտը չի բողոքարկելու։
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոգրյալ դեպքերն օրենքով նախատեսված այն սահմանափակ դեպքերն են, երբ ՀՀ դատախազությունը իրավասու է բողոքարկել դատական ակտը: Հետևաբար, այդ դեպքերից բացի այլ դեպքերում ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները չեն կարող ընդունվել վարույթ»։
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ մինչ վիճելի Անշարժ գույքերի վերաբերյալ սույն գործով Դատարանի 27.04.2023 թվականի վճիռը կայացնելը՝ դեռևս 27.04.2022 թվականին Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ի թիվս այլի պահանջելով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող՝ Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի 18.21 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում Սեյրան Օհանյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 45.441.234 ՀՀ դրամ, Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 29 շինություն հասցեի անշարժ գույքի 99.56 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում Սեյրան Օհանյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 211.953.284 ՀՀ դրամ, իսկ հետագայում Դատախազությունը 14.12.2022 թվականին հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Աննա Բադալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Անշարժ գույքերը:
Այսինքն, սույն գործով ներկայացված հայցապահանջը, որով պահանջվել է Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի և Երևանի Նալբանդյան փողոց, 98-րդ շենք, թիվ 25/1 տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքը ճանաչել, ուղղակիորեն առնչվում է Դատախազության իրավունքներին և (կամ) պարտականություններին, քանի որ սույն գործով հայցի ներկայացումը ժամանակագրական առումով հաջորդել է նույն գույքերի բռնագանձման վերաբերյալ Դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում ներկայացնելուն։
Համադրելով սույն գործի փաստերը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ և վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 27.04.2023 թվականի վճիռն առնչվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով ներկայացված հայցի առարկայի հետ, որպիսի պայմաններում Դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ունի նաև իրավական հնարավորություն բողոքարկելու նշված դատական ակտը։
Նման պայմաններում Դատախազությունը, որպես գործին մասնակից չդարձված անձ, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պետք է ունենա իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտումը հանգեցրել է բողոքաբերի՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված՝ դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքների սահմանափակման և դրանով պայմանավորված նաև՝ արդարադատության բուն էության խաթարման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 18.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Է. Սեդրակյան |
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|