Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-82-Ո-Կ-11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.10.2024
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-82-Ո-Կ-11

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի
նախագահ

Կ. Անդրեասյանի

մասնակցությամբ՝

անդամներ


 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Կ. Թումանյանի

Ե. Թումանյանցի

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Էդ. Հովհաննիսյանի

Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալներ
 

Ս. ԳևՈՐԳՅԱՆԻ

Լ. ԲալՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Ա. Սուջյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական

դատարանի դատավոր

Վ. ՄԻՍԱԿՅԱՆԻ

Երևան քաղաքի առաջին ատյանի 

ընդհանուր իրավասության քրեական 
դատարանի դատավորի ներկայացուցիչներ

Ա. ՍԱՐԴԱՐՅԱՆԻ

Ա. ՂԱԶԱՐՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Մ. Թելոյանի

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

2024 թվականի հոկտեմբերի 4-ին

 ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ 84-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված հաղորդումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Արդարադատության նախարարի 20.06.2024 թվականի թիվ 61-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 20.08.2024 թվականի թիվ 84-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 03.09.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

17.09.2024 թվականին կայացած նիստը հետաձգվել է և նշանակվել 23.09.2024 թվականին:

23.09.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և 30.09.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:

Խորհրդի ծանրաբեռնվածության պատճառով դատական ակտի հրապարակման օրը տեղափոխվել է 04.10.2024 թվականին:

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա կամ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Քրեական դատավարության օրենսգրքի1 (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 17-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մի շարք որոշումներով (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994), Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Վճռաբեկ դատարանի 18.09.2019 թվականի թիվ ԵԱՔԴ/0016/01/14 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վերոնշյալ սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական դրույթների, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում՝ խուսափելով գործի անհարկի ձգձգումներից:

Բարձրագույն դատական խորհուրդն իր մի շարք որոշումներում (02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.05.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4) կարևորել է ողջամիտ ժամկետում գործի քննության անհրաժեշտությունը՝ այն հաշվառմամբ, որ այդպիսի ժամկետը չպահպանելը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև մի շարք այլ հիմնարար իրավունքների խախտման:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի ձգձգումների և ծախսերի լուծելու հարցում:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա: Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքին, արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ որոշելիս, թե արդյոք քրեական վարույթի տևողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝

- գործի բարդությունը,

- դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,

- իրավասու մարմինների վարքագիծը,

- դիմումատուի վարքագիծը:

Անդրադառնալով նշված գործոններից յուրաքանչյուրին առանձին-առանձին, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել փաստել հետևյալը.

Գործի բարդության տեսանկյունից անհրաժեշտ է գնահատման ենթարկել մի կողմից՝ գործով անցնող մեղադրյալների (ամբաստանյալների), վկաների, տուժողների, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մյուս կողմից՝ մեղադրյալներին (ամբաստանյալներին) մեղսագրվող արարքների քանակը, դրանց փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցվող հանգամանքների շրջանակը և հետազոտվող ապացույցների ծավալը: Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նաև հաշվի առնել վկաների գտնվելու վայրը պարզելու և նրանց հարցաքննելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակը (օրինակ՝ միջազգային իրավական օգնությամբ այլ երկրում կամ պաշտպանության ներքո գտնվող վկաներին հարցաքննելու նպատակով կատարվող գործողությունները): Բացի այդ, պետք է գնահատման ենթարկել նաև դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել օրինակ՝ գործի ընդդատությունը2, կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականությունը3, միջազգային պայմանագրի մեկնաբանությունը4):

Սույն գործի շրջանակներում ուսումնասիրության առարկա դարձնելով վերը նկարագրված չափանիշները՝ վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ գործով ներգրավված է եղել միայն մեկ մեղադրյալ, առկա չի եղել փորձաքննություն նշանակելու կամ վկա հրավիրելու անհրաժեշտություն, մեղադրյալին մեղսագրվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարքը, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին՝ որպես առավելագույն պատիժ սահմանելով ազատազրկումը երեք տարի ժակետով:

30.08.2021 թվականի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» ԲԴԽ-65-Ո-165 որոշմամբ սահմանված ժամկետների տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում (թեև թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին թիվ թիվ ԲԴԽ-74-Ո-142 որոշումն ընդունվել է 16.07.2024 թվականին՝ թիվ ԵԴ/0336/01/21 գործով դատավճիռը հրապարակվելուց հետո), անգամ գործը «առանձնակի բարդության» որակվելու դեպքում, այն ենթակա է քննության՝ առավելագույնը 24 ամիսների ընթացքում: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, որ Դատարանի կողմից գործի քննությունն ավարտելու նպատակով փաստացի պահանջվել է միայն 4 դատական նիստի անցկացում, մինչդեռ գործով ընդհանուր թվով 18 դատական նիստ է նշանակվել:

Հետևաբար, խնդրո առարկա գործի քննությունը 3 տարվա ընթացքում իրականացնելով, վարույթ հարուցած մարմնի գնահատմամբ չի պահպանվել գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջը: Այս եզրահանգման շրջանակներում, սակայն, վարույթ հարուցած մարմինը հատուկ ուշադրություն է դարձրել ոչ միայն սոսկ գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջի խախտմանը, այլև ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի ապահովման ուղղությամբ Դատարանի ձեռնարկած քայլերի համարժեքությանը:

Դիմումատուի, տվյալ դեպքում՝ հաղորդում ներկայացրած մարմնի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքների գործոնի առնչությամբ վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքի խախտումը հանգեցնում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտման, դատավարական գործընթացներում իրավական որոշակիության սկզբունքի խաթարման և տևական ժամանակով զրկում է դատավարության մասնակիցներին տվյալ գործով արդարադատության իրականացման արդյունքը ստանալու հնարավորությունից, ինչի կարևորությունն ընդգծվում է այդ թվում հանրային շահի պաշտպանության ապահովման համատեքստում:

Իրավասու մարմինների վարքագծի գործոնի շրջանակներում առանցքային նշանակություն ունի ինչպես դատարանի, այնպես էլ քրեական վարույթի ընթացքում հանրային շահը պաշտպանող քրեական հետապնդման մարմինների կողմից գործը հնարավորինս սեղմ ժամկետում քննության առնելու նպատակով ձեռնարկած միջոցառումների և դրանց արդյունավետության գնահատումը:

Իրավասու մարմինների վարքագծի գործոնի համատեքստում, գործի հանգամանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական հետապնդման մարմինների կողմից գործի սեղմ ժամկետներում քննությանը խոչընդոտող կամ դատական նիստերի հետաձգման հիմք հանդիսացող գործողություններ չեն իրականացվել:

Անդրադառնալով Դատարանի ձեռնարկած միջոցառումների արդյունավետությանը՝ վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ թիվ ԵԴ/0336/01/21 գործը (այսուհետ նաև՝ Գործ) Դատարանի վարույթում է գտնվել ավելի քան 3 տարի, այս ժամանակահատվածում հրավիրվել են 18 դատական նիստեր, որոնցից 14-ը չեն կայացել: Թեև Դատարանը քրեական գործով 14 դատական նիստերի հետաձգման հիմքում դրել է որոշակի հանգամանքներ, որոնց անդրադարձ է կատարել իր կողմից ներկայացված բացատրության շրջանակներում, այնուամենայնիվ, 01.04.2021 թվականին Դատարանի կողմից քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշման առկայության պայմաններում հաղորդման ներկայացման օրվա՝ 22.05.2024 թվականի դրությամբ, գործով եզրափակիչ դատական ակտ դեռևս կայացված չի եղել, ինչն ընդհանուր թվով 17 դատական նիստերից 14-ի հետաձգված լինելու կամ չկայանալու հետևանքն է եղել:

Միաժամանակ, Դատական դեպարտամենտի ղեկավարի 16.08.2024 թվականի թիվ Ե-6593 գրության և կից փաստաթղթերի, ինչպես նաև Դատավորի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել արձանագրել հետևյալը.

1) Թեև թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով 07.02.2022 թվականին, 24.01.2023 թվականին նշանակված դատական նիստերի հետաձգման պատճառ է հանդիսացել տվյալ օրերին այլ դատական գործերով՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում, Դատարանի կողմից նիստեր նշանակելու հանգամանքը, սակայն տվյալ քրեական գործերի շրջանակներում նշված օրերին որևէ դատական նիստ չի նշանակվել ոչ աշխատանքային ժամերին՝ չնայած օրենսդրական նման հնարավորության առկայությանը և դատավորի՝ որպես հերթապահության մեջ ներգրավված դատավորների ցանկում ներառված լինելու հանգամանքին (համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 26.07.2018 թվականի «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-29-Ո-67 որոշման): Այնինչ 07.02.2022 թվականի և 24.01.2023 թվականի այլ դատական գործերով դատական նիստերի թեկուզև ոչ աշխատանքային ժամերին քննության նշանակումը հնարավորություն կտար կանխել թիվ ԵԴ/0336/01/21 գործով նիստերի հետաձգումները:

2) Ըստ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում դատական նիստերի լրացման ամսաթվերի վերաբերյալ առկա տեղեկատվության՝ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով 06.10.2023 թվականի ժամը 16:30-ի դատական նիստը նշանակվել է միայն նույն օրը ժամը 16:25-ին, ինչի արդյունքում դատական նիստի նշանակված լինելու վերաբերյալ նիստի սկսվելուց ընդամենը 5 րոպե առաջ դատական նիստ նշանակելն այն դեպքում, երբ Դատարանն այդ նույն ընթացքում անցկացնելիս է եղել թիվ ԵԴ/0600/01/23 գործով դատական նիստը, վկայում է Դատավորի կողմից կանխամտածված դատական նիստի կայացման խոչընդոտող հանգամանքներ ստեղծելու մասին:

3) 23.02.2024 թվականին թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով դատական նիստը, համաձայն Դատավորի կողմից ներկայացված դատական նիստի արձանագրության, ավարտվել է 15:31-ին, այնինչ խնդրո առարկա՝ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով դատական նիստը նշանակված է եղել միայն ժամը 17:00-ին, ինչը փաստում է այն մասին, որ 23.02.2024 թվականին թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով դատական նիստը՝ ժամը 15:31-ին ավարտված լինելու պայմաններում չէր կարող ժամը 17:00-ին նշանակված դատական նիստի հետաձգման հիմք հանդիսանալ: Այս առումով թեպետ Դատավորի կողմից ներկայացվել է պարզաբանում առ այն, որ թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով նիստի տևողությունն իր կողմից ավելի երկար է կանխատեսվել, այնուամենայնիվ, դա օբյեկտիվորեն անհրաժեշտ հիմքեր չի ստեղծել թիվ ԵԴ/0336/01/21 գործով դատական նիստը հետաձգելու մասին դատավարության մասնակիցներին ծանուցելու համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատական դեպարտամենտի 16.08.2024 թվականի թիվ Ե-6593 գրությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից համապատասխան ամսաթվերին նշանակված դատական նիստերի վերաբերյալ տեղեկատվությունն առնվազն ցույց է տալիս, որ Դատավորի դատական պրակտիկայում բազմաթիվ են եղել այնպիսի իրավիճակները, երբ երկու դատական նիստերի միջև ընկած ժամանակահատված երկու ժամ և դրանից ավելի պակաս է եղել,

4) Թեև Դատավորի կողմից որպես 29.05.2023 թվականի դատական նիստի անցկացման հետաձգման հիմք է նշվել թիվ ԵԴ/1192/01/19 քրեական գործով նշանակված նիստը, սակայն համաձայն «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում դատական նիստերի լրացման ամսաթվերի վերաբերյալ առկա տեղեկատվության՝ թիվ ԵԴ/1192/01/19 քրեական գործով 29.05.2023 թվականին դատական որևէ նիստ չի նշանակվել, ինչը վկայում է թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով դատական նիստի հետաձգման հիմքերի բացակայության մասին,

5) Դատավորի կողմից 20.10.2022 թվականին նշանակված դատական նիստի չկայանալու պատճառ է մատնանշվել իր վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում դատական նիստին մասնակցությունը, այնինչ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում ներառված տեղեկատվության համաձայն՝ 20.10.2022 թվականի դատական նիստը Դատարանի կողմից նշանակվել է հենց նույն օրը՝ ժամը 16:10-ին՝ դատական նիստի անցկացման օր նշանակելով 20.10.2022 թվականին՝ ժամը 13:00-ն, այնինչ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը 20.10.2022 թվականի նիստը նշանակելու մասին տեղեկությունը (նիստերի ժամանակացույցը) հրապարակել է 11.10.2022 թվականին և Բարձրագույն դատական խորհրդի նիստը սկսվել է 20.10.2022 թվականին՝ ժամը 15:00-ին: Նշվածը վկայում է այն մասին, որ 20.10.2022 թվականին սույն գործով դատական նիստ առհասարակ նշանակված չի եղել և նիստի մասին տեղեկատվությունը մուտք է արվել համապատասխան համակարգում միայն նիստի համար նշված ժամի ավարտից հետո:

Ամփոփելով վերը նշված փաստական հանգամանքները՝ վարույթ հարուցած մարմինը եզրակացրել է, որ Դատավորի դրսևորած վարքագիծը վկայում է իր կողմից դատական նիստի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չցուցաբերելու, դիտավորությամբ դատական նիստերի կայացմանը խոչընդոտող հանգամանքներ ստեղծելու և թվով առնվազն 6 դատական նիստերի հետաձգման օբյեկտիվ անհրաժեշտության բացակայության մասին:

Հիշատակման է արժանի նաև Եվրոպական դատարանի մոտեցումն առ այն, որ անգամ եթե դատավարական նախաձեռնությունը դրված է կողմերի վրա, դա չի ազատում դատարաններին 6-րդ հոդվածին համապատասխան արագ դատաքննություն ապահովելու պարտականությունից5, որից հետևում է, որ դատարանները դատական նիստերի նշանակման պարբերականությունը որոշելիս իրենց թիրախում պետք է ունենան ոչ միայն զուտ ժամանակագրական առումով կարճ խզմամբ հաջորդական նիստերի նշանակումը, այլ նաև ողջամիտ սեղմ ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի իրականացմամբ դատական նիստի նպատակների գործնականում կենսագործումը6: Այնինչ, սույն գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դատարանի կողմից չի ապահովվել ոչ միայն նշանակված դատական նիստերի կայացման միջոցով գործի ողջամիտ ժամկետում քննության նպատակի իրացումը, այլև դատական նիստերի մեծ քանակի հետաձգման պայմաններում դատական նիստերը չեն նշանակվել առավել մոտ ժամկետներում և հերթական դատական նիստերը նշանակվել են ընդհուպ մինչև 4 ամիս միջակայքով: Այնինչ Բարձրագույն դատական խորհուրդն իր հերթին 04.04.2024 թվականի ԲԴԽ-23-Ո-Կ-3 որոշման շրջանակներում փաստել է հետևյալը. «(...) Ինչ վերաբերում է նշանակված երկու դատական նիստերը՝ մի դեպքում այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու, իսկ մյուս դեպքում' Արդարադատության ակադեմիայում տարեկան պարտադիր վերապատրաստումների գտնվելու հիմքով հետաձգելուն, ապա Խորհուրդը փաստում է, որ նմանատիպ դեպքերում, հատկապես, Դատավորը պարտավոր էր դրանց հաջորդող դատական նիստերը նշանակել հնարավորինս կարճ ժամանակ անց (...)»:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում Դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե' որպես անհատ, և թե' որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Գործով Դատավորի կողմից ավելի քան 3 տարի 2 ամիս գործի քննության իրականացումը՝ այն դեպքում, երբ հետաձգվել են նշանակված 18 դատական նիստերից 14-ը, իրապես վտանգում է դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում անձանց վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաև դատավարության մասնակցի համար խոչընդոտներ ստեղծում արդարադատության իրականացման արդյունքի ողջամիտ ժամկետներում ստացման և հանրային շահի պաշտպանության ապահովման տեսանկյունից:

Վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ մատնանշված դատական նիստերի հետաձգման առնչությամբ նշված փաստարկների հարցին արդեն իսկ անդրադարձ է կատարվել վերևում: Ինչ վերաբերում է բացատրությամբ ներկայացված՝ Դատավորի ծանրաբեռնվածության վերաբերյալ փաստարկին, ապա սույն միջնորդությամբ շրջանակներում ներկայացված փաստական հանգամանքների և վերլուծության հիման վրա վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ Դատավորի կողմից վերը նկարագրված վարքագծի դրսևորման պայմաններում Դատարանի ծանրաբեռնվածության հանգամանքը գործի ողջամիտ ժամկետում քննության սկզբունքի խախտման համատեքստում որոշիչ նշանակություն չի ունեցել:

Անդրադառնալով Դատավորի՝ բացատրությամբ նշված այն փաստարկին, որ դատական քննության արդյունքում այնպիսի բացասական հետևանք չի առաջացել, ինչպիսին է օրինակ՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետների լրանալը, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքի խախտումն ինքնին հանգեցնում է արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտման, դատավարական գործընթացներում իրավական որոշակիության սկզբունքի խաթարման և տևական ժամանակով զրկում է դատավարության մասնակիցներին տվյալ գործով արդարադատության իրականացման արդյունքից, ինչի կարևորությունն այդ թվում ընդգծվում է հանրային շահի պաշտպանության ապահովման համատեքստում: Հետևաբար, քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետների չլրանալու փաստը չի բացառում գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքի խախտման արդյունքում իրավական բացասական հետևանքների առաջացման հնարավորությունը:

Հաջորդիվ, Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկի առնչությամբ, որ հաղորդումը ներկայացնելու պահի դրությամբ դեռևս իր վարույթում գտնվող և շարունակվող դատական քննության պայմաններում դատավարության կողմի՝ տվյալ դեպքում մեղադրողի, զեկուցագրի հիման վրա քրեական գործով նախագահող դատավորի վերաբերյալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելը և արդյունքում կարգապահական վարույթի հարուցումն ու իրականացումը կարող է հանգեցնել դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու պահանջների ոչ իրավաչափ սահմանափակման, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել արձանագրել, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի կողմից օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով կարգապահական վարույթ կարող է հարուցվել խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո: Նշված նորմի բովանդակությունից բխում է, որ դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով կարգապահական վարույթի հարուցման համար ամենևին անհրաժեշտ պայման չէ գործով եզրափակիչ դատական ակտի առկայությունը:

Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ վարույթ հարուցած մարմնի գնահատմամբ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ի հետաձգմամբ և քրեական գործը շուրջ 3 տարի քննելով Դատարանը թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:

Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասը՝ վարույթ հարուցած մարմինը վարույթի փաստական հանգամանքների և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի և վարքագծի կանոնների խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր, այն է՝ Դատարանը թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործը քննել է շուրջ 3 տարի և գործով նշանակված 18 դատական նիստերից 14-ը հետաձգել է, ընդ որում՝ Դատարանը դատական նիստի կայացման և գործի ողջամիտ ժամկետում քննության ապահովման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերել, նիստերի կայացման համար կանխամտածված խոչընդոտող հանգամանքներ է ստեղծել և հետաձգել է դատական նիստեր՝ դրանց հետաձգման օբյեկտիվ անհրաժեշտության բացակայության պայմաններում:

Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված Միջնորդությունը, բացառությամբ 20.10.2022 թվականին նշանակված դատական նիստի չկայանալու պատճառ հանդիսացող հանգամանքների վերաբերյալ Միջնորդությամբ վերագրված խախտման:

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ մասնավորապես նշել է, որ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով նշանակված դատական նիստերի հետաձգման պատճառները հետևյալն են.

09.04.2021թ. նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպան Ա. Վարդևանյանը նախապես ներկայացրել է դիմում, որով խնդրել է հետաձգել նշանակված դատական նիստը իր վատառողջ լինելու պատճառով՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր 04.04.2021թ.-ից COVID19-ով վարակված լինելու մասին: Այդ մասին տեղեկացվել է մեղադրանքի և պաշտպանության կողմերին և նրանք չեն ներկայացել դատական նիստին:

26.05.2021թ. նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպան Ա. Վարդևանյանը նախապես ներկայացրել է դիմում, որով խնդրել է հետաձգել նշանակված դատական նիստը՝ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժի լիազոր ներկայացուցիչ լինելու և դրանով պայմանավորված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործառույթներ իրականացնելու, մարզեր այցելելու պատճառով: Այդ մասին տեղեկացվել է մեղադրանքի և պաշտպանության կողմերին և նրանք չեն ներկայացել դատական նիստին:

20.07.2021թ. նշանակված դատական նիստը կայացել է, ի թիվս այլնի, քննարկվել է նաև մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը, որի վերաբերյալ դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց և որոշման հրապարակումից հետո դատական նիստը հետաձգվել է:

22.09.2021թ. նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ պաշտպան Է. Ալեքսանյանը նախապես ներկայացրել է դիմում, որով խնդրել է հետաձգել նշանակված դատական նիստը՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Այդ մասին տեղեկացվել է մեղադրանքի և պաշտպանության կողմերին և նրանք չեն ներկայացել դատական նիստին:

26.11.2021թ. նշանակված դատական նիստը կայացել է, քրեական գործով սկսվել է ապացույցների հետազոտումը, և պաշտպանը և մեղադրողը խնդրել են հնարավոր միջնորդություններ ներկայացնելու հարցը քննարկելու համար ժամանակ տրամադրել, որից հետո դատական նիստը հետաձգվել է:

07.02.2022թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ թիվ ԵԴ/0852/06/21 դատական գործով միջնորդության անհապաղ քննությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով:

13.04.2022թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ նախագահող դատավորի ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով. Դատավորը պարզաբանել է, որ դատական նիստը նշանակելիս արձակուրդում գտնվելու ժամանակահատվածն իրեն հայտնի չի եղել, իսկ արձակուրդի անհրաժեշտությունն առաջացել է՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։

14.06.2022թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ թիվ ԵԴ/0614/11/20 դատական գործով՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բողոքի քննության արդյունքով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:

18.08.2022թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ դատարանի համար անկանխատեսելի պայմաններում թիվ ԵԴ/0458/01/22 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունն անհապաղ քննության առնելու արդյունքում Դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:

20.10.2022թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ Դատավորի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում դատական նիստին մասնակցելու պատճառով:

24.01.2023թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ թիվ ԵԴ/1073/06/22 դատական գործով միջնորդության քննությամբ ծանրաբեռնված լինելու պատճառով:

17.04.2023թ. նշանակված դատական նիստը կայացել է, դատական վիճաբանությունների փուլում կողմերը հանդես են եկել ճառերով, որից հետո ռեպլիկներով հանդես գալու և ամբաստանյալի վերջին խոսքը լսելու նպատակով դատական նիստը հետաձգվել է:

29.05.2023թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ թիվ ԵԴ/1192/01/19 քրեական գործով (մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել կալանքը) Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու պատճառով: Տվյալ դեպքում քննության առաջնահերթություն է տրվել վերը նշված քրեական գործին՝ հաշվի առնելով, որ մեղադրյալի նկատմամբ տևական ժամանակ կիրառված է եղել կալանք խափանման միջոցը:

06.10.2023թ. նշանակված դատական նիստը չի կայացել թիվ ԵԴ/0600/01/23 քրեական գործով մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հարցի քննարկման պատճառով: Նշված քրեական գործը նոր է ստացվել և դատարանը սահմանափակված է եղել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի իրավաչափության հարցի՝ նախնական դատալսումներով քննարկելու ժամկետներով:

06.12.2023թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ Դատավորի ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվելու պատճառով:

23.02.2024թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հարցի քննարկման պատճառով: Նշված քրեական գործը նոր է ստացվել և դատարանը սահմանափակված է եղել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի իրավաչափության հարցի՝ նախնական դատալսումներով քննարկելու ժամկետներով:

03.05.2024թ. նշանակված դատական նիստը չի կայացել՝ Դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով, որին մասնակցելը պարտադիր է դատավորի վարքագծի կանոններով:

13.06.2024թ. նշանակված դատական նիստը կայացել է, Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վերջնական դատական ակտ կայացնելու համար և նույն օրը հրապարակել է դատավճիռ:

Ամփոփելով դատական նիստերի հետաձգման պատճառները՝ մատնանշվել է, որ.

ա/ 3 նիստ հետաձգվել է պաշտպանների չներկայանալու պատճառով,

բ/ 7 նիստ հետաձգվել է Դատարանի՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով: Դրանք այն դեպքերն են, երբ քրեական գործը նոր է ստացվել և դատարանը սահմանափակված է եղել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի իրավաչափության հարցի նախնական դատալսումներով քննարկելու ժամկետներով կամ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու, կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննության անհապաղությամբ կամ Դատարանը ծանրաբեռնված է եղել մեկ այլ քրեական գործի քննությամբ, որով մեղադրյալը տևական ժամանակ գտնվել է կալանքի տակ կամ այլ գործով գտնվել է խորհրդակցական սենյակում: Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ նոր քրեական գործերի մակագրման դեպքում, երբ մեղադրյալ(ներ)ի նկատմամբ կիրառված է ազատությունից զրկելու կամ դրա սահմանափակման հետ կապված խափանման միջոց կամ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն, դատարանը կաշկանդված է սեղմ ժամկետներում դատական նիստ նշանակելու քրեադատավարական օրենսդրության պահանջներով, որի արդյունքում օրական նախապես նշանակված 6-ից 9 դատական նիստերից մի քանիսը կարող են հետաձգվել, որի հավանականությունը այդ հետաձգվող դատական նիստերը նշանակելիս նախապես կանխատեսելի չէր կարող լինել:

գ/ 4 նիստ հետաձգվել է դատավորի արձակուրդում գտնվելու, դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու, ժամանակավոր անաշխատունակության վիճակում լինելու և հարուցված կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում դատական նիստին մասնակցելու պատճառներով:

Մնացած 4 նիստերը կայացել են, իրականացվել է քննություն, արդյունքում ավարտվել է դատական քննությունն ու կայացվել է դատավճիռ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Դատավորը փաստել է, որ դատական քննության նշված տևողությունը պայմանավորված է եղել առավելապես դատարանի՝ մեղադրյալների նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցների իրավաչափության հարցերը սեղմ ժամկետներում քննարկելու, դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու, արգելանքի տակ գտնվող մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով ծանրաբեռված լինելու, ինչպես նաև դատավորի՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված արձակուրդում գտնվելու, դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու, ժամանակավոր անաշխատունակության վիճակում լինելու և հարուցված կարգապահական վարույթով Խորհրդում դատական նիստին մասնակցելու պատճառներով: Պաշտպանների բացակայության պատճառով 3 դատական նիստերի հետաձգումը պայմանավորված է եղել մի դեպքում վատառողջ լինելու, մյուս դեպքերում աշխատանքային ծանրաբեռնվածության հիմքով, որը դատարանը ոչ հարգելի չի դիտել՝ պարբերական չլինելու և չներկայանալը հիմնավորող տվյալներ ներկայացնելու պատճառով: Ընդ որում, նման մոտեցման հետ համակարծիք է եղել մեղադրողը, քանի որ դատաքննության ընթացքում այդ հանգամանքն առհասարակ չի բարձրաձայնել և քննարկման առարկա չի դարձրել: Մեղադրողը մյուս դատական նիստերի հետաձգման պատճառների անհարկի լինելու մասին դատական քննության ընթացքում նույնպես երբևէ չի բարձրաձայնել (բանավոր կամ գրավոր եղանակով):

Դատավորն անդրադարձել է նաև 17.04.2023թ. (ժամը 15:00-ին) տեղի ունեցած դատական նիստին, որով դատական վիճաբանությունների փուլում կողմերը հանդես են եկել ճառերով, որից հետո կողմերի հնարավոր ռեպլիկները, ամբաստանյալի վերջին խոսքը լսելու նպատակով դատական նիստը հետաձգվել է: Նշված դատական նիստին ամբաստանյալի վերջին խոսքը լսելու և հետևաբար դատավճիռ կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալու նպատակով դատական նիստի հետաձգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մեղադրանքի հիմնավորվածությունը, կողմերի ճառերով բարձրացված փաստարկները գնահատելու համար անհրաժեշտ էր որոշակի ողջամիտ տևողությամբ ժամանակահատված, քանի որ պաշտպանության կողմը վիճարկում էր մեղադրանքի բոլոր փաստական հանգամանքները՝ ազատ խոսքի, քաղաքական խոսքի միջազգային և ներպետական օրենսդրության չափանիշներին համապատասխանության տեսանկյունից, որոնք դատավճռով գնահատելու համար նաև ներպետական և միջազգային օրենսդրության, նախադեպային իրավունքի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կար և դրա համար կարող էր պահանջվել մեկից երկու օր: Հետևաբար, հաշվի առնելով նշված հանգամանքները, նաև նույն օրը հաջորդիվ մեկ այլ քրեական գործով ևս մեկ, իսկ հաջորդ օրը 7 դատական նիստեր նշանակված լինելու հանգամանքը՝ նշված դատական նիստը հետաձգվել է:

Դրանից հետո հաջորդող 5 դատական նիստերը հետաձգվել են արգելանքի տակ գտնվող ամբաստանյալի վերաբերյալ թիվ ԵԴ/1192/01/19 քրեական գործով ծանրաբեռնված լինելու, թիվ ԵԴ/0600/01/23 քրեական գործով մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հարցի քննարկման, դատավորի ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվելու, թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հարցի քննարկման, դատավորի կողմից դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով: Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ նշված պատճառներն իր համար անկանխատեսելի են եղել յուրաքանչուր նիստը նշանակելիս:

Դատավորը փաստել է նաև, որ թեև նշված նիստերը հետաձգվել են, սակայն իր կողմից այդ ընթացքում դատավճիռ կայացնելու համար կողմերի ճառերով բարձրացված հարցերի կապակցությամբ կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, որի մասին է վկայում այն փաստը, որ վերջին նիստին՝ 13.06.2024թ., դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և նույն օրը հրապարակել է դատավճիռը, չնայած 17.06.2024թ-25.06.2024թ. գտնվել է արձակուրդում, իսկ դատավճիռը կողմերին է ուղարկվել հենց արձակուրդից վերադառնալու առաջին աշխատանքային օրը՝ 26.06.2024թ., այսինքն, օրենքով սահմանված ժամկետներում:

Արձանագրվել է նաև այն հանգամանքը, որ դատական քննության արդյունքում դատավճռով նշանակվել է պատիժ, այսինքն, քրեաիրավական օրենսդրության տեսանկյունից այնպիսի բացասական հետևանք չի առաջացել, ինչպիսին է օրինակ՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետների լրանալը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Դատավորը եզրահանգել է, որ դատական նիստերի հետաձգումները պայմանավորված են եղել օբյեկտիվ հանգամանքներով ու իրադարձություններով, որոնք իր կողմից նշված պարզաբանումների համատեքստում չեն վկայում դատական նիստերն անհարկի հետաձգելու մասին:

Միաժամանակ Դատավորն անդրադարձել է նշված ժամանակահատվածում Դատարանի գերծանրաբեռնվածության հարցին և մատնանշել, որ.

- 2021 թվականի ընթացքում ստացել է 120 նոր քրեական գործ, իսկ 85 քրեական գործ փոխանցվել է 2020 թվականից, որոնք արդեն եղել են իր վարույթում,

- 2022թ. թվականի ընթացքում ստացել է 129 նոր քրեական գործ, իսկ 153 քրեական գործ փոխանցվել է նախորդող տարվանից, որոնք արդեն եղել են իր վարույթում (2021-2022 թվականների ընթացքում շուրջ 126 քրեական գործերով կայացրել է վերջնական դատական ակտեր),

- 2023թ. թվականի ընթացքում ստացել է 108 նոր քրեական գործ, իսկ նույն տարվա նոյեմբեր ամսվա դրությամբ վարույթում ունեցել է շուրջ 230 քրեական գործ, որի պատճառով նաև դիմել է Խորհրդին՝ իր անուն-ազգանունը գործերի բաշխման ցուցակից ժամանակավորապես՝ 6 ամսով, հանելու նպատակով, և Խորհուրդը 27.11.2023թ. որոշմամբ դիմումն ամբողջությամբ բավարարվել է:

Դատավորն արձանագրել է, որ վերոնշյալի արդյունքում, 2021 թվականից սկսած մինչ Խորհրդի 27.11.2023թ. որոշումը, վարույթի քրեական գործերի քանակը մշտապես ավելացել է՝ հասնելով մինչև 230, որպիսի պայմաններում ողջամտորեն ավելացել է օրական նշանակվող դատական նիստերի քանակը, ողջամտորեն ավելի տևական է դարձել նաև հետաձգվող հաջորդ դատական նիստի ժամանակահատվածը (2-3 ամիս):

Միաժամանակ Դատավորն անդրադարձել է այն հարցին, որ հաղորդման հիմքը հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Գևորգյանի 17.05.2024թ. զեկուցագիրը, ով զեկուցագիրը ներկայացնելու պահին հանդիսացել է նշված քրեական գործով դեռևս ընթացող դատական քննությամբ մեղադրանքը պաշտպանող դատախազը և նշված հաղորդումը ներկայացնելու պահի դրությամբ դեռևս Դատավորի վարույթում գտնվող և շարունակվող դատական քննության պայմաններում դատավարության կողմի՝ տվյալ դեպքում մեղադրողի, զեկուցագրի հիման վրա քրեական գործով նախագահող դատավորի վերաբերյալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդում ներկայացնելը և արդյունքում կարգապահական վարույթի հարուցումն ու իրականացումը կարող է հանգեցնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու պահանջների ոչ իրավաչափ սահմանափակման՝ հաշվի առնելով նաև մեղադրանքի հանգամանքները, այն ամբողջությամբ պաշտպանության կողմից վիճարկելու փաստը: Միաժամանակ Դատավորը նշել է, որ թեև դատավճիռը կայացնելու ժամանակ՝ 13.06.2024թ.-ին, իրեն հայտնի չէր 17.05.2024թ. մեղադրողի կողմից նշված զեկուցագիրը ՀՀ գլխավոր դատախազին ուղարկելու և վերջինիս կողմից մի քանի օր անց նշված հաղորդումը ՀՀ արդարադատության նախարարին ուղարկելու փաստը, ինչպես նաև հայտնի չէր նշված դատավճիռը 26.06.2024թ. կողմերին ուղարկելու պահի դրությամբ նաև իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին 20.06.2024թ. որոշման առկայությունը, քանի որ այն ստացել էր 26.06.2024թ., այնուամենայնիվ, ըստ Դատավորի, նշված հանգամանքները չեն չեզոքացնում իր կողմից մատնանշված ոչ իրավաչափ հետևանքների մասին մտավախությունը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Դատավորը գտել է, որ սույն քրեական գործի դատական քննության երկարատևությունը պայմանավորված է եղել վերոնշված օբյեկտիվ հանգամանքներով և պատճառներով, քրեաիրավական օրենսդրության տեսանկյունից որևէ բացասական հետևանք չի առաջացել, ինչպիսին է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետների լրանալը, դատավճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, ուստի խնդրել է իր նկատմամբ կարգապահական վարույթը կարճել:

Դատավորն ու իր ներկայացուցիչ Արսեն Սարդարյանը 09.09.2024 թվականին Խորհրդին ներկայացված պատասխանով, ինչպես նաև դատական նիստերի ընթացքում Խորհրդին ներկայացված դիրքորոշմամբ, ի լրումն վերոգրյալի, հայտնել է նաև, որ կայացած 4 նիստերի ընդհանուր տևողությունը կազմել է շուրջ 7 ժամ և պարզաբանել են սույն գործով դատական քննության տևողության իրական պատճառների և դրան նպաստող հանգամանքների մասին: Մասնավորապես, որպես քրեական գործի քննության երկարատևությունը պայմանավորող հանգամանք նշել է, որ վարույթում մշտապես 160-ից ավել քրեական գործեր ունենալու պայմաններում 2021թ.-ից սկսած օրական միջինում նշանակել է 6-8 դատական նիստեր: Նշված քանակի վարույթների պայմաններում ամեն հերթական նիստը օբյեկտիվորեն նշանակվել է 2-3 ամիս պարբերականությամբ: Դատավորը կարևորել է նաև այն հանգամանքը, որ քննարկվող քրեական գործը «կալանավորական» չի եղել և միաժամանակ այդ ընթացքում իր վարույթում ունեցել է բազմաթիվ քրեական գործեր (մոտ 50-60), որոնցով մեղադրյալները գտնվել են կալանքի տակ և դատական նիստերը ավելի կարճ ժամկետով հետաձգելու նախապատվությունը տրվել է այդ գործերին: Ավելին, Դատավորը հաշվարկել է, որ տարեկան առկա է մոտ 210 աշխատանքային օր, որը հավասար է 1680 աշխատանքային ժամի և քանի որ նա միջինում տարվա ընթացքում ունեցել է իր վարույթում գտնվող 160-180 քրեական գործ, ապա ըստ Դատավորի տարեկան մեկ քրեական գործին կարող է տրամադրել 9-10 աշխատանքային ժամ: Դատավորը կարևորել է, որ նշված 10 ժամն իր մեջ ներառում է ոչ միայն դատական նիստերի անցկացումը, այլ նաև այդ գործի ուսումնասիրությունը, ապացույցների գնահատումը, կողմերի միջնորդություններին անդրադառնալը, դատական ակտի հրապարակմանը նախապատրաստելը, ակտը կազմելը: Ընդ որում, ըստ Դատավորի՝ ամենաժամանակատար պրոցեսը նյութերին ծանոթանալն է, քննության արդյունքով որոշում կայացնելը և դատական ակտը կազմելը: Հայտնել է նաև, որ նշված ժամանակահատվածում ստացել է բազմաթիվ քրեական գործեր, որ եղել են բազմահատոր՝ 6-ից մինչև 30 հատոր, որից յուրաքանչյուրին ծանոթանալու համար առնվազն պահանջվում է 4-20 աշխատանքային ժամ: Միաժամանակ, կայացրել է բազմաթիվ մեծ ծավալուն դատավճիռներ՝ նույնիսկ մինչև 100, 195 թերթից, որոնց յուրաքանչյուրի համար՝ կախված մեղադրանքի հանգամանքներից, որոշման տեսակից, առնվազն կարող է ծախսվել 8-15 ժամ, իսկ ավելի մեծ ծավալների դեպքում՝ ընդհանուր 40-50 ժամ և ավել: Ի հավելումն վերոշարադրյալի՝ Դատավորը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում աշխատանքի վայրում գտնվելու մասին տվյալները, ըստ որի՝ օրական միջինը 11-15 ժամ, որոշ դեպքերում 14-16 ժամ, գտնվել է աշխատավայրում՝ շաբաթ և կիրակի օրերը չհաշվարկած, թեև մշտապես աշխատել է նաև ոչ աշխատանքային օրերին, այդ թվում՝ հունիս-հուլիս ամիսների ընթացքում 10-օրյա ժամկետում արձակուրդում գտնվելու ընթացքում: Արդյունքում, ավարտել է 107 քրեական գործ և կայացրել բազմաթիվ որոշումներ մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված բողոքների, պատժի կատարման հետ կապված միջնորդությունների վերաբերյալ։ Մասնավորապես, դրանց քանակը 2021թ. կազմել է` 422, 2022թ.՝ 75, 2023թ.` 436, 2024թ.` 239, որոնցից յուրաքանչյուրի համար առնվազն անհրաժեշտ է տրամադրել մոտ 1 աշխատանքային ժամ, եթե ոչ ավելի շատ: Հետևաբար, ստացվում է տարեկան շուրջ 1600 աշխատանքային ժամից առնվազը 200 ժամը միայն անհրաժեշտ է նման դատական գործերը լուծելու համար: Միաժամանակ, Դատավորը կարևոր է համարել արձանագրել, որ ըստ պաշտոնական վիճակագրության վերջին 4 տարվա ընթացքում (09.07.2021թ. - 09.07.2024թ.) իր կողմից միայն քրեական գործերով կայացված 351 դատավճիռներից և որոշումներից բեկանվել են ընդամենը 10-ը:

Անդրադառնալով կոնկրետ դատական նիստերի հետաձգումների հանգամանքներին, Դատավորը կարևորել է այն հանգամանքը, որ ինքը չունի կարգապահական վարույթի շրջանակներում իր անմեղությունը ապացուցելու պարտականություն, սակայն, քանի որ Լիազոր մարմինը չճշտված, իրականությանը չհամապատասխանող, միակողմանի ուսումնասիրություն է կատարել, ապա կարևոր է արձանագրել, որ 07.02.2022թ. և 24.01.2023թ. դատական նիստերի հետաձգման պատճառ են հանդիսացել համապատասխանաբար թիվ ԵԴ/0852/06/21 և թիվ ԵԴ/1073/06/22 դատական գործերով միջնորդությունների քննությամբ ծանրաբեռնված լինելը, ինչպես նշվել է բացատրությամբ: Թիվ ԵԴ/0852/06/21 դատական գործով քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ արգելանքի վերցված անձին Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմնին հանձնելու համար կիրառված կալանավորման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, իսկ թիվ ԵԴ/1073/06/22 դատական գործով՝ քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դատավորն ընդգծել է, որ նշված երկու միջնորդությունների քննության ժամանակ հերթապահության մեջ ներգրավված դատավորների ցանկում ինքը ներառված չի եղել, թեև նման պնդում է կատարվել Միջնորդությամբ: Ինչ վերաբերում է ԵԴ/1073/06/22 դատական գործով քննիչի միջնորդությանը, ապա դա վերաբերել է կալանքի ժամկետը երկարաձգելու հարցին, որի քննարկման համար Դատարանի նախագահի հրաման չի եղել՝ դատավորին հերթապահության ցուցակում ներառելու մասին: Ինչ վերաբերում է նշված միջնորդություններով դատական նիստերը սույն քրեական գործով դատական նիստերի օրերին նշանակելու հարցին, ապա Դատավորը պարզաբանել է, որ հնարավոր չի եղել կողմերի հետ այլ օր կամ ժամ համաձայնեցնել:

06.10.2023 թվականին նշանակված նիստի կապակցությամբ Դատավորը նշել է, որ այն չի կայացել, քանի որ թիվ ԵԴ/0600/01/23 քրեական գործով 06.10.2023թ. ժամը 16:30-ին դատական նիստ նշանակելը եղել է հարկադրված, քանի որ այդ գործով ի սկզբանե դատական նիստ է նշանակված եղել դեռևս դրանից 3 օր առաջ՝ 03.10.2023թ.-ին, որի ժամանակ պետք է քննարկվեր նաև մեղադրյալի խափանման միջոցի հարցը, սակայն այդ նիստը «չի կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից մեղադրյալին չներկայացնելու պատճառով»։ Դրանից հետո հաշվի առնելով, որ խափանման միջոց կալանքի ժամկետը լրանում է նույն ամսվա 9-ին՝ դատավորի աշխատակազմի միջոցով հանրային մեղադրողի և երկու պաշտպանների հետ հեռախոսազանգերի միջոցով հնարավոր է եղել դատական նիստ նշանակել 06.10.2023թ., որը եղել է ուրբաթ օր և դրանից հետո հնարավոր չէր շաբաթ կամ կիրակի օրերին դատական նիստեր հրավիրել՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ եթե նույնիսկ կողմերը համաձայնեին ոչ աշխատանքային օրով ներկայանալ դատարան, ապա այդ օրերին Ոստիկանության կողմից ուղեկցում չի իրականացվում):

Անդրադառնալով ԵԴ/0336/01/21 քրեական գործով 23.02.2024թ. դատական նիստի չկայացման հարցին՝ Դատավորն արձանագրել է, որ այն չի կայացել թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով մեղադրյալներից երկուսի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցները վերացնելու, փոփոխելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հարցի քննարկման պատճառով: Դատարանը կանխատեսել է, որ թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով 23.02.2024թ. ժամը 15:00-ի դատական նիստը երկար տևողություն է ունենալու՝ հաշվի առնելով գործով մի քանի մեղադրյալների, պաշտպանների առկայությունը, մեղադրանքների բնույթը (երկու անձանց սպանության, զենքի գործադրմամբ և խմբի կողմից խուլիգանության հատկանիշներով), խափանման միջոցների հարցերից բացի նախնական դատալսումներով ՀՀ քրեական դատավարության 311-րդ հոդվածով նախատեսված այլ հարցերի քննարկման անհրաժեշտությունը, որի մասին տեղեկացվել են թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով դատավարության կողմերը՝ որպես այդ գործով նշանակված դատական նիստի հետաձգման պատճառ: Նշված դատական նիստի տևողությունն ավելի կարճ է տևել կանխատեսվածից, քանի որ արգելանքի տակ գտնվող մեղադրյալներից մեկի պաշտպանը չէր ներկայացել դատական նիստին, իսկ ինչ վերաբերվում է 23.02.2024թ. 15:00-ին նշանակված նիստի երկար տևելու կանխատեսելիությանը, ապա այն պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ դա երկու անձանց սպանության, խմբի կազմում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է, որով անցնում են 4 մեղադրյալներ, չորս պաշտպաններ, 5 տուժողներ, երկու հանրային մեղադրողներ նշված գործով նախնական դատալսումները միայն տևել են ընդհանուր 6 ժամ:

Լիազոր մարմնի կողմից որպես 29.05.2023 թվականի Դատական նիստի անցկացման հետաձգման հիմք նշված թիվ ԵԴ/1192/01/19 քրեական գործով նշանակված նիստի վերաբերյալ հետևության կապակցությամբ, Դատավորը նշել է, որ պնդումն անհիմն է, քանի որ թիվ ԵԴ/1192/01/19 քրեական գործով 29.05.2023թ. նշանակված նիստի մասին կողմերին ծանուցագրեր են ուղարկվել դեռևս 18.04.2023թ., ինչպես նաև առկա է այդ օրը դատական նիստ նշանակելու մասին նշում «Datalex.am» կայքում:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Դատավորը հայտնել է, որ Միջնորդությամբ նշված նիստերի մասին Լիազոր մարմնի պնդումներն անհիմն են, իր կողմից կայացված դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ ատյան, սակայն ոչ մեղադրանքի և ո՛չ պաշպանության կողմը ողջամիտ ժամկետների խախտման հանգամանք չեն վիճարկել, հետևաբար, կողմերը դատաքննության արդյունքում նման խնդիր չեն տեսել, ավելին՝ շուրջ 3 տարի տևած քննության արդյունքում որևէ բացասական հետևանք չի առաջացել, այդ թվում՝ չեն անցել քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, ինչպես նաև չի սահմանափակվել դատավարության կողմի դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացումը: Հետևաբար, Միջնորդությամբ ներկայացված փաստական հանգամանքների մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, արված հետևությունները ևս չեն կարող հիմնավոր լինել, դրանք չեն կարող վկայել այնպիսի վարքագծի մասին, որ դատավորի կողմից դատական նիստերի կայացման նպատակով անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվել և Լիազոր մարմնի պնդումն առ այն, որ Դատավորի կողմից դիտավորությամբ դատական նիստերի կայացմանը խոչընդոտող հանգամանքներ են ստեղծվել և թվով առնվազն 6 դատական նիստերի հետաձգման օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել՝ հերքվում է վերոնշյալ փաստարկներով:

Դատավորի ներկայացուցիչ Արա Ղազարյանը 09.09.2024 թվականին Օրենսգրքի 153-րդ հոդվածի հիմքով Խորհրդին ներկայացված առարկությամբ հայտնել է, որ Լիազոր մարմինը չի ներկայացրել վերաբերելի ու բավարար պատճառներ Միջնորդությունը հիմնավորելու համար, մի շարք առանցքային հիմնավորումներում վկայակոչված փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, Միջնորդությամբ չի կատարվել հանրային ու մասնավոր շահերի փոխհավասարակշռում և Լիազոր մարմինը կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտությունը հիմնավորել է բացառապես դատաքննության երկարատևությամբ՝ առանց հաշվի առնելու մի շարք օբյեկտիվ գործոններ ու հանգամանքներ, ինչպիսին են դատավորի ծանրաբեռնվածությունը, Միջնորդության ազդեցությունը դատավորի հանրային ու մասնագիտական հեղինակության վրա, վիճահարույց դատական գործի իրավաչափորեն լուծված լինելու հանգամանքը, դատավարության մասնակիցների կողմից դատաքննության ողջամիտ ժամկետի իրավունքի խախտման մասին բողոքի բացակայությունը, ընթացիկ դատական գործի պայմաններում կարգապահական վարույթ հարուցելու իրավաչափությունը, վերը նշված գործոնների ազդեցությունը դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության խաթարման հավանականության վրա։

Վերոգրյալի հաշվառմամբ, Դատավորի ներկայացուցիչը պնդել է, որ նշված հանգամանքում խախտվել է դատավոր Վահե Միսակյանի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը՝ երաշխավորված ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածով և անձնական կյանքի հարգման իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով։ Նշված հետևությունը Դատավորի ներկայացուցիչը կատարել է հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, օրինակ, Տուլեյան ընդդեմ Լեհաստանի թիվ 21181/19 և 51751/20, 06/07/2023, §§ 348-455), հատկապես, որ վարույթ հարուցելու հանգամանքն ինքնին՝ անկախ վարույթի ելքից, համարվում է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքի միջամտություն, քանի որ վարույթի ընթացքում իրականացվող գործողությունները կարող են բացասական հետևանքներ առաջացնել դատավորի անձնական, մասնագիտական ու հասարակական հեղինակության վրա՝ նույնիսկ եթե վարույթը հետագայում կարճվի։ Եվրոպական դատարանը դա համարում է «հետևանքի վրա հիմնված մոտեցում» (consecuence-based approach) (Տուլեյան ընդդեմ Լեհաստանի, §§ 375) և բացի նշված մոտեցումից Եվրոպական դատարանը կիրառում է նաև «նեղ շրջանակի» («narrow circle») մոտեցումը, ըստ որի՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև կարգապահական վարույթի հետևանքի ազդեցությունը դատավորի անձնական կյանքի նեղ շրջանակի վրա՝ աշխատանքի կորուստը, դրա արդյունքում դատավորի նյութական կորուստները (Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի թիվ 21722/11, 9/4/2013, § 379): Ընդ որում, այնպիսի կոնկրետ վարութային գործողություններ, ինչպիսին են վարույթ իրականացնող մարմնի կողմից դատավորի գործողությունների ու որոշումների վերաբերյալ պետական ու արդարադատության մարմիններին տեղեկություններ ու փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ կատարելը կարող է համարվել դատավորի «դատական բարեվարքությանը և մասնագիտական հեղինակությանը վնասող» գործողություններ՝ այդպիսով կարգապահական վարույթի նախնական փուլը դիտարկելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կարգավորման առարկա (Տուլեյան ընդդեմ Լեհաստանի, § 379)։ Միաժամանակ, կարգապահական վարույթն ամբողջությամբ պետք է համապատասխանի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի եռաստիճան սկզբունքներին՝ կարգապահական պատասխանատվության իրավական հիմքերը պետք է լինեն օրենքով սահմանված՝ համապատասխանելով իրավական նորմերի կանխատեսելիության, որոշակիության պահանջներին, հետապնդեն 8-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավաչափ նպատակներից մեկը կամ մի քանիսը անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում (Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի (ՄՊ), թիվ 76639/11, 25/09/2018, § 166)։ Որպեսզի կարգապահական վարույթը, դրա իրականացման եղանակը (դատական ստուգման շրջանակը և բնույթը) և որոշումը համապատասխանեն «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» իրավական պահանջին, կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ պետք է լինեն համաչափ հետապնդվող իրավաչափ նպատակին։

 Միաժամանակ, Դատավորի ներկայացուցիչը վկայակոչել է այն հանգամանքներն ու գործոնները, որոնք Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով հանրային ու մասնավոր շահերը համադրելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում (այնքանով, որքանով վերաբերելի է սույն գործին), այն է՝

 - կարգապահական վարույթի կամ վերջնական որոշման բացասական հետևանքը դատավորի անձնական, հասարակական կամ մասնագիտական հեղինակության վրա,

 - կարգապահական պատասխանատվության բացասական հետևանքը դատավորի դատական բարեվարքության վրա,

 - կարգապահական պատասխանատվության բացասական հետևանքը դատավորի անկախության վրա,

 - կարգապահական պատասխանատվության հորիզոնական հետևանքը այլ դատավորների և/կամ ողջ դատական համակարգի անկախության վրա,

 - դատավորի որոշման բացասական հետևանքը գործին մասնակից քաղաքացիների իրավունքների վրա՝ որի հիմքով հարուցվել է կարգապահական վարույթը,

 - կարգապահական պատասխանատվության հետևանքը դատավորի նյութական, ֆինանսական վիճակի վրա։

 Նշվածի հաշվառմամբ, Դատավորի ներկայացուցիչը գտել է, որ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ Լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթի հարուցումը և իրականացվող դատավարությունը ամբողջությամբ գտնվում է նաև Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի դաշտում, որի հիմքով էլ, ի հավելումն այլ իրավական հիմքերի, փաստարկել է, որ.

 - Միջնորդության մեջ ներկայացված հիմնավորումները վերաբերելի ու բավարար չեն, իսկ առանցքային հիմնավորումների հիմքում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը,

 - Միջնորդության մեջ իրավական հիմնավորումները ներկայացված են ընդհանրացված ու անորոշ եղանակով, որը չի բավարարում իրական որոշակիության ընդհանուր պահանջին։ Լիազոր մարմինը Միջնորդությունը հիմնավորել է տասնչորս դրվագներով՝ գտնելով, որ ընդհանուր առմամբ 18 դատական նիստից 14-ը հետաձգելով՝ դատավոր Վ Միսակյանը գործել է անբարեխղճորեն, դրսևորել է կոպիտ անփութություն՝ դրանով խախտելով դատաքննության ողջամիտ ժամկետը, որով էլ խաթարվել է հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Մինչդեռ, Լիազոր մարմնի վկայակոչած 14 հետաձգված դատական նիստերից 8-ի վերաբերյալ (09.04.2021թ., 26.05.2021թ., 22.09.2021թ., 13.04.2022թ., 14.06.2022թ., 18.082022թ., 06.12.2023թ. և 03.05.2024թ. դատական նիստեր) որևէ հիմնավորում չի ներկայացվել, թե դատական նիստի հետաձգումը ինչու էր կատարվել անբարեխղճորեն և կոպիտ անփութությամբ։ Փոխարենը, Միջնորդությամբ ընդհանրացված եղանակով, բայց շարունակաբար նշվել է հետևյալը. «գործը դատարանի վարույթում գտնվել է ավելի քան 3 տարի, այս ժամանակահատվածում հրավիրվել են 18 դատական նիստեր, որոնցից 14-ը չեն կայացել»։ Ըստ Դատավորի ներկայացուցչի՝ նման ընդհանրացված ու անորոշ հիմնավորումով դատավորին կարգապահական պատասխանատավության ենթարկելը չի համապատասխանում իրավական որոշակիության ու կանխատեսելիության ընդհանուր սկզբունքին (տե՛ս Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 21722/11, 9/4/2013, § 185)։ Ինչ վերաբերում է մնացած վեց դատական նիստերի7 հետաձգման վերաբերյալ ներկայացված պատճառաբանություններին, դրանցում ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստեր, որոնց մանրամասն անդրադարձ է կատարել Դատավորը: Մասնավորապես, Դատավորը ներկայացրել է փաստական տվյալներ ու հիմնավորումներ, որոնց հիման վրա յուրաքանչյուր օբյեկտիվ անաչառ դիտորդի մոտ ձևավորվում է համոզմունք, որ յուրաքանչյուր դեպքում դատական նիստը հետաձգվել է օբյեկտիվ պատճառով, դրանք չեն հետաձգվել այնպիսի սուբյեկտիվ պատճառներով, ինչպիսին են կամայականությունը, կոպիտ անփութությունը, անբարեխղճությունը: Տվյալ դեպքում՝

 - Դատավորը կալանավորման նիստերը քննել է հրատապ, քանի որ կալանավորման դատական ստուգման վարույթների արագությունը կալանավորի անձնական ազատության ինքնուրույն ընթացակարգային իրավունք է՝ սահմանված Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով,

 - երկու այլ դեպքերում այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելը և նիստերը չհետաձգելը պայմանավորված էր մեղադրյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքով, մեղադրանքից պաշտպանելու մեղադրյալների իրավունքները հարգելու, ինչպես նաև գործի օբյեկտիվ քննությունը ապահովելու անհրաժեշտությամբ, որոնք հիմնական իրավունքներ են, սահմանադրաիրավական երաշխիքներ, որոնք դատավորը պարտավոր է հարգել ու որոնց առնչությամբ դատավոր Վ. Միսակյանը կայացրել է ինքնավար որոշումներ՝ քրեական գործերի փաստերի, ապացույցների իր սեփական հետազոտմամբ,

 - պաշտպանների չներկայանալու հիմքով նիստերը հետաձգելը պայմանավորված էր ստեղծված անակնկալ իրավիճակով, ու Դատավորը չուներ այլընտրանք, քանի որ օրենքը արգելում է առանց պաշտպանի նիստեր անցկացնելը, մինչդեռ պաշտպանի իրավունքը նույնպես հիմնական իրավունք է, որը դատավորը պարտավոր էր հարգել,

 - արձակուրդում գտնվելու և անաշխատունակության պատճառով աշխատանքի չներկայանալը դատավորի սոցիալական իրավունքներ են,

 - Դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելը դատավորի իրավունքն է և նաև պարտականությունը, իսկ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելով՝ դատավորն իրականացրել է արդար դատաքննության, դատարանի մատչելիության իր հիմնարար իրավունքները։

 Միաժամանակ, Դատավորի ներկայացուցիչն արձանագրել է, որ Միջնորդության մեջ կարգապահական պատասխանատվության անհրաժեշտությունը հիմնավորված չէ հանրային ու մասնավոր շահերի փոխհավասարակշռմամբ, ինչպես աներկբայորեն պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, հետևաբար, Միջնորդությունն անիրավաչափ իրավական ակտ է։ Դատավորի ներկայացուցչի պնդմամբ՝ Միջնորդությունը անհրաժեշտ էր հիմնավորել՝ հաշվի առնելով դատավորի մասնավոր շահերին ու իրավունքներին առնչվող այնպիսի գործոններ ու հանգամանքներ, ինչպիսին են Դատավորի ինքնավար իրավունքը դատական գործերը քննելու հաջորդականությունը ու կարգը որոշելու հարցում, վարույթի հարուցման հնարավոր բացասական ազդեցությունը դատավոր ՎՄիսակյանի անկախության վրա, դատավոր Վ. Միսակյանի սոցիալական իրավունքների իրականացումը, նրա իրավունքը մասնակցելու դատական իշխանության ինքնակարգավորման գործունեությանը, կարգապահական վարույթի հնարավոր բացասական հետևանքները Վ Միսակյանի մասնագիտական, անձնական, հասարակական հեղինակության վրա, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատական նիստերի հետաձգումը մեծամասամբ 2-ից 3 ամիս տևողությամբ է, որը ոչ միայն տարածված պրակտիկա է Հայաստանի Հանրապետությունում, այլ կրկնվող մոտեցում է դատավոր Վ. Միսակյանի մոտ:

 Դատավորի ներկայացուցիչը կարևոր է համարել նաև այն, որ Լիազոր մարմինը հաշվի չի առել և քննարկման առարկա ընդհանրապես չի դարձրել դատավոր Վ. Միսակյանի անհատական բարեվարքությունը, քանի որ վերջինս քրեական գործերի քննությամբ ցուցաբերել է բարձր հատկանիշներ՝ քննած ու ավարտած գործերի քանակով, օրական աշխատաժամանակը կազմել է մոտ 12 ժամ, մինչդեռ արտաժամյա աշխատանքի համար երբեք չի վճարվել, ու այդ հարցը երբեք չի բարձրացրել դատական իշխանության առջև՝ հասկանալով, որ դա բխում է, համընդհանուր իրավիճակից, դատարանների ծանրաբեռնվածությունից, որի պայմաններում պետության ռեսուրսները չեն բավականացնում ապահովել դատավորների համար արժանավայել, բարենպաստ աշխատանքային պայմաններ և որ դատավորների մեծ մասն աշխատում են նման իրավիճակում։ Վկայակոչելով Դատավորների անկախության, արդյունավետության ու պատասխանատվության մասին Եվրոպայի խորհրդի CM/REC/(2010)12 հանձնարարականի Բացատրական զեկույց 69-րդ կետը, ըստ որի՝ «Հանրային վստահությունը արդարադատության իրականացման նկատմամբ ժողովրդավարության էական բաղադրիչներից է։ Դա ներառում է ոչ միայն հարգանքը անկախության, անաչառության, արդյունավետության և որակի նկատմամբ, այլև հիմնվում է նաև դատավորների անհատական վարքագծի որակի վրա», Դատավորի ներկայացուցիչը պնդել է, որ Լիազոր մարմինը իր հիմնավորումներում ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել դատավոր Վ.Միսակյանի վերը նշված անհատական վարքագծի որակները, մինչդեռ, հանրային վստահությունը ներառում է նաև դատավորի անհատական վարքագծի որակները։

 Անդրադառնալով հանրային շահին՝ Դատավորի ներկայացուցիչը կարևորել է այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վարույթի հարուցման հնարավոր բացասական հետևանքը այլ դատավորների և, ընդհանրապես, դատական իշխանության անկախության վրա, որը բխում է անկախ դատական համակարգ ունենալու հանրային շահից, մեղադրյալի կամ տուժող կողմից դատաքննության ողջամիտ ժամկետի իրավունքի խախտման մասին բողոքների բացակայությունը դատաքննության և դատավճռի բողոքարկման փուլերում, և այդ հանգամանքով պայմանավորված դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության խաթարման հավանականության նվազումը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթի իրականացումը ընթացքի մեջ գտնվող քրեական գործի դատական քննությանը զուգահեռ, երբ կարգապահական գործի և քրեական գործի իրավական բովանդակությունները (ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը) փոխհատվում են։ Ըստ Դատավորի ներկայացուցչի՝ հանրային շահից է, բխում, որ փոխհատվող իրավական բովանդակությամբ զուգահեռ դատավարություններ տեղի չունենան, քանի որ դա վնասում է դատական ակտերի վերջնականության res judicata սկզբունքը։

 Դատավորի ներկայացուցիչը անդրադառնալով դատական ակտերի վերջնականության res judicata սկզբունքին՝ նշել է, որ ողջամիտ ժամկետության դատաքննության իրավունքը պատկանում է, առաջին հերթին մեղադրյալին (ըստ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի), ինչպես նաև դատավարության այլ մասնակիցներին (ըստ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի) և միևնույն գործը երկու անգամ չքննելն ու միևնույն գործով երկու տարբեր դատական ակտեր չկայացնելը բխում է ոչ միայն դատավարության մասնակիցների շահերից, այլ նաև հանրային շահ է, իսկ Լիազոր մարմինը հաշվի չի առել նշված հանգամանքը ինչպես վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելիս, այնպես էլ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Միջնորդությունը կայացնելիս, քանի որ առկա է հավանականություն, որ վերաքննիչ բողոքում մեղադրյալը բարձրացնի դատաքննության ողջամիտ ժամկետի իր իրավունքի խախտման մասին հարց։

 Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատավորի ներկայացուցիչը խնդրել է մերժել Լիազոր մարմնի՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Միջնորդությունը:

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1. Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված թիվ 59150921 քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վազգեն Միքայելի Մանուկյանն առերևույթ կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

4.2. Վազգեն Միքայելի Մանուկյանին մեղսագրվել է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին):

4.3. 15.03.2021 թվականին հաստատվել է թիվ 59150921 քրեական գործով մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննելու համար այն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որին շնորհվել է թիվ ԵԴ/0336/01/21 համարը և մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

4.4. 01.04.2021 թվականին Դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին և դատական նիստ է նշանակվել 09.04.2021 թվականին ժամը 15:00-ին:

4.5. 09.04.2021-13.06.2024թթ. ընկած ժամանակահատվածում դատական նիստերը նշանակվել են հետևյալ պարբերականությամբ.

1. 09.04.2021 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

2. 26.05.2021 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

3. 20.07.2021 թվականին նշանակված դատական նիստը կայացել է,

4. 22.09.2021 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

5. 26.11.2021 թվականին նշանակված դատական նիստը կայացել է,

6. 07.02.2022 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

7. 13.04.2022 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

8. 14.06.2022 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

9. 18.08.2022 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

10. 20.10.2022 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

11. 24.01.2023 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

12. 17.04.2023 թվականին նշանակված դատական նիստը կայացել է, որի ընթացքում մեղադրանքի կողմը հանդես է եկել մեղադրական ճառով, իսկ պաշտպանության կողմը՝ պաշտպանական ճառով: Դատական նիստը հետաձգվել է մեղադրյալի վերջին խոսքն ունկնդրելու և խորհրդակցական սենյակ հեռանալու կապակցությամբ:

13. 29.05.2023 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

14. 06.10.2023 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

15. 06.12.2023 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

16. 23.02.2024 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել,

17. 03.05.2024 թվականին, սակայն դատական նիստը չի կայացել:

18. 13.06.2024 թվականին, դատական նիստը կայացել է, Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վերջնական դատական ակտ կայացնելու համար և նույն օրը հրապարակել է դատավճիռը: Դատավճիռը հրապարակվել է կայքում 27.06.2024 թվականին:

4.6. Վերոնշյալ դատական նիստերից 3-ը հետաձգվել են պաշտպանների չներկայանալու պատճառով, 7-ը հետաձգվել են Դատարանի՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու պատճառով, 4-ը հետաձգվել են դատավորի արձակուրդում գտնվելու, դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու, ժամանակավոր անաշխատունակության վիճակում լինելու և հարուցված կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում դատական նիստին մասնակցելու պատճառներով:

4.7. Արդյունքում, Դատարանի կողմից գործի քննության տևողությունը կազմել է 3 տարի 2 ամիս 27 օր:

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից Միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների կողմից ներկայացված պատասխանները և առարկությունները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից միջին ծանրության հանցագործության վերաբերյալ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով 18 դատական նիստ նշանակելու և դրանցից 14-ը հետաձգելու արդյունքում այն ավելի քան երեք տարի քննելով թույլ է տրվել Դատավորի վարքագծի կանոնի խախտում,

5.2. եթե այո, ապա արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ,

5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված խախտումը համարվում է էական կարգապահական խախտում:

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի դիրքորոշումը և վերջինիս ներկայացուցիչների դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված Միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատության և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը8:

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա: Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումներն առանց ոչ խելամիտ հետաձգումների:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված ակտը գործի մասնակցին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

Տվյալ դեպքում թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով ամբաստանյալ Վազգեն Միքայելի Մանուկյանին մեղսագրվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու վերաբերյալ մեղադրանք, որը 01.04.2021 թվականին Դատարանի կողմից նշանակվել է դատական քննության:

Ամբաստանյալ Վազգեն Միքայելի Մանուկյանին մեղսագրված արարքը ըստ Քրեական օրենսգրքի դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին միաժամանակ քրեական գործի սուբյեկտային շրջանակը սահմանափակված է միայն, որպես ամբաստանյալ ներգրավված անձ՝ Վազգեն Միքայելի Մանուկյանով, որպիսի հանգամանքն ինքնին օբյեկտիվորեն Դատարանին հնարավորություն է տվել բավարար ջանասիրության դրսևորման արդյունքում հասնելու գործի ողջամիտ ժամկետում քննության պահանջի կենսագործմանը, այնինչ Դատավորը, իր վարույթում գտնվող միջին ծանրության հանցագործության վերաբերյալ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործի շրջանակներում փորձաքննություն նշանակելու և վկաներ հարցաքննելու անհրաժեշտության բացակայության պայմաններում 18 դատական նիստեր նշանակելու և դրանցից 14-ը հետաձգելու արդյունքում թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործը ավելի քան 3 տարի 2 ամիս քննելով խախտել է այդ թվում նաև առանց արդարադատության շահերին վնասելու ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը լուծելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնը:

Խորհուրդը, ինչպես նախկինում իր կայացրած որոշումներում, սույն կարգապահական վարույթի շրջանակներում կրկին վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, փաստում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն և կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը: Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ դատարանները դատական նիստերի նշանակման պարբերականությունը և քանակը որոշելիս իրենց թիրախում ողջամտորեն պետք է ունենան ոչ միայն զուտ ժամանակագրական առումով կարճ խզմամբ հաջորդական նիստերի նշանակումը, այլ նաև ողջամիտ սեղմ ժամանակահատվածում նշանակված և տեղի ունեցած դատական նիստերի անցկացման միջոցով քրեական արդարադատության դատավարական վերջնարդյունք հանդիսացող դատավճռի ողջամիտ ժամկետում կայացումը:

Քննության ենթակա հարցի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում նաև արձանագրել, որ 30.08.2021 թվականի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» ԲԴԽ-65-Ո-165 որոշմամբ նախատեսված կարգով թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործի բարդության աստիճանի հաշվարկից պարզ է դառնում, որ այն վերոնշյալ որոշման տրամաբանության մեջ դասվում է բարդության «միջին մակարդակ» ունեցող քրեական գործերի շարքին, հետևաբար, այն ենթակա էր քննման մինչև 8 ամսվա ընթացքում, ինչից ևս իր հերթին հետևում է, որ ԵԴ/0336/01/21 քրեական գործի ավելի քան 3 տարի տևած լինելը պայմանավորված է նշանակված դատական նիստերի կայացման ուղղությամբ Դատավորի կողմից դրսևորված ոչ բավարար ջանասիրությամբ:

Ավելին, հարկ է ընդգծել, որ պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված մեղադրանք պարունակող գործերը քննվել են շուրջ 6 ամսից մինչև 8 ամսվա ժամանակահատվածում: Ընդ որում, հատկանշական է նաև այն, որ նշված գործերը նույնպես քննվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից և նշված քրեական գործերից մեկով, որի քննությունը տևել է 8 ամիս, ներգրավված են եղել շուրջ մեկ տասնյակի հասնող վկաներ: Սույն դեպքում, Դատավորի վարույթում գտնվող քրեական գործով, փորձաքննություն նշանակելու և վկաներ հարցաքննելու անհրաժեշտության բացակայության պայմաններում, ընդամենը մեկ մեղադրյալի ներգրավմամբ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքի շրջանակներում անհրաժեշտ գործողություններ կատարելու պայմաններում այն քննել է շուրջ 39 ամսում, այսինքն՝ շուրջ 5-6 անգամ ավելի երկար ժամանակահատվածում, քան նույն դատարանի այլ դատավորները, այն դեպքում, երբ հենց Դատավորի պնդմամբ սույն քրեական գործը դատական նիստում քննելու և ավարտելու համար պահանջվել է շուրջ 7 ժամ:

Նշվածի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում անդրադառնալ Դատավորի կողմից ներկայացված տարեկան աշխատանքային ժամերի, տարվա ընթացքում վարույթում գտնված գործերի քանակի, ինչպես նաև մեկ քրեական գործի քննությանը որոշակի ժամանակ տրամադրելու իր հնարավորությանը և հարկ է համարում արձանագրել, որ ընդհանրապես Դատավորի վարույթում առկա չավարտված գործերի քանակը և դրա արդյունքում յուրաքանչյուր քրեական գործով ապացույցների ուսումնասիրությունը և դատավճռի կայացումը՝ վարույթում առկա մյուս քրեական գործերի քննության ընթացքի վրա նվազագույն ազդեցությամբ կազմակերպելու հանգամանքն ուղղակի կապի մեջ է աշխատաժամանակի արդյունավետ կառավարման կարողության հետ, ինչն իր օրենսդրական ամրագրումը ստացել է ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնի շրջանակներում, ինչից հետևում է, որ Դատավորը որպես դատական իշխանության կրող սուբյեկտ ի պաշտոնե գործելիս պարտավոր է իր գործունեության արդյունավետ կազմակերպմամբ գործնականում իրացնել ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վերաբերյալ իրեն վերագրված վարքագծի կանոնը:

Վերոնշյալի համատեքստում Խորհուրդը էական է համարում նաև անդրադառնալ Դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցուցակից ժամանակավորապես՝ 6 ամսով, հանելու վերաբերյալ Դատավորի փաստարկին և արձանագրել, որ Խորհրդի նման մոտեցումը պայմանավորված է հանրային շահով և նպատակ է հետապնդում դատավորին բավարար ժամանակ տրամադրելու միջոցով ապահովել դատավորի վարույթում կուտակված գործերի ողջամիտ ժամկետում քննությունը: Ընդ որում, գերադասելով հանրային շահը, արդարադատության իրականացման ձգձգման վատթար հետևանքները դատական համակարգի համար, ինչպես նաև հանրային անվստահության առաջացման հնարավոր ռիսկը արդարադատության ողջ համակարգի նկատմամբ, Խորհուրդը կայացնում է նման որոշումներ նաև ի հաշիվ այլ դատավորներին մակագրվող քրեական գործերի թվի աճի: Ավելին, յուրաքանչյուր դեպքում, Խորհուրդը կարևորում է դատավորի աշխատանքի արդյունավետությունը բնութագրող՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ կառավարման ունակության, ողջամիտ ժամկետում գործեր քննելու ու դատական ակտեր կայացնելու և աշխատանքի պլանավորման գործնական կարողությունները, քանի որ հակառակ պարագայում կարող է ձևավորվել մասնավոր շահը հանրային շահին ստորադասելու ընկալում, որը հարիր չէ դատավորի բարձր պաշտոնին:

Վերոգրյալի հաշվառմամբ, այդ թվում՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ կառավարման ունակության և աշխատանքի պլանավորման գործնական կարողությունների համատեքստում, Խորհուրդն ավելորդ է համարում անդրադառնալ առանձին դատական նիստերի հետաձգման և/կամ չկայացման հանգամանքներին, ինչպիսիք են օրինակ, թիվ ԵԴ1/0202/01/23 քրեական գործով 23.02.2024 թվականին ժամը՝ 15:00-ին նշանակված և ըստ ներկայացված դատական նիստի արձանագրության 15:31-ին ավարտված լինելու պայմաններում, նույն օրը ժամը 17:00-ին թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով նշանակված դատական նիստի հետաձգման մասին մինչ նիստի մեկնարկը մեկ ժամից ավելի ժամանակի առկայության պարագայում վարույթի մասնակիցներին նիստի հետաձգման մասին տեղեկացնելու հարցին կամ թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով 06.10.2023 թվականի ժամը 16:30-ի դատական նիստի հետաձգմանը, երբ 06.10.2023 թվականին՝ 15:45-ից մինչև 16:50 քննված թիվ ԵԴ/0600/01/23 քրեական գործով դատական նիստի ընթացքում՝ ժամը՝ 16:25 «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում լրացված լինելու հանգամանքը վկայող ապացույցների հերքման նպատակով՝ Դատավորի կողմից ներկայացված թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով 06.10.2023 թվականի նիստը նախապես նշանակված լինելու մասին գրառում պարունակող նոթատետրի պատճենին, հատկապես, որ որպես նիստի նախապես նշանակված լինելու և կողմերին պատշաճ ծանուցած լինելը վերոնշյալ գրառումները պարունակող նոթատետրի պատճենի հիման վրա Խորհրդի կողմից հաստատված համարելու պարագայում անգամ անաչառ դիտորդի տեսանկյունից իրատեսական է մնում Դատավորի գործողությունների/անգործության արդյունքում դատավորի/դատարանի անկախության ու անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածների առաջացման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է ընթացիկ դատական գործի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու արդյունքում Դատավորի հանրային, մասնագիտական հեղինակության վրա ազդեցության, ինչպես նաև դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության խաթարման հավանականության մասին Դատավորի փաստարկներին, ապա նախ հարկ է արձանագրել, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ Լիազոր մարմնի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել, ի թիվս այլնի, դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով, միաժամանակ կարգապահական վարույթի հարուցման հնարավորությունը չպայմանավորելով գործով եզրափակիչ դատական ակտի առկայությամբ, հետևաբար ընթացիկ դատական գործի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու արդյունքում Դատավորի հանրային, մասնագիտական հեղինակության վրա ազդեցության, ինչպես նաև դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության խաթարման հավանականության մասին Դատավորի դատողություններն ակնհայտ անհիմն են:

Անդրադառնալով թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով կայացված դատավճիռը ո՛չ մեղադրանքի, և ո՛չ պաշտպանության կողմի կողմից ողջամիտ ժամկետների խախտման հիմքով վերաքննիչ դատարանում բողոքարկված չլինելու և թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործի շուրջ 3 տարի քննության արդյունքում որևէ բացասական հետևանք առաջացած չլինելու մասին Դատավորի և Դատավորի ներկայացուցիչների պնդումներին, Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ԵԴ/0336/01/21 քրեական գործով կայացված դատավճիռը ո՛չ մեղադրանքի և ո՛չ պաշպանության կողմի կողմից ողջամիտ ժամկետների խախտման հիմքով վերաքննիչ դատարանում բողոքարկված չլինելու հանգամանքն ինքնին չի կարող բացառել դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտումների առկայության պարագայում, դատախազի կողմից զեկուցագիր ներկայացնելու միջոցով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ հարուցելու հարցով լիազոր մարմնին դիմելու հնարավորությունը, հատկապես, որ նման բարդության գործն ավելի քան 3 տարի քննելն ինքնին կասկածի տակ է դնում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը և չի բացառում գործի ողջամիտ ժամկետներում քննության սկզբունքի խախտման արդյունքում իրավական բացասական հետևանքների առաջացումը:

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացուցչի այն փաստարկին, որ Եվրոպայի խորհրդի CM/REC/(2010)12 հանձնարարականի Բացատրական զեկույցի 69-րդ կետի համաձայն՝ Լիազոր մարմինը պետք է Միջնորդության հիմնավորումներում քննարկման առարկա դարձնել դատավոր Վ. Միսակյանի անհատական վարքագծի որակները, քանի որ հանրային վստահությունը ներառում է նաև դատավորի անհատական վարքագծի որակները, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանձնարարականի բացատրական զեկույցի մեջբերումը զետեղված է դատավորների էթիկային վերաբերող մասում, ընդ որում՝ նույն Բացատրական զեկույցում ընդգծվել է, որ. «71. Էթիկական սկզբունքները պետք է ամրագրվեն դատավորների էթիկայի կանոնագրքերում: Որոշ պետություններում նման «օրենսգրքերը» ներառում են դատավորների կարգապահական ռեժիմը, սակայն էթիկայի չափանիշները չպետք է շփոթել կարգապահական ռեժիմի հետ: Էթիկայի չափանիշները նպատակ ունեն օպտիմալ կերպով հասնել լավագույն մասնագիտական պրակտիկայի, մինչդեռ կարգապահական ռեժիմները ըստ էության նախատեսված են պարտականությունները չկատարելու համար պատժամիջոցներ կիրառելու համար (Հանձնարարական, պարագրաֆ 73):»9:

Տվյալ դեպքում, Դատավորին վերագրվել են Օրենսգրքով սահմանված 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վարքագծի կանոնների խախտումները, այն է՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը: Ընդ որում, Օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված է հստակ արգելք առ այն, որ էթիկայի կանոնների խախտումը չի կարող հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք և նույն հոդվածով սահմանված է, որ դատավորի էթիկայի կանոնները դատավորի անձնական և վարքագծային սահմանափակումներ են, որոնք դատավորն ընդունում է գիտակցաբար և ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել դատավորի և դատական իշխանության հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը:

Միաժամանակ անդրադառնալով «հանրային վստահության» կոմպոնենտին՝ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ միջազգայնորեն ընդունված «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» ("Justice delayed is justice denied") գաղափարը կայանում է նաև նրանում, որ դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել ոչ միայն «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար, այլ նաև դատավորի/դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև դատավորի/դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Հատկանշական է, որ Դատավորի ներկայացուցչի կողմից վկայակոչված Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանը կարևորել է ժողովրդավարական հասարակությունում դատարանների նկատմամբ վստահության առկայությունը՝ հիշատակելով հայտնի անգլիական ասացվածքը, ըստ որի՝ «արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ մարդիկ պետք է տեսնեն և իմանան, որ այն իրականացվում է» («justice must not only be done, it must also be seen to be done»)10:

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացուցչի դիտարկմանը, որ կարգապահական պատասխանատվության իրավական հիմքերը պետք է լինեն օրենքով սահմանված՝ համապատասխանելով իրավական նորմերի կանխատեսելիության, որոշակիության պահանջներին, հետապնդեն 8-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված իրավաչափ նպատակներից մեկը կամ մի քանիսն ու անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքերը հստակ ամրագրված են Օրենսգրքի 142-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1488 որոշումից հետո Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ որոշմամբ ամրագրված դիրքորոշումների ներքո ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվել է որոշակիության պահանջին, ավելին՝ նշված կարգավորումները միանշանակ հետապնդում են իրավաչափ նպատակ և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում, և հենց վերոնշյալի համատեքստում Խորհուրդը հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը հանդիսանում է դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ և անկախ, անաչառ ու հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են: Հետևաբար, ինչպես նշում է Վենետիկի հանձնաժողովը, եթե դատավորի սխալ վարքագիծը ունակ է թուլացնելու դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը, ապա հանրության շահերից է բխում այդ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը11:

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացուցչի կողմից վկայակոչված Տուլեյան ընդդեմ Լեհաստանի գործին, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ նշված գործով Եվրոպական դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, վկայակոչելով Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի գործով նախկինում հայտնած դիրքորոշումներն արձանագրել է, որ Դիմումատուն չէր կարող կանխատեսել, որ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի իր որոշման պատճառների բանավոր հայտարարությունը կարող է հանգեցնել հետապնդումից իր անձեռնմխելիության վերացմանը և նրան հեռացնելուն12: Հիմք ընդունելով վերոգրյալը, Եվրոպական Դատարանը գտել է, որ կանխատեսելիության պայմանը չի բավարարվել և խնդրո առարկա միջամտությունը «օրենքով նախատեսված» չի եղել։ Հետևաբար, հաշվի առնելով Օրենսգրքի հստակ իրավակարգավորումները, Խորհրդի կողմից ձևավորված պրակտիկան, այդ թվում՝ գործերի ողջամիտ ժամկետների պահպանման կարևորության համատեքստում, տվյալ դեպքում, Դատավորի ներկայացուցչի կողմից վկայակոչված նախադեպային որոշումը կիրառելի չի կարող լինել:

Նույնը վերաբերում է Դատավորի ներկայացուցչի կողմից վկայակոչված Օլեկսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործին, որի դեպքում Եվրոպական դատարանը կրկին արձանագրել է, որ Դիմումատուի գործի ժամանակ չկային կանոններ կամ պրակտիկա, որոնք ապահովում էին «երդման խախտման» հասկացության հետևողական մեկնաբանությունը, և չկային համապատասխան ընթացակարգային երաշխիքներ՝ կանխելու համապատասխան դրույթների կամայական կիրառումը: Մասնավորապես, Եվրոպական դատարանը արձանագրել է, որ ներպետական օրենսդրությունը չի պարունակում դատավորի դեմ «երդման խախտման» համար վարույթ հարուցելու ժամկետ, ինչը կարգապահական մարմինների հայեցողությունը դարձնում է անսահմանափակ և խաթարում իրավական որոշակիության սկզբունքը։ Ավելին, ազգային օրենսդրությունը չի սահմանել կարգապահական խախտումների համար կիրառելի պատժամիջոցներ և չկան կանոններ, որոնք կապահովեն դրանց կիրառումը համաչափության սկզբունքին համապատասխան, ինչպես նաև բացակայում էր «երդման խախտման» պատճառով լիազորությունների դադարեցման վերաբերյալ բողոքների անկախ և անկողմնակալ վերանայման համար համապատասխան հիմքը13։

Վերոնշյալ հիմնավորումներով Խորհուրդը փաստում է, որ Դատավորը բարդության «միջին մակարդակ» ունեցող թիվ ԵԴ/0336/01/21 քրեական գործով փորձաքննություն նշանակելու, վկաներ հարցաքննելու, ինչպես նաև առանձնակի բարդություն ներկայացնող դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտության բացակայության պայմաններում 18 դատական նիստ նշանակելու՝ դրանցից 14-ը հետաձգելու արդյունքում այն ավելի քան 3 տարի 2 ամիս քննելով խախտել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված, այն է՝ առանց արդարադատության շահերին վնասելու ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը լուծելու վերաբերյալ դատավորի վարքագծի կանոնը, ինչպես նաև դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու կանոնը, ինչն իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքի պահպանված լինելու հարցը որոշող գործոնների14 գնահատման տեսանկյունից Դատավորի գործողությունների/անգործության գնահատումը դարձնում է ոչ նպատակահարմար:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատարանի նման վարքագծի դրսևորումն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ողջամտորեն կասկած հարուցել նաև Դատարանի անկախության ու անաչառության հարցում, դրանով իսկ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորն ունեցել է կարգապահական տույժ, մասնավորապես Խորհրդի 04.04.2024թ. թիվ ԲԴԽ-23-Ո-Կ-3 որոշմամբ Դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ նրա նկատմամբ կիրառվել է խիստ նկատողությունը, որպես կարգապահական տույժ:

Խորհուրդը նաև արձանագրում է, որ Օրենսգիրք 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Օրենսգրքի 142–րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝ երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Այսպիսով, Դատավորի կողմից մեկ խիստ նկատողություն ունենալու պարագայում կարգապահական խախտում թույլ տալը համարվում է էական կարգապահական խախտում, որն էլ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով հանգեցնում է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ մասի 3-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

________________________________

1 Ընդունվել է 01.07.1998 թվականին, ուժի մեջ է մտել 12.01.1999 թվականին և ուժը կորցրել է 01.07.2022 թվականին:

2 Տե՛ս Lorenzi, Bernardini and Gritti v. Italy գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1992 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 13301/87, կետ 16:

3 Տե՛ս Ruiz-Mateos v. Spain գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1993 թվականի հունիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 12952/87, կետ 41:

4 Տե՛ս Beaumartin v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1994 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 15287/89, կետ 33:

5 Հասանելի է հետևյալ հղումով՝ https://court.am/hy/disciplinary/3:

6 Տե՛ս, Sürmeli-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], 2006, § 129։ Pafitis -ը և այլք ընդդեմ Հունաստանի, 1998, § 93։ Tierce-ն ընդդեմ Սան Մարինոյի, 2003, § 31:

7 07.02.2022թ., 20.10.2022թ., 24.01.2023թ., 29.05.2023թ., 06.10.2023թ. և 23.02.2024թ. դատական նիստեր

8 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:

9 Տես, Recommendation CM/Rec(2010)12 and Explanatory Memorandum, https://rm.coe.int/cmrec-2010-12-on-independence-efficiency-responsibilites-of-judges/16809f007d:

10 Տե՛ս, Denisov v. Ukraine, no. 76639/11, § 63, ECHR 2018, Morice v. France [GC], no. 29369/10, § 78, ECHR 2015:

11 Տե՛ս, COMPILATION OF VENICE COMMISSION OPINIONS AND REPORTS CONCERNING COURTS AND JUDGES, Strasbourg, 12 July 2019 CDL-PI(2018)008, էջ 32:

12 Տե՛ս, Denisov v. Ukraine, no. 76639/11, § 453, ECHR 2018:

13 Տե՛ս, Oleksandr Volkov v. Ukraine, no. 21722/11, § 165-187, ECHR 2013:

14 Գործի բարդություն, դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքներ, իրավասու մարմինների վարքագիծ, դիմումատուի վարքագիծ:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 
Անդամներ`

 

 

 

 

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Կ. Թումանյան

Ե. Թումանյանց

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Էդ. Հովհաննիսյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան