«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2011 թ. |
թիվ 55-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը, 46-րդ հոդվածի 1-ին մասը, «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ 9) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) Կանոնակարգի 9-ը 2.2 կետից հետո լրացնել նոր կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«2.3. Նույն թողարկման թղթադրամներ` նույն դիզայնով և նույն չափերով տարբեր տարիներին թողարկված ՀՀ թղթադրամներ, որոնք կարող են ունենալ միմյանցից տարբերվող պաշտպանական հատկանիշներ:
2.4. Նույն թողարկման մետաղադրամներ` նույն չափերով տարբեր տարիներին թողարկված ՀՀ մետաղադրամներ, որոնք կարող են ունենալ միմյանցից տարբերվող պաշտպանական հատկանիշներ:
2.5. Թղթադրամների և մետաղադրամների փաթեթավորում` թղթադրամների կամ մետաղադրամների միավորում ամբողջական և/կամ ոչ ամբողջական արմատների, գլանակների, այնուհետև ծրարների կամ պարկերի մեջ` գրանցելով համապատասխան վավերապայմաններ:»:
2) Կանոնակարգ 9-ի Կանոն 6-ը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կանոն 6. Հայաստանի Հանրապետության թղթադրամների և մետաղադրամների փաթեթավորումը բանկերում
6.1. Բանկերում թղթադրամները և մետաղադրամները փաթեթավորվում են բացառապես սույն կանոնի պահանջներին համապատասխան:
6.2. Բանկերում թղթադրամները և մետաղադրամները փաթեթավորվում են գանձապահների կողմից ավտոմատ փաթեթավորող համակարգերի (այսուհետ` Ավտոմատ համակարգ) և/կամ ձեռքի աշխատանքի միջոցով:
6.3. Շրջանառության համար պիտանի և հնամաշ թղթադրամներն ու մետաղադրամները փաթեթավորվում են առանձին:
6.4. Նույն անվանական արժեքով, նույն թողարկման 100 հատ թղթադրամը, համապատասխան փաթեթաթղթով փաթեթավորված, համարվում է մեկ ամբողջական արմատ: Փաթեթաթղթի վրա նշվում են փաթեթավորող բանկի (բանկի մասնաճյուղում փաթեթավորվելու դեպքում` նաև բանկի մասնաճյուղի) անվանումը, թղթադրամի անվանական արժեքը, գումարը թվերով, փաթեթավորման օրը, ամիսը և տարին, փաթեթավորող գանձապահի անունը, ազգանունը կամ անվանական դրոշմակնիքը, ստորագրությունը:
6.5. Նույն անվանական արժեքի թղթադրամների տասը ամբողջական արմատից ձևավորված փաթեթը համարվում է մեկ ամբողջական կապոց:
6.6. Նույն անվանական արժեքի թղթադրամների ամբողջական արմատները, որոնցից հնարավոր չէ ձևավորել ամբողջական կապոց, ձևավորվում է որպես ոչ ամբողջական կապոց: Նույն անվանական արժեքի թղթադրամների ամբողջական և ոչ ամբողջական արմատներից կամ նույն անվանական արժեքի մեկ ոչ ամբողջական արմատից ձևավորված կապոցը ևս համարվում է ոչ ամբողջական կապոց, որը չի կարող պարունակել 1000 և ավելի հատ թղթադրամ:
6.7. Ամբողջական և ոչ ամբողջական կապոցները համալրվում են համապատասխան վրադիրով կամ պիտակով: Վրադիրի կամ պիտակի վրա նշվում են փաթեթավորող բանկի (բանկի մասնաճյուղում փաթեթավորվելու դեպքում` նաև բանկի մասնաճյուղի) անվանումը, թղթադրամի անվանական արժեքը, գումարը թվերով, փաթեթավորման օրը, ամիսը և տարին, փաթեթավորող գանձապահի անունը, ազգանունը կամ անվանական դրոշմակնիքը, վրադիրի դեպքում նաև ստորագրությունը: Ոչ ամբողջական կապոցի վրադիրի կամ պիտակի աջ անկյունում նշվում են նաև «ոչ ամբողջական» բառերը:
6.8. Նույն գանձապահի կողմից տարբեր ամսաթվերին փաթեթավորված կամ տարբեր գանձապահների կողմից փաթեթավորված նույն անվանական արժեքի թղթադրամների արմատներից ձևավորված ամբողջական կամ ոչ ամբողջական կապոցը համարվում է հավաքական: Հավաքական կապոցները համալրվում են համապատասխան վրադիրով կամ պիտակով, որի վրա նշվում են փաթեթավորող բանկի և մասնաճյուղի անվանումը, անվանական արժեքը, գումարը թվերով, փաթեթավորման օրը, ամիսը և տարին, փաթեթավորող գանձապահի անունը, ազգանունը կամ անվանական դրոշմակնիքը, վրադրի դեպքում նաև ստորագրությունը, ինչպես նաև աջ անկյունում նշվում է ամբողջական կապոցների համար «հավաքական», իսկ ոչ ամբողջականի համար` «ոչ ամբողջական հավաքական» բառերը:
6.9. Գանձապահները թղթադրամները փաթեթավորում են յուրաքանչյուր անվանական արժեքի թղթադրամի համար նախատեսված փաթեթաթղթերով և վրադիրներով` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 13-ի:
6.10. Թղթադրամները Ավտոմատ համակարգով փաթեթավորելու դեպքում կարող են օգտագործվել առանց գունային տարբերակումների փաթեթաթղթեր, որոնց համար սույն կանոնի 6.4 կետում սահմանվող վավերապայմանները պարտադիր չեն:
6.11. Թղթադրամների կապոցները փաթեթավորվում են պոլիէթիլենային ծրարներով: Արմատները փաթեթավորվում են միայն լայնակի:
6.12. Թղթադրամների կապոցները գանձապահների կողմից փաթեթավորելու դեպքում լայնակի փաթեթավորված թղթադրամների արմատները և վրադիրը պոլիէթիլենային ծրարների մեջ տեղադրելուց հետո ծրարի բաց եզրը եռակցվում է` ծրարի վրա դրոշմելով փաթեթավորող բանկի կոդը (նշանը): Ավտոմատ համակարգերի միջոցով փաթեթավորելու դեպքում պիտակի տեղադրումից հետո ծրարի բաց եզրը միայն եռակցվում է:
6.13. Տարբեր թողարկումների նույն անվանական արժեքով թղթադրամները նույն արմատում չեն փաթեթավորվում:
6.14. Կենտրոնական բանկ հանձնելու դեպքում`
1) 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները փաթեթավորվում են միայն ամբողջական կապոցներով,
2) 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամները կարող են փաթեթավորվել ոչ ամբողջական կապոցներով, սակայն ոչ պակաս, քան ամբողջական արմատներով,
3) 500 դրամ, 20000 դրամ, 50000 դրամ և 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամները կարող են փաթեթավորվել թղթադրամների փաստացի առկա քանակի չափով:
6.15. Նույն անվանական արժեքով, նույն թողարկման մետաղադրամները փաթեթավորվում են առանց արտաքին կարերի կտորե պարկերում: Յուրաքանչյուր պարկին ամրացվում է պիտակ, որի վրա նշվում է փաթեթավորող բանկի (բանկի մասնաճյուղում փաթեթավորվելու դեպքում` նաև բանկի մասնաճյուղի) անվանումը, մետաղադրամի անվանական արժեքը, գումարը թվերով, փաթեթավորման օրը, ամիսը և տարին, փաթեթավորող գանձապահի անունը, ազգանունը կամ անվանական դրոշմակնիքը, ստորագրությունը:
6.16. Նույն անվանական արժեքով, նույն թողարկման մետաղադրամները կարող են փաթեթավորվել նաև պոլիէթիլային փաթեթներում: Մետաղադրամները և սույն կանոնի 6.15 կետի վավերապայմաններով վրադիրը պոլիէթիլենային ծրարների մեջ տեղադրելուց հետո ծրարի բաց եզրը եռակցվում է` ծրարի վրա դրոշմելով փաթեթավորող բանկի կոդը (նշանը):
6.17. Մետաղադրամները նախքան պարկերի մեջ տեղադրելը փաթեթավորվում են թղթե կամ պոլիէթիլենային փաթեթներում` յուրաքանչյուր ծրարում 100 հատ մետաղադրամ:
6.18. Նույն անվանական արժեքով, նույն թողարկման 50 հատ մետաղադրամները կարող են նաև համապատասխան փաթեթաթղթով փաթեթավորվել գլանակների տեսքով: Գլանակի փաթեթաթղթի վրա նշվում է փաթեթավորող բանկի (բանկի մասնաճյուղում փաթեթավորվելու դեպքում` նաև բանկի մասնաճյուղի) անվանումը, մետաղադրամի անվանական արժեքը, գումարը թվերով:
6.19. Պարկերում փաթեթավորվող մետաղադրամները Կենտրոնական բանկ հանձնելու դեպքում Բանկերի կողմից կարող են փաթեթավորվել առանց սույն կանոնի 6.17 կետով նախատեսված թղթե կամ պոլիէթիլենային փաթեթների մեջ տեղադրելու:
6.20. Մետաղադրամները պարկերում տեղադրելուց հետո`
1) կապվում են լարանով` պիտակի հետ միասին, և ծայրերն ամրակցվում կապարակնիքով, կամ
2) կնքվում են միանգամյա օգտագործման համարակալված կնիքով` պիտակի հետ միասին:
6.21. Գլանակների տեսքով փաթեթավորված մետաղադրամները փաթեթավորվում են ինչպես կտորե պարկերում, այնպես էլ պոլիէթիլենային ծրարներով, յուրաքանչյուրում 20 հատ գլանակ, որի մեջ դրվում է սույն կանոնի 6.15 կետի վավերապայմաններով վրադիր:
6.22. Պոլիէթիլենային ծրարների մեջ գլանակները տեղադրելուց հետո ծրարի բաց եզրը ամրակցվում է` ծրարի վրա դրոշմելով փաթեթավորող բանկի կոդը (նշանը):
6.23. Կենտրոնական բանկ հանձնվող մետաղադրամները բանկերի կողմից փաթեթավորում են միայն ամբողջական կտորե պարկերով կամ պոլիէթիլային ծրարներով` սույն կանոնի 6.24 կետով նախատեսված սահմանաչափերով:
6.24. Կենտրոնական բանկ հանձնելու համար մետաղադրամները պարկերով կամ պոլիէթիլային ծրարներով փաթեթավորելու համար սահմանվում են հետևյալ սահմանաչափերը.
10 լումա |
- 300 դրամ |
10 դրամ |
- 10’000 դրամ |
6.25. Հնամաշ, շրջանառությունից հետ կանչված, անվճարունակ, ինչպես նաև կեղծ թղթադրամները և մետաղադրամները անկախ անվանական արժեքից պետք է փաթեթավորել թղթադրամների/մետաղադրամների փաստացի առկա քանակի չափով: Հնամաշ թղթադրամների արմատների փաթեթաթղթի, հնամաշ թղթադրամների կապոցի վրադիրի կամ պիտակի, հնամաշ մետաղադրամների պարկի պիտակի աջ անկյունում նշվում է նաև «Հնամաշ» բառը: Անվճարունակ կամ կեղծ դրամանիշերի փաթեթի վրա նշվում են համապատասխանաբար «Անվճարունակ» կամ «Կեղծ» բառերը:
6.26. Հիշատակային մետաղադրամները փաթեթավորվում են առանձին պարկերով, յուրաքանչյուր պարկում 1000 հատ մետաղադրամ:
Հիշատակային մետաղադրամների պարկերին ամրացվում է պիտակ, որի վրա նշվում են սույն կանոնի 6.15 կետի վավերապայմանները, ինչպես նաև` հիշատակային մետաղադրամի անվանումը:
6.27. Եթե հիշատակային մետաղադրամների չափերը համապատասխանում են շրջանառու մետաղադրամների չափերին, ապա այդ մետաղադրամները կարող են փաթեթավորվել միասին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մարտի 15 |