ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ |
ՎԲ-187/07 |
դատարանի դատավճիռ կայացրած կազմը |
|
Նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան |
|
Դատավորներ` Կ. Ղազարյան, Մ. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Դ. Ավետիսյանի | |
|
Հ. Ասատրյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղար |
Ա. Աբրահամյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Ա. Աշրաֆյանի |
2007 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Արտավազդի Դանիելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 19-ի դատավճռի դեմ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գարեգին Մարգարյանի միջոցով դատապարտյալ Տիգրան Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի դատավճռով Տիգրան Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով ու դատապարտվել ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով` 10 (տասը) տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավմամբ, 235-րդ հոդվածի 3-րդ մասով` 5 (հինգ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավմամբ: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված պատիժը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով, անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի, քան հանցագործությամբ հասցված վնասի չափը: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է նախորդ դատավճռով նշանակված պատժի կրած մասը, և պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի հուլիսի 21-ից:
Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արտակ Զարզանդի Դանիելյանը, Գուրգեն Ռադուբի Համբարձումյանը, Գևորգ Վազգենի Ավդալյանը, Արտավազդ Զարզանդի Դանիելյանը, Քաջիկ Արարատի Կիրակոսյանը:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, Տիգրան Դանիելյանի, Գևորգ Ավդալյանի, Արտակ Դանիելյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը, 2007 թվականի մարտի 19-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի դատավճիռը թողել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գ.Մարգարյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով ընդունվել է վարույթ:
2. Գործի փաստական հանգամանքները.
Հափշտակություններ կատարելու համար նախկինում լինելով երկու անգամ դատապարտված` Տիգրան Դանիելյանը 11.09.2003 թվականի պատժի կրումից պայմանական վաղակետ ազատվելուց հետո, քաղաքացիների գույքը ավազակային հարձակման միջոցով հափշտակելու նպատակով 2004 թվականի հունվարի սկզբներին ստեղծել է կազմակերպված խումբ, որում ընդգրկել է իր եղբոր որդիներ` Արտակ և Արտավազդ Դանիելյաններին, քրոջ որդուն` Գևորգ Ավդալյանին, Գուրգեն Համբարձումյանին, Միքայել Ղուկասյանին, գործով չպարզված այլ անձանց, ղեկավարել խմբի գործողությունները և 2004 թվականի հունվար-հուլիս ամիսներին խմբի տարբեր կազմերով կատարել ավազակություններ: Այսպես`
2003 թվականի վերջերին Գ.Համբարձումյանից տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչ Հովակիմ Օհանջանյանը վաճառել է Թումանյան փողոցի 19-րդ շենքի 30-րդ բնակարանը և ունի 33.000 ԱՄՆ դոլար` Տ.Դանիելյանն առաջարկել է Արտավազդ և Արտակ Դանիելյաններին ու Գ.Ավդալյանին զինված ավազակային հարձակմամբ հափշտակել այդ գումարը: Մշակվել է պլան, համաձայն որի` Տ.Դանիելյանը պետք է սպասեր շենքի մուտքի մոտ, իսկ մյուները զինված և դիմակավորված ներխուժեին բնակարան:
2004 թվականի հունվարի 5-ին` ժամը 19-ի սահմաններում, այդ կազմով գալով հիշյալ շենքի մոտ` բացառությամբ Արտակ Դանիելյանի` դիմակավորվել են ու զինվել դանակներով, իսկ Գ.Ավդալյանը` նաև ատրճանակով, երեքով ապօրինի մուտք գործելով թիվ 30 բնակարանը` զենքերի և տաքացրած արդուկի օգտագործման սպառնալիքով Հ.Օհանջանյանից, նրա կնոջից` Անժելիկա Աշուղյանից և նրանց դուստր Շուշանիկ Օհանջանյանից պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարը, որը չստանալով` հեռախոսի լարերով կապել են վերջիններիս, նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով շուրջ 1,5 ժամ ծեծի են ենթարկել Հ.Օհանջանյանին ու համոզվելով, որ պահանջված գումարը տանը չէ` հափշտակել են տանը գտնվող 560.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույք:
2004 թվականի գարնանը Տ.Դանիելյանը, Գ.Համբարձումյանի միջոցով ծանոթանալով Արարատ քաղաքի բնակիչ Քաջիկ Կիրակոսյանի հետ և նրանից ստանալով տեղեկություններ նույն քաղաքի ոսկերչական սրահի սեփականատեր Ալիկ Խաչատրյանի վերաբերյալ, որոշել է ավազակային հարձակում գործել Ա.Խաչատրյանի բնակարանի վրա և հափշտակել նրա ունեցվածքը: Իր հանցավոր մտահաղացումն իրականացնելու նպատակով նա և հանցավոր խմբում ընդգրկված Մ.Ղուկասյանը, Արտավազդ Դանիելյանը, Գ.Ավդալյանը 21.05.04 թ. ժամը 2340-ի սահմաններում դիմակավորված մուտք են գործել Ա.Խաչատրյանի բնակարան, հարձակվել վերջինիս, նրա կնոջ` Հասմիկ Վարդանյանի, դստեր` Տաթևիկ Խաչատրյանի վրա` սպառնալու նպատակով օգտագործելով խաղալիք ատրճանակ, որպես զենք օգտագործելով դանակներ, գազի մետաղական բալոն, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու նրանց պատճառելով թեթև վնաս` հափշտակել են 935.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույք:
Այնուհետև, Տ.Դանիելյանը, Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Գրիգորյանից տեղեկություններ ստանալով այն մասին, որ համաքաղաքացի Աշոտ Յուզբաշյանը տանը ունի 30-40 հազար ԱՄՆ դոլար, 2004 թվականի հունիսի 10-ի գիշերը Գ.Ավդալյանի ու Գ.Համբարձումյանի հետ, դիմակավորված, Տ.Դանիելյանը` զինված ավտոմատ հրազենով, իսկ Գ.Ավդալյանը` դանակով և մահակով, պատուհանից ապօրինի մուտք են գործել Ա.Յուզբաշյանի բնակարան, վերջինիս և ընտանիքի անդամների կյանքին ու առողջությանը վտնագավոր բռնություն գործադրելով ու թեթև վնաս պատճառելով` հրազենի ու դանակի գործադրմամբ հափշտակել խոշոր չափի` 2.783.886 ՀՀ դրամին համարժեք 5.100 ԱՄՆ դոլար և 42.000 ՀՀ դրամ:
Դրանից հետո` Տ.Դանիելյանը և Գ.Համբարձումյանը 2004 թվականի հուլիսի 9-ին` ժամը 230-ի սահմաններում, ավտոմատ հրազենով և դանակներով զինված ու դիմակավորված, ավազակային հարձակում են գործել Երևան քաղաքի Գրիբոյեդով 60 հասցեում գտնվող «Հախվերդյան շինմոնտաժ» ԲԲԸ-ի վրա, մտել ընկերության գրասենյակ, հարձակվել պահակ Ռ.Ավագյանի վրա, նրան կապել աթոռին և տեխնիկական սարքերի գործադրմամբ հափշտակել ընկերության տնօրեն Վ.Հախվերդյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 41.572.440 ՀՀ դրամին համարժեք 78.000 ԱՄՆ դոլարը, 1.500.000 ՀՀ դրամը, 20.000 ՀՀ դրամին համարժեք թուրքական լիրաներ, 1.598.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլարը, ընկերությանը պատկանող 1.800.000 ՀՀ դրամը և գանձապահ Ս.Մկրտչյանին պատկանող 160.000 ՀՀ դրամ արժողությամբ անվանական բաժնետոմսերը:
Բացի այդ, Տ.Դանիելյանն իրացնելու նպատակով ապօրինաբար ձեռք է բերել, պատրաստել և իր տանը պահել խոշոր չափի` 7,7 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Հիշյալ վերջին էպիզոդով ավտոմատ զենքի և դանակների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու, ինչպես նաև խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, պատրաստելու և պահելու համար Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով Տ.Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով, 268-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 67-րդ հոդվածներով սահմանված կարգով դատապարտվել է ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2004 թվականի հուլիսի 21-ից:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերը, գտնում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 19.03.2007 թվականի դատավճռով խախտվել է դատավարության մասնակցի` Տիգրան Դանիելյանի նյութական իրավունքը:
Համաձայն բողոքի`
1. Դատարանը Տ.Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով վերջնական պատիժ նշանակելիս խախտել է օրենքով սահմանված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի` հանցագործությունների համակցություն է համարվում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել: Տ.Դանիելյանի կողմից 2004 թվականի հունվար-հուլիս ամիսներին կատարած երեք ավազակային հարձակումները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով: 2004 թվականի հուլիսի 9-ին կատարած ավազակությունը նույնպես որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով: Այսինքն` տեղի է ունեցել հանցագործությունների կրկնակիություն` միևնույն հոդվածի կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանքի կատարում:
Ըստ բողոքի` ՀՀ քրեական օրենսգիրքը պատիժների լրիվ կամ մասնակի գումարում է նախատեսում միայն հանցանքների և դատավճիռների համակցության դեպքում: Հանցանքների կրկնակիության դեպքում պատիժը, անկախ դրվագների քանակից, նշանակվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայի սահմաններում: Այդ առումով Արարատի մարզի առաջին ատյանի դատարանն իր 2006 թվականի հուլիսի 12-ի դատավճռով նշանակված պատժին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված պատիժը մասնակիորեն գումարելիս ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասը կարող էր կիրառել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատժի նկատմամբ և չպետք է կիրառեր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով նշանակված պատժի նկատմամբ: Բացի այդ, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով Տ.Դանիելյանի նկատմամբ նշանակվել է այն ժամանակվա գործող օրենքով առավելագույն պատիժ` ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով, ուստի նախորդ դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով նշանակված պատիժը հաշվի առնելու հարցը` տվյալ հոդվածի մասով սանկցիայի սահմանափակվելու պատճառով կարող էր լուծվել միայն կլանելու միջոցով: Այսինքն` հանցանքների կրկնակիության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի սխալ կիրառումը հանգեցրել է Տ.Դանիելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի սահմանները գերազանցող պատժի նշանակման, որով խախտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը, և անձը ենթարկվել է անօրինական ու անարդարացի խիստ պատժամիջոցի:
2. Բացի այդ, Տ.Դանիելյանի նկատմամբ չպետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը:
ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով ավազակությունը որակվում է այն դեպքերում, երբ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունի: Այսինքն` տվյալ հանցակազմը որպես պարտադիր պայման է նախատեսում նշված հոդվածներով երկու և ավելի դատվածության առկայությունը: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի` ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի 18 տարին լրանալը: Այդ առումով որպես կրկնակի ռեցիդիվ և արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով որակող հատկանիշ չպետք է հաշվի առնվեր Տ.Դանիելյանի 04.12.1979 թվականի դատավճռով սահմանված դատվածությունը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով (գործող ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդված) հանցանքը նա կատարել է մինչև 18 տարին լրանալը: Հետևաբար, 14.12.1979 թ. դատավճռով Տ.Դանիելյանի դատվածությունը օրենքի ուժով` 1992 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ պետք է համարել մարված: Ուստի, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով Տ.Դանիելյանին առաջադրված մեղադրանքը պետք է հանել մեղադրանքի ծավալից:
Վերը նշված հիմնավորումներով վճռաբեկ բողոքում խնդրվում է Տ.Դանիելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 19-ի դատավճիռը բեկանել ու փոփոխել, այն է` ա) Տ.Դանիելյանի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը, բ) նրա մեղադրանքի ծավալից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված մեղադրանքն ու սահմանված պատժաչափը մեղադրանքի ծավալի նվազեցման առումով մեղմացնել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ավազակությունը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) առողջությանը ծանր վնաս պատճառելով,
4) սույն oրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից:
Այսինքն` մյուս ծանրացնող հանգամանքների շարքում դիտարկվում է նաև վերոհիշյալ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն առկա է, երբ անձը նախկինում երկու կամ ավելի անգամ դատապարտվել է միաբնույթ հանցագործությունների համար, և դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, ու անձը նորից կատարում է համասեռ հանցագործություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածը սահմանում է հանցագործությունների ռեցիդիվը, որի 4-րդ կետը սահմանում է, որ այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:
Ի տարբերություն նախկին` 1961 թվականի մարտի 7-ի օրենքով հաստատված քրեական օրենսգրքի` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգիրքը տարբերակված մոտեցում է դրսևորում չափահաս և անչափահաս տարիքում հանցանք կատարած անձանց դատվածության մարման հարցում: Ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 96-րդ հոդվածի` մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են`
1) մեկ տարվա` միջին ծանրության հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
2) երեք տարվա` ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
3) հինգ տարվա` առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո:
Համաձայն նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող oրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ oրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
Գործի տվյալներով հիմնավորվել է, որ Տ.Դանիելյանը Երևանի Սովետականի շրջանի ժողդատարանի 04.06.1979 թվականի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով: Նույն թվականի դեկտեմբերի 4-ին նա Աբովյանի շրջանի ժողդատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով, նույն օրենսգրքի 38-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով: Ընդ որում, վերոհիշյալ երկու հանցագործություններն էլ նա կատարել է անչափահաս տարիքում: Պատժի կրումից ազատվել է 31.10.1989 թվականին` ժամկետի լրացումով: Նոր հանցագործությունները, որոնց համար 3-րդ անգամ` ՀՀ Գերագույն դատարանի 28.11.1994 թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 15-2291-րդ հոդվածի 3-րդ և 232-րդ հոդվածի 1-ին մասերով դատապարտվել է ազատազրկման` 14 տարի ժամկետով, նա կատարել է 1994 թվականի ապրիլի 25-ին, այսինքն վերոհիշյալ պատժից ազատվելուց 4 տարի 25 օր հետո:
Պալատը գտնում է, որ Տ.Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք առաջադրելով ու այդ կետով դատապարտելով` ինչպես նախաքննական մարմինը, այնպես էլ դատարանները թույլ են տվել նյութական իրավունքի խախտում, քանի որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասով հանցանքը նա կատարել է մինչև 18 տարին լրանալը, հետևաբար այդ դատվածությունն օրենքի ուժով 1992 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ մարվել է: Ուստի, դատավճռից պետք է հանել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով դատապարտումը:
ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործությունների կրկնակիություն է համարվում սույն օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ հանցագործությունների համակցություն է համարվում`
1) սույն oրենսգրքի տարբեր հոդվածներով կամ նույն հոդվածի տարբեր մասերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն oրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածը վերաբերում է հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելուն, համաձայն որի`
1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցանքներից առավել ծանրի համար նախատեսված առավելագույն պատիժը:
3. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձեւով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասը տարին:
4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասնհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:
5. Հանցանքների համակցությամբ նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել սույն oրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:
6. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:
Այսինքն` եթե գործով դատավճիռ կայացնելուց հետո պարզվել է, որ դատապարտյալը մեղավոր է այլ հանցագործության մեջ, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը և եթե ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դատավճիռներով հանցագործությունները որակվել են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի միևնույն մասի տարբեր կետերով (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս, 112-րդ հոդվածի 2-րդ մաս, 175-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր և այլն/, ապա վերջնական պատիժը նշանակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով, սակայն այն չի կարող գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի համապատասխան մասով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետը:
Ինչպես երևում է գործի նյութերից` 9.07.2004թ «Հախվերդյան շինմոնտաժ» ԲԲԸ-ի գրասենյակի վրա ավազակային հարձակում գործելու և ապօրինաբար թմրանյութ պահելու համար Տ.Դանիելյանն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանի 2004 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով 8 (ութ) տարի, իսկ 268-րդ հոդվածի 2-րդ մասով` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ պատիժները մասնակի գումարելու միջոցով նշանակվել է ազատազրկում 9 (ինը) տարի ժամկետով, որին մասնակի գումարվել է նախկին դատավճռով նշանակված, սակայն ոչ ամբողջովին կրած պատժի մի մասը` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումը և ի վերջո նշանակվել է ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով: Վերոհիշյալ դատավճռի կայացումից հետո պարզվել է, որ Տ.Դանիելյանը և նրա կողմից կազմակերպված խմբի անդամները 2004 թվականի հունվարի 5-ից մինչև մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ավազակային հարձակում են գործած եղել նաև Երևան քաղաքի բնակիչ Հ.Օհանջանյանի, Արարատ քաղաքի բնակիչ Ա.Խաչատրյանի, Մասիս քաղաքի բնակիչ Ա.Յուզբաշյանի ընտանիքի անդամների նկատմամբ` գործադրելով բռնություն և զենք, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը, 2006 թվականի հուլիսի 12-ին Տ.Դանիելյանին Հ.Օհանջանյանի, Ա.Խաչատրյանի և Ա.Յուզբաշյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված երեք ավազակային հարձակումների համար դատապարտելով ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով 10 (տասը) տարի` այսինքն` հանցագործության կատարման ժամանակ գործող ՀՀ քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի մասով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 3-րդ մասով` 5 (հինգ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ նշանակված վերոհիշյալ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով սահմանել է ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով, ապա նույն հոդվածի 6-րդ հոդվածի կարգով այդ պատժին մասնակիորեն գումարել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանի 29.04.2004 թ. դատավճռով նշանակված պատժի մի մասը և նշանակել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով` դրա մեջ հաշվակցելով նախորդ դատավճռով նշանակված պատժի կրած մասը` պատժի սկիզբը հաշվվելով 2004 թվականի հուլիսի 21-ից:
Փաստորեն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը 2004 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով Տ.Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով դատապարտել է ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով, իսկ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը 2006 թվականի հուլիսի 12-ի դատավճռով երեք ավազակային հարձակումների համար ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով դատապարտել է ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով: Այսինքն` երկու առաջին ատյանի դատարաններն էլ չեն գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ազատազրկման առավելագույն 10 տարի ժամկետը: Այդ ժամկետը գերազանցվել է միայն հանցագործությունների համակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ պատիժ նշանակելիս: Տ.Դանիելյանի կողմից 4 դրվագներով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով կատարված հանցանքների համար պատիժ նշանակելիս դատարանները դրանք դիտարկել են ոչ թե հանցագործությունների համակցություն, այլ կրկնակիություն և պատիժ նշանակելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան, չեն գերազանցել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ազատազրկումը:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռը օրինական և հիմնավորված է: Դատարանը միաժամանակ գտնում է, որ Տ.Դանիելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով առաջադրված մեղադրանքի ծավալից հանելով 4-րդ կետը` նրա նկատմամբ նշանակված պատիժը պետք է թողնել անփոփոխ` հաշվի առնելով նրա կողմից կատարված հանցավոր արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նրան բնութագրող տվյալները:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Տիգրան Արտավազդի Դանիելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 19-ի դատավճիռը բեկանել և փոփոխել, այն է` նրա մեղադրանքի ծավալից հանել քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը:
Դատավճռի մնացած մասերը թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Տ. Սահակյան | |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Մ. Սիմոնյան | ||
Ս. Օհանյան |