Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Արխիվային տեղեկատվության օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության սկզբունքների և ձևերի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով Անկախ Պետությունների Համագործակցությունում ինտեգրացիոն գործընթացների համընդհանուր զարգացման փոխադարձ շահագրգռվածությունը,
գիտակցելով տեղեկատվական տարածության պահպանության և մարդասիրական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության կարևորությունը‚
նկատի ունենալով նախկին ԽՍՀ Միության պետական արխիվների իրավահաջորդության մասին 1992 թվականի հուլիսի 6-ի՝ Համաձայնագրի դրույթները,
ելնելով արխիվային գործում համագործակցության ընդլայնման և խորացման ձգտումից, ինչպես նաև արխիվային տեղեկատվության օգտագործման բնագավառում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության մեխանիզմի ստեղծման իրականացման անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը արխիվային տեղեկության փոխանակումը համարում են համագործակցության կարևորագույն ձև։ Կողմերը, համաձայն իրենց ազգային օրենսդրության, ամեն ձևով կաջակցեն արխիվային տեղեկության լայն փոխանակմանը։
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը‚ հաշվի առնելով պատմականորեն ձևավորված կապերը, գործնական շփումները, համագործակցության կուտակված փորձը‚ փոխգործակցությունն արխիվային բնագավառում‚ կզարգացնեն հավասարության, կոլեկտիվ քննարկման և ծագող խնդիրների լուծմամբ դրանք իրականացնելու մեխանիզմի մշակման հիման վրա։
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը, իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց իրենց պետական արխիվներում պահպանվող արխիվային տեղեկատվության օգտագործման հնարավորությունը։
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերի արխիվային հիմնարկությունները, իրենց ազգային օրենսդրության համապատասխան, արխիվային փաստաթղթերի հիման վրա Կողմերի իրավաբանական և ֆիզիկական անձանց ըստ հարցումների կտրամադրեն սոցիալ-իրավական բնույթի տեղեկություն, աշխատանքային ստաժի, աշխատավարձի, կրթության և որակավորման, պետական և գերատեսչական պարգևատրումների, քաղաքացիների չհիմնավորված ճնշումների, աքսորի և նրանց ունեցվածքի բռնագրավման, զինվորական ծառայության, ռազմական գործողությունների մասնակցության, ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներում, առանձնաթաղերում գտնվելու, բնակչությանը բռնի տեղահանելու և քաղաքացիների հայրենադարձության, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վիրավորվելու և հոսպիտալներում բուժվելու մասին, հնարավորության դեպքում դիմողի լեզվով կամ ռուսերեն։
Կողմերը պարտավորվում են արխիվային հիմնարկների ֆինանսավորման բյուջետային միջոցներից հատկացում նախատեսել ֆիզիկական անձանց սոցիալ-իրավական բնույթի հարցումների տեղեկատվությունը առաքելիս փոստային կապի ծառայությանը վճարելու համար։
Փոստային կապի ծառայության վճարը իրավաբանական անձանց սոցիալ-իրավական բնույթի հարցումների դեպքում իրագործվում է համապատասխան արխիվային հիմնարկության հետ նրանց պայմանավորվածության։
Իրավաբանական և ֆիզիկական անձանց այլ հարցումների ծառայության վճարն իրագործվում է արխիվային հիմնարկության հետ նրանց պայմանավորվածության համապատասխան։
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը պետական արխիվների ֆոնդերի վերաբերյալ արխիվային մարմինների կենտրոնական ֆոնդային քարտարանների ավտոմատացման և տեղեկատվական ցանցում նրանց միավորման հիման վրա կապահովեն տվյալների բազայի համակարգի ստեղծման համատեղ աշխատանքը, պետական արխիվների ֆոնդերի վերաբերյալ փոխադարձ տեղեկատվության համար։
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը կապահովեն պետական արխիվային պահպանության մեջ գտնվող փաստաթղթերի վերաբերյալ բաց տեղեկատվության փոխադարձ փոխանակում։
Այդպիսի փոխանակումների իրագործման կարգն ու պայմանները որոշվում են Կողմերի շահագրգիռ արխիվային ծառայությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի հիման վրա՝ նրանց ազգային օրենսդրությանը համապատասխան։
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը կհանձնարարեն համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին ազգային օրենսդրության արխիվային ոլորտի վերլուծություն կատարել և Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից‚ եռամսյա ժամկետում մշակել համապատասխան առաջարկություններ դրա ներդաշնակեցման համար։
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը միջոցներ կձեռնարկեն ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպումների անցկացման և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման մեխանիզմի վերաբերյալ պետական արխիվային ծառայությունների ղեկավարների կողմից 1995թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված համաձայնագրերի հիման վրա ստեղծված Արխիվային գործի տեղեկատվական կենտրոնի (ԱԳՏԿ) գործունեության ապահովման և կատարելագործման համար։
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը կհանձնարարեն իրենց պետությունների արխիվային ծառայություններին պարբերաբար անցկացնել երկկողմ կամ բազմակողմ խորհրդակցություններ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արխիվային տեղեկատվության օգտագործման հարցերի մասին։
Կողմերը, անհրաժեշտության դեպքում, կարող են Կողմերի հավասար քանակի ներկայացուցիչներից ստեղծել խորհուրդներ, հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր՝ արխիվային ոլորտում համագործակցման հարցերի քննարկման համար։
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերը կաջակցեն միմյանց.
արխիվային գործի արհեստավարժ կադրեր պատրաստելու,
արխիվային ոլորտի զանազան հիմնախնդիրների շուրջ համատեղ գիտական հետազոտությունների, սեմինարների ու գիտաժողովների անցկացման, չափորոշիչ, մեթոդական, գիտական և ուսումնական նյութերի հետևողական փոխանակման գործում։
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերը համագործակցում են արխիվային տեղեկատվության օգտագործման հետ կապված արխիվային գործի միջազգային կազմակերպությունների, միջազգային ծրագրերի և նախագծերի իրացման շրջանակներում։
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով։
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից ներպետական բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին երրորդ ծանուցագիրը հանձնելու օրվանից։
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից։
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը բոլոր Կողմերի համաձայնությամբ բաց է նրան միանալու համար՝ նրա նպատակներն ու սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից, նման միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով։
Միացումն ուժի մեջ է համարվում նման միացման համաձայնության մասին ավանդապահի կողմից վերջին հաղորդումը ստանալու օրվանից։
Հ ո դ վ ա ծ 15
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել արձանագրություններով ձևակերպված լրացումներ ու փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով։
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու օրվանից գործում է հինգ տարվա ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի նոր հնգամյա ժամկետով‚ եթե Կողմերն այլ որոշում չընդունեն։
Հ ո դ վ ա ծ 17
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից ավանդապահին այդ մասին ներկայացնելով գրավոր ծանուցում, ոչ ուշ‚ քան դուրս գալուց 6 ամիս առաջ։
Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին մեկ բնօրինակով` ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա վավերացված պատճենը։
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 20-ից:
