«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2011 թ. |
N 231-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը և 12-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների կասեցման և դադարեցման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 11-ի N 231-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
Սույն կարգը սահմանում է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների (այսուհետ` Թույլտվություն) կասեցման և դադարեցման ընթացակարգը:
1. Թույլտվության կասեցում
1. Թույլտվության (Թույլտվության գործողության) կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով Թույլտվություն ունեցող անձին տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
2. Թույլտվության կասեցման ընթացքում Թույլտվություն ունեցող անձն իրավունք չունի օգտագործել Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունները:
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) իրավասու է կասեցնել Թույլտվությունը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-7-րդ, 9-րդ, 12-րդ կետերով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հանձնաժողովին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ Թույլտվություն ունեցող անձի կողմից դիտավորյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու մասով), 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում (հիմքերով):
4. Թույլտվության կասեցման մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում, որում նշվում են կասեցման պատճառները, իրավական հիմքերը և ժամկետները (պայմանները):
5. Թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առարկություններ և առաջարկություններ Թույլտվության կասեցման վերաբերյալ:
6. Թույլտվության կասեցման ժամանակահատվածում ռադիոհաճախականությունների օգտագործման համար օրենքով սահմանված պարտադիր վճարները Թույլտվություն ունեցող անձի կողմից ենթակա են վճարման` անկախ կասեցման հիմքերից և ժամկետներից (պայմաններից), բացառությամբ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքի:
7. Թույլտվության կասեցումը վերացված է համարվում Թույլտվության կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից` բացառությամբ սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքի:
2. Թույլտվության կասեցումը Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ
8. Թույլտվություն ունեցող անձը Թույլտվությունը կասեցնելու ցանկության դեպքում դիմում է ներկայացնում Հանձնաժողով` նշելով կասեցման ժամկետը:
9. Թույլտվությունը կասեցնելու կամ կասեցումը մերժելու մասին որոշումը Հանձնաժողովն ընդունում է Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 20 օրվա ընթացքում:
10. Թույլտվությունը կասեցվում է Թույլտվություն ունեցող անձի դիմումի մեջ նշված ժամկետով, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի:
11. Թույլտվությունը կարող է կասեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի մեջ նշված ժամկետից ավելի կարճ ժամկետով` ազգային անվտանգության կամ հանրային շահի, կամ ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործման և կառավարման նկատառումներից ելնելով:
12. Թույլտվությունը կասեցված է համարվում Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:
13. Թույլտվության կասեցման մասին դիմումը Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ մերժում է, եթե`
1) դիմումի մեջ նշված չէ կասեցման ժամկետը,
2) Թույլտվության կասեցման հետևանքով վտանգվում է կամ կարող է վտանգվել ազգային անվտանգությունը կամ հանրային շահը,
3) Թույլտվության կասեցումը կհանգեցնի ռադիոհաճախականությունների տիրույթի անարդյունավետ օգտագործման կամ կառավարման:
14. Սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետում Թույլտվությունը կասեցնելու կամ կասեցումը մերժելու մասին Հանձնաժողովի կողմից որոշում չընդունվելու դեպքում Թույլտվության կասեցման մասին դիմումը համարվում է բավարարված, իսկ Թույլտվությունը կասեցված` դիմումն ստանալու օրվանից և Թույլտվություն ունեցող անձի կողմից նշված ժամկետով:
3. Թույլտվության կասեցումը Հանձնաժողովի նախաձեռնությամբ
15. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով` բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նախատեսված դեպքի:
16. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հանձնաժողովին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ Թույլտվություն ունեցող անձի կողմից դիտավորյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու մասով), 3-7-րդ կետերով նախատեսված դեպքերում Թույլտվությունը, օրենքով կամ Հանձնաժողովի որոշմամբ այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում, կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
17. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր, եթե Հանձնաժողովը նշված ժամկետում չի ընդունում Թույլտվությունը դադարեցնելու մասին որոշում: Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն անվավեր համարվելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է փոխհատուցել Թույլտվություն ունեցող անձի կրած վնասը:
18. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով Թույլտվությունը կասեցվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եթե նշված ժամանակահատվածում չեն վերանում Թույլտվության կասեցման հիմքերը, ապա Հանձնաժողովն ընդունում է Թույլտվության դադարեցման մասին որոշում:
19. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-7-րդ կետերով նախատեսված դեպքերում Թույլտվությունը կասեցվում է նույն օրենքով սահմանված ժամկետներով (պայմաններով):
20. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված է համարվում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
21. Եթե Թույլտվության կասեցման ժամկետ սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա Թույլտվության կասեցումը վերացված է համարվում Թույլտվություն ունեցող անձի խախտումները վերացնելու մասին դիմումը համապատասխան հիմնավորող փաստաթղթերով Հանձնաժողովում մուտքագրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից, եթե այդ ընթացքում Հանձնաժողովն այլ որոշում չի կայացնում:
22. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-7-րդ, 12-րդ կետերով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Հանձնաժողովին տրամադրված ցանկացած հայտարարության մեջ Թույլտվություն ունեցող անձի կողմից դիտավորյալ կեղծ տեղեկություն ներկայացնելու մասով), 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերով (դեպքերում) Թույլտվությունը կարող է կասեցվել խախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից վեց ամսվա ընթացքում:
4. Թույլտվության դադարեցում
23. Թույլտվությունը (Թույլտվության գործողությունը) կարող է դադարեցվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 2-րդ մասով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-9-րդ կետերով նախատեսված դեպքերում (հիմքերով):
24. Թույլտվություն ունեցող անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստում արտահայտել իր կարծիքը, ներկայացնել առարկություններ և առաջարկություններ Թույլտվության դադարեցման վերաբերյալ:
25. Թույլտվությունը դադարեցվում է` վերջինս, իսկ Հանձնաժողովի որոշմամբ Թույլտվություն տրամադրելու դեպքում` Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
26. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Թույլտվությունը համարվում է դադարեցված Թույլտվություն ունեցող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից:
27. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով Թույլտվությունը համարվում է դադարեցված նրա գործողության ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:
5. Թույլտվության դադարեցումը Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ
28. Թույլտվություն ունեցող անձը Թույլտվությունը դադարեցնելու ցանկության դեպքում դիմում է ներկայացնում Հանձնաժողով:
29. Թույլտվության դադարեցման կամ դադարեցման մերժման մասին որոշումը Հանձնաժողովն ընդունում է Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 20 օրվա ընթացքում:
30. Թույլտվությունը դադարեցված է համարվում Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, բացառությամբ սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքի կամ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ չի նշել Թույլտվության դադարեցման ավելի ուշ ժամկետ:
31. Հանձնաժողովը կարող է սահմանել Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, իսկ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ նշել է Թույլտվության դադարեցման ավելի ուշ ժամկետ, ապա այդ ժամկետից ավելի ուշ ժամկետ, եթե Թույլտվության դադարեցման հետևանքով վտանգվում է կամ կարող է վտանգվել ազգային անվտանգությունը կամ հանրային շահը:
32. Թույլտվության դադարեցման մասին դիմումը Հանձնաժողովը համապատասխան որոշմամբ մերժում է, եթե դա նախատեսված է օրենքով կամ Թույլտվության դադարեցման հետևանքով վտանգվում է ազգային անվտանգությունը կամ հանրային շահը:
33. Սույն կարգի 29-րդ կետում նշված ժամկետում Թույլտվությունը դադարեցնելու կամ դադարեցումը մերժելու մասին Հանձնաժողովի որոշում չընդունվելու դեպքում Թույլտվությունը դադարեցված է համարվում դիմումն ստանալու օրվանից, իսկ եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ է նշել, ապա այդ ժամկետից:
6. Թույլտվության դադարեցումը Հանձնաժողովի նախաձեռնությամբ
34. Հանձնաժողովը Թույլտվության դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով, բացառությամբ սույն կարգի 35-րդ կետում նախատեսված դեպքի:
35. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը դադարեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր, եթե Հանձնաժողովը նշված ժամկետում չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու մասին որոշում: Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն անվավեր համարվելու դեպքում Հանձնաժողովը պարտավոր է փոխհատուցել Թույլտվություն ունեցող անձի կրած վնասը:
36. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված հիմքերով (դեպքերում) Թույլտվությունը կարող է դադարեցվել խախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևական խախտման դեպքում` այն բացահայտելու օրվանից 1 տարվա ընթացքում: