ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ/0207/01/12 |
Քրեական գործ թիվ ԼԴ/0207/01/12 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
Դատավորներ` | Ս. Համբարձումյան, Ա. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Դանիելյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
| ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ մեղադրող |
Պ. Մարտիրոսյանի | |
պաշտպան |
Ռ. Հակոբյանի |
2013 թվականի հոկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Համլետ Խոսրովի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ մեղադրող Պ.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել են թիվ 33105811 և թիվ 33105911 քրեական գործերը:
2011 թվականի դեկտեմբերի 27-ին թիվ 33105811 և թիվ 33105911 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է թիվ 33105811 համարով:
2011 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թիվ 33107511 և թիվ 33107611 քրեական գործերը, որոնք միացվել են թիվ 33105811 քրեական գործին:
Նախաքննության մարմնի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Համլետ Խոսրովի Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
2012 թվականի հոկտեմբերի 11-ին Հ.Սահակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
2012 թվականի նոյեմբերի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 12-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Հ.Սահակյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության:
3. Մեղադրող Ա.Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի հունիսի 5-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 12-ի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Պ.Մարտիրոսյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ մեղադրող Պ.Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Գործի փաստական հանգամանքները և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Հ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2010 թվականի սեպտեմբերի 30-ից աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես անտառպահպանության ինժեներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելով պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում, կազմել անտառխախտումների արձանագրություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իր վրա դրված հիշյալ պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես պարբերաբար չի հսկել անտառների պահպանության վիճակը նույն մասնաճյուղի Վահագնիի անտառպետության թիվ 2,3,4,5,7-րդ և Եղեգնուտի անտառպետության թիվ 2-րդ և 4-րդ պահաբաժինների տարածքներում, հաստատապես իմանալով 2010 թվականի հոկտեմբերի 1-ից Եղեգնուտի անտառպետության անտառապետ և 2011 թվականի մարտի 28-ից Վահագնիի անտառպետության անտառապետի պաշտոնակատար հրամանագրված Սամվել Հովհաննիսյանի կողմից հիվանդության պատճառով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը, դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը, 2011 թվականի մարտի 9-ից մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածներում աշխատանքի պատշաճ չհաճախելու հանգամանքի մասին, հիշյալ պահաբաժինների անտառների պահպանության և ծառերի ապօրինի հատումները կանխելու համար միջոցներ չի ձեռնարկել, որի արդյունքում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժինների տարածքներից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 294 հատ տարբեր տեսակի ծառեր և դրա հետևանքով Համլետ Սահակյանի անփութության պատճառով պետությանն անզգուշությամբ պատճառվել է էական` 7.730.700 դրամի վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 523):
6. Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Հ.Սահակյանը ցուցմունք է տվել այն մասին, որ համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 463-Ա հրամանի՝ պետք է պահաբաժիններով պարբերաբար շրջագայվի, վերահսկվի անտառպետերի, անտառապահների աշխատանքային գործունեությունը, իսկ անտառապետերը, անտառապահները պարտավոր են ճիշտ ժամանակին հայտնաբերել բոլոր տեսակի անտառխախտումները, դրանք արձանագրել և երկօրյա ժամկետում ներկայացնել իրեն, որից հետո ինքը պարտավոր է ճշտել իսկությունը և քառօրյա ժամկետում արձանագրությունը ներկայացնել ըստ պահանջվող հասցեի: Հատված ծառերի համար պատասխանատու են տվյալ տարածքների անտառապահները կամ անտառապետը և ինքը նրանց նկատմամբ պարբերաբար հսկողություն է կատարել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 523):
7. Գործով վկա Գեորգի Իվանի Պողոսյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ-ում՝ որպես ավագ տեսուչ: 2011 թվականի հունիս ամսին բնապահպանության նախարարի հանձնարարագրի համաձայն ստուգող խմբի կազմում մասնակցել է Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի ստուգմանը, որի արդյունքում Եղեգնուտի անտառպետության չորրորդ և Վահագնիի անտառպետության հինգերորդ պահաբաժիններում հայտնաբերել են յուրաքանչյուրում 90 հատ ապօրինի հատված ծառ: Վահագնիի անտառպետության յոթերորդ պահաբաժնում հայտնաբերվել է ևս 30 հատ ապօրինի հատված ծառ: Անտառտնտեսության ներկայացուցիչները հայտնել են, որ տեղյակ չեն, թե ովքեր են հատել այդ ծառերը: Հատված ծառերի վրա որևէ նշան և կնիքի համար չի եղել, այդ պատճառով դրանք հաշվառել են որպես ապօրինի հատված: Ստուգումները տևել են մոտ 13-14 օր, ստուգումներն իրականացրել են 7-8 հոգով (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 527):
8. Համաձայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի N 463-Ա հրամանի.
«1. «Հայանտառ ՊՈԱԿ «Գուգարքի անտառպետություն» մասնաճյուղի անտառային տեխնիկ Համլետ Սահակյանին 2010թ. սեպտեմբերի 30-ից փոխադրման կարգով նշանակել նույն մասնաճյուղում որպես անտառպահպանության ինժեներ:
Աշխատողի աշխատանքային գործառույթներն են`
ա) պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակը անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում,
բ) կազմակերպել անտառային հրդեհների մարման աշխատանքները` մինչև համապատասխան ուժերի ներգրավումը,
գ) կազմել անտառխախտումների, անտառային հրդեհների, որսի կանոնների ու ժամկետների խախտման արձանագրություններ և վարել դրանց հաշվառումը,
դ) հետևել անտառպահախմբի կողմից կազմված անտառխախտումների, որսի կանոնների և ժամկետների խախտումների արձանագրությունների կազմման և ձևակերպման ճշտությունը,
ե) հետևել անտառխախտումների, անտառային հրդեհների, որսի կանոնների ու ժամկետների խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններում և բնապահպանական պետական տեսչությունում գտնվող գործերի ընթացքին (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 56):
9. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(…) Սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները իրենց համակցությամբ թույլ են տալիս հանգելու հետևության, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանի աշխատանքային պարտականությունները որևէ իրավական ակտով սահմանված չեն եղել: Նա հանդիսացել է պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայող, մատուցել է մասնագիտական ծառայություններ և նպաստել է մասնաճյուղի կանոնադրական խնդիրների իրականացմանը: Միակ ներքին իրավական ակտը, որով անտառպահպանության ինժեներին որոշակի հանձնարարական է տրվել անտառպահպանության բնագավառում, դա «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 30.09.2010 թվականի թիվ 463-Ա հրամանի հիման վրա «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի 30.09.2010 թվականի թիվ 49-Կ հրամանն է, որի համաձայն, անտառպահպանության ինժեներին հանձնարարվել է պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում: Ելնելով վերոգրյալից՝ անտառպահպանության ինժեները չի հանդիսանում պաշտոնատար անձ, քանի որ վերջինս չի իրականացնում իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հետևաբար նա պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ չի կարող հանդիսանալ: Բացի այդ, անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը չի հանդիսանում նաև նյութական պատասխանատու անձ, անտառպետության ղեկավարումը և աշխատանքների անմիջական հսկողությունը վերջինիս աշխատանքային գործառույթների մեջ չեն մտնում: Դատաքննությամբ հաստատվեց նաև, որ անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտականությունները: Սույն քրեական գործով նախաքննական մարմնի կողմից չի հստակեցվել, թե ամբաստանյալը կոնկրետ իր որ պարտականությունը չի կատարել կամ ի զորու էր արդյոք այդ պարտականությունը կատարել, այն դեպքում, երբ վերջինս չի հանդիսանում նյութական պատասխանատու անձ, նրա աշխատաժամանակը սահմանափակվում է ամեն օր ժամը 09.00-ից մինչև 18.00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերը նրա համար հանգստյան օրեր են, լինելով անհարթ ռելիեֆ ունեցող 32.000 հեկտար տարածքով անտառամասի անտառպահպանության ինժեներ, չունենալով հատուկ հանդերձանք, տրանսպորտ կամ ձի, հատուկ միջոցներ, նա օբյեկտիվորեն չէր կարող հսկել այդ ողջ տարածքը: Այսպիսով, բացակայում է պատճառական կապը Հ.Սահակյանի կողմից ծառայության նկատմամբ ենթադրյալ անփույթ վերաբերմունքի դրսևորման և պատճառված էական վնասի միջև, որը պարտադիր պայման է անփութության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Համլետ Սահակյանի արարքում վերը նշված հանցակազմի տարրերը բացակայում են, իսկ հանցագործության որակումը կոնկրետ հանրորեն վտանգավոր արարքի մեջ հանցակազմի առկայության հավաստումն է, իսկ հանցակազմի տարրերից մեկի բացակայությունը, հակառակը, նշանակում է, որ կատարված արարքը հանցագործություն չէ, ուստի և բացակայում է քրեական պատասխանատվության հիմքը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 531):
10. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 12-ի դատավճիռը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` անտառպահպանության ինժեները չի հանդիսանում պաշտոնատար անձ, քանի որ վերջինս չի իրականացնում իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հետևաբար նա պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ չի կարող հանդիսանալ: Բացի այդ անտառպահպանության ինժեներ Համլետ Սահակյանը չի հանդիսանում նաև նյութական պատասխանատու անձ, անտառպետության ղեկավարումը և աշխատանքների անմիջական հսկողությունը վերջինիս աշխատանքային գործառույթների մեջ չեն մտնում:
Նախաքննական մարմինը Համլետ Սահակյանին առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքը, չի հստակեցրել, թե ամբաստանյալը կոնկրետ իր որ պարտականությունը չի կատարել կամ ի զորու էր արդյոք այդ պարտականությունը կատարել, այդ պարտականությունը կոնկրետ որ օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով է դրված եղել մեղադրյալի վրա, հնարավորություն ունեցել է նա կոնկրետ տվյալ պայմաններում կատարել այդ պարտականությունները, հավաստել կատարված արարքի և վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապի առկայությունը:
Վերաքննիչ դատարանը նաև հարկ է համարում փաստել, որ ամբաստանյալ Հ.Սահակյանը չի հանդիսանում նյութական պատասխանատու անձ, նրա աշխատաժամանակը սահմանափակվում է ամեն օր ժամը 09.00-ից մինչև 18.00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերը նրա համար հանգստյան օրեր են, լինելով անհարթ ռելիեֆ ունեցող 32.000 հեկտար տարածքով անտառամասի անտառպահպանության ինժեներ, չունենալով հատուկ հանդերձանք, տրանսպորտ կամ ձի, հատուկ միջոցներ, նա օբյեկտիվորեն չէր կարող հսկել այդ ողջ տարածքը:
Այսպիսով, բացակայում է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտը, այլև օբյեկտիվ կողմը, այն է պատճառական կապը Հ.Սահակյանի կողմից ծառայության նկատմամբ ենթադրյալ անփույթ վերաբերմունքի դրսևորման և պատճառված էական վնասի միջև, որը պարտադիր պայման է անփութության համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 49):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ սույն գործով թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 358-րդ հոդվածների պահանջների խախտումներ:
Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չեն հետազոտել գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում անհիմն և չպատճառաբանված հետևություններ են արել այն մասին, որ Հ.Սահակյանը 32.000 հեկտար անտառտարածքը օբյեկտիվորեն չէր կարող հսկել, ինչպես նաև այն, որ անտառպահպանության ինժեները չի հանդիսանում պաշտոնատար անձ, վերջինս չի իրականացնում իշխանության ներկայացուցչի գործառույթներ, հետևաբար նա պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ չի կարող հանդիսանալ: Մինչդեռ Հ.Սահակյանի գործառույթների մեջ ներառված է եղել անտառխախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմումը, ինչը նշանակում է, որ վերջինս, կազմակերպության անունից պաշտոնական փաստաթղթեր կազմելով, կարող էր ազդել անձանց վարքագծի վրա:
Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները բավարար չափով չեն պատճառաբանել նաև այն հետևությունները, որ Հ.Սահակյանի աշխատանքային պարտականությունները որևէ իրավական ակտով սահմանված չեն եղել: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների հիման վրա՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 463-Ա հրամանը հանդիսանում է իրավական ակտ, որով էլ սահմանվել են Հ.Սահակյանի աշխատանքային պարտականությունները:
Ամփոփելով վերոգրյալը` բողոք բերած անձը հանգել է հետևության, որ Հ.Սահակյանը հանդիսացել է պետական հիմնարկություն համարվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում առանձին լիազորությամբ օժտված պաշտոնատար անձ, օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, սակայն պատշաճ չի կատարել նորմատիվ ակտով սահմանված իր պարտականությունները, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:
12. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտոնեական անփութության հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մաս) մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հ.Սահակյանի արարքում բացակայում են պաշտոնեական անփութության հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մաս) տարրերն ու հատկանիշները:
15. ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Մեջբերված հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից երևում է, որ պաշտոնեական անփութության` որպես պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հիմնական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք կարգավորում են պետական մարմինների բնականոն գործունեությունը, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս քաղաքացիների, կազմակերպությունների, ինչպես նաև հասարակության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Պաշտոնեական անփութության հանցակազմն օբյեկտիվ կողմից որպես կանոն դրսևորվում է անգործությամբ, այն է` պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով (պարտականությունները կատարվում են թերի): Այսինքն` պաշտոնատար անձը պատասխանատվության է ենթարկվում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, եթե նա չի կատարել կամ թերի է կատարել այն գործողությունները, որոնք մտնում են նրա պարտականությունների մեջ: Այդ իսկ պատճառով հանցակազմի առկայությունը հավաստելու համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե որոնք են պաշտոնատար անձի` օրենքով կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված պարտականությունները: Բացի այդ, հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է հաստատված համարել, որ պաշտոնատար անձը հնարավորություն է ունեցել կատարելու իր վրա դրված պարտականությունները: Եթե պաշտոնատար անձն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների ազդեցության պատճառով (արտաքին պայմաններ, առողջական վիճակ և այլն) հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտականությունները, ապա նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը բացակայում է:
Պաշտոնեական անփութության հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանրորեն վտանգավոր հետևանքները: Օրենքը նման հետևանք է դիտում անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված էական վնասը: Ընդ որում, եթե գույքային վնասի դեպքում նախատեսված է որոշակի շեմ (հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), ապա ոչ գույքային վնասի էական կամ ոչ էական լինելու հանգամանքը պետք է յուրաքանչյուր գործով գնահատվի իրավակիրառողի կողմից՝ հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները (այդ թվում՝ անձանց, կազմակերպություններին, հասարակությանը կամ պետությանը պատճառված բարոյական վնասի չափը, տուժողների քանակը, խախտված իրավունքների և ազատությունների բնույթն ու խախտման աստիճանը, հիմնարկության կամ ձեռնարկության բնականոն գործունեության խաթարման աստիճանը և այլն):
ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը նյութական է, ուստի դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանդիսանում պատճառական կապը արարքի և հետևանքների միջև: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հանցավոր անգործության և հանրորեն վտանգավոր հետևանքների միջև պատճառական կապն առկա է այն դեպքում, երբ հանրորեն վտանգավոր հետևանքն առաջացել է պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում: Այլ կերպ՝ հանրորեն վտանգավոր հետևանքները չէին առաջանա, եթե պաշտոնատար անձը պատշաճ կերպով կատարեր իր վրա դրված պարտականությունները:
16. Սուբյեկտիվ կողմից պաշտոնեական անփութությունը բնութագրվում է անզգուշությամբ, որն իր հերթին կարող է դրսևորվել.
ա) ինքնավստահությամբ, երբ պաշտոնատար անձը գիտակցում է, որ չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պարտականությունները, նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, բայց առանց բավարար հիմքերի հույս է ունենում, որ դրանք կկանխվեն,
բ) անփութությամբ, երբ պաշտոնատար անձը չի նախատեսում իր անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն պարտավոր էր և կարող էր նախատեսել:
Քննարկվող հանցակազմի սուբյեկտը հատուկ է: Անձը կարող է պատասխանատվության ենթարկվել պաշտոնեական անփութության համար, եթե նա հանդիսանում է պաշտոնատար անձ, այսինքն՝ բավարարում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում նշված չափանիշներին:
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «(…) պաշտոնատար անձինք են`
1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.
2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք»:
Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից հետևում է, որ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարող այն անձինք, ովքեր իրենցից ծառայական կախվածություն չունեցող, իրենց ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված են կարգադրիչ լիազորություններով:
Կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող են համարվում այն պետական ծառայողները, ովքեր ղեկավարում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայողների գործունեությունը: Այս առումով պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր պետական ծառայող, ով իր ենթակայության տակ այլ ծառայողներ ունի, ղեկավարում է նրանց գործունեությունը:
Վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պետական ծառայողներն այն անձինք են, ովքեր օժտված են գույքի, նյութական արժեքների տնօրինման, կառավարման լիազորություններով, մասնավորապես, գույքի, նյութական արժեքների պահպանության, վերամշակման, նյութական արժեքների իրացման նկատմամբ հսկողության սահմանման, դրամական միջոցների ստացման, հանձնման և այլ գործառույթներով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ դիտելու համար էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք օժտված են իրավական նշանակություն ունեցող, իրավահարաբերություններ առաջացնող, դադարեցնող կամ փոփոխող գործողություններ կատարելու լիազորությամբ: Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ է այն պետական ծառայողը, ով իրավունք ունի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, հիմնարկության, կազմակերպության կամ ձեռնարկության անունից պաշտոնական փաստաթուղթ տրամադրել քաղաքացիներին և դրանով կարգավորել նրանց վարքագիծը:
Զուտ մասնագիտական գործառույթներ իրականացնող՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ չեն հանդիսանում: Սակայն, եթե նշված անձինք օժտված են նաև կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական լիազորություններով, ապա, այդ լիազորություններն իրականացնելիս հանդիսանում են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ:
17. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզելու համար, թե արդյոք անձը հանդիսանում է պաշտոնեական անփութության հանցակազմի սուբյեկտ, անհրաժեշտ է առաջին հերթին պարզել, թե արդյոք նա իրականացնում է իշխանության ներկայացուցչի կամ կազմակերպական-տնօրինչական կամ վարչատնտեսական գործառույթներ, ինչ իրավական ակտով սահմանված, ինչ կոնկրետ պարտականությունների կատարում է նրա վրա դրված: Բացի այդ, անձի արարքում պաշտոնեական անփութության հանցակազմի առկայությունը պարզելու համար անհրաժեշտ է քննության առնել նաև այն հարցը, թե օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն պաշտոնատար անձն արդյոք հնարավորություն ունեցել է պատշաճ կատարելու իր վրա դրված պարտականությունները:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայությունը պարզելու համար անհրաժեշտ է հաջորդաբար քննության առնել հետևյալ հանգամանքները՝
1) իրավական ակտերով սահմանված կարգով ի՞նչ պարտականություններ են դրված եղել պաշտոնատար անձի վրա,
2) պաշտոնատար անձն իր վրա դրված ո՞ր պարտականությունը չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ,
3) պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հանգեցրե՞լ է արդյոք քաղաքացիների, կազմակերպությունների, ինչպես նաև հասարակության կամ պետության օրենքով պաշտպանվող իրավունքների ու օրինական շահերի էական խախտմանը,
4) պաշտոնատար անձն օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն հնարավորություն ունեցե՞լ է արդյոք պատշաճ կատարել իր վրա դրված պարտականությունները և կանխել վնասի առաջացումը:
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ.Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես անտառպահպանության ինժեներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, ի պաշտոնե պարտավոր լինելով պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում, կազմել անտառխախտումների արձանագրություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իր վրա դրված հիշյալ պարտականությունները պատշաճ չի կատարել, մասնավորապես պարբերաբար չի հսկել անտառների պահպանության վիճակը նույն մասնաճյուղի Վահագնիի և Եղեգնուտի անտառպետությունների համապատասխան պահաբաժինների տարածքներում, հիշյալ պահաբաժինների անտառների պահպանության և ծառերի ապօրինի հատումները կանխելու համար միջոցներ չի ձեռնարկել, որի արդյունքում 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ պահաբաժինների տարածքներից քննությամբ ինքնությունը չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 294 հատ տարբեր տեսակի ծառեր և պետությանն անզգուշությամբ պատճառվել է էական` 7.730.700 ՀՀ դրամի վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը Հ.Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացրել է` փաստարկելով, որ.
ա) նախաքննության մարմնի կողմից չի հստակեցվել, թե ամբաստանյալը կոնկրետ իր որ պարտականությունը չի կատարել,
բ) Հ.Սահակյանի աշխատանքային պարտականությունները որևէ իրավական ակտով սահմանված չեն եղել,
գ) Հ.Սահակյանը չի իրականացրել իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ինչպես նաև՝ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, հետևաբար պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ չի կարող հանդիսանալ,
դ) Հ.Սահակյանն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտականությունները (տե՛ս սույն որոշման 2-րդ և 9-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունն արտահայտելով Առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունների հետ, Հ.Սահակյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ, իսկ դրա դեմ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է (տե՛ս սույն որոշման 3-րդ և 10-րդ կետերը):
19. Մինչդեռ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Հ.Սահակյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ հստակ ամրագրված է, թե վերջինս կոնկրետ իր որ պարտականությունները չի կատարել, այն է՝ «ի պաշտոնե պարտավոր լինելով պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակն անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում, կազմել անտառխախտումների արձանագրություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր վրա դրված հիշյալ պարտականությունները պատշաճ չի կատարել»:
ՀՀ անտառային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` անտառների պահպանությունը հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումն է:
Մեջբերված իրավադրույթի իմաստով՝ անտառների պահպանության և պաշտպանության վիճակը հսկելու գործառույթն իր մեջ ներառում է նաև ապօրինի հատումների և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը:
Բացի այդ, Հ.Սահակյանին անտառպահպանության ինժեներ նշանակելու մասին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 463-Ա հրամանով, որը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի իմաստով նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրանով սահմանված շրջանակներում ընդունված ներքին իրավական ակտ է, հստակ սահմանված են վերջինիս աշխատանքային պարտականությունները, որոնց մեջ, ի թիվս այլնի, մտնում է նաև անտառների պահպանության և պաշտպանության վիճակի պարբերաբար հսկումը անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների փաստարկներն այն մասին, որ նախաքնության մարմինը չի հստակեցրել, թե Հ.Սահակյանը կոնկրետ իր որ պարտականությունները չի կատարել, ինչպես նաև այն, որ Հ.Սահակյանի աշխատանքային գործառույթերը որևէ իրավական ակտով սահմանված չեն եղել, հիմնազուրկ են և չեն բխում սույն գործի փաստական տվյալներից:
20. ՀՀ անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները.
բ) սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը.
գ) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով.
դ) վերցնել անտառային օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը.
ե) քաղաքացիներին, պաշտոնատար և իրավաբանական անձանց իրենց իրավասության շրջանակներում պարտադիր ցուցումներ տալ Հայաստանի Հանրապետության անտառային օրենսդրության խախտումների և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ.
զ) իրենց իրավասության շրջանակներում ընդունել անտառօգտագործման կասեցման վերաբերյալ որոշումներ.
է) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ»:
Անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց օրենքով վերապահված վերոգրյալ գործառույթները համադրելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 463-Ա հրամանով սահմանված՝ Հ.Սահակյանի աշխատանքային պարտականությունների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սահակյանը, աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես անտառպահպանության ինժեներ, օժտված է եղել անտառային պետական ծառայության պաշտոնատար անձանց լիազորություններով: Մասնավորապես, Հ.Սահակյանի աշխատանքային պարտականություններն են կազմել.
ա) պարբերաբար հսկել անտառների պահպանության և պաշտպանության վիճակը անտառպետություններում, պահաբաժիններում և տեղամասերում,
բ) կազմակերպել անտառային հրդեհների մարման աշխատանքները` մինչև համապատասխան ուժերի ներգրավումը,
գ) կազմել անտառխախտումների, անտառային հրդեհների, որսի կանոնների ու ժամկետների խախտման արձանագրություններ և վարել դրանց հաշվառումը,
դ) հետևել անտառպահախմբի կողմից կազմված անտառխախտումների, որսի կանոնների և ժամկետների խախտումների արձանագրությունների կազմման և ձևակերպման ճշտությանը,
ե) հետևել անտառխախտումների, անտառային հրդեհների, որսի կանոնների ու ժամկետների խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններում և բնապահպանական պետական տեսչությունում գտնվող գործերի ընթացքին:
Բացի այդ, Հ.Սահակյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտել պարբերաբար վերահսկել անտառապետերի, անտառապահների աշխատանքային գործունեությունը, իսկ անտառապետերը, անտառապահները պարտավոր են եղել հայտնաբերել բոլոր տեսակի անտառախախտումները, դրանք արձանագրել և երկօրյա ժամկետում ներկայացնել իրեն, որից հետո ինքը պետք է ճշտեր դրանց իսկությունը և քառօրյա ժամկետում արձանագրությունները ներկայացներ ըստ պահանջվող հասցեի (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Սահակյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս օժտված է եղել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այսինքն, ունեցել է անտառային պետական ծառայության պաշտոնատար անձի կարգավիճակ, հետևաբար, ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հ.Սահակյանը չի հանդիսանում պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ, նույնպես հիմնազուրկ են:
Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում նաև ստորադաս դատարանների այն հետևությունների հետ, որ Հ.Սահակյանը հնարավորություն չի ունեցել կատարելու իր պարտականությունները: Գործի նյութերով հիմնավորված է, որ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները ընդամենը 13-14 օրվա ընթացքում ստուգում են իրականացրել Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում և հայտնաբերել ապօրինի հատված թվով 294 հատ ծառ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Մինչդեռ Հ.Սահակյանը 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ տարածքում որևէ ապօրինի հատված ծառ չի հայտնաբերել, անտառախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմել:
21. Սույն որոշման 18-20-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ Հ.Սահակյանի արարքում բացակայում են պաշտոնեական անփութության հանցակազմի (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշները, հիմնավոր չեն և չեն բխում սույն գործի փաստական տվյալներից: Ամբաստանյալ Հ.Սահակյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, ինչի արդյունքում չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:
Վերը նշված նյութական իրավունքի խախտումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Համլետ Խոսրովի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մարտի 12-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի հունիսի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | |
Ա. Պողոսյան |