Գլխավոր տեղեկություն
Համար
N 1744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2024 թվականի N 1744-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 3.2-րդ մասը և 284-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն և անմաքս առևտրի խանութներում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրման մրցույթի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձինք շարունակում են իրենց գործունեության իրականացումը՝ մինչև սույն որոշման հավելվածով նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

07.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 7-ի N 1744-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 189-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում (այսուհետ՝ հսկողության գոտիներ) առևտրային գործունեության, այդ թվում՝ օրենքի 284-րդ հոդվածով նախատեսված՝ անմաքս առևտրի խանութներում գործունեության իրականացման թույլտվության տրամադրման նպատակով մրցույթի իրականացման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգով սահմանված դրույթները տարածվում են հսկողության գոտիներում (բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հսկողության այն գոտիների, որոնք կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա հանձնված են տիրապետման կամ օգտագործման համար) առևտրային գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ (այսուհետ՝ առևտրային գործունեություն իրականացնող անձինք):

3. Սույն կարգի կիրառության իմաստով հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու պահանջը կարող է ձևավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախաձեռնությամբ, այնպես էլ՝ առևտրային գործունեություն իրականացնող անձանց առաջարկով՝ կոմիտեի համաձայնությամբ։

4. Առևտրային գործունեություն իրականացնող անձանց առաջարկով հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման նպատակով առևտրային գործունեություն իրականացնող անձինք կոմիտե են ներկայացնում դիմում, որում նկարագրում են իրականացվող առևտրային գործունեության բովանդակությունը։

5. Կոմիտեն սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կայացնում է սույն կարգով նախատեսված մրցույթի իրականացման վերաբերյալ որոշում։

6. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմումը կոմիտեն կարող է մերժել, եթե դիմումը ներկայացվել է հսկողության գոտիներում իրականացվող գործառնությունների ապահովմանը և սպասարկմանը չառնչվող կամ հսկողության տվյալ գոտում մաքսային մարմնի կողմից համապատասխան կարիքների գնահատման արդյունքում չպահանջված գործունեության իրականացման համար։

7. Սույն կարգով նախատեսված՝ հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման նպատակով գործում է մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։

8. Սույն կարգով նախատեսված՝ հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման նպատակով մրցույթ հայտարարելու մասին որոշումը կայացնում է կոմիտեի ղեկավարը։

9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է կոմիտեի կողմից։

10. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չի հանդիսանում։

11. Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում կոմիտեի նախագահը։

12. Հանձնաժողովի նիստերին, կոմիտեի ղեկավարի որոշմամբ, կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից կամ կազմակերպություններից ներկայացուցիչներ, որոնք ունեն հանձնաժողովի անդամների հետ հավասար ձայնի իրավունք։

13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների 2/3-ից ավելին։

14. Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Որոշումներ ընդունելու ժամանակ հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է։

15. Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։

16. Հանձնաժողովի կողմից իրականացվող գործառույթներն են՝

1) հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման համար թույլտվությունների տրամադրման վերաբերյալ որոշման կայացում.

2) հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման համար թույլտվությունների տրամադրման մերժման վերաբերյալ որոշման կայացում.

3) հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց տրամադրված թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացում։

17. Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով մրցույթի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է կոմիտեի պաշտոնական կայքում։

18. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված՝ մրցույթի անցկացման մասին հրապարակման մեջ նշվում են հսկողության այն գոտիները, որտեղ պետք է իրականացվի առևտրային գործունեությունը, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսանալու հանգամանքը՝ նշելով համայնքի անվանումը, առևտրային գործունեության տեսակը, առևտրային գործունեության իրականացման համար նախատեսվող ժամկետը, մրցույթի մասնակցության համար սահմանված չափանիշները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը, հայտի և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները, հայտի և փաստաթղթերի ներկայացման համար սահմանված էլեկտրոնային փոստի հասցեն։

19. Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով մրցույթին մասնակցելու համար առևտրային գործունեություն իրականացնող անձինք էլեկտրոնային եղանակով կոմիտե են ներկայացնում հայտ՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան (այսուհետ՝ հայտ)՝ կցելով սույն կարգի 18-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։

20. Հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնելու հայտ ներկայացրած անձինք պետք է բավարարեն հետևյալ նվազագույն չափանիշներին՝

1) ձեռնարկատիրական գրանցված գործունեության իրականացում՝ հայտի ներկայացմանը նախորդող երկու օրացուցային տարիների ընթացքում.

2) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող), Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով հարկ վճարողի մոտ ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.

3) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկ վճարողը պետք է ներկայացրած լինի հայտը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև հայտը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ՝ դիտարկվող ժամանակահատված) ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ներկայացման վերջնաժամկետը լրացել է.

4) հարկային և (կամ) մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) գծով դիտարկվող ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների բացակայություն։ Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և թեմատիկ ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ճշգրտված հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացումը, որոնցով առաջացել են լրացուցիչ պարտավորություններ կամ առաջացել են հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումներ.

5) հարկ վճարողի պաշտոնատար անձանց (տնօրեն, հիմնադիր, բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսն ունեցող բաժնետեր, հաշվապահ, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատեր և առկայության դեպքում՝ հաշվապահ) քրեական պատասխանատվության ենթարկված չլինելու մասին լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթղթի առկայություն։

21. Դիտարկվող ժամանակահատվածի սկզբից մինչև հայտը ներկայացնելու օրը հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 20-րդ կետով սահմանված չափանիշներին բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները։

22. Սույն կարգի 20-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե համապատասխան ժամանակաշրջանի ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային և մաքսային մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը (այդ թվում` ստուգման (ուսումնասիրության) ժամանակաշրջանում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակաշրջանի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկների (հաշվետվությունների), ինչպես նաև ճշտված հաշվարկների, որոնց արդյունքում առաջացել է հարկային պարտավորություն կամ ավելացել է հարկային պարտավորությունը և (կամ) նվազել է հաշվանցվող (պակասեցվող) գումարը) չի գերազանցում դիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով կամ շրջանառության հարկով հարկման բազայի 0,05 %-ը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամը։

23. Հանձնաժողովը, սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման նպատակով, հայտն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտով ներկայացված տեղեկություններն ու փաստաթղթերը։

24. Այլ պետական մարմիններին հարցումների իրականացման անհրաժեշտության առկայության դեպքում սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից և վերսկսվում է համապատասխան հարցման պատասխանն ստանալու օրվանից։

25. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված հարցման ստացման դեպքում այլ պետական մարմինների կողմից հարցման պատասխանը ներկայացվում է՝ այն ստանալուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում։

26. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարվում է հանձնաժողովի նիստ։

27. Հանձնաժողովը, սույն կարգի 20-րդ կետով նախատեսված չափանիշների պահպանման և սույն կարգի 28-րդ կամ 29-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանության դեպքում կայացնում է սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշում՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան, իսկ 20-րդ կետով նախատեսված չափանիշներին չբավարարելու և 28-րդ կամ 29-րդ կետերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը՝ սույն կարգի N 3 ձևին համապատասխան։

28. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման կայացման համար, բացառությամբ սույն կարգի 29-րդ կետով նախատեսված՝ անմաքս առևտրի խանութներում գործունեության իրականացման դեպքի, հիմք են ընդունվում հետևյալ պահանջները՝ ըստ հերթականության՝

1) հողի և (կամ) տարածքի վարձակալության համար առաջարկվող գինը, որի գնահատման նպատակով նախապատվությունը տրվում է առավել բարձր գնով վարձակալության պայմանագրերի կնքմանը.

2) մատուցվող ծառայությունների համար առաջարկվող սակագների մեծությունը, որի գնահատման նպատակով նախապատվությունը տրվում է առավել ցածր սակագներով ծառայությունների մատուցման առաջարկին.

3) հսկողության գոտու համապատասխան տարածքների վարձակալության ժամկետները, որի գնահատման նպատակով նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով վարձակալության պայմանագրերի կնքմանը.

4) առևտրային գործունեության իրականացման ժամանակահատվածը, որի դեպքում նախապատվությունը տրվում է առավել երկար ժամանակահատվածով առևտրային գործունեության իրականացմանը։

29. Անմաքս առևտրի խանութներում ապրանքների իրացման գործունեության թույլտվության նպատակով հայտերի գնահատման ժամանակ սույն կարգի 20-րդ կետով սահմանված չափանիշներին բավարարող մեկից ավելի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է նախաորակավորման արդյունքում առավել բարձր միավորներ արձանագրած հայտատուին։

30. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված որոշումների կայացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն էլեկտրոնային եղանակով ծանուցում է հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձին։

31. Սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման կայացման դեպքում՝ սույն կարգի 30-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում հսկողության գոտիներում անձինք պետք է մեկնարկեն առևտրային գործունեության իրականացումը։

32. Առևտրային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացված դիմումի հիման վրա կոմիտեն կարող է սույն կարգի 31-րդ կետով նախատեսված ժամկետը երկարաձգել՝ դիմումով խնդրարկված ժամկետով, բայց ոչ ավելի, քան վեց ամիս։

33. Առևտրային գործունեություն իրականացնող անձի կողմից սույն կարգի 31-րդ և 32-րդ կետերով սահմանված ժամկետներում գործունեության չիրականացման դեպքում հանձնաժողովի կողմից կայացվում է սույն կարգի 16-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված որոշումը։

34. Հանձնաժողովը կայացնում է հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձանց տրամադրված թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում՝ սույն կարգի N 4 ձևին համապատասխան հետևյալ դեպքերում՝

1) հսկողության գոտում կառուցման և վերակառուցման աշխատանքների իրականացման դեպքում.

2) հսկողության գոտում առևտրային գործունեություն իրականացնող անձանց կողմից դիտարկվող ժամանակահատվածից հետո ընկած ժամանակահատվածում սույն կարգի 20-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշների չպահպանման դեպքում։

35. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 34-րդ կետով կայացված որոշման վերաբերյալ՝ դրա կայացման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեն էլեկտրոնային եղանակով ծանուցում է հսկողության գոտիներում առևտրային գործունեություն իրականացնող անձին և ծանուցման օրվան հաջորդող 30-րդ օրացուցային օրը համապատասխան տարածքների վարձակալության պայմանագրերը համարվում են միակողմանի լուծված։

36. Առևտրային գործունեության իրականացման համար սույն կարգով նախատեսված թույլտվություն ստացած անձինք համապատասխան վարձակալության պայմանագրերը պետական գույքի կառավարման ոլորտում լիազոր մարմնի կամ համայնքի հետ կնքում են թույլտվությունն ստանալուց հետո՝ նշված թույլտվությունը ներկայացնելով համապատասխան մարմին։

Ձև N 1

 

ՀԱՅՏ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1.

Առևտրային գործունեություն իրականացնող անձի

հարկ վճարողի հաշվառման համարը

 

2.

Առևտրային գործունեություն իրականացնող անձի

անվանումը (անունը, ազգանունը)

 

3.

Առևտրային գործունեություն իրականացնող անձի

գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

4․

Առևտրային գործունեություն իրականացնող անձի

հեռախոսահամարը

 

5.

Մրցութային հանձնաժողովի որոշումների

ստացման էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

Սույնով հավաստում եմ, որ հայտի ներկայացման օրվա դրությամբ պահպանված են Հայաստանի Հանրապետության կառավարության _____ __________ 2024 թ. N  -Ն որոշմամբ սահմանված պահանջները և ներկայացված տվյալները ճշգրիտ են ու ամբողջական։

 

Իրավաբանական անձի ղեկավար կամ նրա ներկայացուցիչ

___________________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատեր

___________________________________________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր՝

___________________________________________________________________

 

Ձև N 2

 

ՈՐՈՇՈՒՄ N__________

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Առևտրային գործունեություն իրականացնող անձի անվանումը

____________________________________________________________________

 

2. Առևտրային գործունեության տեսակը

____________________________________________________________________

 

3. Առևտրային գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հայտի ամսաթիվն ու գրանցման համարը

____________________________________________________________________

 

4. Մաքսային հսկողության գոտու անվանումը, որտեղ պետք է իրականացվի համապատասխան գործունեությունը

____________________________________________________________________

 

 

Սույնով հավաստվում է առևտրային գործունեություն իրականացնող անձի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության ____ _________  2024 թ. N   -Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և տրամադրվում է մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացման թույլտվություն։

 

Հանձնաժողովի նախագահ

 

___________________________

(զբաղեցրած պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

 Հանձնաժողովի անդամ

 

___________________________

(զբաղեցրած պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ձև N 3

 

ՈՐՈՇՈՒՄ N______________

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Առևտրային գործունեություն իրականացնող անձի անվանումը

____________________________________________________________________

 

2. Առևտրային գործունեության տեսակը

____________________________________________________________________

 

3. Առևտրային գործունեություն իրականացնող անձի կողմից ներկայացված հայտի ամսաթիվն ու գրանցման համարը

____________________________________________________________________

 

4. Առևտրային գործունեություն իրականացնող անձի՝ սահմանված չափանիշներին անհամապատասխանության նկարագիրը

____________________________________________________________________

 

 

Սույնով հավաստվում է, որ առևտրային գործունեություն իրականացնող անձը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության ____ _________ 2024 թ. N     -Ն որոշմամբ սահմանված չափանիշներին։

 

Հանձնաժողովի նախագահ

 

___________________________

(զբաղեցրած պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հանձնաժողովի անդամ

 

___________________________

(զբաղեցրած պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ձև N 4

 

ՈՐՈՇՈՒՄ N_______

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Առևտրային գործունեություն իրականացնող անձի անվանումը

____________________________________________________________________

 

2. Առևտրային գործունեության տեսակը

____________________________________________________________________

 

3. Մաքսային հսկողության գոտու անվանումը, որտեղ անձն իրականացնում է համապատասխան գործունեությունը

____________________________________________________________________

 

4. Առևտրային գործունեություն իրականացնող անձին տրամադրված թույլտվության դադարեցման հիմքերը

____________________________________________________________________

 

 

Հանձնաժողովի նախագահ

 

___________________________

(զբաղեցրած պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հանձնաժողովի անդամ

 

___________________________

(զբաղեցրած պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը)

___________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան