Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի 

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4264/05/11

Վարչական գործ թիվ ՎԴ/4264/05/11
2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ ՀԱԿՈԲՅԱՆ

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի սեպտեմբերի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի ներկայացրած դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը)՝ վարչական գործով ըստ հայցի Սամվել Մնացականյանի ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ արդարադատության խորհրդի` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու), ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է հաստատել ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել (վերացնել) նշված որոշումը, անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Դարբինյան) 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Աբովյան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Կրկին դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Դարբինյան) 02.05.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Աբովյան, դատավորներ՝ Ա Սարգսյան, Ա Բաբայան) 11.09.2012 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի որոշմամբ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի ներկայացրած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2011 թվականի և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու մասին վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժվել է։

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2024 թվականի թիվ ՍԴՈ-1724 որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 81-րդ հոդված­ների բովանդակությունից ելնելով` դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունն ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակա­յության դեպքում:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոք (դիմում) են ներկայացրել Լիա Մնացականյանը և Հասմիկ Մնացականյանը (ներկայացուցիչ՝ Արտակ Զեյնալյան):

 

2 Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները և պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2024 թվականի թիվ ՍԴՈ-1724 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշման վերանայման հիմք է, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ խնդրո առարկա մեկնաբանության պայմաններում դատական պաշտպանության իրավունքի իրավահաջորդության կարգով փոխանցելիության բացառումը կարող է խաթարել դատական պաշտպանության իրավունքի էությունն ու դրա հիմքում սահմանադրի դրած իմաստն ու նշանակությունը՝ հաշվի առնելով, որ խնդրո առարկա հիմնական իրավունքը միտված է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով արդյունավետ պաշտպանությանը։ Հակառակ մեկնաբանության պայմաններում՝ սույն հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորումը կկրի հռչակագրային բնույթ:

ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր վճռում արդեն իսկ արձանագրել է դիմողների՝ Հասմիկ և Լիա Մնացականյանների իրավահաջորդության թույլատրելիությունը՝ նշելով, որ «(…) դիմումատուի այրին՝ տկն Լիա Մնացականյանը, և դուստրը՝ օրիորդ Հասմիկ Մնացականյանը, իրավունք ունեն դիմումատուի փոխարեն շարունակելու սույն գործով վարույթը»:

Ստացվում է, որ դիմողների իրավահաջորդության հանգամանքը, այն է՝ գործով վարույթը շարունակելու կարողությունն արդեն իսկ հաստատված է Եվրոպական դատարանի կողմից, ուստի՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմումի ընդունելիության փուլում դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ դիմողներն ունեն դատավարական իրավահաջորդություն, իսկ թե դրա իրացման արդյունքում կոնկրետ ի՞նչ իրավունքների պաշտպանության կարող են հավակնել, պետք է գնահատման առարկա դառնա վերանայման դիմումը վարույթ ընդունելուց հետո:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, վարույթ ընդունել սույն վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2011 թվականի և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու մասին 20.05.2023 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքը։

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սամվել Մնացականյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ արդարադատության խորհրդի՝ պահանջելով հաստատել ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը կամ անվավեր ճանաչել (վերացնել) նշված որոշումը, անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 7-26).

2) ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Դարբինյան) 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 1-5).

3) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Աբովյան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 69-75).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 116-119).

5) Կրկին դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 2-7).

6) ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Դարբինյան) 02.05.2012 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 121-132).

7) ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Աբովյան, դատավորներ՝ Ա Սարգսյան, Ա Բաբայան) 11.09.2012 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 3-րդ, գ.թ. 83-88).

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ. 131-136).

9) ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի որոշմամբ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի ներկայացրած ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2011 թվականի և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու մասին վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(․․․) Սամվել Մնացականյանի խախտված իրավունքը՝ դատարանի մատչելիության իրավունքը, անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որն իրավահաջորդության կարգով փոխանցման ենթակա չէ, ուստի դիմումատուներն իրավասու չեն Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով, թիվ 2463/12 գանգատ, Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճռի հիման վրա հայցելու ներպետական դատական ակտի վերանայում։ Նշված հանգամանքի հիման վրա դիմումատուները չեն կարող ակնկալել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումների վերանայում, քանի որ դրա արդյունքում հնարավոր չէ վերականգնել Սամվել Մնացականյանի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքը։ (․․․ (հատոր 4-րդ, գ.թ. 97-101).

10) ՀՀ սահմանադրական դատարանը Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 09.04.2024 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1724 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 81-րդ հոդված­ների բովանդակությունից ելնելով` դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունն ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակա­յության դեպքում:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է, որ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով՝ ՀՀ վճռա­բեկ դատարանի վարչական պալատի՝ թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով 30.06.2023 թվականի որոշմամբ կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենս­գրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողների նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրա­կան օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի ուժով հիմք է դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման համար (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սամվել Մնացականյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Նախագահի, ՀՀ արդարադատության խորհրդի՝ պահանջելով հաստատել ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը կամ նշված որոշումը ճանաչել անվավեր (վերացնել), անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Դարբինյան) 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Աբովյան) 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

Կրկին դիմելով դատարան` Սամվել Մնացականյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Դարբինյան) 02.05.2012 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա Աբովյան, դատավորներ՝ Ա Սարգսյան, Ա Բաբայան) 11.09.2012 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի որոշմամբ Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի ներկայացրած ՀՀ վճռաբեկ դատարանի 23.11.2011 թվականի և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու մասին վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(․․․) Սամվել Մնացականյանի խախտված իրավունքը՝ դատարանի մատչելիության իրավունքը, անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որն իրավահաջորդության կարգով փոխանցման ենթակա չէ, ուստի դիմումատուներն իրավասու չեն Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով, թիվ 2463/12 գանգատ, Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճռի հիման վրա հայցելու ներպետական դատական ակտի վերանայում։ Նշված հանգամանքի հիման վրա դիմումատուները չեն կարող ակնկալել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումների վերանայում, քանի որ դրա արդյունքում հնարավոր չէ վերականգնել Սամվել Մնացականյանի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքը։ (․․․)»։

ՀՀ սահմանադրական դատարանը Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 09.04.2024 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1724 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 81-րդ հոդված­ների բովանդակությունից ելնելով` դատավարության մասնակցի իրավահաջորդի կողմից նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմումը ենթակա է քննության վեճի լուծման արդյունքով ծագող նյութական իրավունքների մասով նրա իրավահաջորդությունն ամբողջ ծավալով բացառող հանգամանքների բացակա­յության դեպքում:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է, որ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով՝ ՀՀ վճռա­բեկ դատարանի վարչական պալատի՝ թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով 30.06.2023 թվականի որոշմամբ կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենս­գրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դիմողների նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրա­կան օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի ուժով հիմք է դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման համար։

Այսինքն՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր կողմից 09.04.2024 թվականին կայացված թիվ ՍԴՈ-1724 որոշմամբ թեկուզև ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, սակայն նույն որոշման մեջ բացահայտելով այդ նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ այն կիրառվել է իր կողմից կայացված որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2024 թվականի թիվ ՍԴՈ-1724 որոշումը նոր հանգամանք է և հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար:

Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի և 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու մասին Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի կողմից 20.05.2023 թվականին ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքին (դիմումին)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը)՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասով համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի և 186-187-րդ հոդվածների պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:

Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի կողմից 20.05.2023 թվականին ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքին (դիմումին), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 46-րդ հոդվածն ամրագրում է պայմանավորվող կողմերի՝ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը: Ի կատարումն Եվրոպական դատարանի վճիռների՝ պայմանավորվող պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, պահանջվում է, ի թիվս այլնի, ձեռնարկել անհատական բնույթի միջոցառումներ: Վերջիններիս խնդիրն է վերացնել ժամանակի մեջ շարունակվող իրավախախտումը և այդ իրավախախտման հետևանքները՝ մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը հնարավորինս վերականգնելու նպատակով (restitutio in integrum): Անհատական բնույթի միջոցառումները, որպես կանոն, ներառում են Եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական դատական ակտերի վերանայումը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի թիվ ՍԴՈ-758 որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ նոր հանգամանքի հիման վրա դատական ակտի վերանայման նպատակը մինչև կոնվենցիոն իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը հնարավորինս վերականգնելն է։

Հաշվի առնելով կոնվենցիոն իրավունքի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական մակարդակում դատական ակտի վերանայման վերը նշված նպատակը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերանայման համատեքստում կոնվենցիոն իրավունքի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճիռը նոր հանգամանք կարող է համարվել, եթե դրա հիման վրա վերանայման արդյունքում անհրաժեշտ և հնարավոր է խախտված իրավունքի վերականգնումը։

Տվյալ դեպքում դիմումատուները որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին նոր հանգամանք 20052023 թվականի դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքում (դիմումում) նշել են Մնացականյանն ընդդեմ Հայաստանի գործով թիվ 2463/12 գանգատով Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճիռը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճռի կայացման համար հիմք է հանդիսացել Սամվել Մնացականյանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 24122011 թվականին Եվրոպական դատարան ներկայացված թիվ 2463/12 գանգատը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ 2463/12 գանգատը Եվրոպական դատարան է ներկայացվել այն բանից հետո, երբ Սամվել Մնացականյանը սպառել է ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 թվականի որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի որոշումը ներպետական ատյաններում բողոքարկելու բոլոր հնարավորությունները։ Մասնավորապես, ինչպես վերն արդեն նշվել է, ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը` ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասով, մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշմամբ Սամվել Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մասով մերժելու, մասով հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, որից հետո Սամվել Մնացականյանը դիմել է Եվրոպական դատարան։

Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճռի համաձայն, ի թիվս այլնի, Սամվել Մնացականյանը բողոքել է նաև, որ իրեն զրկել են դատավորի պաշտոնից իր վաղաժամկետ ազատումը վիճարկելու համար դատարան դիմելու իրավունքից, դատավորները զրկված էին Արդարադատության խորհրդի որոշումները դատական կարգով վերանայելու համար դիմելու հնարավորությունից, որը, Սամվել Մնացականյանի պնդմամբ, «տրիբունալ» չէ՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով։ Սամվել Մնացականյանը պնդել է նաև, որ Արդարադատության խորհրդի որոշումները վիճարկելու համար դատավորներին ընդհանուր իրավասության դատարան դիմելու իրավունքից զրկելու համար որևէ օբյեկտիվ հիմնավորում չկա՝ հաշվի առնելով, որ Արդարադատության խորհրդում իրականացվող վարույթով չեն առաջարկվում նույն դատավարական երաշխիքները, ինչպիսիք առկա են ընդհանուր իրավասության դատարաններում իրականացվող վարույթներում։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով Սամվել Մնացականյանի կողմից ներկայացված վերոգրյալ փաստարկներին, 06122022 թվականի վճռով արձանագրել է հետևյալը

«64 Սույն գործով Արդարադատության խորհրդի՝ դիմումատուի դատական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ առաջարկի մասին 2011 թվականի հունիսի 24-ի որոշումը չի վերանայվել և բաց չի եղել վերանայման համար սովորական տրիբունալի կամ դատական լիազորություններ իրականացնող այլ մարմնի կողմից (․․․): Թեև դիմումատուն օգտվել է Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագիրը Վարչական դատարանում բողոքարկելու իր իրավունքից (․․․), բայցևայնպես այդ վարչական իրավունքի գործողության շրջանակը սահմանափակված էր Նախագահի հրամանագրի՝ ներպետական իրավունքի կիրառելի պահանջներին համապատասխանության մասով վավերությունը ստուգելով (․․․), այլ ոչ թե Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի այն որոշման փաստական և իրավական հիմքերի վերանայումը հնարավոր դարձնելով, որը հիմք էր հանդիսացել դրա համար: Հետևաբար Դատարանը հիմքեր չունի համարելու, որ Վարչական դատարանն իրականացրել է «բավարար իրավազորություն» կամ ապահովել է իր վարույթում գտնվող՝ Արդարադատության խորհրդի 2011 թվականի հունիսի 24-ի որոշման «բավարար վերանայում» (․․․) այնքանով, որքանով այն վերաբերում էր Նախագահի 2011 թվականի հուլիսի 11-ի հրամանագրի դեմ դիմումատուի կողմից ներկայացված վարչական հայցին։

65. Դատարանը նշում է վերոնշյալ 57-59-րդ պարբերություններում շարադրված իր եզրահանգումները, որ Արդարադատության խորհրդի՝ դիմումատուին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկության մասին որոշման դատական վերանայման բացառումը չի կարող հիմնավորվել պետության ինքնիշխանության իրականացման հիման վրա, ինչպես պնդում էր Կառավարությունը (․․․): Թեև կիրառելիության խնդրին առնչվող այդ եզրահանգումները չեն սահմանափակում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանության հարցի քննարկումը (․․․), սակայն դատավորներին պաշտոնից կամ աշխատանքից ազատելու դեպքում պետք է լինեն ծանրակշիռ պատճառներ, որոնք բացառապես արդարացնում են դատական վերանայման բացակայությունը (․․․): Այնուամենայնիվ, Դատարանին սույն գործով այդպիսի պատճառաբանություններ չեն ներկայացվել:

66. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ խախտվել է դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը (․․․):

67. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտումն արձանագրվել է բացառապես Արդարադատության խորհրդի որոշումները դատական կարգով վերանայելու համար դիմելու հնարավորությունից դատավորների զրկված լինելու հանգամանքով պայմանավորված։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճիռը կարող է նոր հանգամանք հանդիսանալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար, քանի որ հենց նշված որոշման կայացման արդյունքում է օրինական ուժի մեջ թողնվել հայցադիմումի ընդունումը ՀՀ արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» թիվ ԱԽ-13-Ո-17 որոշման առ ոչինչ լինելը հաստատելու կամ նշված որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասով մերժելու մասով ՀՀ վարչական դատարանի 31.08.2011 թվականի որոշումը։

Ինչ վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Եվրոպական դատարանի 06122022 թվականի վճիռը չի կարող այն վերանայելու համար նոր հանգամանք հանդիսանալ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը կայացվել է ՀՀ Նախագահի 11.07.2011 թվականի «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու մասին» հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին Սամվել Մնացականյանի հարցը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճռի բողոքարկման առնչությամբ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վարչական դատարանի 02.05.2012 թվականի վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ Սամվել Մնացականյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 30.06.2023 թվականի «Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի կողմից 20.05.2023 թվականին ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

3Թիվ ՎԴ/4264/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.10.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին Լիա Մնացականյանի և Հասմիկ Մնացականյանի կողմից 20.05.2023 թվականին ներկայացված դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը (դիմումը) վարույթ ընդունելը մերժել։

4 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան