ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 147 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի I բաժնի 1-ին կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային ձևով տեղեկատվություն ներկայացնելու կարգը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 147 որոշմամբ |
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային ձևով տեղեկատվություն ներկայացնելու
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի I բաժնի 1-ին կետն իրագործելու նպատակներով, և սահմանում է Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) էլեկտրոնային ձևով տեղեկատվություն ներկայացնելու կանոնները։
2. Սույն կարգով սահմանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացվող՝ անդամ պետությունների լիազորված մարմինների, Հանձնաժողովի և անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից հետևյալի ներկայացումը Հանձնաժողով՝
ա) նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման և մատակարարման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց պաշտոնական հրապարակման աղբյուրի մասին տեղեկատվություն.
բ) Միության տեղեկատվական պորտալում տեղադրման համար նավթային ճյուղի վիճակի մասին տեղեկատվություն։
3. Միության նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում տեղեկատվության ներկայացումն իրականացվում է հավաստիության, ամբողջականության և հասանելիության սկզբունքների պահպանմամբ։
4. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանափակ տարածման (հասանելիության) տեղեկություններին դասվող տեղեկատվության փոխանակումը և դրա օգտագործումն իրականացվում են դրա պաշտպանության մասով անդամ պետությունների օրենսդրության պահանջների պահպանմամբ։
5. Անդամ պետությունների լիազորված մարմինները Միության տեղեկատվական պորտալում հրապարակման համար էլեկտրոնային ձևով Հանձնաժողով են ներկայացնում տեղեկատվություն՝
ա) անդամ պետությունների նավթային ճյուղի հիմնական արտադրական ցուցանիշների մասին։ Տեղեկատվությունը ներկայացվում է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» 2016 թվականի ապրիլի 22-ի համաձայնագրով նախատեսված ցանկին, ձևին և ժամկետներին համապատասխան.
բ) նավթի և նավթամթերքի գների ցուցիչների մասին տեղեկությունների աղբյուրի մասին (առկայության դեպքում)։
6. Անդամ պետությունների լիազորված մարմինները Միության տեղեկատվական պորտալում հրապարակման համար էլեկտրոնային ձևով Հանձնաժողով են ներկայացնում նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման և մատակարարման ոլորտի ակտերը (կամ դրանց պաշտոնական հրապարակման աղբյուրի մասին տեղեկատվությունը), այդ թվում՝
ա) անդամ պետությունների տարածքներում տեղակայված՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների առնչությամբ սակագնագոյացման (գնագոյացման) մեթոդիկաները։ Տեղեկատվությունը ներկայացվում է առնվազն տարին մեկ անգամ, իսկ սակագնագոյացման (գնագոյացման) նշված մեթոդիկաների փոփոխության դեպքում՝ համապատասխան ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում.
բ) անդամ պետությունների տարածքներում տեղակայված՝ նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերով նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման ծառայությունների սակագների (գների) մասին տեղեկատվությունը։ Տեղեկատվությունը ներկայացվում է տարին առնվազն մեկ անգամ, իսկ նշված սակագների (գների) փոփոխության դեպքում՝ համապատասխան ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում.
գ) նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերը։ Տեղեկատվությունը ներկայացվում է տարին առնվազն մեկ անգամ, իսկ նշված միջազգային պայմանագրերի փոփոխության դեպքում՝ համապատասխան ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից կամ դրանց ժամանակավոր կիրառումն սկսելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում.
7. Հանձնաժողովը Միության տեղեկատվական պորտալում լրացուցիչ կերպով՝ անդամ պետությունների լիազորված մարմիներից ստացված տեղեկությունների հիման վրա, էլեկտրոնային ձևով հրապարակում է տեղեկատվություն՝
ա) նավթի և նավթամթերքի տրանսպորտային փոխադրման համակարգերի զարգացման պլանների մասին՝ անդամ պետությունների՝ բաց հասանելիություն ունեցող ծրագրային-ռազմավարական փաստաթղթերին համապատասխան։ Տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը.
բ) անդամ պետությունների լիազորված մարմինների և դրանց պաշտոնական կայքերի մասին։ Տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: