ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2022 թվականի N 1117-Ն
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3 րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 478-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1117-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացվում հայտ, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը: Հայտը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:
3. Հայտն ստանալուց հետո լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ցանկի ամբողջականությունը։ Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին՝ վերջինիս կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու և կրկին ներկայացնելու նպատակով, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական լինելու դեպքում այն հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին, վերջինս էլ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին:
4. Հայտատուի կողմից համալրված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո այն տրամադրվում է հանձնաժողովի անդամներին՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում։
5. Հանձնաժողովը 14-օրյա ժամկետում քննարկում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված հայտը, դրան կից փաստաթղթերը, և եթե փաստաթղթերում հայտնաբերում է անճշտություններ, վրիպակներ կամ թերություններ, ապա հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները գրավոր ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարին՝ հայտատուին փոխանցելու և վերջինիս կողմից շտկումներ կատարելու և կրկին ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների կողմից ստացված գրավոր դիտողությունները հայտատուին է ներկայացնում երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտատուի կողմից լրամշակված և շտկված փաստաթղթերը ստանալուց հետո նույն ժամկետում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի անդամները լրամշակված և շտկված փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումը հանձնաժողովի քարտուղարին են ներկայացնում երեք աշխատանքային օրվա ընթացքում։
6. Հանձնաժողովի անդամների կարծիքներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարը կազմակերպում է հանձնաժողովի նիստ։
7. Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով։
8. Լիազոր մարմինը հանձնաժողովի նիստին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին և հայտատուին տալիս է սույն որոշման հավելվածի N 1 ձևով կամ N 2 ձևով հաստատված գրանցման վկայական:
9. Հանձնաժողովը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար տալիս է բացասական եզրակացություն, եթե այն ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով սահմանված նյութերից (քիմիական նյութերից և թունաքիմիկատներից) որևէ մեկը:
10. Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ՝ նշելով մերժման հիմքերը:
11. Լիազոր մարմնի` պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:
12. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների վերագրանցումն իրականացվում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով՝ դրանց գրանցման կարգին համապատասխան։
13. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքով՝ առանց հանձնաժողովի եզրակացության՝ այդ մասին ծանուցելով տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման վկայական ստացած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին:
14. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված իմաստը:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ________
Սույն վկայագիրը տրվում է ___________________________________________________________ (արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը) ________________________________________________________________________________ -ին
Գրանցման ներկայացնողը ___________________________________________________________ (կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի
______ ___________20___ թ. N ______ հրամանի _____________________________________________
________________________________________________________________________________________ (պեստիցիդի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)
պեստիցիդը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N -ի ներքո:
__________________________20___ թ. (վկայական տալու ամսաթիվը)
__________________________20____ թ. ուժի մեջ է մինչև
Կ. Տ. |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ
N ________
Սույն վկայագիրը տրվում է _____________________________________________________________ (արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը) ____________________________________________________________________________________ -ին
Գրանցման ներկայացնողը ______________________________________________________________ (կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը, գտնվելու վայրը, հասցեն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ______ ___________20___ թ. N ______ հրամանի _____________________________________________
________________________________________________________________________________________ (ագրոքիմիկատի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)
ագրոքիմիկատը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N____________ -ի ներքո:
__________________________20___ թ. (վկայական տալու ամսաթիվը)
__________________________20____ թ. ուժի մեջ է մինչև
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
21.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: