Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-221
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.12.2001-26.06.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.15/12(45)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.05.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
5 մայիսի 1998 թ.

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

Հոդված 2. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտերը

Հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական և տնտեսական գործերով դատարանի վճիռները և որոշումները, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին վճռի.

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.

3) միջնորդ դատարանների վճիռները.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների վճիռներն ու որոշումները:

(2-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-221, խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 3. Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները

1. Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն):

2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով:

Հոդված 4. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

Հոդված 5. Հարկադիր կատարման միջոցները

Հարկադիր կատարման միջոցներն են`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.

5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Գ Լ ՈՒ Խ  2

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ

Հոդված 6. Կատարողական վարույթի մասնակիցները

Կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել փորձագետներ և թարգմանիչներ:

Երեխաների դաստիարակության հետ առնչվող կատարողական գործողություններն իրականացվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

(6-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 7. Կատարողական վարույթի կողմերը

Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

Կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու և ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաև կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

Հոդված 8. Կողմերի իրավունքները և պարտականությունները կատարողական վարույթում

1. Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն`

1) կնքել հաշտության համաձայնություն.

2) կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի.

3) ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ.

4) անել միջնորդություններ.

5) մասնակցել կատարողական գործողություններին.

6) տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ.

7) առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ.

8) հայտնել բացարկներ.

9) բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները.

10) օգտվել սույն օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից:

2. Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել սույն օրենքի պահանջները:

Հոդված 9. Կատարողական վարույթի կողմերի իրավահաջորդությունը

1. Կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում` օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:

2. Մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:

Հոդված 10. Կողմերի ներկայացուցիչների մասնակցությունը կատարողական վարույթին

1. Քաղաքացիները կարող են կատարողական վարույթին մասնակցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից:

2. Իրավաբանական անձանց մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է նրանց մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով, որոնք գործում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կամ ներկայացուցիչների միջոցով:

Իրավաբանական անձի անունից հանդես եկող անձինք պարտավոր են ունենալ իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

3. Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապա նա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով:

Հոդված 11. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը

Ներկայացուցչի լիազորությունները պետք է հաստատված լինեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրով:

Հոդված 12. Ներկայացուցչի լիազորությունները

Կատարողական վարույթին մասնակցելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարել կատարողական վարույթի հետ կապված գործողություններ:

Ներկայացվողի անունից տրված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինեն ներկայացուցչի հետևյալ լիազորությունները`

1) կատարողական թերթ ներկայացնելը և հետ վերցնելը.

2) լիազորություններն այլ անձի փոխանցելը (վերալիազորում).

3) բռնագանձված գույքը և (կամ) դրամն ստանալը.

4) հարկադիր կատարողի գործողությունների դեմ բողոքարկելը:

Հոդված 13. Օրինական ներկայացուցիչները

1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը կատարողական վարույթում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք ներկայացնում են իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:

Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:

Այն կատարողական վարույթին, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունվել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:

2. Օրինական ներկայացուցիչները կատարողական վարույթին իրենց մասնակցությունը կարող են հանձնարարել այլ անձանց:

Հոդված 14. Փորձագետների մասնակցությունը կատարողական վարույթին

1. Կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):

2. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Փորձագետը տալիս է գրավոր եզրակացություն:

4. Փորձագետը վարձատրվում է կատարողական վարույթի ծախսերի հաշվին:

Հոդված 15. Փորձագետին բացարկ հայտնելը

1. Փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:

2. Փորձագետին բացարկ հայտնելու հարցը լուծում է հարկադիր կատարողը:

3. Փորձագետին բացարկ հայտնելու դիմումի քննության արդյունքներով հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Հոդված 16. Թարգմանչի մասնակցությունը կատարողական վարույթին

1. Կատարողական գործողությունների ընթացքում հայերենին չտիրապետող կողմերն իրավունք ունեն հրավիրել թարգմանիչ:

2. Թարգմանչի ծառայությունները վարձատրում է հրավիրած կողմը:

Գ Լ ՈՒ Խ  3

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՄԱՍԻՆ

Հոդված 17. Կատարողական թերթ տալու հիմքը

Կատարողական թերթը տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների և որոշումների հիման վրա.

2) միջնորդ դատարանների վճիռների հիման վրա.

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների վճիռների և որոշումների հիման վրա:

Հոդված 18. Կատարողական թերթ տալը

1. Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա:

2. Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

Հոդված 19. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը

1. Միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիս է առաջին ատյանի դատարանը, որի իրավասության տարածքում գտնվում կամ գործել է միջնորդ դատարանը:

2. Կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը քննում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը, պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ ստացականի հանձնմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում: Դատարանն իրավունք ունի մերժել կատարողական թերթ տալը «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով:

Հոդված 20. Մեկ դատական ակտով մի քանի կատարողական թերթ տալը

Եթե դատական ակտը կայացվել է հօգուտ մի քանի հայցվորի կամ ընդդեմ մի քանի պատասխանողի, ապա տրվում են համապատասխան քանակի կատարողական թերթեր, որոնցից յուրաքանչյուրում նշվում է դատական ակտի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:

Հոդված 21. Կատարողական թերթի բովանդակությունը

1. Կատարողական թերթում պետք է նշվեն`

1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.

2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.

3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

4) պահանջատիրոջ և պարտապանի անունները (անվանումները) ու հասցեները.

5) դատական ակտի եզրափակիչ մասը.

6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը և այն կատարման ներկայացնելու ժամկետը:

Եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:

2. Կատարողական թերթը կազմում, ստորագրում և դատարանի կնիքով հաստատում է դատավորը:

Հոդված 22. Դատական ակտի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, կատարման եղանակի և կարգի փոփոխումը

1. Կատարողական թերթ տված դատարանը, պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով, իրավունք ունի հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, փոփոխել դրա կատարման եղանակը և կարգը:

2. Դատարանը, ստանալով կողմի դիմումը, մինչև դրա ըստ էության քննությունը, որոշում է կայացնում կատարողական վարույթը կասեցնելու մասին:

Պարտապանին տրամադրելով կատարման հետաձգում կամ տարաժամկետում` դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, կարող է միջոցներ ձեռնարկել դատական ակտի կատարումն ապահովելու համար:

3. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

4. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

5. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Հոդված 23. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը

1. Կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) միջնորդ դատարանը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

2. Քաղաքացու գույքի բացակայության կամ անբավարարության հետևանքով պահանջատերերի չբավարարված պահանջներով կատարողական թերթերը պահպանում են իրենց ուժը մինչև դրանց կատարումը:

Հոդված 24. Կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը

1. Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:

2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Հոդված 25. Կատարողական թերթի կրկնօրինակը տալը

1. Կատարողական թերթի բնօրինակը կորցնելու դեպքում կատարողական թերթ տված դատարանը կարող է պահանջատիրոջ դիմումի հիման վրա տալ կրկնօրինակ:

2. Կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

Հոդված 26. Վճռի կատարման շրջադարձը

1. Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:

2. Եթե ի կատար չածված դատական ակտը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը լրիվ կամ մասնակի թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` բեկանված դատական ակտով լրիվ կամ մասնակի բռնագանձումը դադարեցնելու մասին:

Հոդված 27. Վճռի կատարման շրջադարձի հարցի լուծումը

1. Վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:

Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:

2. Դատարանը վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Գ Լ ՈՒ Խ  4

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 28. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կայացրած որոշումները

1. Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

2. Որոշման մեջ պետք է նշվեն`

1) որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) որոշում կայացրած հարկադիր կատարողի պաշտոնը և անունը.

3) կատարողական վարույթը, որով կայացվում է որոշումը.

4) քննվող հարցը.

5) կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը.

6) քննվող հարցի վերաբերյալ եզրահանգումը.

7) որոշման բողոքարկման կարգը և ժամկետը:

3. Հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձևով ուղարկվում է պահանջատիրոջը և պարտապանին, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անձանց և մարմիններ:

4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

5. Հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

6. Հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

(28-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 29. Հարկադիր կատարողին բացարկ հայտնելը

1. Հարկադիր կատարողը չի կարող մասնակցել կատարողական վարույթին, եթե առկա են նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:

Նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել պահանջատերը և (կամ) պարտապանը:

3. Ինքնաբացարկը կամ բացարկը պետք է ներկայացվի գրավոր, լինի պատճառաբանված և հայտնվի կատարողական գործողություններն սկսելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքերի առկայությունը հայտնի է դարձել կատարողական գործողություններն սկսելուց հետո:

4. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը:

5. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննության արդյունքներով հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կայացնում է որոշում և այն պատշաճ ձևով ուղարկում հարկադիր կատարողին ու դիմողին:

6. Ինքնաբացարկը կամ բացարկը մերժելու մասին հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետի որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

7. Հարկադիր կատարողի ինքնաբացարկի կամ բացարկի վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման պետը կատարողական թերթը հանձնում է մեկ այլ հարկադիր կատարողի:

Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը

Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` պահանջատիրոջից կամ նրա ներկայացուցչից կատարողական թերթ ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

Հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց հետո հայտարարություն է վերցնում պարտապանից` նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության սահմանած կարգով: Պարտապանի կողմից` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ խեղաթյուրելը կամ հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(30-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 31. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելը

1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:

2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

3. Կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար:

Հոդված 32. Կատարողական գործողությունների վայրը

1. Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում:

2. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:

Հոդված 33. Կատարողական գործողությունների կատարման ժամանակը

1. Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:

2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե`

1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.

2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է:

3. Կատարողական գործողությունների կատարմանը հարկադիր կատարողի որոշմամբ պարտադիր մասնակից են դարձվում նաև ընթերականեր:

(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 34. Կատարողական գործողությունների իրականացման ժամկետը

Հարկադիր կատարողը կատարողական գործողությունները պետք է իրականացնի կատարողական թերթն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, որի մեջ չի մտնում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու և պարտապանի կամ նրա գույքի հետախուզման ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված է դրա անհապաղ կատարում:

(34-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 35. Կատարողական թերթի պարզաբանումը

1. Կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի դիմել կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար:

2. Կատարողական թերթ տված դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:

Հոդված 36. Կատարողական գործողությունների հետաձգումը

1. Կատարողական գործողությունների իրականացումն արգելող հանգամանքների առկայության դեպքում հարկադիր կատարողը, իր նախաձեռնությամբ կամ կողմերի դիմումի հիման վրա, կարող է հետաձգել դրանց կատարումը մինչև այդ հանգամանքները վերանալը:

2. Կատարողական գործողությունները հետաձգելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

Հոդված 37. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի պարտականությունը

Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե`

1) մահացել է պարտապանը և դատարանի սահմանած իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

2) պարտապանը ճանաչվել է անգործունակ.

3) պարտապանը զինված ուժերի և այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.

4) դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել.

5) հայց է ներկայացվել դատարան այն գույքն արգելանքից հանելու մասին, որի վրա բռնագանձում է տարածվել կատարողական թերթով.

6) դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին.

7) առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը:

(37-րդ հոդվածը լրաց. 06.11.01 ՀՕ-259)

Հոդված 38. Կատարողական վարույթը կասեցնելու հարկադիր կատարողի իրավունքը

Հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը, եթե`

1) դիմել է կատարողական թերթ տված դատարան` այն պարզաբանելու համար.

2) նշանակել է փորձաքննություն.

3) պարտապանը ներգրավվել է որևէ պետական հանձնարարության կատարման մեջ.

4) պարտապան-իրավաբանական անձը վերակազմակերպվել է.

5) պարտապանը կամ նրա գույքը հետախուզվում է:

Հոդված 39. Կատարողական վարույթի կասեցման և վերսկսման կարգը

1. Կատարողական վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

2. Կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` պահանջատիրոջ դիմումով կամ հարկադիր կատարողի նախաձեռնությամբ:

Հոդված 40. Պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելը

1. Պարտապանի և (կամ) նրա գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողը որոշում է կայացնում պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին:

2. Պարտապանի գույքի և (կամ) պարտապան իրավաբանական անձի հետախուզումն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը, իսկ ֆիզիկական անձի հետախուզումն իրականացնում են ներքին գործերի մարմինները, ինչպես նաև այն անձինք և կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա):

3. (կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-222)

(40-րդ հոդվածը խմբ., փոփ. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 41. Կատարողական վարույթի ավարտը

1. Հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը վերադարձնելու մասին.

2) անհնարին է պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, և հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

4) պարտապանի գույքը բավարար չէ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար:

2. Կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման ներկայացնելու համար:

Հոդված 42. Կատարողական վարույթը կարճելը

1. Հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

1) կատարողական թերթը փաստացի կատարվել է.

2) պահանջատերը հրաժարվել է բռնագանձումից.

3) պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը.

4) մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին.

5) լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը, և դատարանը մերժել է պահանջատիրոջ դիմումը` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

6) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.

7) պահանջատերը հրաժարվել է ընդունել կատարողական թերթը կատարելիս պարտապանից առգրավված և պահանջատիրոջը հանձնելու ենթակա գույքը.

8) պարտապան-իրավաբանական անձը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ.

9) պարտապան-իրավաբանական անձը լուծարվել է:

2. Կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

3. Կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել:

Գ Լ ՈՒ Խ  5

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 43. Ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին

1. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և դրա հարկադիր իրացումը:

2. Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի կատարման համար` հաշվի առնելով կատարման ծախսերը:

3. Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:

Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:

4. Պարտապանն իրավունք ունի առաջարկել իր գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը: Այդպիսի առաջարկության բացակայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:

5. Եթե պարտապանն ունի ընդհանուր սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, ապա բռնագանձումը տարածվում է նրա բաժնի վրա:

6. Տնտեսական ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարար լինելու դեպքում:

 

Հոդված 43.1. Հարկադիր կատարողի կողմից բռնագանձում կատարելու համար բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) մուտք գործելը

Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողը պարտապանի բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) ազատ մուտք գործելու իրավունք ունի:

Այլ անձանց մոտ գտնվող` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու համար հարկադիր կատարողը բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) մուտք է գործում այդ բնակարանի սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությամբ:

Բնակարան (շենք, շինություն, պահեստարան և այլն) մուտք գործելու մասին սեփականատիրոջ (վարձակալի) համաձայնությունը չստանալու կամ նրա բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է այնտեղ մուտք գործել դատարանի որոշման հիման վրա:

(43.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 44. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը

1. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

2. Արգելանքը կիրառվում է`

1) պարտապանի գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով.

2) պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում.

3) պատասխանողին պատկանող և նրա կամ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելու մասին դատարանի որոշումը կատարելու դեպքում:

3. Ելնելով կատարողական վարույթի հանգամանքներից` հարկադիր կատարողն իրավունք ունի արգելանքի հետ միաժամանակ առգրավել գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը:

Շուտ փչացող գույքն առգրավվում և իրացվում է անհապաղ:

Պարտադիր առգրավման ենթակա են դրամը, արտարժույթը, արժեթղթերը, թանկարժեք մետաղները և քարերը, ոսկերչական և ոսկուց, արծաթից, պլատինից ու պլատինի խմբի մետաղներից, թանկարժեք քարերից և ադամանդից պատրաստված այլ զարդերը, ինչպես նաև դրանց ջարդոնը կամ այդպիսի զարդերի առանձին պատկանելիքները, որոնք հայտնաբերվել են պարտապանի գույքը գույքագրելիս:

4. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

 

44.1. Պարտապանի գույքն արգելանքից հանելը

Պարտապանի` արգելանքի տակ գտնվող գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`

1) բեկանվել է դատական ակտը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.

2) պարտապանը և պարտատերը կնքել են հաշտության համաձայնություն.

3) կատարվել է պարտավորությունը.

4) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:

(44.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 45. Այլ անձանց իրավունքների պաշտպանությունը պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս

1. Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

2. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:

3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը:

4. Դատարանը գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հոդված 46. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին:

2. Բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների մասին տեղեկությունների առկայության դեպքում հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա:

3. Հարկադիր կատարողը կատարողական թերթը պատշաճ ձևով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն:

4. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը կատարողական թերթը հարկադիր կատարողից ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին:

5. Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը հարցում է կատարում հարկային մարմիններին, որոնք պարտավոր են եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել հարկադիր կատարողին:

Հոդված 47. Պարտապանի արտարժույթի վրա բռնագանձում տարածելու կարգը

1. Պարտապանի մոտ հայտնաբերված արտարժույթով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան դրանք առգրավելու հաջորդ օրը, վաճառքի համար հանձնում է բանկին` հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին:

2. Բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հաշիվներում ու ավանդներում պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների և այլ արժեքների մասին տեղեկությունների առկայության դեպքում հարկադիր կատարողն արգելանք է դնում դրանց վրա:

3. Հարկադիր կատարողը կատարողական թերթը պատշաճ ձևով ուղարկում է անմիջապես բանկ կամ այլ վարկային կազմակերպություն և պարտավորեցնում է նրանց իրականացնել արտարժույթի վաճառք:

4. Կատարողական թերթը հարկադիր կատարողից ստանալու օրվանից ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, բանկը կամ այլ վարկային կազմակերպությունն արտարժույթի վաճառքից ստացված դրամը փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին:

Հոդված 48. Կատարողական թերթում նշված գույքը պահանջատիրոջը հանձնելը

Կատարողական թերթում նշված որոշակի գույքը պահանջատիրոջը հատկացնելու դեպքում հարկադիր կատարողն այն առգրավում է պարտապանից և հանձնում պահանջատիրոջը` կազմելով արձանագրություն:

Եթե պահանջատերը հրաժարվում է նշված գույքն ընդունելուց, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական վարույթը կարճվում է:

Հոդված 49. Պարտապանին պատկանող` այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը

Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձումը տարածվում է ընդհանուր կարգով` այդ գույքը պարտապանին պատկանելու վերաբերյալ փաստաթղթային տվյալների առկայության դեպքում:

Հոդված 50. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն այն դեպքում, երբ նա այլ գույք չունի իրեն ներկայացված գրավով չապահովված պահանջները բավարարելու համար:

2. Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջել գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Գրավառուն ունի այդ գույքի արժեքից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք:

Հոդված 51. Գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել

Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) այն անձանց ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), անասնակերի, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:

Հոդված 52. Պարտապանի գույքի պահատվությունը

Հարկադիր կատարողն արգելանքի տակ դրված գույքն ի պահ է հանձնում պարտապանին` ստացականով կամ նման գործունեության համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա:

Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը

1. Պարտապանի գույքի գնահատումը կատարում է հարկադիր կատարողը` կատարողական թերթի կատարման օրը գործող շուկայական գներով:

2. Գույքի արժեքը որոշելու համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ, եթե`

1) առանձին առարկաների գնահատումը դժվարություն է ներկայացնում.

2) պարտապանը կամ պահանջատերն առարկում է հարկադիր կատարողի կողմից կատարված գնահատման դեմ:

3. Փորձագետի վարձատրությունը վճարում է գույքի գնահատումը վիճարկող կողմը:

Հոդված 54. Պարտապանի գույքի իրացումը

1. Պարտապանի գույքի իրացումը կատարվում է հրապարակային սակարկություններով (այսուհետ` սակարկություններ) այն վաճառելու միջոցով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

2. Սակարկությունները կազմակերպում և անցկացնում են տվյալ գործունեությամբ զբաղվելու թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունները (սակարկությունների կազմակերպիչը):

3. Սակարկությունների կազմակերպիչը գործում է հարկադիր կատարողի հետ կնքած պայմանագրի հիման վրա:

Հոդված 55. Գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը

1. Գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը կատարում է հարկադիր կատարողը:

2. Գույքի իրացումից ստացված գումարը հարկադիր կատարողի որոշմամբ բաշխվում է սույն օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով:

(55-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Գ Լ ՈՒ Խ  6

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

Հոդված 56. Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու հիմքերը

Պարտապանի աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա տարածվում է բռնագանձում, եթե`

1) պարտապանը չունի գույք, կամ եղած գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար.

2) կատարվում է պարբերաբար մուծումների բռնագանձման վերաբերյալ վճիռ:

Հոդված 57. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափի հաշվարկի կարգը

Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:

Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը

1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի կենսաթոշակի, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:

Հոդված 59. Սոցիալական նպաստների վրա բռնագանձում տարածելը

Ժամանակավոր անաշխատունակության և գործազրկության համար վճարվող սոցիալական նպաստների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:

Հոդված 60. Դրամական գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել

Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

3) երեխայի ծննդյան կապակցությամբ.

4) երեխաների խնամքի համար.

5) բազմազավակ կամ միայնակ մայրերին` որպես պետական նպաստ.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.

8) հաշմանդամներին.

9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ:

Հոդված 61. Ալիմենտի և ալիմենտային պարտքերի բռնագանձման կարգը

Ալիմենտների և ալիմենտային պարտավորություններով պարտքերի բռնագանձման կարգը, այդ թվում նաև` պարտապանի արտասահման աշխատանքի կամ մշտական բնակության մեկնելու դեպքում, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով:

Գ Լ ՈՒ Խ  7

ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՎԵՃԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 62. Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթերի կատարման ընդհանուր պայմանները

Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է դրանց կատարման ժամկետ:

Սահմանված ժամկետում այդ պահանջները չկատարելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի նկատմամբ կիրառում է սույն օրենքի 72 հոդվածով նախատեսված տուգանքները և այլ միջոցներ ու կազմակերպում է կատարողական թերթի կատարումը` պարտապանից կատարման ծախսերը եռակի չափով բռնագանձելով:

Հոդված 63. Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

Աշխատանքում վերականգնելու վերաբերյալ կատարողական թերթի կատարումը համարվում է ավարտված` աշխատանքից անօրինական ազատված կամ տեղափոխված աշխատողին իր նախկին աշխատանքային պարտականությունների կատարմանը փաստացի թույլ տալու պահից, որը հաջորդել է աշխատողին աշխատանքից ազատելու կամ տեղափոխելու անօրինական հրամանը վերացնելու վերաբերյալ հրամանի հրապարակմանը:

Հոդված 64. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

1. Վտարումը կատարողական թերթում նշված շենքը վտարվողից (վտարվողներից) և նրա (նրանց) գույքից ազատելն ու ազատված շենքից օգտվելն արգելելն է:

2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին հարկադիր վտարման օրվա և ժամանակի մասին: Վտարման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ կատարողական թերթը կատարելու համար:

3. Հարկադիր կատարողը վտարումը կատարում է պարտապանի գույքի պարտադիր գույքագրմամբ:

Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը` վերջինիս վրա դնելով կատարված ծախսերի հատուցումը:

4. Վտարման վերաբերյալ կատարողական թերթի կատարման մասին հարկադիր կատարողը կազմում է արձանագրություն:

Հոդված 65. Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը

1. Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է:

2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա և ժամանակի մասին: Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ կատարողական թերթը կատարելու համար:

3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն:

4. Պարտապանի կողմից պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողը կատարում է կատարողական գործողություններ և պարտապանի նկատմամբ կիրառում սույն օրենքի 72 հոդվածով նախատեսված տուգանքներն ու մյուս միջոցները:

5. (կետն ուժը կորցրել է 11.09.01 ՀՕ-222)

(65-րդ հոդվածը փոփ. 11.09.01 ՀՕ-222)

Գ Լ ՈՒ Խ  8

ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 66. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը

1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցները:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերն այն միջոցներն են, որոնք ծախսվել են`

1) պարտապանի գույքի հայտնաբերման, զննման, դրա վրա արգելանք դնելու, փոխադրման, պահատվության, գնահատման և իրացման համար.

2) փորձագետների վճարման համար.

3) բռնագանձված գումարները պահանջատիրոջը փոխանցելու համար.

4) պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման համար.

5) կատարողական այլ գործողություններ կատարելու համար:

Հոդված 67. Ծախսերի դիմաց պահանջատիրոջ կողմից կանխավճար տրամադրելը

1. Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով պահանջատերն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել համապատասխան ծախսերի կամ դրանց մի մասի կատարման համար անհրաժեշտ չափով կանխավճար:

2. Կատարողական գործողություններն ավարտելուց հետո կանխավճարը վերադարձվում է պահանջատիրոջը, բացառությամբ սույն օրենքի 68 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

Հոդված 68. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը

1. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից:

2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերն արվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի գույքի անբավարար լինելու կամ գույքի բացակայության հետևանքով, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերի չփոխհատուցված մասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից:

4. Եթե կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա կատարողական գործողությունների ծախսերը հարկադիր կատարողի որոշմամբ բռնագանձվում են պահանջատիրոջից:

(68-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Գ Լ ՈՒ Խ  9

ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 69. Բռնագանձված գումարի բաշխման կարգը

1. Պարտապանից բռնագանձված, այդ թվում` պարտապանի գույքի իրացումից ստացված գումարից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից, առաջին հերթին փոխանցվում են դատական ծախսերը, երկրորդ հերթին` կատարման ծախսերը, երրորդ հերթին մարվում են կատարման ընթացքում պարտապանի վրա դրված տուգանքները, չորրորդ հերթին բավարարվում են պահանջատիրոջ պահանջները:

2. Պահանջատիրոջ բոլոր պահանջները բավարարելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:

(69-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 70.

Պահանջատերերի պահանջների բավարարման հերթականությունը

Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում է տարածվել մի քանի կատարողական թերթերով, ապա պարտապանից բռնագանձված գումարը պահանջատերերի միջև բաշխվում է հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին բավարարվում են գրավ դրված գույքի արժեքից բռնագանձում կատարելու մասին գրավով ապահովված պահանջները.

երկրորդ հերթին բավարարվում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու, ինչպես նաև ալիմենտներ բռնագանձելու մասին պահանջները.

երրորդ հերթին բավարարվում են աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարման մասին պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են բյուջե կատարվող պարտադիր վճարումների պարտքերը մարելու մասին պահանջները.

հինգերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները:

Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Բռնագանձված գումարն անբավարար լինելու դեպքում դա համապատասխան հերթի պահանջատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:

(70-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

 

Հոդված 70.1.

Պահանջատերերի պահանջների բավարարումը նույն պարտատիրոջ գույքի նկատմամբ բռնագանձման երկու կամ ավելի վճիռների առկայության դեպքում

Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ կան բռնագանձման երկու կամ ավելի դատարանի վճիռներ, ապա պահանջատերերի պահանջները բավարարվում են ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության:

(70.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Գ Լ ՈՒ Խ  10

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 71. Հարկադիր կատարողի որոշումների պարտադիր լինելը

Հարկադիր կատարողի` իր իրավասության սահմաններում կայացրած որոշումները պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար ու ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հոդված 72. Պատասխանատվությունը հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար

1. Քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը դիտավորյալ չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

2. Պաշտոնատար անձի կողմից հարկադիր կատարողի որոշումը կրկին անգամ դիտավորյալ չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողը միջնորդություն է ներկայացնում դատարան` մեղավոր անձանց` օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դատախազություն` մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

(72-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 72.1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքների բռնագանձումը

1. Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:

Դատարանը տուգանքները բռնագանձելու վերաբերյալ հարկադիր կատարողի դիմումը քննում է դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում: Հարկադիր կատարողը և տուգանքի ենթարկված անձը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձելու մասին դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

2. Եթե կատարողական վարույթը կարճվել է այն դատական ակտի բեկանման հետևանքով, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը, ապա սույն օրենքի համաձայն նշանակված տուգանքները չեն բռնագանձվում, իսկ բռնագանձված տուգանքները վերադարձվում են պետական բյուջեից:

(72.1-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 73. Պատասխանատվությունը բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթը չկատարելու համար

Պարտապանի հաշիվների սպասարկում իրականացնող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից կատարողական թերթով սահմանված պարտապանից դրամական միջոցներ բռնագանձելու պահանջները չկատարելը հիմք է հարկադիր կատարողի կողմից այդ բանկին կամ վարկային կազմակերպությանը բռնագանձվող գումարի հիսուն տոկոսի չափով տուգանելու համար:

Գ Լ ՈՒ Խ  11

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 74. Դատական ակտերի կատարումն օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ

Օտարերկրյա քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը կատարելիս` նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները:

Հոդված 75. Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի ճանաչումը և կատարումը

1. Օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և կատարվում են, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:

2. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների դատական ակտերի կատարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով և սույն օրենքով:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Գ Լ ՈՒ Խ  12

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 76. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 77. Անցումային դրույթներ

Մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելը պարտապանի գույքն իրացվում է սույն օրենքի 78-83 հոդվածներով սահմանված սակարկությունների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան:

Հոդված 78. Սակարկությունների կազմակերպումը

1. Պարտապանի գույքի իրացումը կատարվում է գույքը սակարկություններով վաճառելու միջոցով:

Սակարկություններն անցկացվում են աճուրդի ձևով:

Աճուրդի անցկացման կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

3. Պարտապանի` շուտ փչացող, ինչպես նաև սակավարժեք (սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով) գույքն իրացվում է ինչպես սակարկությունների, այնպես էլ առևտրային կազմակերպությունների միջոցով` պայմանագրային հիմունքներով:

(78-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 79. Աճուրդի անցկացման մասին հաղորդագրությունը

1. Հարկադիր կատարողը մամուլում պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում կայանալիք աճուրդի մասին:

2. Հաղորդագրությունում նշվում են տեղեկություններ`

1) աճուրդի անցկացման ժամանակի և վայրի մասին.

2) վաճառվող գույքի բնույթի և դրա վաճառքի նախնական գնի մասին.

3) աճուրդի անցկացման կարգի մասին:

3. Աճուրդի անցկացման մասին հաղորդագրությունը պետք է հրապարակվի այն անցկացնելու օրվանից առնվազն տասն օր առաջ:

4. Աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումն աճուրդն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ ուղարկվում է պարտապանին:

(79-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 80. Աճուրդի անցկացման կարգը

1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնող անձինք վաճառվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով նախավճար են մուծում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին` այն կարգով ու ժամկետներում, որոնք նշված են աճուրդի անցկացման հաղորդագրության և կանոնակարգի մեջ:

Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձանց նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, երբ աճուրդը չի կայացել:

2. Աճուրդում հաղթած է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է ամենաբարձր գինը:

Աճուրդում հաղթած անձը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

Եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:

Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթած անձին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցել աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:

3. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու երեք բանկային օրվա ընթացքում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:

4. Աճուրդում հաղթած անձի կողմից գնման գինը մուծելուց հետո` եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:

Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

(80-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 81. Աճուրդի անցկացման կարգի խախտման հետևանքները

1. Սույն օրենքի 79-րդ հոդվածի 4-րդ կետով և 80 հոդվածով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

2. Աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:

(81-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 82. Աճուրդը չկայացած հայտարարելը

Հարկադիր կատարողն աճուրդը չկայացած է հայտարարում, եթե`

1) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում վաճառվող գույքի նախնական գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը չի մուծել գնման գինը:

Աճուրդը պետք է հայտարարվի չկայացած, ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:

(82-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-222)

Հոդված 83. Կրկնակի աճուրդը (աճուրդները)

1. Չկայացած աճուրդից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է կրկնակի աճուրդ:

2. Սույն օրենքի 82 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նշված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի աճուրդ անցկացնելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինն իջեցվում է տասը տոկոսով:

3. Երկրորդ աճուրդից հետո գույքը չվաճառվելու դեպքում գույքն առաջարկվում է պահանջատիրոջը:

(83-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-222)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
3 հունիսի 1998 թ.
ՀՕ-221

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2024, ՀՕ-179-Ն ---------
24.10.2024, ՀՕ-416-Ն 14.11.2024, ՀՕ-221
22.05.2024, ՀՕ-236-Ն 08.06.2024, ՀՕ-221
07.02.2024, ՀՕ-51-Ն 14.03.2024, ՀՕ-221
07.02.2024, ՀՕ-84-Ն 14.03.2024, ՀՕ-221
28.02.2024, ՀՕ-105-Ն ---------
26.06.2023, ՀՕ-231-Ն 11.12.2023, ՀՕ-221
03.05.2023, ՀՕ-167-Ն 09.06.2023, ՀՕ-221
23.12.2022, ՀՕ-585-Ն 01.03.2023, ՀՕ-221
16.11.2022, ՀՕ-425-Ն 26.12.2022, ՀՕ-221
16.11.2022, ՀՕ-424-Ն 26.12.2022, ՀՕ-221
09.06.2022, ՀՕ-237-Ն 01.07.2022, ՀՕ-221
16.12.2021, ՀՕ-406-Ն 06.01.2022, ՀՕ-221
19.01.2021, ՀՕ-37-Ն 01.01.2022, ՀՕ-221
18.11.2021, ՀՕ-369-Ն 01.12.2021, ՀՕ-221
18.11.2021, ՀՕ-352-Ն 26.11.2021, ՀՕ-221
26.05.2021, ՀՕ-223-Ն 14.06.2021, ՀՕ-221
03.03.2021, ՀՕ-99-Ն 31.05.2021, ՀՕ-221
18.09.2020, ՀՕ-446-Ն 12.10.2020, ՀՕ-221
25.03.2020, ՀՕ-205-Ն 02.05.2020, ՀՕ-221
14.11.2019, ՀՕ-238-Ն 21.12.2019, ՀՕ-221
10.09.2019, ՀՕ-145-Ն 14.10.2019, ՀՕ-221
09.07.2019, ՀՕ-126-Ն 04.08.2019, ՀՕ-221
11.09.2018, ՀՕ-383-Ն 06.10.2018, ՀՕ-221
23.03.2018, ՀՕ-280-Ն 09.04.2018, ՀՕ-221
09.02.2018, ՀՕ-118-Ն 09.04.2018, ՀՕ-221
08.12.2017, ՀՕ-258-Ն 01.04.2018, ՀՕ-221
25.10.2017, ՀՕ-178-Ն 01.04.2018, ՀՕ-221
21.12.2017, ՀՕ-9-Ն 01.04.2018, ՀՕ-221
21.12.2017, ՀՕ-36-Ն 25.01.2018, ՀՕ-221
13.12.2017, ՀՕ-309-Ն 08.01.2018, ՀՕ-221
25.10.2017, ՀՕ-164-Ն 16.11.2017, ՀՕ-221
16.12.2016, ՀՕ-226-Ն 28.02.2017, ՀՕ-221
15.12.2016, ՀՕ-249-Ն 09.01.2017, ՀՕ-221
19.10.2016, ՀՕ-182-Ն 26.11.2016, ՀՕ-221
17.06.2016, ՀՕ-113-Ն 23.07.2016, ՀՕ-221
11.11.2015, ՀՕ-140-Ն 05.12.2015, ՀՕ-221
17.12.2014, ՀՕ-265-Ն 01.10.2015, ՀՕ-221
19.06.2015, ՀՕ-91-Ն 30.07.2015, ՀՕ-221
19.06.2015, ՀՕ-80-Ն 18.07.2015, ՀՕ-221
17.12.2014, ՀՕ-252-Ն 09.01.2015, ՀՕ-221
29.09.2014, ՀՕ-145-Ն 03.11.2014, ՀՕ-221
21.06.2014, ՀՕ-76-Ն 01.07.2014, ՀՕ-221
05.12.2013, ՀՕ-142-Ն 07.01.2014, ՀՕ-221
19.03.2012, ՀՕ-105-Ն 05.05.2012, ՀՕ-221
23.06.2011, ՀՕ-236-Ն 06.08.2011, ՀՕ-221
25.05.2011, ՀՕ-191-Ն 04.07.2011, ՀՕ-221
24.03.2011, ՀՕ-71-Ն 02.05.2011, ՀՕ-221
22.12.2010, ՀՕ-14-Ն 05.02.2011, ՀՕ-221
22.12.2010, ՀՕ-254-Ն 09.01.2011, ՀՕ-221
18.05.2010, ՀՕ-68-Ն 26.06.2010, ՀՕ-221
17.06.2008, ՀՕ-133-Ն 23.01.2009, ՀՕ-221
28.11.2007, ՀՕ-279-Ն 01.01.2008, ՀՕ-221
25.12.2006, ՀՕ-69-Ն 10.02.2007, ՀՕ-221
22.12.2006, ՀՕ-34-Ն 03.02.2007, ՀՕ-221
23.05.2006, ՀՕ-78-Ն 08.07.2006, ՀՕ-221
16.12.2005, ՀՕ-18-Ն 18.02.2006, ՀՕ-221
04.10.2005, ՀՕ-193-Ն 26.11.2005, ՀՕ-221
07.07.2005, ՀՕ-157-Ն 12.09.2005, ՀՕ-221
25.10.2004, ՀՕ-118-Ն 04.12.2004, ՀՕ-221
04.02.2004, ՀՕ-32-Ն 11.03.2004, ՀՕ-221
08.10.2003, ՀՕ-18-Ն 22.11.2003, ՀՕ-221
20.05.2002, ՀՕ-349-Ն 26.06.2002, ՀՕ-221
06.11.2001, ՀՕ-259 12.12.2001, ՀՕ-221
11.09.2001, ՀՕ-222 18.10.2001, ՀՕ-221
11.09.2001, ՀՕ-221 18.10.2001, ՀՕ-221
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան