ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 հունվարի 2022 թ. ք. Երևան |
N 4-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել ընտրական հանձնաժողովներ էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացման կարգը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. հունվարի 21-ի N 4-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Uույն կարգով uահմանվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ուղղված դիմումների, հարցումների, բողոքների (այuուհետ` դիմում) և կից փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով (առցանց) ներկայացման կարգը:
2. Դիմումներն ու դրանց կից փաստաթղթերը, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) սահմանված դեպքերի, Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացվել e-request.am Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) միջոցով։
3. Էլեկտրոնային որևէ այլ եղանակով (հասցեով) ընտրական հանձնաժողովներ ներկայացված դիմումները չեն համարվում սույն կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներ և չեն քննարկվում:
4․ Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներառի.
1) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը),
2) դիմողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը),
3) դիմումատուի պահանջը:
Դիմումը կարող է ներառել նաև․
1) դիմումատուի հեռախոսահամարը,
2) էլեկտրոնային փոստի հասցեն:
Դիմումում պետք է բերված լինեն դիմումատուի հիմնավորումները, հնարավոր ապացույցները պետք է կցված լինեն դիմումին:
Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումի տրման ամսաթիվը և ժամը ամրագրվում է ինքնաշխատ եղանակով՝ համակարգի կողմից:
5. Եթե դիմում տալու համար Ընտրական օրենսգրքով նախատեսված է վերջնաժամկետ, ապա էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացված, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է էլեկտրոնային հարթակում:
Ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի` ոչ աշխատանքային ժամերին ներկայացված դիմումը ընտրական հանձնաժողովի կողմից մուտքագրվում է հաջորդող աշխատանքային օրը, բացառությամբ Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերի։
Ընտրական օրենսգրքով համապատասխան դիմումներ ներկայացնելու համար վերջնաժամկետ սահմանված լինելու դեպքում, վերջնաժամկետից ուշ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումները չեն քննարկվում և գրությամբ վերադարձվում են դիմումատուին` նշելով պատճառը:
6․ Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումը պետք է ներկայացվի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Էլեկտրոնային հարթակի միջոցով առանց էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացված դիմումները համարվում են անստորագիր և չեն քննարկվում։
7․ Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը, եթե ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր: Լիազորագիրը ներկայացվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Թեկնածուի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, ընտրական հանձնաժողովի անդամի, լիազոր ներկայացուցչի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներին կից պետք է էլեկտրոնային համակարգ մուտքագրվի (վերբեռնվի) դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը (սահմանված նմուշի վկայականը) կամ դրա պատճենը։
8. Դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են դրանց բնօրինակների սքանավորված (տեսաներածված) պատճենները էլեկտրոնային համակարգ` դիմումին կից մուտքագրվելու (վերբեռնելու) միջոցով:
Փաստաթղթերի սքանավորված (տեսաներածված) պատճենները պետք է ներկայացվեն PDF, JPG, PNG ֆորմատի ֆայլերով:
Փաստաթղթերի բնօրինակները պետք է սքանավորված (տեսաներածված) լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի սքանավորված (տեսաներածված) պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:
9. Դիմումը և կից փաստաթղթերը էլեկտրոնային հարթակում մուտքագրվելուց՝ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման համապատասխան կենտրոնի տվյալների միջոցով ստուգվում է ներկայացված դիմումի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և դրա պատկանելությունը դիմումը ներկայացրած անձին, լիազորագրով հանդես գալու դեպքերում՝ լիազորագրի էլեկտրոնային ստորագրության իսկությունն ու պատկանելությունը լիազորող անձին, ինչպես նաև դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:
Եթե էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցների կիրառմամբ չի հաստատվել Էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի, էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացված լիազորագրի վրա դրված էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը կամ դրա պատկանելությունը որպես ստորագրող նշված անձին, դիմումը չի քննարկվում։
10. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ ընտրատարծքային ընտրական հանձնաժողովը կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին, կամ դիմողին հնարավորություն է ընձեռում շտկելու այդ սխալները` սահմանելով ողջամիտ ժամկետ:
Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առցանց ներկայացված ֆայլերը կամ դրանցից որևէ մեկը հնարավոր չէ բացել (ընթեռնելի չէ համակարգչի համար) նման ֆորմատի ֆայլերի հետ աշխատանքի համար կիրառելի համակարգչային ծրագրերով, ապա ընտրական հանձնաժողովը համալրման կամ սահմանված ֆորմատով ներկայացման համար սահմանում է ողջամիտ ժամկետ:
Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի սքանավորված (տեսաներածված) պատճենները չեն համապատասխանում սույն կարգի 8-րդ կետով սահմանված պահանջներին, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին հնարավորություն է ընձեռում շտկելու դրանք՝ սահմանելով ողջամիտ ժամկետ:
Սահմանված ժամկետում սխալները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու կամ սահմանված ֆորմատով չներկայացնելու դեպքում դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին:
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ դիմողը ծանուցվում է Ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:
12. էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից փոխանցվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|