Գլխավոր տեղեկություն
Номер
N 2107-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.12.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.12.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2023
Дата вступления в силу
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2023 թվականի N 2107-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.08.24 N 1281-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 7-ի N 2107-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆԸ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ԵՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման, տեղափոխման, վերամշակման, օգտագործման և վարակազերծման հետ կապված հարաբերությունները:

2. Գոմաղբը, թռչնաղբը գյուղատնտեսական կենդանիների պահման ընթացքում գոյացող թափոններ են:

3. Գոմաղբի, թռչնաղբի տեղափոխումը, վերամշակումը, պահեստավորումը և վարակազերծումն իրականացվում են շրջակա միջավայրն աղտոտումից պահպանելու, մարդկանց և կենդանիների առողջությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով։

4. Որոշման մեջ օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) գոմաղբ, թռչնաղբ՝ գյուղատնտեսական կենդանիների պահման ընթացքում գոյացած անասնապահական կողմնակի արտադրանք.

2) գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման, վերամշակման արտադրամաս՝ հատուկ սարքավորումներով հագեցած տարածքներ, պահեստավորման և պահպանման համար նախատեսված վայրեր.

3) գոմաղբի, թռչնաղբի վերամշակում՝ մասնագիտացված տեղամասերում գոմաղբից, թռչնաղբից տեխնիկական հումքի պատրաստում` դրանց օգտագործման կամ իրացման համար.

4) գոմաղբի, թռչնաղբի օգտագործում՝ վերամշակված գոմաղբի, թռչնաղբի օգտագործումը գյուղատնտեսական հողերի բերրիությունը բարձրացնելու, վառելիք՝ կենսագազ կամ վառելանյութ ստանալու համար։

5. Պահեստավորման, վերամշակման արտադրամասը, ինչպես նաև պահպանման համար նախատեսված վայրերը պետք է ունենան գոմաղբի, թռչնաղբի կարանտինային տարածքներ։

6. Կենդանիների և թռչունների պահման շենքերում գոմաղբը, թռչնաղբը և դրանք պարունակող կեղտաջրերը հավաքելու և հեռացնելու սարքերի նախագծման կանոնները տրվում են տեխնոլոգիական նախագծման համապատասխան նորմերով (տեխնոլոգիական նախագծման մեթոդական հանձնարարականներով):

7. Անասնաբուծական և թռչնաբուծական շենքերը պետք է նախագծվեն այնպես, որ գոմաղբը, թռչնաղբը, գոմաղբ և թռչնաղբ պարունակող արտահոսքերը չաղտոտեն շրջակա միջավայրը և ստորերկրյա ջրերը, ապահովեն մակերևութային ջրերի և արտադրական կեղտաջրերի հեռացման և մաքրման պայմանները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջների:

 

2․ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

8. Գոմաղբը, թռչնաղբը պահեստավորելիս պետք է հաշվի առնել պահպանման եղանակները։

9. Գոմաղբի, թռչնաղբի պահպանման եղանակներն են՝

1) փխրուն՝ ազատ շարվածքով, 2-3 մետրից ոչ ավելի լայն կույտերով.

2) խիտ՝ խիտ շարվածքով, առնվազն 5 մետր լայնությամբ և 2 մետր բարձրությամբ.

3) սեղմված՝ յուրաքանչյուր շերտը 0.8-1 մետր, բրգաձև շարվածքով, առնվազն 2 մետր բարձրությամբ.

4) հեղուկ, կիսահեղուկ՝ կուտակվում և պահվում են հատուկ սեկցիոն տիպի պահեստարաններում:

10. Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման լավագույն եղանակ է համարվում խիտ եղանակով պահպանումը, որի ժամանակ կրճատվում է ազոտի և օրգանական նյութերի կորուստը։ Գոմաղբի, թռչնաղբի պահեստարանները պետք է ապահովված լինեն դրանք խառնելու սարքերով:

11. Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման օբյեկտների տարածքը պետք է լինի բարեկարգված և շրջապատված լինի բազմամյա կանաչ տնկարկներով՝ հնարավորինս կանխելով գարշահոտության տարածումը։

12. Պահեստի հատակը, պատերը և մուտքի ճանապարհները պետք է ունենան կարծր մակերես։ Գոմաղբի փակ պահեստարանները պետք է ունենան օդանցքեր և օդափոխության համակարգեր:

13. Գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման տարածքի հզորությունը հաշվարկվում է գոմաղբի օրական ստացվող քանակից և դրա օգտագործման ժամանակից: Թույլատրվում է պահեստավորել 6 ամիս ժամկետով, դրանից ավելի պահելու դեպքում՝ հիմնավորել։

14. Գոմաղբի, թռչնաղբի հավաքման և սենքից դուրս տեղափոխման համակարգը պետք է ապահովի կենդանիների և թռչունների պահման համար նախատեսված սենքերի, միջանցքների և ցանկապատերի մաքրությունը:

15. Գոմաղբի, թռչնաղբի հեռացման առուների (ջրանցքների) կոնստրուկտիվ լուծումները՝ լայնությունը, խորությունը, ուղղահայացի նկատմամբ կողային պատերի թեքության անկյունը, գոմաղբի, թռչնաղբի հեռացման տարբեր եղանակների դեպքում առուների հատակի թեքությունը տրվում են գոմաղբի և թռչնաղբի հեռացման համակարգի տեխնոլոգիական նախագծման մեթոդական ցուցումներով:

16. Անասնապահական շենք/շինություններից գոմաղբի և թռչնաղբի հեռացումն իրականացվում է մեխանիկական, հիդրավլիկ (հիդրավլիկ լվացման, ինքնահոս համակարգեր), օդաճնշական եղանակով, քերիչ և թրթուրավոր փոխադրիչ սարքավորումներով: Հավաքված գոմաղբի, թռչնաղբի արտադրանքի տեղափոխումը պահպանման վայրեր իրականացվում է բեռնատարներով, որոնց թափքերը պետք է լինեն ջրամեկուսացված և ծածկված լինեն անջրաթափանց նյութից պատրաստված ծածկով։

17. Գոմաղբը, թռչնաղբը մինչև խմորումը պահվում են 24-48 ժամ։

 

3. ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

18. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակումն իրականացվում է տեխնոլոգիական գործողություններով, և արդյունքում ստացվում է հումքային ռեսուրս օգտագործման համար:

19. Տնտեսությունում վարակիչ հիվանդության արձանագրման դեպքում՝ չվերամշակված գոմաղբը կամ թռչնաղբը հանդիսանում է վարակիչ հիվանդությունների տարածման աղբյուր։

20. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման արտադրամասը պետք է տեղակայված լինի անասնապահական շենք/շինությունների ցանկապատից դուրս:

21. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման արտադրամասի հեռավորությանը ներկայացվող պահանջները սահմանված են համաձայն աղյուսակի.

 

Տնտեսությունն ըստ կենդանատեսակի և գլխաքանակի

Անասնաբուծական տնտեսությունների

հեռավորությունը

/մետր/

Բնակելի տարածքներից հեռավորությունը

/մետր/

Գոմաղբի մեխանիկական և կենսաբանական վերամշակում

խոզաբուծարան՝ մինչև 10000 գլուխ

առնվազն 60

առնվազն 500

խոշոր եղջերավոր կենդանիների

տնտեսություն՝ մինչև 1000 գլուխ

առնվազն 60

առնվազն 500

մանր եղջերավոր կենդանիների

տնտեսություն՝ մինչև 5000 գլուխ

առնվազն 200

առնվազն 3000

մինչև 50 գլխաքանակ ունեցող

տնտեսություններ

առնվազն 5

առնվազն 100

Թռչնաղբի վերամշակումը պահեստներում

թռչնաֆաբրիկա

առնվազն 500

առնվազն 1000

 

22. Յուրաքանչյուր անասնապահական շենք/շինություն պետք է ունենա գոմաղբի, թռչնաղբի ախտահանման մեթոդ և տեխնիկական միջոցներ։

23. Գոմաղբի, թռչնաղբի օգտագործման համար անասնապահական շենք/շինությունները պետք է ապահովված լինեն կարանտինային վայրերով։

24. Գոմաղբը, թռչնաղբը կարանտինային վայրերում պետք է պահվեն առնվազն 6 օր, անասնահամաճարակային իրավիճակների դեպքում՝ դեպքի արձանագրման օրվանից առնվազն 45 օր։

25. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման մեթոդներն են՝

1) մեխանիկական.

ա. կոմպոստավորման մեթոդ՝ բնական ճանապարհով միկրո (բակտերիաներ, սնկեր և այլն) և մակրոօրգանիզմների (միջատներ, ճիճուներ) ազդեցության տակ խմորում, տարբեր օրգանական նյութերի տարրալուծում, գոմաղբի, թռչնաղբի առավելագույն խոնավությունը 75 %,

բ. արագացված կոմպոստավորման տեխնոլոգիական մեթոդ՝ ապահովել օդի ներթափանցումը (աերոբ),

գ. չորացման մեթոդ՝ իրականացվում է հատուկ սարքի միջոցով, որն արագացնում է վարակազերծումը և խմորումը.

2) կենսաբանական.

ա. կենսաբանական մեթոդ՝ միկրօրգանիզմներով հարստացում,

բ. կենսագազի արտադրության մեթոդ՝ հատուկ տեխնոլոգիական պայմանների և պահանջների առկայություն։

26. Անասնապահական շենք/շինություններից հեղուկ գոմաղբի, թռչնաղբի հեռացման, շրջանառության՝ վերամշակման, պահպանման և տեղափոխման, համակարգի բոլոր կառույցներն ու շինարարական տարրերը պետք է կատարվեն ջրամեկուսացումով, ինչը բացառում է ստորերկրյա ջրերի ներթափանցումը տեխնոլոգիական գիծ, ինչպես նաև հեղուկ գոմաղբի և արտահոսքի ներթափանցումը ջրատար հորիզոններ:

27. Գոմաղբի, թռչնաղբի վերամշակման և պահպանման վայրերի տարածքը պետք է լինի պարսպապատված, բարեկարգված և ունենա ասֆալտապատ ճանապարհ՝ նվազագույնը 3,5 մետր լայնությամբ:

28. Վերամշակված գոմաղբը, թռչնաղբն օգտագործվում են որպես գյուղատնտեսական հողերի բերրիությունը բարձրացնելու միջոց՝ օրգանական ծագման պարարտանյութ, վառելիք կամ վառելանյութ։

 

4․ ԳՈՄԱՂԲԻ, ԹՌՉՆԱՂԲԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄԸ

 

29. Անասնապահական տնտեսությունում վարակիչ հիվանդության արձանագրման դեպքում, իրականացված կանխարգելիչ միջոցառումների շարքում է նաև գոմաղբի, թռչնաղբի վարակազերծումը։

30. Անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, «Անասնաբուժության մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, պարտավոր են՝

1) ֆերման սպասարկող անասնաբուժական ծառայությանը և (կամ) լիազոր մարմնին տեղեկացնել կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ փոփոխությունների, հիվանդացության, իրականացրած սանիտարական սպանդի, կենդանիների մորթի և անկած կենդանիների մասին.

2) կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման և ոչնչացման միջոցառումների իրականացման շրջանակներում կատարել ներգրավված անասնաբույժների ցուցումները, լիազոր մարմնի հանձնարարությունները, կարգադրությունները։

31. Տնտեսությունը պետք է հագեցած լինի համապատասխան տեխնիկական միջոցներով և նյութերով՝ վարակազերծումն իրականացնելու համար։

32. Գոմաղբի վարակազերծման եղանակներն են՝

1) կենսաբանական՝ բիոթերմիկ, կոմպոստավորում, աերոբ խմորում, պահպանում մինչև 12 ամիս.

2) քիմիական՝ ամոնիակով, ֆորմալինով (40%), քլորով։ Այս նպատակով 3 կգ ֆորմալդեհիդը խառնվում է 1 մ3 հեղուկ գոմաղբին՝ պահվում 5 օր, 30 կգ ամոնիակը՝ 1 մ3 հեղուկ գոմաղբին և պահվում 3 օր.

3) ֆիզիկական՝ ջերմային (110-1200-ի ջրային գոլորշու շիթով, 0,2 կՊա ճնշմամբ՝ 10 րոպե տևողությամբ), չորացում, ուժեղացված կոմպոստավորում՝ ինտենսիվ օդափոխությամբ։

33. Թռչնաղբի վարակազերծման եղանակներն են՝

1) կենսաբանական՝ կոմպոստավորում, պահպանում մինչև 12 ամիս.

2) ֆիզիկական՝ չորացում։

34. Տրանսպորտային միջոցն ախտահանելու նպատակով, վարակված կենդանիներից ստացված գոմաղբի և թռչնաղբի տեղափոխումից հետո թափքը ենթարկվում է մեխանիկական մաքրման տաք լվացվող լուծույթով կամ տաք ջրով և ախտահանվում է 2,5 տոկոս ակտիվ քլոր պարունակող պարզեցված սպիտակեցնող լուծույթով:

35. Վարակազերծման եղանակի ընտրությունը կատարվում է անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի հանձնարարականով՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության հարուցչի տեսակը, քիմիական և տեխնիկական միջոցների հասանելիությունը։

36. Ակտիվ կենսաջերմային պրոցեսներ, ինչպես նաև 40°С-ից բարձր ջերմաստիճանային պայմաններ ապահովելու անհնարինության դեպքում, վարակազերծման նպատակով գոմաղբը, թռչնաղբը պահպանվում են՝

1) վարակի վեգետատիվ հարուցիչներով ախտահարվածության դեպքում՝ 12 ամիս.

2) տուբերկուլոզի դեպքում՝ մինչև 2 տարի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2024, N 1281-Ն 16.08.2024, N 2107-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան