ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա․ Ադամյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԱՐԴ/0016/11/23 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի Լ. Թադևոսյանի | |
Ա. պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
7 հունիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արա Սարգսի Սարգսյանի պաշտպանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2020 թվականի հունվարի 14-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 57151420 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2022 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ Արա Սարգսի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2․ Արա Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպան Է․Ղարիբյանի միջնորդությունն Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կ․Խաչատրյանի՝ 2023 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ մերժվել է։
3․ Վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Է․Ղարիբյանի բողոքի քննության արդյունքում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ բողոքը բավարարել է և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնելու Ա․Սարգսյանի իրավունքների խախտումը:
4․ Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 21-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ․Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
Ըստ բողոքի հեղինակի՝ պաշտպան Է.Ղարիբյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը ենթակա էր մերժման, քանի որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը դատական բողոքարկման ենթակա չէ։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը թվարկել է վիճարկման ենթակա մինչդատական ակտերի տեսակները, որոնց թվում խնդրո որոշումը նախատեսված չէ։ Միաժամանակ բացակայում է նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ընթացակարգով բողոքարկելու հնարավորությունը, քանզի ներկայացված բողոքում առկա չէ որևէ հիմնավորում, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնարին է լինելու կամ ակնհայտորեն զրկելու է Ա․Սարգսյանի իրավաչափ շահերն արդյունավետորեն պաշտպանելու իրական հնարավորությունից։ Այս առումով, բողոք բերած անձն արձանագրել է, որ խնդրո առարկա հարցը դատարանի կողմից կարող է ստուգման ենթարկվել դատաքննության փուլում։
6․1․ Վերոգրյալից բացի, բողոքի հեղինակն արձանագրել է նաև մինչդատական ակտի դատական բողոքարկման ընթացակարգի խախտում։ Մասնավորապես, հսկող դատախազի վարութային ակտն անմիջապես բողոքարկվել է դատարան, այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ և 300-րդ հոդվածների համադրումը ցույց է տալիս, որ հսկող դատախազի վարութային ակտը նախ ենթակա է բողոքարկման վերադաս դատախազին և նրա կողմից բողոքը չբավարարելու դեպքում միայն դատարան։
6․2․ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի դատական ակտով որոշակիացված չէ արձանագրված խախտման կապակցությամբ վարույթի հանրային մասնակցի պարտականության շրջանակը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում է։
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ բավարարելով հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը կամ վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8․ Մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) [Պ]ահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված պահանջները, հետևաբար՝ պետք է հարուցել մինչդատական ակտը վիճարկելու վարույթ (․․․)»1։
9․ Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) [Դ]եռևս 2023 թվականի սեպտեմբերի 01-ին կայացրած մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու և բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով անցկացնելու մասին որոշմամբ վարույթի հանրային մասնակցից (․․․) պահանջվել էր մինչև 2023թ․ սեպտեմբերի 20-ը ներառյալ [Առաջին ատյանի դ]ատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութերը, սակայն վարույթի նյութերը, սահմանված ժամանակահատվածում, [Առաջին ատյանի դ]ատարան չեն ներկայացվել։ Նման պայմաններում, [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ ղեկավարվելով օրենսդրական հստակ պահանջներով, այսպիսի պայմաններում բողոքը ենթակա է բավարարման»2։
10․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը․ «(․․․) Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով, ըստ էության, կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմքեր չկան»3։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ա․Սարգսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է դատական երաշխիքների վարույթի առարկա։
12․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը․
1) ձերբակալումը.
2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը.
3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը.
4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը.
5) վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը.
6) խափանման միջոց կիրառելու մասին որոշումը.
7) վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը.
8) վարույթից հեռացնելու կամ վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշումը.
9) գրավը պետության եկամուտ դարձնելու մասին որոշումը.
10) հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու կամ դադարեցնելու մասին որոշումը.
11) Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերացնելու մասին:
2. Դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»:
Մեջբերված քրեադատավարական նորմի վերլուծությունից նախ և առաջ կարելի է եզրահանգել, որ օրենսդիրն իրացրել է քրեադատավարական նախկին նորմերի համատեքստում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված իրավական այն դիրքորոշումը, ըստ որի՝ եթե քրեական դատավարության օրենսգրքով կոնկրետ որոշման կամ գործողության՝ դատական բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, ապա այն կարող է վիճարկվել դատական կարգով, եթե դրա վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման4։
Այսպես, մի կողմից սպառիչ թվարկվել են դատական կարգով վիճարկման ենթակա մինչդատական ակտերի տեսակները, որոնք ներառում են ինչպես անձի իրավունքներն ու իրավաչափ շահերն անմիջականորեն շոշափող, այնպես էլ մինչդատական վարույթն ամբողջությամբ կամ որոշակի մասով ավարտող ակտերը, իսկ մյուս կողմից շահագրգիռ անձը հնարավորություն է ստացել դատարան բողոքարկել նաև իր իրավունքներն ու իրավաչափ շահերը ենթադրաբար խախտող ցանկացած այլ մինչդատական ակտ, որի վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Միաժամանակ օրենսդիրը, օրենքի աստիճանի բարձրացնելով Վճռաբեկ դատարանի կողմից մշակված թեստը, բողոքը ներկայացրած անձի վրա է դրել սպառիչ ցանկում չներառված մինչդատական ակտը դատարանում վիճարկելու հնարավորությունը հիմնավորելու բեռը5։
12․1․ Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարունակվում են կիրառելի լինել քրեադատավարական նախկին օրենսդրության շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական այն դիրքորոշումը, որի համաձայն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշման վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման։ Իսկ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող նախաքննության մարմնի այլ վարութային ակտերի (որոնք առանձին կարող են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա լինել) միջամտությունն անձի իրավունքներին ու օրինական շահերին՝ անկախ միջամտության ինտենսիվությունից, չի կարող դիտարկվել որպես չափանիշ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգելու համար6։
13․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Ա․Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունն Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կ․Խաչատրյանի՝ 2023 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ մերժվել է7,
- նշված որոշման դեմ Ա․Սարգսյանի պաշտպանի բողոքի հիման վրա Առաջին ատյանի դատարանը հարուցել է մինչդատական ակտի վիճարկման վարույթ8 և բողոքի վերաբերյալ նյութերը վարույթի հանրային մասնակցի կողմից չներկայացնելու պատճառաբանությամբ բավարարել է բողոքը՝ արձանագրելով Ա․Սարգսյանի իրավունքների խախտման փաստը9,
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին10։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12.1-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով մեղադրյալ Ա․Սարգսյանի պաշտպանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի ընթացքում դատական երաշխիքների շրջանակներից:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատախազի վիճարկվող որոշումը գործի նախնական քննության փուլում մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակներում չի կարող բողոքարկվել դատարան, քանի որ նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև դրա վիճարկումը դատաքննության ընթացքում հնարավոր է ու Ա․Սարգսյանին ակնհայտորեն չի զրկելու իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից, այսինքն, բացակայում է նաև նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ընթացակարգի միջոցով վիճարկելու հնարավորությունը։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ա․Սարգսյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է դատական երաշխիքների վարույթի առարկա, իրավաչափ չէ։ Արձանագրված եզրահանգման պայմաններում բողոքաբերի՝ սույն որոշման 6․1-րդ և 6․2-րդ կետերում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
15․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ Ա․Սարգսյանի պաշտպան Է․Ղարիբյանի բողոքը՝ մերժելու։
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 2-ի և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 21-ի որոշումները բեկանել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված` մեղադրյալ Արա Սարգսի Սարգսյանի պաշտպան Է․Ղարիբյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 16։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 24-30։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 79-86։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը, Վանիկ Ասատրյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշման 10․1-րդ կետը։
5 Տես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Գյուլնազարյանի գործով 2023 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0376/11/20 որոշման 12-րդ կետը։
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Լ. Թադևոսյան |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|