ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 մայիսի 2015 թ. |
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վ. Եղիազարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված` Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2015 թվականի ապրիլի 23-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին` Մինսկում:
Համաձայնագրի նպատակը Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդ կազմավորելն է, որն իր գործունեությունը կիրականացնի Համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող Կանոնադրությանը համապատասխան:
2. Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
ա) ավանդապահին տվյալներ հաղորդել Խորհրդի անդամի մասին.
բ) Խորհրդի անդամի փոփոխման մասին մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցել ավանդապահին.
գ) հոգալ Խորհրդի նիստի ֆինանսավորման հետ կապված ծախսերը` որպես ընդունող պետություն.
դ) հոգալ Խորհրդի անդամների և դրա նիստերի մասնակիցների գործուղման հետ կապված ծախսերը` որպես ուղարկող պետություն:
3. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին երրորդ ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից 30 օր անց:
4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոնշյալ պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2013 թվականի հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված` Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 19 մայիսի 2015 թ. ՍԴՈ-1207
Վ. Հովհաննիսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|