ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2004 թ. |
N 11 |
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.
1. Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերում սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման վերաբերյալ.
Համաձայն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) հոդված 11-ի առաջին կետի երկրորդ ենթակետի՝ բանկերը, Օրենքի 1-ին հոդվածով սահմանված ֆիզիկական անձանց կողմից կանխիկ կամ անկանխիկ եղանակով հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ ընդունելիս և կատարելիս պարտավոր են բոլոր վճարահաշվարկային փաստաթղթերում (ինչպես հաճախորդից ընդունված, այնպես էլ միջբանկային) նշել տվյալ վճարումը իրականացնող ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը։ Ընդ որում, բանկերը վերը նշված յուրաքանչյուր վճարման կատարման ժամանակ Օրենքի 1-ին հոդվածով սահմանված ֆիզիկական անձ-հաճախորդներից պետք է պահանջեն անձը հաստատող փաստաթուղթ, որի հիման վրա պարզ կլինի սոցիալական ապահովության քարտի ներկայացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն, որ օտարերկրյա քաղաքացիներից, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության իրավունք չունեն, սույն կետով սահմանված վճարումները կատարելու համար սոցիալական քարտի համարը չի պահանջվում։ Ֆիզիկական անձ-հաճախորդի կողմից իր օտարերկրյա քաղաքացի լինելու փաստը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում բանկը կարող է նրանից պահանջել նաև ստորագրել համապատասխան հայտարարություն այն մասին, որ տվյալ անձը Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության իրավունք և սոցիալական ապահովության քարտ չունի։ Միաժամանակ, օտարերկրյա քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի ներկայացումը բանկի համար հիմք է սույն կետում նշված վճարումներն իրականացնել՝ առանց սոցիալական ապահովության քարտի համար պահանջելու։
2. Բանկային հաշիվ բացելիս սոցիալական ապահովության քարտերի համարի կիրառման վերաբերյալ.
ա) Հիմք ընդունելով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բանկերը, Օրենքի
1-ին հոդվածով սահմանված ֆիզիկական անձանց կողմից բանկային հաշիվ բացելիս պետք է բանկային հաշվին առնչվող իրենց ներքին տեղեկատվական համակարգերում ապահովեն «սոցիալական ապահովության քարտի համարը» վավերապայմանի առկայությունը։
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետադարձ ուժի վերաբերյալ դրույթների՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջի գործողությունը պետք է տարածվի միայն վերը նշված օրենքի համապատասխան հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո բացվող բանկային հաշիվների վրա։ Միաժամանակ, 2005 թ. հունվարի 1-ից հետո ֆիզիկական անձանց կողմից բանկային հաշվով Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական բյուջե ուղղված գործառնություն կատարելու առաջին իսկ կարգադրությունը բանկ ներկայացնելիս, բանկերը Օրենքի 1-ին հոդվածում նշված ֆիզիկական անձանցից պետք է պահանջեն սոցիալական ապահովության քարտի համարը։ Օրենքի 1-ին հոդվածում նշված ֆիզիկական անձանց կողմից սոցիալական ապահովության քարտի համարը չներկայացնելը բանկի համար հիմք է բանկային հաշվով Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական բյուջե ուղղված գործառնությունները դադարեցնելու համար՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների»։ Սույն կետի դրույթները չեն տարածվում ԽՍՀՄ տարիներին բացված ֆիզիկական անձանց խնայողական հաշիվների վրա, որոնց հետ չեն վերակնքվել նոր ավանդային պայմանագրեր (օրինակ՝ Հայխնայբանկի միացյալ հաշիվներում ներառված ֆիզիկական անձանց խնայողական հաշիվները)։
բ) Օրենքի իմաստով բանկային հաշիվ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված հաշիվները, անկախ այն հանգամանքից, թե տվյալ հաշիվը հետագայում օգտագործվելու է ավանդային (ցպահանջ կամ ժամկետային), վարկային կամ այլ տիպի գործառնությունների իրականացման նպատակով։ Այսինքն, բանկային հաշիվներին պետք է դասվեն բոլոր այն հաշիվները, որոնք նախատեսված են քաղաքացիներից դրամական միջոցների ընդունման և վճարահաշվարկային սպասարկման համար (դրամական միջոցների մուտքագրում, ելքագրում, փոխանցում)։ Օրենքի իմաստով բանկային հաշիվ չեն համարվում բանկի հաշվապահական հաշվառման դիրքերը արտահայտող հաշիվները։
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
