«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506069
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
16 փետրվարի 2006 թ. |
N 20-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 15-րդ կետով և N 3 հավելվածի 15-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, գործադիր մարմինների ատեստավորման անցկացման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և կազմի հաստատման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2. ատեստավորման թերթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
Ա. Վարդանյան
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և այն փակ բաժնետիրական ընկերությունների, որոնց հարյուր տոկոս բաժնեմասի տիրապետման իրավասությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն), գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորման անցկացման և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) ձևավորման և կազմի հաստատման կարգը:
2. Ատեստավորումը` տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:
3. Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատուն նախարարության աշխատակազմի ղեկավարն է:
4. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են նախարարության աշխատակազմի միջոցների հաշվին:
5. Հանձնաժողովի տեղեկատվական և տեխնիկական ապահովումն իրականացնում է նախարարության աշխատակազմը:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱԶՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
6. Հանձնաժողովը ձևավորում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար): Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով` ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Նույն հրամանով նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա նախարարի հրամանով հանձնաժողովի կազմից նշանակվում է համապատասխանաբար հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
9. Ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանով սահմանված ժամկետում:
10. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ տնօրենը ենթակա է ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
11. Ատեստավորման ենթակա անձինք ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
12. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ նախարարի տվյալ ոլորտը համակարգող տեղակալը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ատեստավորման ենթակա տնօրենի ծառայողական բնութագիրը, որը պետք է բովանդակի տվյալներ տնօրենի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:
Ատեստավորման ենթակա տնօրենը ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ ծանոթանում է իր ծառայողական բնութագրին:
13. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել տնօրենի ատեստավորման արդյունքների վրա:
14. Տնօրենը ատեստավորումից մեկ շաբաթ առաջ նախարարության աշխատակազմ է ներկայացնում տեղեկանք նախորդ 5 տարիների ընթացքում իր կատարած աշխատանքների մասին:
IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ` փաստաթղթային ուսումնասիրության և հարցազրույցի միջոցով:
16. Տնօրենն ատեստավորման ներկայանալիս` ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:
17. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է տնօրենի անունը, ազգանունը և հայրանունը: Ատեստավորման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
18. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցը անցկացվում է հարցատոմսերի միջոցով: Հարցազրույցի ժամանակ կարող են տրվել հարցատոմսի մեջ չմտնող այլ հարցեր` սույն կարգի 20-րդ կետում նշված նպատակներով:
Հարցատոմսերը կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,
գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք,
դ) պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ատեստավորման համար` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
ե) փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ատեստավորման համար` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
զ) տվյալ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր:
19. Հարցատոմսերը ձևավորվում են համակարգչի միջոցով:
20. Հարցատոմսի մեջ չմտնող հարցերը կարող են տրվել.
ա) կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողությունը ստուգելու նպատակով,
բ) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը ստուգելու նպատակով,
գ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողությունը ստուգելու նպատակով,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակությունը ստուգելու նպատակով,
ե) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտությունը ստուգելու նպատակով:
21. Հարցազրույցը գրավոր արձանագրվում է:
22. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսերին տրված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են հանձնաժողովի նախագահի կողմից: Հարցատոմսի մեջ չմտնող հարցերը գնահատվում են հարցը հնչեցնող հանձնաժողովի անդամի կողմից:
23. Արձանագրության մեջ առնվազն ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ատեստավորվող տնօրենի տված պատասխանը, ինչպես նաև հարակից բանավոր հարցերը և դրանց վերաբերյալ ատեստավորվող տնօրենի տված պատասխանները:
24. Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների և ատեստավորվող տնօրենի կողմից:
25. Ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումները`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,
բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
26. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
27. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ:
28. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ:
29. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնածողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
30. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթի հետ և ստորագրում:
V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
31. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը` անմիջապես:
Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:
32. Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`
ա) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,
բ) ատեստավորվող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և հայրանունը, նրա վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:
33. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, կարող է ծանոթանալ հանձնաժողովի որոշումներին, ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկին: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ հանձնաժողովի որոշումների և ատեստավորման թերթի պատճենները:
34. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները տնօրենի կողմից կարող են գրավոր բողոքարկվել նախարարին` ատեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում:
35. Բողոքը նախարարը քննության է առնում այն աշխատակազմում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
36. Նախարարը բողոքը քննության առնելիս ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ հանձնաժողովի գնահատականները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
ա) ատեստավորման արդյունքը կոնկրետ տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,
բ) կոնկրետ տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:
37. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը նախարարության աշխատակազմը եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարին:
Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև ատեստավորող հանձնաժողովի որոշումները և նիստի արձանագրությունները:
38. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին է հանձնում բաժնի կնիքը, ատեստավորման թերթերը, ատեստավորող հանձնաժողովի որոշումները, նիստի արձանագրությունները և տնօրենին վերաբերող մյուս բոլոր փաստաթղթերը:
39. Նախարարը տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գրավոր բողոք լինելու դեպքում սույն կարգի 37-րդ կետի երկրորդ պարբերությունով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) տնօրենի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր,
բ) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ապահովել ատեստավորվող անձանց համար իրենց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների դրսևորման հավասար հնարավորություններ, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ) ապահովել անցկացվող ատեստավորման թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
41. Հանձնաժողովը`
ա) նախարարության աշխատակազմից ստանում է ատեստավորմանը մասնակցող տնօրենի փաստաթղթերը, նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կլոր կնիքը և ատեստավորմանը վերաբերող նյութերը.
բ) քննության է առնում փաստաթղթերի հավաստիությունը, ամբողջականությունը.
գ) ատեստավորվող անձի հետ անցկացնում է հարցազրույց.
դ) կազմում է քվեաթերթիկ.
ե) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
զ) քվեարկության արդյունքում ատեստավորվողի վերաբերյալ կայացնում է որոշում.
է) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
ը) պաշտոնապես հրապարակում է ատեստավորման արդյունքները.
թ) իր գործառույթներն իրականացնելիս կարող է պետական և (կամ) այլ մարմիններից, կազմակերպություններից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
42. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
43. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
44. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
45. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորման անցկացման կարգը խախտելու դեպքում հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել հանձնաժողովի անդամին տվյալ հանձնաժողովի կազմից:
46. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում և կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
բ) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
գ) հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
դ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, ինչպես նաև հանձնաժողովի գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը.
ե) հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվություն է ներկայացնում նախարարին.
զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
47. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է մասնակիցներին հարցազրույցի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը.
դ) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
48. Հանձնաժողովի անդամը`
ա) մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.
բ) բարձրաձայն հայտարարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
գ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում հանձնաժողովի կողմից անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
դ) ստորագրում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
ե) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
զ) հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնում է հանձնաժողովի քարտուղարին.
է) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կարգի դրույթների խախտման դեպքում տվյալ տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:
Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարուց ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում:
Հավելված N 2 |
Ձև ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ (Տնօրենի) Ատեստավորման եղանակը. հարցազրույցի 1. Ազգանուն, անուն, հայրանուն__________________________________________ 2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը______________________________________ 3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ ______________________________________________________________ 4. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ______________ անդամներ, որոնց կողմ է քվեարկել _______ անդամ: 5. Հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը __________ _______________________________________________________________ _______________________________________________________________
____________________ _____________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) Հանձնաժողովի անդամներ` ____________________ _____________________ (անուն, ազգանուն) (ստորագրություն) ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________ ____________________
Հանձնաժողովի նախագահ`