ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
01.02.2000 թ. |
ք. Երևան |
հ. 8/2 |
Ի ՎԱՅՐ (ՎԱՐ), Ի ՎԵՐ ՀԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՌԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության
7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի պահանջները`
Հրամայում եմ`
հաստատել ի վայր (վար), ի վեր հետադրություններով կազմված բառակապակցությունների և բառերի գրության կանոնները:
Լ. Գալստյան
Հաստատված է |
Ի ՎԱՅՐ (ՎԱՐ), Ի ՎԵՐ ՀԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԿԱԶՄՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՌԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Ժամանակակից հայերենում գոյականներով և ի վայր (վար), ի վեր հետադրություններով կազմված կապակցությունների ու բարդ բառերի գրության մեջ առաջացել են ավելորդ զուգաձևություններ: Այսպես, օրինակ` դար ի վեր - դարիվեր, զառ ի վայր - զառիվայր, հիմն ի վեր - հիմնիվեր, լեռն ի վայր (վար) - լեռնիվայր (վար), սարն ի վեր - սարնիվեր և այլն:
Ուղղագրական այս անհարկի և շփոթեցնող զուգաձևությունները վերացնելու նպատակով անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ կանոններով:
1. Անջատ կամ հարադրությամբ գրվում են.
Գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով կազմված կապակցությունները:
Դրանք են`
ա) հատուկ տեղանուն գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով կազմված կապակցությունները: Օրինակ` Մասիսն ի վեր, Ծովասարն ի վայր և այլն.
բ) հոգնակի գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով կազմված կապակցությունները. օրինակ` սարերն ի վեր, ձորերն ի վայր, դարերն ի վեր և այլն.
գ) գոյականական բառակապակցությամբ և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով կազմված կապակցությունները. օրինակ` Արայի լեռն ի վայր, ավերակ բերդի պատն ի վեր, դիմացի սարն ի վեր, այդ օրից ի վեր և այլն.
դ) բառային անկախություն ունեցող շեշտակիր գոյականներով կամ մակբայներով և ի վայր (վար) ու վեր հետադրություններով կազմված կապակցությունները. օրինակ` գետն ի վայր, կիրճն ի վեր, փողոցն ի վար, վաղուց ի վեր, հնուց ի վեր և այլն:
2. Անանջատ կամ համադրությամբ գրվում են.
Գոյականներով և ի վայր (վար) ու ի վեր հետադրություններով բաղադրված այն բարդ բառերը, որոնք ունեն մեկ բառային շեշտ և մակբայի, երբեմն էլ ածականի կամ գոյականի խոսքիմասային նշանակություն:
Դրանք են`
բերանքսիվայր, բերանքսիվեր (գրվում են նաև` բերանսիվայր (վար), բերանսիվեր), գլխիվայր (վար), գլխիվեր, դարիվայր (վար), դարիվեր, երեսնիվայր (վար), երեսնիվեր, զառիվայր (վար), զառիվեր, հիմնիվայր (վար), հիմնիվեր:
Ծանոթություն 1: Ի վայր և ի վար զուգաձևերը (սարերն ի վայր-սարերն ի վար, զառիվայր-զառիվար), գրական-գրքային և խոսակցական-ժողովրդական ոճական տարբերակներ են: Այսպես` «Լեռն ի վայր ինչու՞ անուշ կարկաչով վազում է առուն դալարի միջով» (Ռ. Պատկանյան): «Թեթև քամին լեռն ի վար քշում է Ասատուրի այրված տան տաք մոխիրը» (Խ. Դաշտենց): «Դուրս գալով ձորից` ճանապարհը թեքվեցավ դեպի լեռնային զառիվայրը» (Րաֆֆի): «Ողջ գիշեր նա մնաց այդպես բերանքսիվայր» (Ս. Խանզադյան): «Ողջ բանակը ... ընկավ բերանքսիվայր գետնին» (Դ. Դեմիրճյան):
Ծանոթություն 2: Թույլատրվում է անանջատ գրության միավորների բաղադրիչների անջատ գրությունը, եթե առաջին բաղադրիչը նույնությամբ անկախ գործածություն ունի` դար ի վեր, երեսն ի վայր, հիմն ի վեր, բայց` բերանքսիվայր, բերանքսիվեր, գլխիվեր:
Ծանոթություն 3: Անհանձնարարելի է անջատ գրություն ունեցող լեռն ի վայր (վար), լեռն ի վեր, պատն ի վայր (վար), պատն ի վեր, սարն ի վայր (վար), սարն ի վեր միավորների անանջատ (լեռնիվայր (վար), լեռնիվեր, պատնիվայր (վար), պատնիվեր, սարնիվայր (վար), սարնիվեր) գրությունը:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30400122
