«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11106052
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 փետրվարի 2006 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման 6-րդ կետի պահանջի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչությանը և քարտուղարությանը՝
սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ սահմանված կարգով գրանցելու որպես գերատեսչական նորմատիվային ակտ:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին:
Նախարար` | Գ. Գևորգյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեությունն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննության իրականացումը:
Կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան՝
ա/ իրականացնում է մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննություն և դրա արդյունքների հիման վրա տալիս փորձագիտական եզրակացություն,
բ/ կազմակերպում է մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացներ,
գ/ պատրաստում ու հրատարակում է մշակութային արժեքների մշակութաբանական ու արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքեր, ձեռնարկներ, տեղեկագրեր, ժողովածուներ և այլ գրականություն,
դ/ տրամադրում է Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների մասին տեղեկատվություն:
Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են`
ա/ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ/ հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից,
գ/ բարեգործական, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից,
դ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
1. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիան պետք է ապահովի կենտրոնի կանոնադրական գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
2. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնին հատկացվող սուբսիդիայի հաշվարկման հիմքում դրված ծախսերն են՝
ա/ աշխատողների աշխատանքի վարձատրության վճարները.
բ/ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները /հաստատագրված վճար/.
գ/ գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերը.
դ/ էլեկտրաէներգիայի վառելիքի և ջեռուցման ծախսերը.
ե/ գույքի և սարքավորումների ձեռքբերման ծախսերը.
զ/ գործուղման և ծառայողական ուղևորությունների ծախսերը.
է/ տրանսպորտային ծառայությունների վճարներ /սեփական տրանսպորտի պահպանում/.
ը/ կապի ծառայությունների վճարներ /աբոնենտային վարձ/.
թ/ շենքերի, շինությունների վարձակալության ծախսերը.
ժ/ արտագերատեսչական պահպանության ծախսերը.
ժա/ ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսերը.
ժբ/ այլ կոմունալ ծախսերը /աղբ, դեռատիզացիա/:
Աշխատավարձի նորմատիվային ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով վերջին երեք տարիների միջին ցուցակային թվաքանակից և ձևավորված միջին դրույքաչափերից: Աշխատավարձի նորմատիվային ծախսերում հաշվի են առնվում դրույքաչափերի փոփոխությունների գործակիցը, ինչպես նաև՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանող՝ հատուկ պայմաններում աշխատելու համար սահմանված հավելումները:
Շենքի պահպանման, կոմունալ ծառայությունների, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, պահակային ծառայության, վարձակալության, տրանսպորտի պահպանման, գրասենյակային, գործուղման և այլ ծախսերը որոշվում են նախորդ տարվա փաստացի ցուցանիշների, գործող սակագների և պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների գների համաձայն:
3. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնին հատկացվող սուբսիդիայի նորմատիվային չափը կարող է վերանայվել կենտրոնի գործունեության պայմանների էական փոփոխությունների՝ այլ շենք փոխադրվելու, տարածքների ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման և այլ դեպքերում:
4. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի հիմնադիրը /լիազորված պետական մարմինը/, ելնելով սոցիալ-տնտեսական պայմաններից, կանոնադրական գործունեության լիարժեք իրականացման նպատակով սուբսիդիայի նորմատիվային չափը հաշվարկելիս կարող է ավելացնել անձնակազմի թվաքանակը, անհրաժեշտ ծախսերի նվազագույնը:
5. Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող սուբսիդիայի նորմատիվի հաշվարկում, որպես մատուցվող ծառայության միավոր, սահմանվում է կատարված փորձաքննությունների քանակը: Տրամադրվող սուբսիդիայի առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Ս = (Փքնշգ . Փք) - Ե, որտեղ՝
Ս-ն սուբսիդիայի առավելագույն չափն է,
Փքնշգ-ն մեկ միավոր փորձաքննության նվազագույն շահավետ գինն է,
Փք-ն փորձաքննությունների քանակն է,
Ե-ն կենտրոնի վճարովի ծառայություններից առաջացած եկամուտն է:
Մեկ միավոր փորձաքննության նվազագույն շահավետ գինը որոշվում է հետևյալ բանաձևով.
Փքնշգ = ∑Ծ/Փք,
որտեղ ∑Ծ-ն երկրորդ կետում բերված ծախսերի հանրագումարն է: