ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին
«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:
Սույն օրենքի իմաստով՝ շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:»:
Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասում, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածներում, 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. | Միջազգային պայմանագրերի գործողությունը |
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.
«Հոդված 15.1. | Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում |
Սույն օրենքի պահանջները խախտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-159-Ն |