Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2022
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.09.2022
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

09 սեպտեմբերի 2022 թ.
ք. Երևան

N 15-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին ներկայացվող նվազագույն պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

 

Հավելված

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների

նախարարի 2022 թվականի

սեպտեմբերի 9-ի N 15-Ն հրամանի

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) բովանդակությանը, կառուցվածքին և ձևավորմանը ներկայացվող նվազագույն պահանջները:

2. Սույն հավելվածով սահմանված պահանջները տարածվում են այն բոլոր իրավաբանական անձանց վրա, որոնք, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 49-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ և 58-րդ հոդվածների համաձայն, դիմում են լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու, Նախագծի փոփոխություն կատարելու կամ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարվելու նպատակով:

3. Արդյունահանման նախագիծը կազմելիս պահպանվում են ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանման, ինչպես նաև շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման, տեխնիկական անվտանգության, աշխատանքային և իրավունքի այլ ոլորտներին առնչվող օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով, ՀՀ հարկային օրենսգրքով, ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ՀՀ ջրային օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով, «Թափոնների մասին» ՀՀ օրենքով և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները։

4. Նախագծի կազմման ժամանակ թույլատրվում է չընդգրկել սույն հավելվածով սահմանված պահանջներից այն կետերը, որոնք չեն առնչվում տվյալ գործունեությանը՝ պարտադիր կերպով Նախագծում առանձին նշելով չընդգրկված կետերը։

 

II. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Նախագծային փաստաթղթերը պետք է շարադրված լինեն դյուրըմբռնելի, ոչ երկիմաստ, հակիրճ, առանց ավելորդ տարրերի և ճշգրիտ, ինչը հնարավորություն կտա նախագծային նյութերի վերլուծությունն իրականացնել առանց հեղինակի մասնակցության:

6. Կախված հանքավայրի շահագործման փուլից, հանքավայրի բարդության աստիճանից, շահագործվող տեղամասերի քանակից, ինչպես նաև օգտակար հանածոյի վերամշակման համար դիտարկվող տարբերակներից, Նախագծի առանձին բաժինների մշակման մանրամասնությունը և ծավալը որոշվում է Նախագծի հեղինակների կողմից:

7. Նախագիծը պետք է պարունակի հետևյալ բաժինները՝

1) տիտղոսաթերթ,

2) կատարողների ցանկը,

3) սեղմագիր,

4) բովանդակություն,

5) հասկացություններ,

6) հապավումներ,

7) հիմնական՝ նախագծային մաս (ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, հանքավայրի երկրաբանական և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ համապատասխան կտրվածքներով),

8) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման մանրամասների նկարագրություն,

9) հանքավայրի շարժը՝ ըստ տարիների ցուցադրող գծագրերի,

10) հանքավայրի գլխավոր հատակագիծը,

11) հանքավայրի շահագործման նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը,

12) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը, տարեկան առավելագույն արտադրողականության չափը,

13) շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերը,

14) սոցիալական ազդեցության գնահատականը,

15) ընդերքօգտագործման թափոնների առաջացումը, հեռացումը, կարճաժամկետ և երկարաժամկետ տեղադրումը և պահպանությունը, հանքի փակումից հետո դիտանցումը,

16) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեստավորումը և պահպանությունը,

17) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը,

18) խախտված հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա),

19) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի դեպքում` արդյունահանման նպատակ(ներ)ը, ռեժիմային դիտարկումները, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումները,

20) եզրակացություն,

21) օգտագործված սկզբնաղբյուրների ցանկը,

22) գծագրական և այլ հավելվածներ:

8. Նախագծի տիտղոսաթերթը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) ընդերքօգտագործման իրավունք հայցող կազմակերպության անվանումը,

2) համաձայնության, հաստատման մակագրերը,

3) հանքավայրի (տեղամասի) անվանումը,

4) աշխատանքների կատարման ժամկետները,

5) նախագծային փաստաթղթերի կազմման տարին։

9. Եթե Նախագիծը կազմված է երկու և ավելի մասերից, ապա յուրաքանչյուր մաս պետք է ունենա իր տիտղոսաթերթը սույն հավելվածի 9-րդ կետին համապատասխան և պարունակի տվյալ մասին վերաբերող տեղեկությունները:

10. Սեղմագիրը պետք է պարունակի՝ սեղմագրի տեքստը, բանալի բառերի ցանկը (առավելագույնը 15 բառ), տեղեկություն Նախագծի ծավալի, աղյուսակների քանակի, հավելվածների, նախագծային փաստաթղթերի մասերի, օգտագործված սկզբնաղբյուրների և գրականության մասին :

11. Բովանդակությունը պետք է պարունակի՝ բոլոր բաժինների, մասերի, կետերի անվանումները (եթե դրանք ունեն անվանումներ) և էջերը:

12. Հասկացությունները բաժնում պետք է ներկայացնել այն հասկացությունները, որոնք հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ չեն և որոնք հստակեցման, ճշգրտման, միանշանակ ընկալման անհրաժեշտություն ունեն:

13. Հապավումներ բաժնում ներկայացվում են նախագծային փաստաթղթում օգտագործվող մարմինների, գործողությունների, իրավական ակտերի, հասկացությունների և այլ անվանումների հապավումները:

14. Ներածությունը պետք է պարունակի օգտակար հանածոների արդյունահանման իրականացման նպատակը, Նախագծի արդյունավետության գնահատականը, արդիականությունը:

15. Նախագծի էջերը և նրանում պարունակող տեղեկությունները պետք է համապատասխանեն Ա4 ձևաչափի թղթին: Աղյուսակները անհրաժեշտության դեպքում կարող են ներկայացվել Ա3 ձևաչափով:

16. Պետք է լինեն տպագրված համակարգչային եղանակով, սպիտակ թղթի մեկ էջի վրա՝ 1․5 համակարգչային միջտողային հեռավորությամբ: Տպագիր տառերը պետք է լինեն սև, իսկ տառերի, թվերի և այլ նշանները «12 » տառաչափով։

17. Նախագծային փաստաթղթերի էջերը անհրաժեշտ է համարակալել հերթական համարակալմամբ՝ արաբական թվանշաններով: Նախագծային փաստաթղթի տիտղոսաթերթը ներառվում է էջերի համարակալման ընդհանուր համակարգում: Տիտղոսաթերթի էջի վրա համարը չի տեղադրվում:

18. Առանձին թերթերում տեղադրված աղյուսակները ընդգրկվում են էջերի ընդհանուր համարակալման մեջ: Ա3 ձևաչափի գծապատկերները և աղյուսակները հաշվառվում են որպես մեկ էջ:

19. Գծագրական հավելվածները և գրաֆիկական նյութերը պետք է լինեն ընթեռնելի և ունենան համապատասխան պայմանական նշաններ։

20. Աղյուսակների անվանումները պետք է տեղադրվեն աղյուսակի վերևի աջ մասում։

21. Աղյուսակները (բացառությամբ հավելվածների աղյուսակների) անհրաժեշտ է համարակալել: Հնարավոր է նաև աղյուսակների համարակալումը բաժինների սահմաններում:

22. Օգտագործված սկզբնաղբյուրների մասին տվյալները պետք է տեղադրել նախագծային փաստաթղթում՝ հղումների կատարման հերթականությունից ելնելով և համարակալել արաբական թվանշաններով՝ տպելով պարբերույթով:

23. Նախագծային փաստաթղթերի հավելվածները ձևավորում են որպես նախագծային փաստաթղթերի թերթերի շարունակություն կամ թողարկվում են առանձին ինքնուրույն մասի տեսքով։

24. Հավելվածները համարակալվում են: Անհրաժեշտության դեպքում հավելվածը կարող է ունենալ «Բովանդակություն»:

25. Գծագրական հավելվածները ներառում են գծագրական սխեմաներ, հատակագծեր և քարտեզներ, որոնք պետք է կազմված լինեն քարտեզագրական տեխնիկայի պահանջներին համահունչ։

26. Գծագրական հավելվածներում պետք է՝

1) հավելվածի անվանումը գրվի գլխատառերով,

2) անվանման տակ նշվի հավելվածի մասշտաբը (օրինակ՝ Մ - 1։1000),

3) քարտեզների, սխեմատիկ գծագրերի, աղյուսակների, պատկերների աջ ներքևի անկյունում պետք է լինի շտամպը, այն պետք է համապատասխանի քարտեզագրական տեխնիկայի պահանջներին։

27. Նախագծի փաստաթղթերը պետք է տեղադրված լինեն ընդհանուր՝ երկարաժամկետ պահպանվող, որակյալ, ամուր փականով թղթապանակում։

 

III. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Նախագիծը պետք է ներառի օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահագործման համակարգեր, որոնք ապահովում են հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոների պաշարների ողջամիտ և համալիր, տնտեսապես նպատակահարմար և բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը, ինչպես նաև կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը:

29. Արդյունահանման նախագծի հիմնական մասերն են՝

1) հանքավայրի կամ հանքավայրի առանձնացված տեղամասի երկրաբանական, լեռնային և լեռնամեխանիկական մասը, իսկ հանքային (բուժական (ռեկրեացիոն), շշալցման և ածխաթթու գազ կորզելու նպատակով) ջրերի հանքավայրերի դեպքում՝ արդյունահանման և տեխնիկական լուծումները,

2) շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հաշվետվությունը,

3) գծագրական հավելվածները և գրաֆիկական նյութերը։

30. Հանքավայրի կամ հանքավայրի առանձնացված տեղամասի երկրաբանական, լեռնային և լեռնամեխանիկական մասը կազմված է հետևյալ բաժիններից.

1) Երկրաբանական բաժին, որում ներկայացված են.

ա. ընդհանուր տեղեկություններ հանքավայրի մասին,

բ. հանքավայրի երկրաբանական կառուցվածքը,

գ. օգտակար հանածոյի որակական և տեխնոլոգիական բնութագիրը,

դ. հանքավայրի հիդրոերկրաբանական պայմանները,

ե. հանքավայրի մշակման լեռնաերկրաբանական և լեռնատեխնիկական պայմանները:

2) Լեռնային և լեռնամեխանիկական բաժին, որում ներկայացված են.

ա. ընդհանուր տեղեկություններ, այդ թվում հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ելակետային տվյալները՝ նախագծման առաջադրանքը, ինժեներային հետազոտությունների արդյունքների հաշվետու փաստաթղթերը, արտաքին ենթակառուցվածքների ապահովման տեխնիկական պայմանները և այլ ելակետային տվյալներ, եթե այդպիսիք առկա են:

բ. նախագծի հիմնական (տեխնիկական և տնտեսական լուծումներ) դրույթները՝ տեխնիկական առաջադրանքը.

գ. նախագծային կորուստները.

դ. բացահանքի արտադրողականությունը աշխատանքի ռեժիմը և ծառայման ժամկետը.

ե. հանքավայրի հանքաստիճանների բացումը.

զ. լեռնանակապիտալ աշխատանքները.

է. մակաբացման աշխատանքները.

ը. մշակման համակարգ.

թ. արդյունահանման աշխատանքները.

ժ. տրանսպորտային աշխատանքները.

ժա. լցակույտային աշխատանքները.

ժբ. բուլդոզերային աշխատանքները.

ժգ. սեղմած օդի մատակարարումը.

ժդ. հանքավայրի մշակման ժամանակացուցային պլանը.

ժե. հանքավայրի ջրամատակարարումը և ջրահեռացում.

ժզ. մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի դեպքում այն պետք է ներառի նաև տարեկան մինչև 500 հազար տոննա արտադրողականության դեպքում` պարտադիր կիրառմամբ միայն պինդ պոչանքների առաջացման տեխնոլոգիան, պարտադիր կիրառմամբ ջրի փակ շրջանառու համակարգը, իսկ պոչամբար նախատեսված լինելու դեպքում՝ պոչամբարի տեղադիրքի նկարագրությունը, քարտեզագրական նյութերը և կառուցման եղանակի հակիրճ նկարագրությունը՝ բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը:

3) անվտանգության տեխնիկա և ինժեներատեխնիկական միջոցառումներ

ա. անվտանգության տեխնիկան և արդյունաբերական սանիտարական միջոցառումները,

բ. ձեռքի աշխատանքի մեքենայացումը,

գ. ինժեներա-տեխնիկական միջոցառումները:

4) սոցիալական ազդեցության գնահատական

 

IV. ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

31. Բաց եղանակով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի հիմնական մասերը պետք է կազմված լինեն հետևյալ բաժիններից՝

1) Հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հաստատված պաշարները.

ա. ընդհանուր տեղեկություններ հանքավայրի մասին,

բ. հանքավայրի երկրաբանական կառուցվածքը, հանքավայրի կամ աշխարհագրորեն առանձնացված տեղամասի սահմանները,

գ. օգտակար հանածոների նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները,

դ. հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոներն ու օգտակար տարրերը,

ե. հաստատված պաշարների վերաբերյալ տվյալները՝ պաշարների հաշվարկ ըստ կարգերի,

զ. հանքավայրի շահագործման ջրաերկրաբանական պայմանները,

է. հանքավայրի շահագործման լեռնաերկրաբանական պայմանները և լեռնատեխնիկական առանձնահատկությունները։

2) Լեռնային և լեռնամեխանիկական բաժին, որում ներկայացված են.

ա. լեռնային և լեռնամեխանիկական հիմնական բնութագրեր,

բ. ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ճեղքավորվածությունը,

գ. հանքավայրի մշակման համակարգի ընտրության հիմնավորումը,

դ. բացահանքի կառուցման հիմնական ցուցանիշների ամփոփ աղյուսակ, որում պետք է նշվեն հետևյալ ցուցանիշները՝ առավելագույն երկարությունը և լայնությունը բացահանքի վերին սահմաններում, առավելագույն երկարությունը և լայնությունը բացահանքի հատակում, առավելագույն և նվազագույն խորությունը, հանքաստիճանի բարձրություն, ենթաստիճանի բարձրությունը, առափի լայնությունը, օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի ու բացահանքի տարածքների չափսերը, մակաբացման ապարների ծավալները, արդյունահանվող օգտակար հանածոյի ծավալները, մակաբացման գործակիցը, հանքաքարի միջին ծավալային զանգվածը, հանքի տարեկան արտադրողականությունը, ընդերքում կորսվող օգտակար հանածոյի ծավալները։

ե. բացահանքի նախագծային հզորությունը և աշխատանքի ռեժիմը,

զ. հանքավայրի պաշարների գնահատման համար հիմք հանդիսացած՝ օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տեխնիկատնտեսական և տեխնոլոգիական հիմնարար ցուցանիշները,

է. հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա բացահանքի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը՝ տարեկան առավելագույն արտադրողականության չափով,

ը. օժանդակ կառույցների ընտրությունը և նկարագիրը,

թ. լեռնային աշխատանքների պլանավորումը,

ժ. բացահանքի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցների հաշվարկը, շահագործման ընթացքում մարդատար և բեռնատար տրանսպորտային համալիրի ընտրությունը և քանակի հաշվարկը,

ժա. արդյունահանման ընթացքում շահագործական հետախուզական աշխատանքներ՝ նմուշարկման մեթոդի և ցանցի ընտրություն,

ժբ. լրահետախուզական աշխատանքների բնույթը, մեթոդը, ծավալները և ժամանակացույցը,

ժգ. լաբորատոր հետազոտությունների նկարագրություն,

ժդ. հորատապայթեցման աշխատանքների նկարագրություն,

ժե. օգտակար հանածոների արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների ընդհանուր սխեման և բացահանքի շահագործման աշխատանքային գրաֆիկը (աշխատանքների ծավալները և կատարման ժամկետները, շահագործողական օբյեկտների շահագործման հանձնելու հերթականությունը),

ժզ. արդյունահանման ընթացքում կորուստներ՝ այդ թվում նաև ընդերքում կորսված (օրինակ՝ բացահանքի բերմաներում որպես բնամասերի թողմամբ) և հանքաքարի որակի փոփոխություն (աղքատացում),

ժէ. բացահանքի փոշենստեցում և օդափոխություն, բացահանքի ցամաքեցում՝ ջրահեռացման համակարգի ընտրություն,

ժը. արդյունահանման և հարակից շինությունների շինարարության ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում,

ժթ. հանքավայրի բացումը և նախապատրաստումը՝ ճանապարհաշինարարական աշխատանքներ, հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը, էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում և էլեկտրալուսավորություն, ջրամատակարարում և ջրահեռացում։

32. Արտադրական լցակույտերի կառավարման պլան՝

1) Նախագծելիս հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես,

2) արտադրական լցակույտերի առաջացման հիմնական բնութագիրը՝ երկարաժամկետ կամ կարճաժամկետ,

3) արտադրական լցակույտերի հատիկաչափական կազմը և կայունությունը,

4) արտադրական լցակույտերի տեղակայման վայրի ընտրությունը, ծավալները և տեղադրման ժամկետները,

5) արտադրական լցակույտերի ցամաքեցում՝ ջրահեռացման համակարգի ընտրություն,

6) արտադրական լցակույտերի լցման եղանակը և կարգը, լցակույտային աշխատանքների օրացուցային պլանը,

7) սպասարկող սարքավորումների և տեխնիկական միջոցների հաշվարկ,

8) կառուցման ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում,

33. Աշխատանքի անվտանգություն՝

1) գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրությունը։

34. Բացահանքի և արտադրական լցակույտերի կառավարման պլանի գծագրական հավելվածները և գրաֆիկական նյութերը՝

1) երկրաբանական քարտեզը բացահանքի ուրվագծային պլանով,

2) օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի գլխավոր հատակագիծը եզրափակիչ ծայրակետային կոորդինատներով՝ X; Y; Z (±h),

3) օգտակար հանածոյի արդյունահանման ժամանակահատվածի համար հանքավայրի շարժը ցուցադրող գծագրերը ըստ ամիսների/տարիների/հանքաստիճանների,

4) հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները բացահանքի ուրվագծով՝ հաշվարկային կտրվածքներով,

5) բացահանքի ու արտադրական լցակույտերի ջրահեռացման համակարգ/երի քարտեզներ,

6) հանքավայրի մշակման համակարգի/երի սխեմատիկ պատկերներ,

7) էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

8) արտադրական լցակույտերի կառուցապատման ժամանակահատվածի շարժը ցուցադրող գծագրերը ըստ ամիսների/տարիների,

9) ոչ կոնդիցիոն հանքաքարի պահեստների և միջինացման հրապարակների տեղադիրքի քարտեզները,

10) խախտված հողերի կուտակման հարթակների քարտեզները,

11) օգտակար հանածոյի, մակաբացման ապարների և աղքատ հանքաքարի (ոչ կոնդիցիոն) նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը։

35. Արտադրական միավոր (լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, վերամշակման արտադրամաս)

1) հիմնական բնութագրերը,

2) վերամշակման և կորզման մեթոդների հիմնավորումը՝ հիմնական օգտակար հանածոյի, ուղեկից օգտակար հանածոների և օգտակար բաղադրիչների, տարրերի առավելագույն կորզումն ապահովող,

3) վերամշակման տեխնոլոգիական սխեմայի և սարքավորումների ընտրության հիմնավորումը,

4) արտադրական միավորի կառուցվածքը նախագծային հզորություն և աշխատանքային ռեժիմ,

5) ջարդման, մանրեցման, մաղման, կտրման, հղկման, լվացման, հարստացման և այլ արտադրամասերի նկարագիր,

6) արտադրական միավորի գործունեությունը ապահովող տեխնիկական միջոցների հաշվարկ,

7) հանքաքարի հարստացման կամ վերամշակման ընթացքում հաշվարկված կորուստները,

8) արտադրական միավորի տարեկան առավելագույն արտադրողականություն,

9) օժանդակ կառույցների ընտրություն և նկարագիր,

10) գործունեության ընթացքում մարդատար և բեռնատար տրանսպորտային համալիրի ընտրությունը և քանակի հաշվարկը,

11) վերամշակման տեխնոլոգիական ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության միջոցառումները,

12) գործունեության ընթացքում նմուշարկման մեթոդի և պարբերականության ընտրություն,

13) լաբորատոր հետազոտությունների նկարագրություն,

14) աշխատանքների ընդհանուր սխեման և արտադրական միավորի աշխատանքային գրաֆիկ,

15) ճարտարապետա-շինարարական լուծումները,

16) ճանապարհաշինարարական աշխատանքներ,

17) ջրամատակարարում և ջրահեռացում,

18) էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում և էլեկտրալուսավորություն,

19) արտադրական միավորի օդափոխությունը,

20) գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրություն,

21) հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը,

22) ջրի փակ շրջանառու համակարգի նկարագրությունը,

23) փոշենստեցում և օդափոխություն,

24) թափոնատարերի և պարզեցված ջրի ջրատարների ուղիների համակարգերի ընտրություն ու նկարագրություն,

25) կառուցապատման ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում,

36. Արտադրական միավորի գծագրական հավելվածներ և գրաֆիկական նյութեր

1) արտադրական միավորի և օժանդակ կառույցների, համակարգերի համալիր գլխավոր հատակագիծը,

2) պարզեցված ջրի ջրատարների ուղիների, համակարգերի քարտեզներ,

3) էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

4) վերամշակման տեխնոլոգիական սխեմայի և սարքավորումների կառուցման պլաններ։

37. Պոչամբարների, պոչանքների ու պոչատարերի տնտեսություն

1) Նախագծելիս հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես,

2) պոչամբարի ու պոչատարերի տեղադիրքի նկարագրությունը,

3) պոչամբարի տեղադիրքի երկրաբանական կառուցվածքը, բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը,

4) պոչամբարի տեղադիրքի լիթոլոգիան,

5) պոչամբարի բնութագրերը և կառուցման եղանակի նկարագրությունը,

6) պոչամբարի շեպերի կայունության հաշվարկներ,

7) պոչամբարի անվտանգության և սանիտարապաշտպանիչ գոտիներ,

8) տարեկան մինչև 500 հազար տոննա արտադրողականության դեպքում` պարտադիր կիրառմամբ միայն պինդ պոչանքների առաջացման տեխնոլոգիան,

9) պարտադիր կիրառմամբ ջրի փակ շրջանառու համակարգը․

10) պոչատարերի պարզեցված ջրի ջրատարների ուղիների համակարգերի ընտրություն ու նկարագրություն,

11) պոչամբարի շահագործման ընթացքում ռիսկերի գնահատում և անվտանգության միջոցառումներ,

12) պոչամբարում պոչերի լցման փուլեր և օրացույցային պլանը,

13) օժանդակ կառույցներ և համակարգերի նկարագրություն,

14) էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում և էլեկտրալուսավորություն,

15) ջրամատակարարում և ջրահեռացում,

16) ճանապարհաշինարարական աշխատանքներ,

17) հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը,

18) կառուցապատման ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում,

19) պոչամբարի և կից ենթակառուցվածքների փակում ու ռեկուլտիվացիա,

20) գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրություն։

38. Պոչամբարների, պոչանքների ու պոչատարերի տնտեսություն, գծագրական հավելվածները և գրաֆիկական նյութերը

1) պոչամբարի տեղամասի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական երկրաձևաբանական և լիթոլոգիական քարտեզները՝ պոչամբարի սահմանների ուրվագծային պլանով,

2) պոչամբարի, օժանդակ կառույցների և համակարգերի համալիրի գլխավոր հատակագիծը,

3) պոչամբարի կառուցապատման ժամանակահատվածի շարժը ցուցադրող գծագրեր՝ ուղղահայաց և հորիզոնական կտրվածքներ,

4) պոչատարերի և պարզեցված ջրի ջրատարների ուղիների համակարգերի քարտեզներ,

5) էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

6) խախտված հողի շերտի կուտակման հարթակների քարտեզներ։

39. Կապիտալ ներդրումների հաշվարկը.

40. վառելիքա-էներգետիկ և նյութական ծախսերի հաշվարկը.

41. ապրանքային արտադրանքի ակնկալվող որակը և ինքնարժեքը

 

V. ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

42. Ստորգետնյա հանքերի դեպքում օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի հիմնական մասերը պետք է կազմված լինեն հետևյալ բաժիններից՝

 

1) Հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի երկրաբանական կառուցվածը և հաստատված պաշարները

ա. ընդհանուր տեղեկություններ հանքավայրի մասին,

բ. հանքավայրի երկրաբանական կառուցվածքը,

գ. հանքավայրի կամ աշխարհագրորեն առանձնացված տեղամասի սահմանները,

դ. օգտակար հանածոների նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները,

ե. հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոներ ու օգտակար տարրերը,

զ. հաստատված պաշարների վերաբեյալ տվյալները՝ պաշարների հաշվարկ ըստ կարգերի,

է. հանքավայրի շահագործման ջրաերկրաբանական պայմանները,

ը. հանքավայրի շահագործման լեռնաերկաբանական պայմանները և լեռնատեխնիկական առանձնահատկությունները։

 

2) Լեռնային – լեռնատեխնիկական բաժին

ա. հիմնական բնութագրեր,

բ. ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, ճեղքավորվածությունը,

գ. լեռնային փորվածքների անցումը և նախապատրաստումը, որում ներառվում են լեռնային փորվածքների սխեման, ճանապարհաշինարարական աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը, լեռնային փորվածքների հիմնական բնութագրերը, լեռնային փորվածքների անցման տեխնոլոգիաները, էլեկտրամատակարարումը, էլեկտրասարքավորումը, էլեկտրալուսավորությունը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, փոշենստեցումը, օդափոխության համակարգի ընտրությունը՝ հաշվարկներով և հիմնավորմամբ:

դ. հանքավայրի մշակման համակարգի ընտրություն հիմնավորումը,

ե. հանքավայրի աշխատանքային ռեժիմը և նախագծային հզորությունը,

զ. հանքավայրի պաշարների գնահատման համար հիմք հանդիսացած՝ օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման տեխնիկատնտեսական և տեխնոլոգիական հիմնարար ցուցանիշները,

է. հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը` տարեկան առավելագույն արտադրողականության չափով,

ը. օժանդակ կառույցների ընտրությունն ու նկարագիրը,

թ. լեռնային աշխատանքների պլանավորումը,

ժ. հանքավայրի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցների հաշվարկը, շահագործման ընթացքում մարդատար և բեռնատար տրանսպորտային համալիրի ընտրությունը և քանակի հաշվարկը,

ժա. արդյունահանման ընթացքում շահագործական հետախուզական աշխատանքներ՝ նմուշարկման մեթոդի և ցանցի ընտրություն,

ժբ. լրահետախուզական աշխատանքներ բնույթը, ծավալները և ժամանակացույց

ժգ. լաբորատոր հետազոտությունների նկարագրություն,

ժդ. հորատապայթեցման աշխատանքների նկարագրություն

ժե. օգտակար հանածոների արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների ընդհանուր սխեման և հանքավայրի շահագործման աշխատանքային գրաֆիկը (աշխատանքների ծավալները և կատարման ժամկետները, շահագործողական օբյեկտների շահագործման հանձնելու հերթականությունը),

ժզ. արդյունահանման ընթացքում կորուստներ, այդ թվում նաև ընդերքում կորսված և հանքաքարի որակի փոփոխություն (աղքատացում),

ժէ. լեռնային փորվածքներում բնամասերի թողնումը,

ժը. լեռնային փորվածքների ցամաքեցում՝ ջրահեռացման համակարգի ընտրություն,փոշենստեցում և օդափոխություն,

ժթ. արդյունահանման և հարակից շինությունների շինարարության ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում:

 

3) Արտադրական լցակույտերի կառավարման պլան՝

ա. Նախագծելիս պետք է հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես,

բ. արտադրական լցակույտերի առաջացման հիմնական բնութագիրը՝ երկարաժամկետ կամ կարճաժամկետ,

գ. արտադրական լցակույտերի հատիկաչափական կազմը և կայունությունը,

դ. արտադրական լցակույտերի տեղակայման վայրի և օբյեկտի կառույցի ընտրությունը, ծավալները և տեղադրման ժամկետները` կարճաժամկետ և երկարաժամկետ,

ե. արտադրական լցակույտերի ցամաքեցում՝ ջրահեռացման համակարգի ընտրություն,

զ. լցման եղանակը և կարգը, լցակույտային աշխատանքների օրացուցային պլանը,

է. սպասարկող սարքավորումների և տեխնիկական միջոցների հաշվարկ,

ը. արտադրական լցակույտերի ստորերկրյա մշակված խոռոչները կրկին փոխադրել,

թ. կառուցման ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում,

ժ. արտադրական լցակույտերի և կից ենթակառուցվածքների փակում և ռեկուլտիվացիա:

 

4) Աշխատանքի անվտանգություն

ա. գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանը ուղղված միջոցառումներ, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրություն,

բ. լեռնային աշխատանքների վտանգավոր ազդեցությունից երկրի մակերևույթի օբյեկտների պաշտպանության միջոցառումները:

 

5) Ստորերկրյա հանքավայրի և արտադրական լցակույտերի կառավարման պլանի գծագրական հավելվածները և գրաֆիկական նյութերը

ա. երկրաբանական քարտեզը հանքավայրի ուրվագծային պլանով,

բ. օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի գլխավոր հատակագիծը եզրափակիչ ծայրակետային կոորդինատներով՝ X; Y; Z (±h),

գ. օգտակար հանածոյի արդյունահանման ժամանակահատվածի համար հանքավայրի շարժը ցուցադրող գծագրերը՝ ուղղահայաց կտրվածքներ ըստ հանքային մարմինների,

դ. հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ հաշվարկային կտրվածքներով,

ե. ստորերկրյա հանքավայրի ու արտադրական լցակույտերի ջրահեռացման համակարգ/երի քարտեզներ,

զ. հանքավայրի մշակման համակարգի/երի սխեմատիկ պատկերներ,

է. էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

ը. արտադրական լցակույտերի կառուցապատման ժամանակահատվածի շարժը ցուցադրող գծագրերը ըստ ամիսների/տարիների,

թ. ոչ կոնդիցիոն հանքաքարի պահեստների և միջինացման հրապարակների տեղադիրքի քարտեզները,

ժ. խախտված հողերի կուտակման հարթակների քարտեզներ,

ժա. օգտակար հանածոյի և մակաբացման ապարների նախապատրաստման, արդյունահանման աշխատանքների ժամանակացույց:

 

6) Արտադրական միավոր (լեռնահարստացուցիչ ֆաբրիկա, վերամշակման արտադրամաս)

ա. հիմնական բնութագրերը,

բ. վերամշակման և կորզման մեթոդների հիմնավորում՝ հիմնական օգտակար հանածոյի, ուղեկից օգտակար հանածոների և օգտակար բաղադրիչների, տարրերի առավելագույն կորզումն ապահովող,

գ. վերամշակման տեխնոլոգիական սխեմայի և սարքավորումների ընտրության հիմնավորումը,

դ. արտադրական միավորի կառուցվածքը նախագծային հզորությունը և աշխատանքային ռեժիմը, ջարդման, մանրեցման, մաղման, կտրման, հղկման, լվացման, հարստացման և այլ արտադրամասերի նկարագիրը,

ե. արտադրական միավորի գործունեությունը ապահովող տեխնիկական միջոցների հաշվարկը,

զ. հանքաքարի հարստացման կամ վերամշակման ընթացքում հաշվարկված կորուստները, արտադրական միավորի տարեկան առավելագույն արտադրողականությունը, օժանդակ կառույցների ընտրությունն ու նկարագիրը,

է. գործունեության ընթացքում մարդատար և բեռնատար տրանսպորտային համալիրի ընտրությունը և քանակի հաշվարկը,

ը. վերամշակման տեխնոլոգիական ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողության միջոցառումները,

թ. գործունեության ընթացքում նմուշարկման մեթոդի և պարբերականության ընտրությունը,

ժ.լաբորատոր հետազոտությունների նկարագրություն,

ժա. աշխատանքների ընդհանուր սխեման և արտադրական միավորի աշխատանքային գրաֆիկը, ճարտարապետա-շինարարական լուծումները, ճանապարհաշինարարական աշխատանքները,

ժբ. ջրամատակարարումն ու ջրահեռացումը, էլեկտրամատակարարումը, էլեկտրասարքավորումները, էլեկտրալուսավորությունը, արտադրական միավորի օդափոխությունը,

ժգ. գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանը ուղղված միջոցառումները, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրությունը,

ժդ. հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը,

ժե. ջրի փակ շրջանառու համակարգի նկարագրությունը,

ժզ. փոշենստեցում և օդափոխություն,

ժէ. պոչատարերի և պարզեցված ջրի ջրատարների ուղիների համակարգերի ընտրություն ու նկարագրություն,

ժը. կառուցապատման ընթացքում խախտվող հողերի նկարագրությունը, կուտակումը,

ժթ. արտադրական միավորի և կից ենթակառուցվածքների փակումն ու ռեկուլտիվացիան։

 

7) Արտադրական միավորի գծագրական հավելվածներ և գրաֆիկական նյութեր

ա. արտադրական միավորի և օժանդակ կառույցների, համակարգերի համալիր գլխավոր հատակագիծը,

բ.պարզեցված ջրի ջրատարների ուղիների, համակարգերի քարտեզներ,

գ. էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

դ. վերամշակման տեխնոլոգիական սխեմայի և սարքավորումների կառուցման պլաններ։

 

8) Պոչամբարների, պոչանքների ու պոչատարերի տնտեսությունը

ա. Նախագծելիս պետք է հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես,

բ. պոչամբարի ու պոչատարերի տեղադիրքի նկարագրությունը, պոչամբարի տեղադիրքի երկրաբանական կառուցվածքը, բացառելով վերընթաց եղանակով պոչամբարի կառուցումը,

գ. պոչամբարի տեղադիրքի երկրաբանական կառուցվածքը, պոչամբարի տեղադիրքի լիթոլոգիան,

դ. պոչամբարի բնութագրերը և կառուցման եղանակի նկարագրությունը,

ե. պոչամբարի շեպերի կայունության հաշվարկները, օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան), որքան հնարավոր է տեխնիկական և տնտեսական առումով և ընդունելի բնապահպանական տեսանկյունից,

զ. տարեկան մինչև 500 հազար տոննա արտադրողականության դեպքում` պարտադիր կիրառմամբ միայն պինդ պոչանքների առաջացման տեխնոլոգիան,

է. պարտադիր կիրառմամբ ջրի փակ շրջանառու համակարգը,

ը. պոչամբարի անվտանգության և սանիտարապաշտպանիչ գոտիները, որոնք պետք է ներառեն պոչատարերի պարզեցված ջրի ջրատարների ուղիների համակարգերի ընտրությունն ու նկարագրությունը, պոչամբարի շահագործման ընթացքում ռիսկերի գնահատումը և անվտանգության միջոցառումները, պոչամբարում պոչերի լցման փուլերը և օրացույցային պլանը, օժանդակ կառույցները և համակարգերի նկարագրությունը, էլեկտրամատակարարումը, էլեկտրասարքավորումը և էլեկտրալուսավորությունը, ջրամատակարարումն ու ջրահեռացումը, ճանապարհաշինարարական աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը, կառուցապատման ընթացքում խախտվող հողերի նկարագրությունն ու կուտակումը, պոչամբարի և կից ենթակառուցվածքների փակումն ու ռեկուլտիվացիան, գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրությունը։

 

9) Պոչամբարների, պոչանքների ու պոչատարերի տնտեսություն, գծագրական հավելվածները և գրաֆիկական նյութերը

ա. պոչամբարի տեղամասի երկրաբանական, երկրաֆիզիկական, հիդրոերկրաբանաբակ, երկրաձևաբանական և լիթոլոգիական քարտեզները՝ պոչամբարի սահմանների ուրվագծային պլանով,

բ. պոչամբարի, օժանդակ կառույցների և համակարգերի համալիրի գլխավոր հատակագիծը,

գ. պոչամբարի կառուցապատման ժամանակահատվածի շարժը ցուցադրող գծագրեր՝ ուղղահայաց և հորիզոնական կտրվածքներ,

դ. պոչատարերի և պարզեցված ջրի ջրատարների ուղիների համակարգերի քարտեզներ,

ե. էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

զ. խախտված հողի շերտի կուտակման հարթակների քարտեզներ։

 

10) Կապիտալ ներդրումներ հաշվարկը.

11) Վառելիքա-էներգետիկ և նյութական ծախսերի հաշվարկը.

12) Ապրանքային արտադրանքի ակնկալվող որակը և ինքնարժեքը.

 

VI. ՀԱՆՔԱՅԻՆ (ԲՈՒԺԱԿԱՆ (ՌԵԿՐԵԱՑԻՈՆ), ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ) ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

43. Հանքային (բուժական (ռեկրեացիոն), արդյունաբերական) ջրերի արդյունահանման Նախագիծը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից:

1) Հանքավայրի կամ հանքավայրի աշխարհագրորեն առանձնացված տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հաստատված պաշարները.

ա. ընդհանուր տեղեկություններ հանքավայրի մասին,

բ. հանքավայրի երկրաբանական կառուցվածքը,

գ. հանքավայրի կամ աշխարհագրորեն առանձնացված տեղամասի սահմանները,

դ. օգտակար հանածոների նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները,

ե. հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոներն ու օգտակար տարրերը,

զ. հաստատված պաշարների վերաբերյալ տվյալները՝ պաշարների հաշվարկը,

է. հանքավայրի շահագործման ջրաերկրաբանական պայմանները,

ը. հանքավայրի շահագործման լեռնաերկաբանական պայմանները և լեռնատեխնիկական առանձնահատկությունները,

թ. հանքային ջրի, հանքավայրի համար հաստատված ռեժիմի վերաբերյալ տվյալներ։

44. Հորատանցքի կամ բնական աղբյուրի (կապտաժի) եղանակով արդյունահանման դեպքում պետք է ներկայացված լինեն հետևյալ տեղեկությունները.

1) հիմնական բնութագրերը,

2) հիմնական և ուղեկից բաղադրիչների կազմը, ջերմաստիճանը և ճնշումը,

3) արդյունահանման մեթոդի (հորատանցք կամ կապտաժ) ընտրության հիմնավորումը,

4) ընդերքի պահպանության նպատակով ջրատար հորիզոնների անջատումն ու մեկուսացումը,

5) արդյունահանման աշխատանքի ռեժիմը և նախագծային հզորությունը,

6) հորատանցքային եղանակով՝ հորատանցի կառուցվածքի նկարագրությունը՝ 1) խողովակասյուն, 2) ցեմենտային փականք, 3) շրջապահ խողովակասյուն, 4) պոմպ, 5) պիեզոմետրիկ փողակ հորատանցքում ջրի մակարդակի որոշման համար, 6) ջրամբարձիչ (առաջնային) խողովակ, 7) պոմպի ապահովական ճոպան, 8) հենասալ (հորատանցի բերանի պական), 9) սողնակ,

7) ազատ ածխաթթու գազ պարունակող, ինքնաշատրվանող հոտատանցի եղանակով՝ հորատանցի կառուցվածքի նկարագրությունը՝ 1) ցանցային զտիչ, 2) շահագործման խողովակասյուն, 3) շրջապահ խողովակասյուն, 4) ուղղիչ խողովակասյուն, 5) փորվածքի բերան, 6) տաղավար, 7) ցեմենտային կամ կավային փականք, 8) պոմպի (ջրամբարձիչ) խողովակ, 9) պոմպ սուզական Էլեկտրաշարժիչով, 10) պարզարան,

8) հանքային ջրի ջրհավաք հորատանցքի գլխամասի կառուցվածքի նկարագրությունը՝ 1) հորատանցի բերան, 2) հորատանցի փական, 3) ճնշումաչափ, 4) ջերմաչափ, 5) գազանջատիչ, 6) գազանջատիչի միջնապատ, 7) ազատ գազի ելք, 8) ազատ գազի ելքի խողովակ, 9) առաջնային ջրահաշվիչ, 10) առաջնային խողովակ, 11) թողքի փական, 12) տեխնիկական ջրահաշվիչ, 13) թողքի խողովակ, 14) առաջնային խողովակի փական, 15) նպատակային օգտագործման ջրահաշվիչ, 16) թողքի փական թողքի տեխնիկական ջրահաշվիչ,

9) ածխաթթու գազի անջատման դեպքում գազաչափիչի տեղադրման վայրի աղբյուրի օգտագործման եղանակով՝ կապտաժի կառուցվածքի նկարագրություն՝ 1) ջրընդունիչ սրահ, 2) ջրի բաշխիչ խուց, 3) հիմնական ջրատար խողովակ, 4) սրահի աղտոտված և ավելցուկային ջրերի հեռացման խողովակ, 5) աղտոտված ջրերի հեռացման խողովակի փականներ, 6) հիմնական ջրատար խողովակի փական, 7) ջրի ծախսի չափման ջրաչափ, 8) ավելցուկային ջրերի ջրթափ, 9) ավելցուկ ջրերի ընդունիչ սրահ, 10) օդափոխում, 11) կառուցված բետոնյա պատեր,

10) հորատանցքից կամ կապտաժից մեկից ավելի արդյունահանողի կամ օգտագործողի պարագայում Նախագիծը կարող է պարունակել առաջնային խողովակից հետո տվյալներ,

11) խիստ ռեժիմի սանիտարական պահպանության գոտու հատակագիծ(եր)ը և նկարագրությունը,

12) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում` արդյունահանման նպատակները, ռեժիմային դիտարկումները և տվյալների հավաքագրումը, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումները,

13) օժանդակ կառույցների ընտրությունը և նկարագիրը,

14) գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցների հաշվարկը,

15) շահագործման ընթացքում մարդատար և բեռնատար տրանսպորտային համալիրի ընտրությունը և քանակի հաշվարկը,

16) արդյունահանման ընթացքում շահագործական նմուշարկման մեթոդի ընտրությունը,

17) լաբորատոր հետազոտությունների նկարագրությունը,

18) գործունեության ընդհանուր սխեման և աշխատանքային գրաֆիկը (աշխատանքների ծավալները և կատարման ժամկետները, շահագործողական օբյեկտների շահագործման հանձնելու հերթականությունը),

19) գործունեության ընթացքում կորուստները և հիմնական կազմի փոփոխությունը,

20) ճանապարհաշինարարական աշխատանքները,

21) հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը,

22) էլեկտրամատակարարումը, էլեկտրասարքավորումները, էլեկտրալուսավորությունը,

23) ջրամատակարարումն ու ջրահեռացումը,

24) արդյունահանման և շինարարության ընթացքում խախտվող հողերի նկարագրությունը, կուտակումը։

45. Աշխատանքի անվտանգությունը

1) գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանը ուղղված միջոցառումներ, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրություն։

 

46. Արդյունաբերական (շշալցում, ածխաթթու գազ կորզելու), բուժական (ռեկրեացիոն)

1) հիմնական բնութագիր,

2) տեխնոլոգիական սխեմայի և սարքավորումների ընտրության հիմնավորումը,

3) արտադրական միավորի կառուցվածքը նախագծային հզորություն և աշխատանքային ռեժիմ,

4) գործունեությունը ապահովող տեխնիկական միջոցների հաշվարկ,

5) հաշվարկված կորուստները գործունեության ընթացքում,

6) տարեկան առավելագույն արտադրողականություն,

7) օժանդակ կառույցների ընտրություն և նկարագիր,

8) գործունեության ընթացքում մարդատար և բեռնատար տրանսպորտային համալիրի ընտրությունը և քանակի հաշվարկը,

9) տեխնոլոգիական ռեժիմի պահպանման նկատմամբ սանիտարահիգենիկ հսկողության միջոցառումները,

10) գործունեության ընթացքում նմուշարկման մեթոդի և պարբերականության ընտրություն, ռեժիմային դիտարկումներ,

11) լաբորատոր հետազոտությունների նկարագրություն,

12) աշխատանքների ընդհանուր սխեման և արտադրական միավորի աշխատանքային գրաֆիկ,

13) ճարտարապետա-շինարարական լուծումները,

14) ճանապարհաշինարարական աշխատանքներ,

15) ջրամատակարարում և ջրահեռացում,

16) էլեկտրամատակարարում, էլեկտրասարքավորում և էլեկտրալուսավորություն,

17) օդափոխությունը,

18) գործունեության իրականացման ընթացքում աշխատանքային պայմանները, անվտանգության ապահովմանը ուղղված միջոցառումներ, կապի և ազդանշանային համակարգի և տարհանման ուղիների ու ձևերի ընտրություն

19) հակահրդեհային միջոցառումների նկարագրությունը,

20) կառուցապատման ընթացքում խախտվող հողերի նկարագրություն, կուտակում,

21) Արդյունաբերության և կից ենթակառուցվածքների փակում ու ռեկուլտիվացիա։

 

47. Հորատանցքի կամ կապտաժի եղանակով և արդյունաբերական (շշալցում, ածխաթթու գազ կորզելու), բուժական (ռեկրեացիոն) գծագրական հավելվածներ և գրաֆիկական նյութեր

1) Արդյունաբերական համալիրի գլխավոր հատակագիծը եզրափակիչ ծայրակետային կոորդինատներով՝ X; Y; Z (±h),

2) արդյունաբերական միավորին կամ օժանդակ կառույցներին՝ հորատանցքից կամ գազանջատիչից կամ կապտաժից դուրս եկող և միացող խողովակաշարերի հատակագծերը,

3) տեղամասի հիդրոերկրաբանական և երկրաբանական քարտեզը հանքավայրի հաստատված ուրվագծային պլանով,

4) ընդերքի պահպանության նպատակով ջրատար հորիզոնների անջատման և մեկուսացման ուղղահայաց կտրվածքներ,

5) հաստատված պաշարների քարտեզները,

6) հորատանցի, կապտաժի սխեմատիկ պատկերներ,

7) խիստ ռեժիմի սանիտարական պահպանության գոտու սխեմատիկ պատկերներ-քարտեզներ,

8) հորատանցքի գլխամասի ջրհավաք կառույցի սխեմատիկ պատկերներ,

9) ռեժիմային դիտարկումների գրաֆիկական հավելվածներ,

10) էլեկտրամատակարարման հատակագծեր – քարտեզներ,

11) տեխնոլոգիական սխեմայի և սարքավորումների կառուցման պլաններ,

12) խախտված հողերի կուտակման հարթակների քարտեզներ,

13) հանքավայրի շահագործման նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը։

48. Կապիտալ ներդրումներ հաշվարկը.

49. Վառելիքա-էներգետիկ և նյութական ծախսերի հաշվարկը.

50. Ապրանքային արտադրանքի ակնկալվող որակը և ինքնարժեքը.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան