«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 33105406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
13 սեպտեմբերի 2005 թ. |
N 156-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.11.06 N 166-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.11.06 N 166-Ն)
2. ՀՀ ջրտնտպետկոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Կոմիտեի նախագահ՝ |
Ա. Անդրեասյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 03.11.06 N 166-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (այսուհետ՝ Տնօրեն) ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը:
(1-ին կետը փոփ. 03.11.06 N 166-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի 13 սեպտեմբերի 2005թ. N 157-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ատեստավորման անցկացման» ընթացակարգով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
(2-րդ կետը փոփ. 03.11.06 N 166-Ն)
3. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, ոչ պակաս 20 հոգուց, հաստատվում է կոմիտեի նախագահի հրամանով՝ աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ: Ցուցակում նշվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտությունը, պաշտոնը, հասցեն, հեռախոսի համարը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվող թեկնածուները Կոմիտեի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
4. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը զետեղվում է կոմիտեի աշխատակազմի քարտուղարության համակարգչում:
5. Հանձնաժողովը կազմվում է հաստատված ցուցակից` վիճակահանությամբ` համակարգչի միջոցով, մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ հետևյալ հարաբերակցությամբ`
- 3 թեկնածու` Կոմիտեի աշխատակազմից.
- 2 թեկնածու` Կոմիտեի համակարգում գործող կազմակերպություններից.
- 1-ական թեկնածու` գիտական և ուսումնական հաստատություններից (համաձայնության դեպքում):
Հանձնաժողովը կազմված է 7 անդամից:
6. Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորումն սկսելուց առնվազն 6 ժամ առաջ Կոմիտեի աշխատակազմի կողմից տեղեկացվում են Հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:
7. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների) Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման կամ արձակուրդում լինելու պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու՝ պահպանելով սույն կարգով նախատեսված հարաբերակցությունը:
8. Հանձնաժողովի կազմը, այդ թվում` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից Կոմիտեի նախագահի հրամանով նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Կոմիտեի նախագահի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն կարգի:
10. Կոմիտեի աշխատակազմը՝ ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունման որոշման հիման վրա կարող է ներկայացնել առաջարկություն Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև, լինելով Հանձնաժողովի կազմում, առանց նախապես տեղեկացնելու, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրն է` ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին:
12. Հանձնաժողովը`
ա) Կոմիտեի աշխատակազմից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցուցակը, աշխատանքային բնութագրերը, առարկությունները վերջիններիս վերաբերյալ (այդպիսիք լինելու դեպքում) և Հանձնաժողովի կնիքը.
բ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ) մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի ու քվեարկության համար նախատեսված արկղը.
դ) սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե) անցկացնում է Տնօրենների թեստավորում.
զ) ստուգում և գնահատում է Տնօրենների թեստավորման առաջադրանքները.
է) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ը) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենների բողոքները.
թ) հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը.
ժ) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրն անցկացնելու մասին.
ժա) Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց.
ժբ) կազմում է քվեաթերթեր.
ժգ) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժդ) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժե) ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժզ) յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժէ) Կոմիտեի աշխատակազմին է հանձնում կնիքը, ինչպես նաև Տնօրենների համար թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, ատեստավորման փաթեթը.
ժը) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
16. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Կոմիտեի նախագահին: Կոմիտեի նախագահը իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ) վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ) կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները.
դ) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե) որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
զ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ) բացատրում է Տնօրենների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
բ) մասնակցում է Տնօրենի հարցազրույցի անցկացմանը.
գ) բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը.
դ) մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկություններին.
ե) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
զ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
է) իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովն իր որոշումը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Կոմիտեի աշխատակազմին է հանձնում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ատեստավորման անցկացման» ընթացակարգով սահմանված կարգով, որից հետո դադարեցնում է իր գործունեությունը:
(20-րդ կետը փոփ. 03.11.06 N 166-Ն)
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 03.11.06 N 166-Ն)