ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 13-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 18-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 18.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. | Բժշկական օգնության և սպասարկման իրականացման առանձնահատկություններն արտակարգ իրավիճակներում |
1. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով կարող է թույլատրվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի (տեսակների) բժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
2. Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով (այդ թվում՝ համապատասխան դասընթաց անցնելու) կարող է թույլատրվել համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավել անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը:»:
Հոդված 3. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 14 Երևան ՀՕ-193-Ն |