ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ժ» կետը «արտադրանքի թողարկման» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին և 2-րդ մասերը «արդարադատության,» բառից հետո լրացնել «առողջապահության,» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1)» կետով.
«ե.1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության և սպասարկման ապահովում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի և միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում.»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) սահմանում է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձևից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-262-Ն |