Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ընդունելով, որ գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցությունը կամրապնդի ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման կապերը և կզարգացնի գիտության և տեխնոլոգիայի արդի իրավիճակը հօգուտ երկու երկրների, ինչպես նաև համայն մարդկության,
հավաստագրելով, որ կիսելով պարտականությունները աշխարհի ապագա բարգավաճման ներդրման գործում, նրանք պետք է հետագա ջանքեր գործադրեն ամրապնդելու ազգային հետազոտական աշխատանքը և նրա զարգացման քաղաքականությունը,
համոզված լինելով, որ համագործակցությունը գիտության և տեխնոլոգիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է,
հաշվի առնելով, որ համագործակցությունը գիտության և տեխնոլոգիայի բնագավառում իրենից ներկայացնում է կարևորագույն աջակցություն և շահավետություն միջազգային հանրության և յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում,
որոշում ընդունելով` ձեռնարկել նոր և ակտիվ միջոցներ այս համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1 |
Սույն Համաձայնագրի նպատակներն են` նպաստել երկու երկրների գիտության և տեխնոլոգիական համայնքների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը` ստեղծելով բարենպաստ պայմաններ համագործակցության համար և զարգացնել համագործակցությունը գիտության և տեխնոլոգիայի բնագավառում խաղաղ նպատակների համար` փոխշահավետ և հավասարակշիռ հիմքի վրա:
ՀՈԴՎԱԾ 2 |
1. Կողմերը պետք է խրախուսեն համագործակցությունը գաղափարների, տեղեկության, փորձի և տեխնոլոգիաների, գիտնականների և տեխնիկական փորձագետների փոխանակման, համատեղ սեմինարների, գիտական կոնֆերանսների և հանդիպումների կազմակերպման, գիտնականների և տեխնիկական փորձագետների հմտությունների վերապատրաստման և կատարելագործման, համատեղ գիտահետազոտական ծրագրերի և ուսումնասիրությունների և գիտական ու տեխնոլոգիական համագործակցության այլ ձևերի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ հնարավոր է փոխադարձ համաձայնություն ձեռք բերել:
2. Սույն Համաձայնագրի համաձայն` համագործակցությունը պետք է հիմնվի համատեղ պատասխանատվության և անաչառ ներդրումների և փոխշահավետության վրա` համապատասխան երկու երկրների գիտական և տեխնոլոգիական ներուժի և ռեսուրսների:
ՀՈԴՎԱԾ 3 |
Կողմերը պետք է աջակցեն և նպաստեն, որտեղ անհրաժեշտ է, կառավարական գործակալությունների և կազմակերպությունների, համալսարանների, գիտական և հետազոտական կենտրոնների, ինստիտուտների և ձեռնարկությունների, մասնավոր սեկտորի ձեռնարկությունների և երկու երկրների այլ կառուցվածքների միջև ուղղակի կապերի զարգացմանն ու համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 4 |
Համաձայն սույն Համաձայնագրի` Կողմերի գիտական և տեխնոլոգիական գործակալությունները և կազմակերպությունները կարող են իրականացնել աշխատանքներ գիտության և տեխնոլոգիայի համագործակցության առանձին բնագավառներում: Նման աշխատանքների իրականացումը պետք է ներառի իր մեջ համագործակցությանը վերաբերող թեմաները, ընթացակարգը, ֆինանսական և գործին առնչվող այլ հարցեր:
ՀՈԴՎԱԾ 5 |
Սույն Համաձայնագրի համաձայն` համագործակցության աշխատանքները պետք է իրականացվեն երկու երկրներում գործող օրենքներին, կարգավորումներին և ընթացակարգերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 6 |
1. Կողմերը պետք է նպաստեն համատեղ ծրագրերի զարգացմանը, որոնք կարող են ի կատար ածվել այլ միջազգային ծրագրերի հետ միասին: Կողմերը պետք է ակտիվորեն աջակցեն երկու երկրների գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների ներգրավմանը այդ ծրագրերի իրականացման գործում:
2. Երրորդ երկրների կամ միջազգային կազմակերպությունների գիտնականները, տեխնիկական փորձագետները, կառավարական գործակալությունները և կազմակերպությունները, անհրաժեշտության դեպքում, երկու Կողմերի համաձայնությամբ կարող են հրավիրել իրենց հաշվին մասնակցելու սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող նախագծերին և ծրագրերին, եթե Կողմերը այլ բան չպայմանավորվեն:
ՀՈԴՎԱԾ 7 |
Յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի Գործադիր քարտուղար ադմինիստրատիվ աշխատանքները վարելու, աշխատանքների վերահսկողությունն ու համակարգումը սույն Համաձայնագրի համաձայն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 8 |
1. Սույն Համաձայնագրի համագործակցությունից բխող ոչ կոմերցիոն բնույթ ունեցող գիտական և տեխնոլոգիական այն տեղեկությունը, որը չի առնչվում ազգային անվտանգության, առևտրական կամ արդյունաբերական ոլորտների հետ, պետք է հասու դարձնել, եթե այլ բան համաձայնեցված չէ, միջազգային գիտական հասարակությանը` մասնակից գործակալությունների և կազմակերպությունների սովորական ընթացակարգերի միջոցով:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության աշխատանքների ընթացքում ստեղծված կամ մշակված մտավոր սեփականության հետ առնչվող տեղեկությունը, որն շարադրված է Հավելվածում, պետք է կազմի սույն Համաձայնագրի անբաժան մասը և պետք է կիրառվի սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումների նկատմամբ, եթե այլ բան գրավոր համաձայնեցված չէ Կողմերի կամ նրանց լիազոր մարմինների կողմից:
ՀՈԴՎԱԾ 9 |
Ըստ սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության` յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր միջազգային պարտավորությունների, ազգային օրենքների և կարգավորումների, պետք է`
ա) նպաստի մյուս Կողմի համապատասխան աշխատակազմի և սարքավորումների` իր տարածք մուտք գործելուն ու ելքին, որոնք ընդգրկված են սույն Համաձայնագրով կարգավորվող նախագծերում և ծրագրերում,
բ) խթանի համատեղ միջոցառումների, հանդիպումների համար ծրագրերի, ծանոթագրական այցերի կազմակերպմանը` թույլատրելով մյուս Կողմի համապատասխան անձնակազմին` մասնակցելու սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համատեղ միջոցառումներին` ծրագրերով սահմանված միջոցների արդյունավետ իրագործման նպատակով, ներառելով այցեր դեպի համապատասխան տարածաշրջաններ, գործուղումներ դեպի անհրաժեշտ կազմակերպություններ, ծանոթություն համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներին ու նյութերին և երկու Կողմերի անհատ գիտնականների ու փորձագետների միջև կապերի հաստատում վերոհիշյալ միջոցառումների իրագործման նպատակով,
գ) ապահովի սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղ միջոցառումներում օգտագործվող` մյուս Կողմին անհրաժեշտ նյութերի և սարքավորումների մաքսերից ազատ մուտքը:
ՀՈԴՎԱԾ 10 |
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման ընթացքում Կողմերի միջև առաջացած տարաձայնությունները կլուծվեն նրանց միջև բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 11 |
Սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի և դրանց գիտական ու տեխնոլոգիական գործակալությունների ու կազմակերպությունների համար ուժի մեջ մտած գիտական և տեխնոլոգիական համաձայնագրերով և այլ պայմանավորվածություններով ստանձնած իրավունքների և պարտավորությունների վրա:
ՀՈԴՎԱԾ 12 |
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու Կողմերի ստորագրման պահից և գործելու է տասը տարի: Կողմերի գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ երկարաձգվել տասնամյա ժամկետներով:
2. Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի կողմից ցանկացած ժամանակ` վեց ամիս առաջ մյուս Կողմին այդ մասին գրավոր ծանուցելուց հետո:
3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չպետք է ազդի սույն Համաձայնագրով իրականացվող և Համաձայնագրի դադարեցման պահին չավարտված որևէ համատեղ միջոցառման իրականացման վրա, եթե Կողմերը այլ բան չեն որոշել:
Կատարված է Վաշինգտոն քաղաքում 1997 թվականի փետրվարի 28-ին:
ՀԱՎԵԼՎԱԾ |
Մտավոր սեփականություն
Համաձայն սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածի`
Կողմերը պետք է ապահովեն սույն Համաձայնագրի և իրականացման համար նախատեսված համապատասխան պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծված կամ տրամադրված մտավոր սեփականության բավարար և արդյունավետ պաշտպանությունը: Կողմերը համաձայնում են սահմանված ժամկետում միմյանց տեղեկացնել սույն Համաձայնագրից բխող ցանկացած գյուտի կամ հեղինակային աշխատանքների մասին և սահմանված ժամկետում դիմել այդպիսի մտավոր սեփականության պաշտպանության համար: Այդպիսի մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները պետք է բաշխվեն սույն Հավելվածում սահմանված կարգով:
1. Ոլորտը
Ա. Սույն Հավելվածը կիրառվում է Համաձայնագրով ստանձնած բոլոր համատեղ միջոցառումների նկատմամբ, եթե այլ կերպ հատուկ պայմանավորվածություն ձեռք չի բերվել կողմերի կամ նրանց կողմից նշանակված անձանց միջև:
Բ. Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով` «մտավոր սեփականություն» հասկացությունը կիրառվում է 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում ստորագրված «Համաշխարհային մտավոր սեփականություն» կազմակերպության հիմնադիր Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված իմաստով:
Գ. Սույն Հավելվածը սահմանում է Կողմերի միջև իրավունքների, շահերի և հոնորարների բաշխումը: Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի սույն Հավելվածի համաձայն բաշխված մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների ստացումը մյուս Կողմից` այդպիսի իրավունքները պայմանագրային հիմունքով կամ իրավական այլ միջոցներով, անհրաժեշտության դեպքում, իր սեփական մասնակիցներից ստանալու միջոցով: Սույն Հավելվածը որևէ կերպ չի փոփոխում կամ վնասում որևէ կողմի կամ նրա քաղաքացիների միջև սահմանված բաշխումը, որը պետք է սահմանված լինի տվյալ կողմի օրենքներով և պրակտիկայով:
Դ. Սույն Համաձայնագրով նախատեսված մտավոր սեփականության առնչությամբ ծագող վեճերը պետք է լուծվեն շահագրգիռ մասնակից հաստատությունների կամ, անհրաժեշտության դեպքում, Կողմերի կամ նրանց կողմից նշանակված անձանց միջև անցկացվող քննարկումների միջոցով: Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում ցանկացած վեճ պետք է ներկայացվի արբիտրաժ (միջնորդ դատարան) Կողմերի համար պարտավորեցնող որոշման կայացման նպատակով` միջազգային իրավունքի համաձայն: «UNCITRAL»-ի արբիտրաժային կանոնները պետք է գերակշռեն, եթե Կողմերը կամ նրանց կողմից նշանակված անձինք գրավոր կերպով այլ բան չեն սահմանել:
Ե. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը կամ ժամկետի լրանալը չի ազդում սույն Հավելվածում սահմանված իրավունքների և պարտավորությունների վրա:
2. Իրավունքների բաշխումը
Ա. Յուրաքանչյուր Կողմին վերապահվում է ոչ բացառիկ, հետ չկանչվող, հոնորարներից ազատված լիցենզիայի իրավունքը` բոլոր երկրներում թարգմանել, վերարտադրել, ինչպես նաև հրապարակայնորեն բաժանել սույն Համաձայնագրի համագործակցությունից ուղղակիորեն բխող գիտական և մասնագիտական ամսագրերի հոդվածներ, հաշվետվություններ և գրքեր: Սույն դրույթով նախատեսված հեղինակային աշխատանքի հրապարակայնորեն բաժանված պատճեններում պետք է նշվեն տվյալ աշխատանքի հեղինակների անունները, բացառությամբ, երբ հեղինակը հստակորեն մերժում է իր անվան հրապարակումը:
Բ. 2-րդ բաժնի «Ա» կետով սահմանված իրավունքներից տարբերվող, բոլոր տեսակի մտավոր սեփականության նկատմամբ ունեցած իրավունքները պետք է բաշխվեն հետևյալ կերպ.
1. Իրենց կրթության առաջխաղացման նպատակով այցելու հետազոտողները և գիտնականները մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները պետք է ստանան հյուրընկալող հաստատության գործող կանոնների համաձայն: Բացի դրանից` յուրաքանչյուր այցելու հետազոտող որպես գյուտարար կամ հեղինակ իրավունք ունի պետական պարգևների, շնորհների կամ այլ փոխհատուցումների, ներառյալ հոնորարների, նկատմամբ ազգային ռեժիմի իրավունք` հյուրընկալ հաստատության գործող կանոնների համաձայն:
2. ա) Համատեղ գիտահետազոտական աշխատանքների ընթացքում մասնակիցների կողմից ստեղծած մտավոր սեփականության համար, օրինակ, երբ կողմերը, մասնակից հաստատությունները կամ մասնակցող աշխատակիցները նախօրոք համաձայնություն են կնքել աշխատանքի ոլորտի վերաբերյալ, յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի իր սեփական տարածքում ստանալու բոլոր իրավունքները և շահերը: Իրավունքների և շահերի բաշխումը երրորդ երկրներում կորոշվի կիրառվելիք համաձայնագրերում: Մտավոր սեփականության իրավունքները պետք է բաշխվեն համապատասխան տվյալ մտավոր սեփականության ստեղծման գործում յուրաքանչյուր Կողմի տնտեսական, գիտական և տեխնոլոգիական ներդրման: Եթե հետազոտական աշխատանքը տվյալ աշխատանքի իրականացման համապատասխան պայմանավորվածություններում չի ճանաչվել որպես «համատեղ հետազոտություն», ապա այդպիսի հետազոտություններից բխող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները պետք է բաշխվեն 2-րդ բաժնի «Բ» կետի 1-ին ենթակետին համապատասխան: Ի լրումն. գյուտարար կամ հեղինակ ճանաչված յուրաքանչյուր անձ պետք է ունենա պարգևների, շնորհների կամ այլ փոխհատուցումների, ներառյալ հոնորարների, նկատմամբ ազգային ռեժիմի իրավունք` հյուրընկալ հաստատության գործող կանոնների համաձայն:
բ) Բացառությամբ 2-րդ բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերի, եթե մտավոր սեփականության տվյալ տեսակը սահմանված է Կողմերից միայն մեկի օրենքներով, ապա այդ Կողմին պետք է վերապահվեն բոլոր իրավունքները և շահերը բոլոր այլ երկրներում, որոնք տրամադրում են իրավունքներ և շահեր այդպիսի մտավոր սեփականության նկատմամբ: Սեփականության գյուտարար կամ հեղինակ ճանաչված անձինք, այնուամենայնիվ, պետք է ունենան պարգևների, շնորհների կամ այլ փոխհատուցումների, ներառյալ հոնորարների, նկատմամբ ազգային ռեժիմի իրավունք` 2-րդ բաժնի «Բ» կետի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված կանոնների համաձայն:
3. Բիզնեսի փակ տեղեկատվություն
Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի ներքո տրամադրվում կամ ստեղծվում է սահմանված ժամկետում որպես բիզնեսի փակ տեղեկատվություն ճանաչված տեղեկատվություն, ապա յուրաքանչյուր Կողմ և նրա մասնակիցները պետք է պաշտպանեն այդպիսի տեղեկատվությունը կիրառվող օրենքների, կանոնների, ինչպես նաև վարչական պրակտիկայի համաձայն:
Տեղեկատվությունը կարող է ճանաչվել որպես բիզնեսի փակ տեղեկատվություն, եթե այդպիսի տեղեկատվությանը տիրապետող անձը կարող է դրանից ստանալ տնտեսական օգուտ կամ ունենալ մրցակցային առավելություն տեղեկատվությանը չտիրապետող անձանց նկատմամբ, եթե տեղեկությունը համընդհանուր կամ հրապարակային չէ այլ աղբյուրներից, և տեղեկատվությանը տիրապետող անձը նախկինում այն մատչելի չի դարձրել առանց սահմանված ժամկետում այն փակ պահելու հարկադիր պարտավորությունը կատարելու:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի փետրվարի 28-ից:
