«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11007026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 դեկտեմբերի 2006 թ. |
N 981-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 421-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 43-47-րդ կետերի և 2002 թ. դեկտեմբերի 26-ի N 2126-Ն որոշման 2-րդ կետի «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 14, 15, 18, 19 և 21-րդ հոդվածների պահանջների.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի ընտրության կարգը (համաձայն հավելվածի):
*2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության խորհրդի ընտրության կարգը հաստատելու մասին» թիվ 421-Մ հրամանը:
3. Նախարարության հանրակրթության վարչությանը (պետ` Ն. Հովհաննիսյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան) փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
4. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
L. Մկրտչյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության խորհրդի ընտրության
1. Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները (Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի քաղաքապետը, թաղապետը (համայնքապետը) և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, հաստատության նոր խորհուրդ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունելուց հետո (30 օրվա ընթացքում) սույն կարգի համաձայն կազմակերպում և ապահովում են խորհրդի անդամների ընտրության գարծընթացը:
2. Խորհուրդը կազմված է 7 անդամից, որոնց առաջադրում են.
2-1 հաստատության մանկավարժական խորհուրդը (մինչև 40 ուսուցիչների դեպքում` մանկավարժական կոլեկտիվը), որը գաղտնի քվեարկությամբ տվյալ հաստատությունում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ուսուցիչներից ընտրում է խորհրդի 2 անդամներին: Նրանց լիազորությունները դադարեցվում են աշխատանքից ազատվելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում.
2-2 հաստատության ծնողական խորհուրդը, որը գաղտնի քվեարկությամբ որոշում է հաստատության խորհրդի 2 անդամներին: Ծնողական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուները պետք է ունենան տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխա.
2-3 մանկավարժական և ծնողական խորհուրդների նիստերի մասնակից յուրաքանչյուր քվեարկող կարող է քվեարկել միայն առաջադրված թեկնածուներից մեկի օգտին:
3. Տարածքային կառավարման մարմինը առաջադրում է խորհրդի 3 անդամ:
3-1 Տարածքային կառավարման մարմնի 3 անդամների առաջադրումը կատարվում է հետևյալ սկզբունքով.
ա) Հայաստանի Հանրապետության մարզերում 2 անդամ առաջադրում են մարզպետները.
բ) 1 անդամ` համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ: Այդ անդամի առաջադրումը նույնպես վերապահվում է մարզպետին, եթե համայնքի ղեկավարը նշված լիազորությունը 7-օրյա ժամկետում չի իրականացնում.
գ) Երևան քաղաքում 1 անդամ առաջադրում է Երևանի քաղաքապետը.
դ) 2 անդամ` թաղաjին համայնքի ղեկավարը` ավագանու համաձայնությամբ:
Այդ անդամի առաջադրումը նույնպես վերապահվում է Երևանի քաղաքապետին, եթե թաղային համայնքի ղեկավարը նշված լիազորությունը 7-օրյա ժամկետում չի իրականացնում.
ե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության հաստատությունների խորհուրդներում նախարարը առաջադրում է 3 անդամ:
4. Կրթահամալիրի խորհրդի կազմը ձևավորվում է համաձայն իր Կանոնադրության:
5. Հաստատության խորհրդում առաջադրված թեկնածուների համար միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր է:
6. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև տվյալ հաստատությունում այլևս սովորող երեխա չունենալու դեպքերում:
7. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կազմում:
7-1. Նույն անձը չի կարող ընդգրկվել մեկից ավելի խորհուրդների կազմում:
8. Տարածքային կառավարման մարմինը (ըստ ենթակայության` մարզպետը, Երևանի քաղաքապետը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը), հիմք ընդունելով հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների որոշումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, 7 օրվա ընթացքում հաստատում է խորհրդի անվանական կազմը, կամ սույն կարգի խախտմամբ առաջադրված լինելու դեպքում մերժում է անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:
9. Խորհրդի լիազորության ժամկետը սահմանվում է հաստատության կանոնադրությամբ:
10. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագը:
10-1 Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ:
10-2 Ընտրության չկայանալու դեպքում տասնօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Ընտրությունը նորից չկայանալու դեպքում խորհրդի անդամներից մեկը` վիճակահանությամբ, նշանակվում է նախագահ:
11. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում տարածքային կառավարման մարմնի հաստատմանն է ներկայացնում նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:
12. Խորհրդի անդամի լիազորությունները չեն կարող դադարեցվել, եթե հայտարարվել է գործադիր տնօրենի ընտրության մրցույթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
* - Ծանոթություն - |
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի «Հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրում ընդգրկված հաստատության խորհրդի ընտրության կարգը հաստատելու մասին» թիվ 421-Մ հրամանը` չի հրապարակվել: |