ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մայիսի 25-ին
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է մարդու հիմնարար անձնական բարիք համարվող հոգեկան առողջության, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, կանոնակարգում է հոգեկան առողջության ոլորտում միջազգային իրավունքի նորմերով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծման գործընթացները:
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հոգեբուժական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 2. | ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
Հոդված 3. | ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հոգեկան առողջություն` մարդու անօտարելի և անփոխանցելի ոչ նյութական բարիք, որը ներառում է շրջակա միջավայրի համապատասխան ընկալումը, որոշումներ կայացնելու ու իրագործելու ունակությունը, կայուն հուզականության դրսևորումը և պահպանումը.
2) հոգեկան առողջության պահպանում` մարդու հոգեկան առողջության ոլորտում հոգեկան խանգարումների կանխարգելում և այդ նպատակով համապատասխան աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
3) հոգեկան խանգարում` հոգեկան և վարքի խանգարումների գործող հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչի հոգեկան և վարքի խանգարումների դասին համապատասխանող հոգեկան անառողջ վիճակ կամ վարքի խանգարում.
4) հոգեկան խանգարումով տառապող անձ` հոգեկան խանգարման հետևանքով հոգեբուժական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձ.
5) հոգեբուժական օգնություն` հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևերով հոգեկան խանգարումով տառապող անձին տրամադրվող բժշկական խորհրդատվություն կամ հետազոտում կամ ախտորոշում կամ բուժում կամ խնամք ու սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն.
6) հիվանդանոցային հոգեբուժական օգնություն` հոգեկան խանգարումով տառապող անձի հոգեկան խանգարման հետազոտում կամ ախտորոշում, բուժում կամ հոգեբուժական փորձաքննություն, որը կազմակերպվում է այն դեպքերում, երբ նրան անհրաժեշտ է անմիջական տևական հսկողություն և խնամք հիվանդանոցային պայմաններում.
7) արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն` հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն կամ հոգեբուժական փորձաքննություն կամ բուժում կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում.
8) դիսպանսերային հոգեբուժական օգնություն` քրոնիկ հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ արտահիվանդանոցային ձևով տևական հսկողության և բուժման իրականացում.
9) հոգեբուժական կազմակերպություն` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների իրականացումը.
10) հոգեբուժական հիվանդանոց` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն, որի հիմնական խնդիրն է շուրջօրյա հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձևով իրականացումը.
11) ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կամ հոգեբուժական կազմակերպության կամ այլ բժշկական հաստատության կազմում գտնվող բաժանմունք, որի հիմնական խնդիրն է հոգեբուժական և հոգեթերապևտիկ օգնության ու ծառայությունների հիվանդանոցային ձևով իրականացումը.
12) հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հոգեբուժական հիվանդանոցի կազմում գտնվող բաժանմունք, որտեղ դատարանի որոշմամբ հարկադիր բուժման նպատակով գտնվում է այն անձը, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն և բուժում.
13) հոգեբույժ` բարձրագույն բժշկական կրթություն և որակավորում ստացած և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հոգեբուժական օգնություն իրականացնող ֆիզիկական անձ.
14) բժշկական (կլինիկական) հոգեբան` բարձրագույն հոգեբանական կրթություն ստացած և հոգեկան առողջության ոլորտում հետդիպլոմային կրթություն ստացած բժշկահոգեբանական ծառայություններ իրականացնող ֆիզիկական անձ.
15) հոսպիտալացում` հոգեկան խանգարումով տառապող անձի հոժարակամ և ոչ հոժարակամ (հարկադիր) ձևերով ընդունում հոգեբուժական հաստատություն.
16) հոգեբուժական հանձնաժողով` 3 կամ ավելի հոգեբույժներից, անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանից կազմված մասնագետների խումբ (նրանցից մեկը հրավիրվում է այլ բժշկական հաստատությունից), որ ստեղծվում է հոգեբուժական կազմակերպության տնօրենի հրամանով և իրավասու է տալ անձի հոգեկան վիճակի ու դրանից բխող բոլոր բժշկական հարցերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն.
17) իրազեկման թերթիկի ձև` լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի ձևաթուղթ, որում թվարկված են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի իրավունքները:
(3-րդ հոդվածը փոփ. 19.05.09 ՀՕ-127-Ն, խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն, լրաց. 17.05.10 ՀՕ-89-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 4. | ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Հոգեկան առողջության պահպանման գործընթացը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները, իսկ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հոգեբուժական կազմակերպությունները:
2. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հոգեբուժական գործունեության լիցենզավորման կարգն ու պայմանները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Հոգեբուժական օգնություն իրականացնելու համար անհրաժեշտ կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենքով:
Հոդված 5. | ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ |
Հոգեկան առողջության պահպանումը ներառում է`
1) հոգեկան առողջության բարելավումն ու հոգեկան խանգարումների կանխարգելումը.
2) հոգեկան խանգարումներով տառապող անձանց անհրաժեշտ բազմակողմանի և մատչելի բժշկական օգնության, խնամքի ու օգնության այլ ձևերի ապահովումը.
3) հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ հասարակության կողմից համապատասխան վերաբերմունքի, առաջին հերթին` հանդուրժողականության, բարյացակամության ձևավորումը, որը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ և 16-րդ հոդվածների, բացառում է որևէ խտրականություն:
Հոդված 6. | ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ |
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը երաշխավորվում է օրենքի, մարդասիրության և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:
2. Հոգեկան խանգարումներ ունեցող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները և ազատությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք մասնավորապես իրավունք ունեն`
1) հաստատելու նամակագրական կապ.
2) օգտվելու հեռախոսակապից.
3) հանդիպելու այցելուների հետ.
4) ունենալու և ձեռք բերելու առաջին անհրաժեշտության իրեր ու պարագաներ, օգտվելու անձնական հագուստից.
5) հաղորդակցվելու թերթերի և լրագրերի միջոցով.
6) կոչվելու իր անվամբ կամ ազգանվամբ.
7) օգտվելու սոցիալական ապահովության իրավունքից.
8) ստանալու իրավաբանական օգնություն.
9) օգտվելու անձնական անվտանգության ապահովման իրավունքից.
10) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների վերաբերյալ.
11) օգտվելու իր նկատմամբ բարեկիրթ, անձը չնվաստացնող վերաբերմունքից.
12) տալու համաձայնություն և ցանկացած փուլում հրաժարվելու բուժական մեթոդներից և միջոցներից, եթե դրանք կիրառվում են գիտական կամ փորձարարական նպատակներով, ուղեկցվում են լուսա-, տեսա- և կինոնկարահանումներով.
13) պահանջելու իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը սույն օրենքով նախատեսված հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին.
14) օգտվելու առողջության պահպանման իրավունքից, այդ թվում` ստանալու բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաև զննության ենթարկվելու իր նախընտրած բժշկի կողմից սեփական միջոցների հաշվին.
15) հանգստի, ներառյալ` բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններում.
16) կնքելու քաղաքացիաիրավական գործարքներ, բացառությամբ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների.
17) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, դրա գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին.
18) հետազոտման, բուժման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, անձամբ կամ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու հոգեբուժական կազմակերպության ղեկավարին, նրա վերադաս մարմնին, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական միավորումներին և կուսակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին:
4. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձինք իրազեկվում են իրենց իրավունքների, հոգեբուժական հաստատությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: Հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում լիազոր պետական մարմինը:
5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց իրավունքներն իրականացնում են անձամբ կամ օրինական ներկայացուցչի միջոցով:
6. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրավունք ունեն քննվելու և վերաքննվելու բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից:
7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-5-րդ, 15-րդ (բացառությամբ հանգստի և ութժամյա գիշերային քնի իրավունքի) և 16-րդ կետերով սահմանվող իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով կամ հետազոտող բժշկի կամ հոգեբուժական հանձնաժողովի կողմից, եթե դրանց իրականացումը վտանգ է ներկայացնում հիվանդի կամ հասարակության համար կամ խոչընդոտում է բժշկական հետազոտությանը կամ փորձաքննությանը: Հոգեբուժական հանձնաժողովի կամ հետազոտող բժշկի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված և պարտադիր ամրագրվեն բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերով իրավունքների սահմանափակման մասին նույն օրը իրազեկվում է հոգեկան հիվանդությամբ տառապող անձը, և համապատասխան գրառում է կատարվում բժշկական փաստաթղթերում: Նշված հիմքերի վերացման դեպքում հոգեբուժական կազմակերպությունը պարտավոր է նույն օրը սահմանափակումների վերացման մասին տեղեկացնել հիվանդին` համապատասխան նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
8. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման ընթացակարգերը (այսուհետ` իրավունքների իրականացման ընթացակարգ) սահմանվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածով:
9. Հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներով տառապող երեխաները ունեն սույն հոդվածի 3-րդ մասի 1-18-րդ կետերով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավունքները:
10. Բուժման, հետազոտման, դուրսգրման հարցերով հոգեբուժական կազմակերպությանը դիմելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 12-13-րդ և 18-րդ կետերով նախատեսված իրավունքներն իրականացնում է հոգեկան խանգարումներ ունեցող երեխայի օրինական ներկայացուցիչը:
11. Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման կամ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում հոգեբույժի որոշմամբ հոգեկան խանգարմամբ տառապող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման (գոտիներ, հատուկ հագուստներ) ու մեկուսացման միջոցներ, հանդարտեցման բժշկական մեթոդներ, որոնց կիրառման ու տևողության մասին բժշկական փաստաթղթերում կատարվում է պատճառաբանված գրառում:
(6-րդ հոդվածը լրաց. 17.05.10 ՀՕ-89-Ն, խմբ. 23.05.11 ՀՕ-203-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 7. | ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ |
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով:
2. Պետությունը երաշխավորում է`
1) անհետաձգելի հոգեբուժական օգնությունը.
2) հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում խորհրդատվական, ախտորոշման, բուժման ու սոցիալական վերականգնման հետ կապված օգնությունը.
3) հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերը, ժամանակավոր անաշխատունակության որոշումը.
4) հոգեկան խանգարումներով տառապող անձանց սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը.
5) խնամակալությունը.
6) իրավական հարցերով օժանդակությունը.
7) հոգեկան խանգարումներով տառապող հաշմանդամների սոցիալ-կենցաղային վիճակին օժանդակությունը, ուսուցումը և խնամքը.
8) աղետների և վթարների ժամանակ հոգեբուժական օգնության կազմակերպումը:
3. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ստացիոնար և ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների անցկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(7-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն)
Հոդված 8. | ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հոգեբուժական օգնությունը և սոցիալական պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) ստեղծում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն իրականացնող կազմակերպություններ ծերունիների, մեծահասակների, դեռահասների և մանուկների համար.
2) կազմակերպում է հոգեկան խանգարումներով տառապող անչափահասների հանրակրթական և մասնագիտական հատուկ ուսուցում.
3) ստեղծում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց բուժական-արտադրական ուղղվածության կազմակերպություններ, ներառյալ` հաշմանդամների, աշխատանքային բուժման, նոր մասնագիտությունների տիրապետման և զբաղվածության ապահովման համար, միջոցներ է ձեռնարկում աշխատանքի հեշտացված պայմաններով աշխատատեղեր կամ հատուկ արտադրամասեր ստեղծելու ուղղությամբ.
4) ստեղծում է կացարաններ սոցիալական կապերը կորցրած հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար.
5) սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները:
(8-րդ հոդվածը լրաց. 17.05.10 ՀՕ-89-Ն)
Հոդված 9. | Արտահիվանդանոցային և դիսպանսերային հոգեբուժական օգնություն |
(վերնագիրը խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն)
1. Բժշկական ցուցումներից ելնելով` հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան խանգարումով տառապող անձի նկատմամբ արտահիվանդանոցային ձևով իրականացնում են բժշկական խորհրդատվություն կամ փորձաքննություն կամ ախտորոշում կամ բուժում` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում:
2. Տևական (քրոնիկ) հոգեկան խանգարումներով տառապող անձի նկատմամբ, իր կամ իր օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն, որը ներառում է հաշվառում և շարունակական հսկողություն ու բուժում կամ սոցիալական վերականգնում կամ հոգեբուժական փորձաքննություն:
3. Դիսպանսերային արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը իրականացնելու կամ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է հոգեբուժական օգնություն իրականացնող հաստատությունում ստեղծվող հոգեբուժական հանձնաժողովը, որի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
(9-րդ հոդվածը խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն)
Գ Լ ՈՒ Խ 4.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 10.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ
Հոգեբուժական օգնությունն իրականացնում են համապատասխան որակավորում, բարձրագույն բժշկական կրթություն ունեցող բժիշկ-հոգեբույժները:
Հոդված 11. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՁևԵՐԸ |
Հոգեբուժական օգնություն իրականացնելու ձևերը ներառում են քաղաքացիների հոգեկան առողջության հետազոտումը, հոգեկան հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, հոգեկան խանգարումներ ունեցող անձանց խնամքը, նրանց բժշկական և սոցիալական վերականգնումը:
Հոդված 12. | ՀՈԳԵԲՈՒՅԺԻ ԱՆԿԱԽ ԼԻՆԵԼԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ |
Հոգեբուժական օգնություն իրականացնելիս հոգեբույժն անկախ է իր կայացրած որոշումներում և ղեկավարվում է բժշկական պարտքի զգացումով ու սույն օրենքով:
Հոդված 13. | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Քաղաքացիների հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկությունները բժշկական գաղտնիք են: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են հիվանդին և նրա օրինական ներկայացուցչին նրանց պահանջով` օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: Հոգեբուժական հետազոտման տվյալները և եզրակացությունը գրանցվում են բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում):
(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն)
Հոդված 14. | ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ |
Հոգեկան խանգարման ախտորոշումը և բուժումն իրականացվում են միջազգային բժշկական ընդունված չափանիշներին համապատասխան և չեն կարող հիմնվել հասարակության ընդունած բարոյական, մշակութային, քաղաքական կամ կրոնական արժեքների հետ քաղաքացու անհամաձայնության կամ հոգեկան առողջության հետ անմիջական կապ չունեցող այլ պատճառների վրա:
Հոդված 15. | ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին: Դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում) կատարվում է գրանցում:
3. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերում:
Հոդված 16. | ԲՈՒԺՈՒՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ |
1. Հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնելու այն, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:
2. Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրվեն բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքները:
3. Բուժօգնություն ստանալուց հրաժարվելու և բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքների մասին տեղյակ պահելու փաստը արձանագրվում է բժշկական փաստաթղթերում` բուժօգնությունից հրաժարվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի և հոգեբույժի ստորագրությամբ:
Հոդված 17. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐԻ, ՀՈԳԵԹԵՐԱՊևՏՆԵՐԻ և ԱՅԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ |
Հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժները, ինչպես նաև այլ մասնագետներ կարող են ենթարկվել պետական ապահովագրման ծառայողական պարտականությունները կատարելիս իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի համար` «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 5.
ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ
Հոդված 18. | ՀՈԺԱՐԱԿԱՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ |
Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունք հոսպիտալացման հիմք է անձի հոգեկան խանգարման առկայությունը և բժիշկ-հոգեբույժի ստացիոնար հետազոտության կամ բուժման մասին եզրակացությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հոգեբուժական փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը:
(18-րդ հոդվածը փոփ. 07.10.09 ՀՕ-185-Ն)
Հոդված 19. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ |
1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով:
2. Հոգեբուժական հետազոտում իրականացնող բժիշկը պարտավոր է հետազոտվողին կամ նրա օրինական ներկայացուցչին ներկայանալ որպես հոգեբույժ և հայտնել կատարվող հետազոտության բնույթի ու հետևանքների մասին:
3. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հիվանդի վիճակի և հետազոտման բնույթի վերաբերյալ վերջիններիս լիարժեք տեղեկություն տալուց հետո:
4. Հոգեբուժական հետազոտումը կարող է իրականացվել առանց հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության միայն այն դեպքերում, երբ հետազոտվողը, հոգեկան վիճակից ելնելով, անկարող է արտահայտել իր ազատ կամքը և չունի օրինական ներկայացուցիչ:
(19-րդ հոդվածը լրաց. 07.10.09 ՀՕ-185-Ն)
Հոդված 20. | ԱՅԼ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ |
Անձի հոգեկան առողջության վերաբերյալ այլ բժիշկ-մասնագետի (ոչ հոգեբույժի) եզրակացությունը հիմք չէ անձին հոգեկան հիվանդ ճանաչելու համար:
Հոդված 21. | Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից ՀԻՎԱՆԴԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 07.10.09 ՀՕ-185-Ն)
1. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքից հիվանդի դուրսգրումը կատարվում է նրա առողջացման և հոգեկան վիճակի բավարար լինելու դեպքում, եթե վերացել է հետագա ստացիոնար բուժման կարիքը, կամ եթե ավարտվել են հետազոտման կամ փորձաքննության ժամկետները:
2. Ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հոժարակամ (կամավոր) կարգով գտնվող հիվանդի դուրսգրումը կատարվում է հոգեբույժի եզրակացության հիման վրա կամ հիվանդի պահանջով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի: Նշված դեպքերում հոգեբուժական կազմակերպության տնօրենը սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով դիմում է դատարան: Դուրսգրումից առաջ հոգեբուժական կազմակերպության տնօրենը գրավոր ծանուցում է հիվանդի օրինական ներկայացուցչին` ծանուցագրում նշելով դուրսգրման օրը և ժամը:
(21-րդ հոդվածը խմբ. 19.05.09 ՀՕ-127-Ն, փոփ. 07.10.09 ՀՕ-185-Ն, խմբ. 23.05.11 ՀՕ-203-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ՈՉ ՀՈԺԱՐԱԿԱՄ (ՀԱՐԿԱԴԻՐ) ՀՈՍՊԻՏԱԼԱՑՈՒՄԸ
Հոդված 22. | Ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման կարգը |
(վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-203-Ն)
1. Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե`
1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ
2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հոգեբուժական հանձնաժողովի կողմից հոսպիտալացման մասնագիտական հիմնավորվածությունը հաստատելու դեպքում համապատասխան հոգեբուժական կազմակերպության տնօրենը հոգեկան խանգարումներով տառապող անձի կողմից բուժումից հրաժարվելու կամ բուժումը դադարեցնելու պահանջ ներկայացնելուց հետո` 72 ժամվա ընթացքում, դիմում է դատարան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման ենթարկելու համար:
(22-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-127-Ն, խմբ. 07.10.09 ՀՕ-185-Ն, 23.05.11 ՀՕ-203-Ն)
Հոդված 23. | Հոգեբուժական կազմակերպությունում տեղավորված անձի հետազոտումը |
(հոդվածն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-203-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
Հոդված 24. | ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
1. Հոգեբուժական օգնություն և ծառայություններ իրականացնող հոգեբույժի կամ այլ մասնագետի գործողությունները կարող են բողոքարկվել դատական կարգով:
2. Բողոքը ներկայացնում է հոգեկան խանգարում ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը` օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 8.
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 25. | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 26. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Սույն ընթացակարգով սահմանվում են հոգեբուժական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` հոգեբուժական կազմակերպություն) հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները:
I. ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Հոգեբուժական կազմակերպություններն իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ տաքսոֆոն հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները, գործող սակագներին համապատասխան, կատարվում են տվյալ անձի հաշվին: Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցությունների սակագները:
2. Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի կատարելու առնվազն մեկ անվճար հեռախոսազանգ հանրապետության տարածքում:
3. Հոգեբուժական կազմակերպություններն իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ փոստարկղ: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները:
4. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը հոգեկան խանգարումներով տառապող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը և փոստային առաքման անդորրագրի հանձնումը հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձին, ինչպես նաև փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան խանգարումներով տառապող անձին:
II. ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
1. Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, այցելուների հետ ազատ հանդիպելու պայմաններ է ստեղծում` չխախտելով տվյալ հոգեբուժական կազմակերպության տնօրենի հաստատած ներհիվանդանոցային ռեժիմը:
2. Անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահաս հիվանդներին այցելուների հետ հանդիպման ժամանակ բժշկական համապատասխան ցուցումների դեպքում բժշկի հանձնարարությամբ ուղեկցում է տվյալ բաժանմունքի բուժքույրը, որի վերաբերյալ գրառում է կատարվում համապատասխան բժշկական փաստաթղթերում:
3. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք իրենց միջոցների հաշվին ձեռք են բերում առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ, բացառությամբ ծակող, կտրող իրերի, իրենց օրինական ներկայացուցիչների կամ հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքրոջ միջոցով, կամ եթե տվյալ հոգեբուժական կազմակերպության տարածքում տեղակայված է վաճառք իրականացնող կրպակ, ապա հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձը կարող է առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ կրպակից գնել անձամբ:
4. Հոգեբուժական կազմակերպության ավագ բուժքույրը հիվանդի պահանջով գնում է հոգեկան խանգարումներով տառապող անձի համար առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ և գնումը հավաստող հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հետ այդ իրը հանձնում հիվանդին:
III. ԹԵՐԹԵՐՈՎ ԵՎ ԱՄՍԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Յուրաքանչյուր հոգեբուժական կազմակերպությունում պետք է առկա լինի թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն իրականացնող կազմակերպության բաժանորդագրության անվանացանկ, որը պետք է հասանելի լինի հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձանց: Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան պարտավոր է ապահովել հիվանդի կողմից թերթերի բաժանորդագրությունը և բաժանորդագրված թերթերի և ամսագրերի հանձնումը հիվանդին:
IV. ԲՈՒԺՄԱՆ, ՀԵՏԱԶՈՏՄԱՆ, ԴՈՒՐՍԳՐՄԱՆ, ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԱՄ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՎԱՐԻՉԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ (ԵԹԵ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ) ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՒԼՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՈՒ ԻՐ ԸՆՏՐԱԾ ՀՈԳԵԲՈՒՅԺ ՄԱՍՆԱԳԵՏԻ` ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
1. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր բուժման, հետազոտման, դուրսգրման, օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության հարցերով գրավոր կամ բանավոր դիմելու կազմակերպության ղեկավարին կամ բաժանմունքի վարիչին:
2. Հոգեբուժական կազմակերպության տնօրենը կամ բաժանմունքի վարիչը, ստանալով գրավոր դիմումը կամ բանավոր հարցումը և նշում կատարելով համապատասխան բժշկական փաստաթղթերում, երկօրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն է տրամադրում դիմումատուին և ձեռնամուխ է լինում համապատասխան հարցերի կարգավորմանը:
3. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության տնօրենին` պահանջելով իր ընտրած հոգեբույժ մասնագետի մասնակցությունը հոգեբուժական հանձնաժողովի աշխատանքներին: Դիմումը կամ բանավոր հաղորդագրությունը ստանալուց հետո` 2-օրյա ժամկետում, հոգեբուժական կազմակերպության տնօրենը դիմում է դիմումում նշված հոգեբույժին և վերջինիս համաձայնությունը ձեռք բերելով` ընդգրկում է մասնագետին հանձնաժողովի կազմում:
V. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
1. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու իրավական հարցերով օժանդակություն՝ հիվանդանոցում իր գտնվելու և բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ:
2. Իրավական հարցերով օժանդակությունը ֆինանսավորում է հոգեբուժական կազմակերպությունը` պետության երաշխավորած պետական պատվերի շրջանակներում այլ ծախսերով նախատեսված գումարների հաշվին:
3. Որպես իրավական հարցերով օժանդակության կարևորագույն տարր` հոգեբուժական հաստատությունում գտնվող յուրաքանչյուր անձի բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները:
4. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի բանավոր կամ գրավոր դիմելու հոգեբուժական կազմակերպության տնօրենին` իրավական օժանդակություն ստանալու համար:
5. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումով տառապող անձին իրավական օգնություն ցույց տալու համար հրավիրված իրավաբանը չպետք է լինի տվյալ հոգեբուժական կազմակերպության աշխատակից: Իրավաբանի կամ իրավական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ հոգեբուժական կազմակերպությունը կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր:
VI. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
1. Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
2. Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ:
3. Հոգեբուժական կազմակերպության ղեկավարն իր հրամանով սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձին նրա իրավունքների մասին իրազեկման համար պատասխանատուներին:
4. Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքները բացատրվում են այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների բացատրությունը ներառում է իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը:
Նշվածի վերաբերյալ բուժող բժիշկը կամ ընդունարանի բժիշկը կամ բաժանմունքի վարիչը գրառում է կատարում հոգեկան խանգարմամբ տառապող անձի բժշկական քարտում` նրա կամ նրա օրինական ներկայացուցչից (եթե անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչված, կամ եթե անձն անչափահաս է) վերցնելով ստորագրություն:
5. Եթե հոգեկան խանգարումով տառապող անձն ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքները բացատրվում են անձի օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին բաժանմունքի վարիչը գրառում է կատարում բժշկական քարտում:
6. Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, ապա անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձը կրկին իրազեկվում է իր իրավունքների մասին, որի վերաբերյալ ստորագրում է բժշկական փաստաթղթերում:
7. Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարումով տառապող անձին, սույն կարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների մասին: Անձին տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
(հավելվածը լրաց. 17.05.10 ՀՕ-89-Ն)