«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11103151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2003 թ. |
N 153-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ 1917-1987ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. ապրիլի 22-ի N 246 որոշմանը համապատասխան.
Հրամայում եմ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական արխիվին հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987թթ. ժամանակաշրջանի փաստաթղթերի օգտագործման կարգը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայն հավելվածի։
Նախարար |
Ռ. Շառոյան |
Համաձայնեցված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ |
Համաձայնեցված է ՀՀ ոստիկանության հետ |
Հաստատված է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի 2003 թ. ապրիլի 1-ի N 153-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ 1917-1987 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվին մշտական պահպանության հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987 թթ. ժամանակաշրջանի փաստաթղթերի (այսուհետ՝ բռնադատվածների փաստաթղթեր) օգտագործումը։
2. Բռնադատվածների փաստաթղթերի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կառավարության 1998 թ. ապրիլի 22-ի N 246 որոշմամբ հաստատված Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգին համապատասխան։
3. Պետական արխիվին հանձնված բռնադատվածների փաստաթղթերից օգտվելու թույլտվություն ստանալու համար օգտվողները (բռնադատվածներ, նրանց ընտանիքների անդամներ և (կամ) օրինական ժառանգորդներ, ֆիզիկական և իրավաբանական անձինք) ներկայացնում են դիմում կամ պետական արխիվին հասցեագրված պաշտոնական նամակ, ուր նշվում է օգտվողի ազգանունը, անունը, տեղեկատվության օգտագործման նպատակը, բռնադատվածի հետ նրա կապը (ընտանիքի անդամ, օրինական ժառանգորդ, եթե կան այդպիսիք)։
4. Պետարխիվի ղեկավարությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առնչությամբ որոշում է կայացնում բռնադատվածների վերաբերյալ պահանջվող փաստաթղթերն օգտվողներին տրամադրելու մասին, հիմնավորելով պահանջվող փաստաթղթերի մերժումը և (կամ) սահմանափակումը (բովանդակած տեղեկատվության վարկաբեկիչ բնույթը, այլ քաղաքացիների նկատմամբ հնարավոր բարոյական վնասների պատճառումը, տեղեկատվության հրապարակման աննպատակահարմարությունը և այլն):
5. Օգտվողների դիմում-հարցումների պատասխանները կամ պահանջվող արխիվային տեղեկանքները կազմվում են բացառապես ըստ արխիվային փաստաթղթերի բովանդակած տեղեկատվության:
6. Օգտվողների հարցումների պատասխանները, արխիվային տեղեկանքները, կամ փաստաթղթերից քաղվածքներն ու պատճենները օգտվողներին տրամադրվում են առձեռն (անձը ներկայացնող փաստաթղթերի ներկայացմամբ ու ստորագրությամբ) կամ փոստային ծառայության միջոցով:
Արտերկրից ստացված հարցումների արխիվային պատասխան-տեղեկատվությունը կարող է հասցեատիրոջն առաքվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ։
7. Բռնադատվածների փաստաթղթերից օգտվողները պատասխանատվություն են կրում փաստաթղթերի բովանդակությունը սխալ կամ աղավաղված (խեղաթյուրված) ներկայացնելու համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: