ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
30 հունիսի 1996 թ.
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող և գործող բանկերի, նրանց և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գրանցման, լիցենզավորման, գործունեության կարգավորման և դադարման, ինչպես նաև բանկային գործունեության վերահսկողության կարգը և պայմանները:
(1-ին հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը և բանկերի գործունեության իրավական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետության բանկային համակարգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետև` Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը (այդ թվում` դուստր բանկերը), նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները (կետերը), ինչպես նաև օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին», «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, իսկ դրանցով նախատեսված դեպքերում և սահմաններում` Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով:
Հոդված 3. |
Օրենքի հիմնական խնդիրը |
Սույն օրենքի հիմնական խնդիրը բանկային համակարգի զարգացումը, հուսալիությունը և բնականոն գործունեությունն ապահովելն ու բանկերի գործունեության համար ազատ տնտեսական մրցակցության հավասար պայմաններ ստեղծելն է:
Հոդված 4. |
Բանկ և բանկային գործունեություն |
1. Բանկն իրավաբանական անձ է, որն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիաների հիման վրա իրականացնել բանկային գործունեություն:
2. Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:
Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:
Հոդված 5. |
Բանկային ավանդ |
Բանկային ավանդ է համարվում անձին տրամադրված այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բանկային ավանդի պայմանագրի համար սահմանված պահանջներին, և որը չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք, գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում կամ որպես պարտավորության ապահովման միջոց:
(5-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 6. |
«Բանկ» բառի օգտագործումը |
1. «Բանկ» բառը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են օգտագործել միայն լիցենզիա ունեցող անձինք, դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառի օգտագործման իրավունքը վերապահվել է օրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «բանկ» բառի օգտագործման իմաստից բխում է, որ խոսքը բանկային գործունեությանը չի վերաբերում:
2. Բանկերն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշվող այնպիսի բառեր օգտագործել, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ բանկի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
3. Արգելվում է նաև բանկային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումից ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է բանկային գործունեությանը:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 7. |
Բանկային միություններ և ասոցիացիաներ |
Բանկերն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և բանկերի այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բանկային միություններ և ասոցիացիաներ և անդամակցել դրանց: Բանկային միություններն ու ասոցիացիաները չեն կարող բանկային գործունեություն իրականացնել: Բանկային միությունները և ասոցիացիաները պետական իրավասու մարմնի կողմից գրանցման պահից տասնօրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին:
Հոդված 8. |
Փոխկապակցված անձինք |
1. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
ա) տվյալ իրավաբանական անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) քսան և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները.
բ) նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամներն իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի քսան տոկոսից ավելիին կամ ունեն օրենքով չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն.
գ) նրանցից մեկի կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների թվի մեկ երրորդը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
3. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի քսան տոկոսից ավելին տնօրինող մասնակից, կամ օրենքով չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ, կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, վարչության նախագահ, վարչության անդամ, գլխավոր հաշվապահ, նրա տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ կամ նման այլ մարմինների անդամ, ինչպես նաև տարածքային և կառուցվածքային (այդ թվում` դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած չափանիշերով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով որևէ կերպ իրավաբանական անձի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող) ստորաբաժանումների աշխատակից:
4. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով միևնույն ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինն ու երեխաները:
(8-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 9. |
Նշանակալից մասնակցություն |
Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում`
ա) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը.
բ) մասնակիցն ունի տվյալ իրավաբանական անձի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը կամ ձայնի իրավունք չտվող մասնակցություն, սակայն Կենտրոնական բանկի սահմանած չափանիշերով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով այդ մասնակցությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր գործարար համբավով կամ հեղինակությամբ հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման կամ կիրառման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները:
Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից մասնակցություն ունեցող է նաև այն անձը, որը հնարավորություն ունի կանխորոշել տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները, կամ էապես ազդել նրանց որոշումների կայացման կամ կիրառման վրա, կամ կանխորոշել տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները` տվյալ բանկի նկատմամբ իր ունեցած պահանջի իրավունքի ուժով:
(9-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 10. |
Դուստր բանկ |
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 11. |
Բանկերի ինքնուրույնությունը |
1. Արգելվում է որևէ կերպ ներգործել բանկի ղեկավարների վրա` նրանց պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում կամ միջամտել բանկի գործունեությանը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենքով սահմանված կարգով բանկի ղեկավարներին կարող է տրվել զենք կրելու իրավունք:
2. Բանկի ղեկավարի վրա ապօրինաբար ներգործելու կամ բանկի ընթացիկ գործունեությանն ապօրինաբար միջամտելու հետևանքով բանկին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
3. Կառավարությունը և բանկերը պատասխանատու չեն միմյանց պարտավորությունների համար, եթե բանկերը կամ կառավարությունը այդպիսիք չեն ստանձնել: Կենտրոնական բանկը և բանկերը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում:
4. Բանկերն ինքնուրույն են իրականացնում իրենց հիմնական միջոցների տիրապետումը, օգտագործումը և տնօրինումը, այդ թվում` գույքի վերագնահատումը:
Հիմնական միջոցների գնահատումն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԱՆԿԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 12.
Բանկերի կազմակերպական-իրավական տեսակները
1. Բանկերը սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ կոոպերատիվ բանկ:
2. Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ օրենքները և այլ իրավական ակտերը, եթե սույն օրենքը այլ կանոններ չի սահմանում:
3. Կոոպերատիվ է համարվում այն բանկը, որի մասնակիցներն անկախ բանկի կանոնադրական հիմնադրամում իրենց մասնակցության չափից ունեն մեկ ձայնի իրավունք:
Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք մասնակից:
Եթե կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում է երեքից, ապա այդ բանկը ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր մասնակիցների թիվը:
Կոոպերատիվ բանկի շահաբաժիններ վճարելու, նոր մասնակիցներ ընդունելու, բանկում մասնակցությունը դադարելու, ինչպես նաև բանկի լուծարման դեպքում բանկի կապիտալը մասնակիցների միջև բաշխելու կարգը սահմանվում է կոոպերատիվ բանկի կանոնադրությամբ:
Հոդված 13. |
Բանկի մասնակիցները |
1. Բանկի մասնակից են համարվում բանկի հիմնադիրները, բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի բաժնետերերը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի և կոոպերատիվ բանկի մասնակիցները (փայատերերը, անդամները):
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները բանկի մասնակից կարող են լինել օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
3. Բանկի մասնակից չեն կարող լինել կուսակցությունները և արհեստակցական միությունները:
Հոդված 14. |
Բանկերի մասնաճյուղերը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարող են հիմնել մասնաճյուղեր` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի մասնաճյուղը բանկի ` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանում է, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից բանկային գործունեություն և (կամ) սույն օրենքով նախատեսված ֆինանսական գործառնություններ է իրականացնում:
3. Օտարերկրյա բանկերը կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` սույն օրենքով սահմանված կարգով: Օտարերկրյա բանկի մասնաճյուղը բանկային գործունեություն և ֆինանսական գործառնություններ է իրականացնում լիցենզիայի հիման վրա: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է օտարերկրյա բանկի մասնաճյուղի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ ընդունելու համար լրացուցիչ պայմաններ սահմանել: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
Հոդված 15. |
Բանկերի ներկայացուցչությունները |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կարող են հիմնել ներկայացուցչություններ` սույն օրենքով սահմանված կարգով:
2. Բանկի ներկայացուցչությունը բանկի` իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող և բանկի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումն է, որը ներկայացնում է բանկը, ուսումնասիրում է ֆինանսական շուկան, բանկի անունից կնքում է պայմանագրեր, իրականացնում է համանման այլ գործառույթներ: Ներկայացուցչությունը բանկային գործունեություն և սույն օրենքով սահմանված ֆինանսական գործառնություններ իրականացնելու իրավունք չունի:
Հոդված 16. |
Բանկի գործառնական գրասենյակները (կետերը) |
(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 17. |
Բանկերի կանոնադրական հիմնադրամը |
1. Բանկի կանոնադրական հիմնադրամը հայտարարվում է այն հիմնադրելիս և ամրագրվում է նրա կանոնադրությամբ (հայտարարված կանոնադրական հիմնադրամ): Փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը ձևավորվում է բանկի մասնակիցների ներդրումներից: Փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամը հավասար է`
ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի կամ կոոպերատիվ բանկի մասնակիցների բաժնեմասերի դիմաց ներդրված գումարին.
բ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի իրացումից ստացված գումարին:
2. Բանկերի կանոնադրական հիմնադրամը համալրվում է փողով (ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից սահմանված արտարժույթի տեսակներով):
(17-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 18. |
Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները |
1. Անձը կամ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում կարող են նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունն ստանալու համար բանկի միջնորդությամբ անձի կամ փոխկապակցված անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի, տեղեկությունների ցանկն ու ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, քննում է դրանք: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված:
2. Կենտրոնական բանկը մերժում է դիմումը` 10-օրյա ժամկետում ծանուցելով դիմողին, եթե`
ա) անձը դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար դատվածություն ունի.
բ) անձն օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
գ) անձը սնանկ է ճանաչվել և չմարված (չներված) պարտավորություններ ունի.
դ) անձի գործողությունները նախկինում հանգեցրել են բանկի կամ այլ անձի սնանկացմանը.
ե) տվյալ անձը կամ փոխկապակցված անձինք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձի` որպես բանկի բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի, գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացման կամ ֆինանսական վիճակի վատթարացման, կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկման.
զ) տվյալ գործարքն ուղղված է, կամ հանգեցնում է, կամ կարող է հանգեցնել ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը.
է) տվյալ գործարքի հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը և նրա հետ փոխկապակցված անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում տվյալ գործարքի հետևանքով ձեռք են բերում գերիշխող դիրք, որն իրենց հնարավորություն է տալիս կանխորոշել սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագները կամ պայմանները.
ը) փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի սահմանած ձևի և կարգի խախտումներով, կամ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ:
Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության, բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման պայմանագիրն առ ոչինչ է:
4. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու թողարկող հանդիսացող բանկի կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման վրա, եթե դա կատարվել է ֆոնդային բորսայում և չի գերազանցում բանկի կանոնադրական հիմնադրամի քսան տոկոսը, իսկ գերազանցելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը ձեռք է բերվում սույն հոդվածով սահմանված կարգով:
5. Օֆշորային տարածքներում մշտական բնակության վայր ունեցող կամ գործունեություն ծավալող ֆիզիկական անձինք, ինչպես նաև այդ տարածքներում ստեղծված կամ գրանցված իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձինք կամ սույն կետով սահմանված անձանց հետ փոխկապակցված անձինք մեկ կամ մի քանի գործարքների հետևանքով բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ մասնակցության չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ: Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
Սույն կետով սահմանված անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձինք բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցություն (անկախ դրա չափից) կարող են ձեռք բերել բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով` Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ:
(18-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 19. |
Բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության հիսուն տոկոսից ավելին ձեռք բերելու սահմանափակումները |
(19-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 20. |
Բանկի կանոնադրությունը |
1. Բանկի հիմնադիր փաստաթուղթը բանկի կանոնադրությունն է, որի պահանջները պարտադիր են բանկի հիմնադիրների, մասնակիցների և կառավարման մարմինների համար:
2. Կանոնադրությունը սահմանում է`
ա) բանկի լրիվ և կրճատ ֆիրմային անվանումը.
բ) բանկի գտնվելու վայրը.
գ) բանկի կազմակերպական-իրավական ձևը.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկի համար` տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի տեսակները (սովորական և արտոնյալ), քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև արտոնյալ բաժնետոմսերի ձևերը, յուրաքանչյուր տեսակի և ձևի բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները.
ե) բանկի հայտարարված կանոնադրական հիմնադրամի չափը.
զ) բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունը և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
է) բանկի հիմնադիրների և մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, ներառյալ այն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունեն ընկերության կառավարման մարմինները` պարզ մեծամասնությամբ կամ միաձայն:
ը) տեղեկություններ բանկի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների մասին, ինչպես նաև բանկի կողմից մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման և գործունեության դադարման կարգը.
թ) հիմնադիր բանկի կողմից բանկին տրված լիազորությունները (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).
ժ) բանկի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը (օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում).
ժա) բանկի լուծարման կարգը.
ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ դրույթներ:
Բանկի կանոնադրությամբ կարող են սահմանվել բանկի կանոնադրական հիմնադրամում մեկ հիմնադրամի կամ մասնակցի մասնակցության (բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերում` բանկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի) առավելագույն չափը:
3. Ցանկացած անձի պահանջով բանկը պարտավոր է նրան հնգօրյա ժամկետում ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Բանկը պարտավոր է այդ անձի պահանջով նրան տրամադրել բանկի գործող կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է բանկի կողմից կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող այդ պատճենը պատրաստելու ծախսերից մեծ լինել:
4. Բանկի կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում են, ինչպես նաև բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է բանկի մասնակիցների ընդհանուր ժողովում` ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ:
(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 21. |
Բանկի կառավարման մարմինները: Բանկի վերստուգիչ հանձնաժողովը: Բանկի ներքին վերահսկողությունը |
1. Բանկի կառավարման մարմիններն են`
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը: Պետական բաժնետիրական բանկում մասնակիցների ընդհանուր ժողովի լիազորություններն իրականացնում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
բ) բանկի խորհուրդը (տնօրենների խորհուրդ կամ դիտորդ խորհուրդ).
գ) բանկի գործադիր տնօրենը.
դ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` բանկի վարչությունը: Եթե բանկի կանոնադրությամբ նախատեսված է վարչություն ունենալ, ապա կանոնադրությամբ պետք է սահմանազատվեն գործադիր տնօրենի և վարչության իրավասությունները:
Բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, իրավասությունների շրջանակը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Բանկի վերստուգիչ հանձնաժողովը կազմված է առնվազն երեք անդամից, որոնք նշանակվում են բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից: Բանկի խորհրդի անդամները չեն կարող միաժամանակ լինել վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
3. Վերստուգիչ հանձնաժողովը`
ա) բանկում հսկողություն է սահմանում հաշվապահական հաշվառման և հաշվետվության վարման նկատմամբ.
բ) բանկի խորհրդին հաշվետվություն է ներկայացնում օրենքներին և այլ իրավական ակտերին բանկի գործունեության համապատասխանության, ինչպես նաև Կենտրոնական բանկի հանձնարարականները սահմանված ժամկետում կատարելու մասին.
գ) եզրակացություններ է տալիս բանկի խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ.
դ) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և բանկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Վերստուգիչ հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան առնվազն չորս անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրվել բանկի խորհրդի կամ վերստուգիչ հանձնաժողովի առնվազն երկու անդամների պահանջով:
4. Իրենց ընթացիկ գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով բանկերն ստեղծում են ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում (ներքին հսկող խումբ կամ վերահսկիչ, հսկիչ), որը հաշվետու է բանկի գործադիր մարմնին: Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը: Ներքին հսկողություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման մեջ չեն կարող նշանակվել բանկի խորհրդի անդամները, բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամները, բանկի այլ ղեկավարները:
5. Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է իր որոշմամբ հրավիրել բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) արտահերթ նիստ` բանկային վերահսկողության և կարգավորման կապակցությամբ առաջացած խնդիրների քննարկման և համապատասխան որոշումների կայացման նպատակով:
(21-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 22. |
Բանկի ղեկավարները, նրանց որակավորման կարգը |
1. Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի (տնօրենների կամ դիտորդ խորհրդի) նախագահը, նրա տեղակալը և խորհրդի անդամները, գործադիր տնօրենը, նրա տեղակալները, բանկի վարչության նախագահը և անդամները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները կամ բանկի հիմնադիր փաստաթղթերով նախատեսված նմանատիպ լիազորություններ իրականացնող մարմինների անդամները, ինչպես նաև բանկի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` բանկի դեպարտամենտի, վարչության, բաժնի, ինչպես նաև Կենտրոնական բանկի սահմանած չափանիշերով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով որևէ կերպ բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող ստորաբաժանման աշխատակիցները:
2. Բանկի ղեկավար չեն կարող լինել`
ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.
բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.
գ) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.
դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշերին.
ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
զ) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
3. Բանկի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, որակավորման, մասնագիտական համապատասխանության չափանիշները և կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Անկախ բանկի կազմակերպական-իրավական ձևից` բանկերի և դրանց ղեկավարների վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65, 66, 67 և 68 հոդվածները:
(22-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 3
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 23.
Բանկային գործունեության լիցենզիան
1. Բանկային գործունեության լիցենզիան Կենտրոնական բանկի կողմից տրվող բանկային գործունեություն իրականացնելու թույլտվությունը հավաստող փաստաթուղթ է:
2. Բանկային գործունեության լիցենզիա տալու բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին:
3. Բանկային գործունեության լիցենզիան անժամկետ է, և դրանում նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:
4. Բանկային գործունեության լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, լիցենզավորված բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի լրիվ ֆիրմային անվանումը և գրանցման համարը: Բանկային գործունեության լիցենզիայի միասնական ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից:
5. Բանկային գործունեության լիցենզիան կարող է անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվել Կենտրոնական բանկի որոշմամբ, սույն օրենքով նախատեսված դեպքերում:
6. Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի լուծարման դեպքում բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցնում է և պետք է վերադարձվի Կենտրոնական բանկ` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
7. Բանկային գործունեության լիցենզիայի կորստի դեպքում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղն այդ մասին անհապաղ հայտնում է Կենտրոնական բանկին: Բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դիմումով Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում վերականգնում է նրա բանկային գործունեության լիցենզիան:
8. Բանկային գործունեության լիցենզավորման ընթացակարգը սահմանվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով: Այլ օրենքներով բանկային գործունեության լիցենզավորման վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
(23-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 24. |
Լիցենզավորման փուլերը |
1. Լիցենզավորման ընթացակարգը սկսվում է լիցենզիայի նախնական հավանություն ստանալու միջնորդագիր ներկայացնելու պահից և ավարտվում է լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու դիմումը մերժելու պահով:
2. Լիցենզավորման ընթացակարգի փուլերն են`
ա) լիցենզիա ստանալու նախնական հավանությունը.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցումը.
գ) լիցենզիա տալը:
Հոդված 25. |
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար անհրաժեշտ փաստաթղթերը |
Լիցենզիա ստանալու նախնական հավանության համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) նախաձեռնող անձանց կամ օտարերկրյա բանկի միջնորդագիրը.
բ) ստեղծվող բանկի կանոնադրության նախագիծը, իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար օտարերկրյա բանկի հիմնադիր փաստաթղթերը և մասնաճյուղի կանոնադրության նախագիծը.
գ) Կենտրոնական բանկի սահմանած ձևով` ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որը պետք է կազմված լինի բանկի գործունեության առաջիկա 3 տարիների համար և պարունակի բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, եկամուտների և ծախսերի հաշվարկը, ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները, ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրությունը, միջոցների ներգրավման հիմնական գործիքները, մրցակցությանը դիմակայելու մեթոդները, բանկի կառավարման սկզբունքները և հնարավոր ռիսկերի գնահատումը.
դ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
(25-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 26. |
Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը |
1. Սույն օրենքի 25 հոդվածով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և կարգով ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը քննում է միջնորդագիրը: Կենտրոնական բանկը կարող է մերժել միջնորդագիրը, եթե`
ա) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունը կհակասի օրենքներին և այլ իրավական ակտերին.
բ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևին և (կամ) Կենտրոնական բանկի հաստատած չափանիշերով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով գործելով ծրագրին համապատասխան, բանկն ի վիճակի չի լինի բնականոն բանկային գործունեություն իրականացնել, կամ տնտեսական ծրագիրն անիրատեսական է.
գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` օտարերկրյա բանկն իրավասու չէ բանկային գործունեություն իրականացնել իր գրանցման և հիմնական գործունեության վայրի երկրում կամ Կենտրոնական բանկը գտնում է, որ օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմինները տվյալ բանկի և նրա մասնաճյուղերի` որպես միասնական համակարգի, գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողություն են իրականացնում:
2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար միջնորդագրի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը համարվում է տրված: Միջնորդագիր ներկայացնող անձի առաջին իսկ պահանջով Կենտրոնական բանկը պարտավոր է մեկօրյա ժամկետում նրան տրամադրել նախնական հավանության մասին իր որոշումը:
3. Նախնական հավանություն տալու կամ նախնական հավանությունը մերժելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը ենթակա չէ դատական կարգով բողոքարկման:
(26-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 27. |
Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը |
1. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) գրանցման դիմում, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ.
բ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների գործունեության վերաբերյալ տեղեկանք.
գ) բանկի կանոնադրությունը, կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, նրանց վավերացված ստորագրության նմուշները.
ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով.
զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի առաջին մասով սահմանված բոլոր փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը կամ մերժում է դրանց գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել անորոշ ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում բանկը համարվում է գրանցված:
3. Կենտրոնական բանկը մերժում է բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ, կամ ներկայացվել են ոչ ամբողջական կամ ոչ բավարար փաստաթղթեր:
4. Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը գրանցվում է միայն Կենտրոնական բանկում բացված համապատասխան հաշվում Կենտրոնական բանկի սահմանած` բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափով միջոցների առկայության դեպքում:
5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից բանկը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
6. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական:
7. Կենտրոնական բանկը բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո հինգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
(27-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 28. |
Մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`
ա) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին.
բ) բանկի միջնորդագիրը.
գ) մասնաճյուղի կանոնադրությունը.
դ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով: Կենտրոնական բանկը կարող է քննել մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով` ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը, որն իր մեջ ներառում է մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը, նախատեսվող ֆինանսական գործառնություններն ու գործունեության հիմնական ուղղությունները, ակտիվների, պասսիվների մոտավոր կազմը, կառուցվածքը, շահույթների և վնասների պլանային հաշվարկն առաջին երկու տարում.
զ) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթուղթ.
է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի և օտարերկրյա բանկերի ներկայացուցչություն գրանցելու համար բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում`
ա) հիմնադիր բանկի միջնորդագիրը.
բ) ներկայացուցչություն բացելու հիմնավորումը.
գ) հիմնադիր բանկի կանոնադրության պատճենը.
դ) ներկայացուցչության կանոնադրությունը.
ե) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը, մասնաճյուղի ստեղծման տնտեսական ծրագիրը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ փաստաթղթեր, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո հաշվառվում են Կենտրոնական բանկում` ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ:
4. Սույն հոդվածով նախատեսված միջնորդագիրը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կենտրոնական բանկը գրանցում է մասնաճյուղը, ներկայացուցչությունը և տալիս է գրանցման վկայական, իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնում է բանկին: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ ստանալու համար գրանցման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին անձին չտեղեկացնելու դեպքում նախնական հավանությունը համարվում է տրված: Կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի, ներկայացուցչության գրանցման մերժման հիմքերը սահմանում է Կենտրոնական բանկը:
5. Կենտրոնական բանկը մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում այդ մասին ծանուցում է ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
6. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի գրանցման միջնորդագիրը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.
գ) բանկի մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած պահանջներին.
դ) բանկի մասնաճյուղի ղեկավարների մասնագիտական գիտելիքները կամ որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշերին.
ե) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում բանկը խախտել է հիմնական տնտեսական նորմատիվները, կամ բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափից, կամ Կենտրոնական բանկի սահմանված չափանիշերով մասնաճյուղի բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
զ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում բանկը չի ապացուցում տվյալ երկրում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը և Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով ծրագրավորում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ.
է) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ հիմքերով:
7. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկի կամ օտարերկրյա բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման միջնորդագիրը կամ համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող ներկայացուցչության ստեղծմանը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի.
գ) Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
դ) Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված այլ հիմքերով:
8. Մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության դադարեցման, ներառյալ` ժամանակավոր դադարեցման կարգը, պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկը կարող է թույլ չտալ դադարեցնել կամ ժամանակավորապես դադարեցնել մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեությունը` իր կողմից սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 29. |
Լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները |
1. Բանկը պարտավոր է Կենտրոնական բանկի նախնական հավանությունը ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ: Դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկը գրանցված բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին լիցենզիա է տալիս, եթե բավարարվել են հետևյալ պայմանները`
ա) Կենտրոնական բանկի կողմից սահմանված` բանկերի կանոնադրական հիմնադրամի նվազագույն չափի լրիվ համալրումը.
բ) բանկային գործունեության համար ձեռք բերված կամ վարձակալված տարածքը և նրա տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին և բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագրին.
գ) ստեղծվել են բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ներքին կազմակերպական կառուցվածքը և գործառնական համակարգը.
դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների, բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների որակավորումը, մասնագիտական համապատասխանությունը բավարարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: Կենտրոնական բանկը կարող է քննել բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարներին` նրանց մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով.
ե) օտարերկրյա բանկի մասնաճյուղի համար` նաև օտարերկրյա բանկի գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում բանկային վերահսկողության պետական մարմնի համաձայնությունը Հայաստանի Հանրապետության բանկային գործունեություն իրականացնելու համար.
զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ պայմաններ:
2. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար` որոշակի այլ պայմանների բավարարման համար լիցենզիա տալու դիմումի քննության մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել:
3. Կենտրոնական բանկը կարող է մերժել բանկին լիցենզիայի տրամադրումը, եթե, համաձայն իր սահմանած պայմանների, լիցենզիայի նախնական հավանություն տալուց և բանկի գրանցումից հետո էապես փոփոխվել են այն պայմանները, որոնց առկայության պարագայում բանկին տրվել էր նախնական հավանությունը, և (կամ) բանկը գրանցելուց հետո բանկի ղեկավարների կողմից իրականացվել են ապօրինի, վարկաբեկիչ գործողություններ, փոփոխվել է բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց ֆինանսական դրությունը:
4. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում Կենտրոնական բանկ չդիմելու դեպքում Կենտրոնական բանկի նախնական հավանությունը և գրանցումը ուժը կորցնում են:
(29-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 30. |
Գրանցման և լիցենզավորման հետ կապված վճարները |
Բանկերին, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին, այլ անձանց գրանցելու և լիցենզիա տալու, բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գրանցելու, ինչպես նաև կորցրած լիցենզիան կամ գրանցման վկայականը վերականգնելու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով և կարգով: Կենտրոնական բանկը կարող է Կենտրոնական բանկում մասնագիտական համապատասխանության և որակավորման քննություն անցնող անձանցից գանձել ծառայության վճար` իր սահմանած չափով:
(30-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 31. |
Բանկերի գրանցումների մատյանը |
Կենտրոնական բանկը վարում է բանկերի, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ինչպես նաև բանկերի և օտարերկրյա բանկերի ներկայացուցչությունների կենտրոնական գրանցումների մատյանը, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները`
ա) գրանցման վկայականի համարանիշը.
բ) գրանցման ամսաթիվը.
գ) բանկի կազմակերպական-իրավական ձևը, բանկի ֆիրմային անվանումը.
դ) բանկի գտնվելու վայրը.
ե) բանկի հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) կազմը.
զ) բանկի կանոնադրական հիմնադրամի չափը.
է) բանկի կողմից մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնելու դեպքում` նրանց գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը.
ը) բանկի գործունեության դադարման մասին:
(31-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 32. |
Լիցենզիայի անվավեր ճանաչումը և դրա իրավական հետևանքները |
1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչել, եթե բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը լիցենզիա է ստացել լիցենզավորման ընթացակարգում ներկայացրած կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա:
Սույն օրենքի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա Կենտրոնական բանկը կայացրել է որոշում, բայց որը չէր կայացվի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:
2. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն անմիջապես հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
3. Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից, բացառությամբ այն գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը: Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից բանկը ենթակա է լուծարման` օրենքով սահմանված կարգով:
4. Լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին պետք է անմիջապես գրավոր հաղորդվի բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը` գործի ողջ դատական քննության ընթացքում:
5. Բանկի բանկային գործունեության լիցենզիան անվավեր է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիան անվավեր ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
(32-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 33. |
Փոփոխությունների գրանցումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները`
ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար իր սահմանած փաստաթղթերն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունը համարվում է գրանցված:
Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են սահմանված կարգով և ձևով: Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Սույն հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կողմից, և բանկը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները` մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխություններ գրանցելը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում այլ բանկերում կուտակային հաշիվ բացել չեն կարող:
(33-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
ՀՈԴՎԱԾ 331. |
ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ |
Սույն օրենքով սահմանված կարգով` Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող` Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշումը (հրամանը) Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ (հրամանով) անվավեր է ճանաչվում, եթե բանկը մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ սույն օրենքով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ բանկի ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական ստանալու նպատակով, կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ:
(331 հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 34.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, դրանց մասնաճյուղերը, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են`
ա) ընդունել ցպահանջ և ժամկետային ավանդներ.
բ) տրամադրել առևտրային և սպառողական վարկեր, այդ թվում` տալ հիփոթեքային վարկեր, իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ.
գ) տրամադրել բանկային երաշխիքներ և ակրեդիտիվներ (վարկային նամակներ).
դ) բացել և վարել հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի թղթակցային հաշիվներ.
ե) մատուցել վճարահաշվարկային ծառայություններ և (կամ) այլ կերպ սպասարկել հաճախորդների հաշիվները.
զ) թողարկել, գնել (զեղչել), վաճառել և սպասարկել արժեթղթեր, վճարային փաստաթղթեր, ճանապարհային չեկեր, քարտեր և այլ գործիքներ, նման այլ գործառնություններ կատարել.
է) ինվեստիցիոն (ներդրումային) և բաժանորդագրական գործունեություն իրականացնել.
ը) մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ, կառավարել այլ անձանց արժեթղթերն ու ներդրումները (հավատարմագրային (լիազորագրային) կառավարում).
թ) գնել, վաճառել և կառավարել թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորներ և հուշադրամ.
ժ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ.
ժա) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ).
ժբ) ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարտեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ.
ժգ) մատուցել ֆինանսական և ինվեստիցիոն խորհրդատվություն.
ժդ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ, իրականացնել պարտքերի ետ ստացման գործունեություն:
2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել բանկերին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ սերտորեն կապված են բանկային գործունեության կամ սույն գլխում նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և էականորեն չի վտանգում բանկերի ավանդատուների և վարկատուների շահերը:
3. Բանկերը կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց սույն օրենքով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար:
Բանկերը չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային և ապահովագրական գործունեություն, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
(34-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 35. |
ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ և ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
1. Բանկերը կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն` իրենց կամ հաճախորդի անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և ներդրումային այլ արժեթղթեր գնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել, ինչպես նաև տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց (թողարկողների) բաժնետոմսերը, պարտատոմսերը և ներդրումային այլ արժեթղթերը (բաժանորդագրական գործունեություն):
Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել:
2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում 4,99 տոկոս և ավելի մասնակցություն է.
բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը.
գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը:
Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում բացառապես սույն գլխով նախատեսված գործունեություն կամ գործառնություններ իրականացնող անձանց, այդ թվում` բանկերի կապիտալում բանկերի մասնակցության վրա: Բանկը սույն կետով սահմանված կարգով այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով և պայմաններով վերահսկողություն է իրականացնում այն անձանց նկատմամբ, որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ):
Սույն կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է 9 տոկոսը, 15 տոկոսը, 25 տոկոսը, 35 տոկոսը, 50 տոկոսը, 70 տոկոսը կամ կազմում է 100 տոկոս:
3. Կենտրոնական բանկը, սույն հոդվածի երկրորդ կետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է մեկամսյա ժամկետում և համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ, և համաձայն Կենտրոնական բանկի հաստատած պայմանների և կարգի, կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը և չի հակասում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե`
ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած և չկատարած պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերից առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով.
բ) բանկը մի այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից և հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը:
5. Սույն հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև բանկին դատական կարգով տուգանել խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի մեկ տոկոսի չափով:
(35-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 36. |
ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ |
1. Բանկերը կարող են շահաբաժիններ վճարել բացառապես տարեկան արդյունքներով:
2. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում` դրա հաշվին շահաբաժիններ բաշխելու, մասնակցության հետ գնման, բաժնի առանձնացման ձևերով կամ այլ կերպ` արգելվում է: Սույն հոդվածի խախտմամբ շահաբաժիններ բաշխելու դեպքում Կենտրոնական բանկը բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում:
3. Կենտրոնական բանկը բանկին սահմանափակում կամ արգելում է մասնակիցներին շահաբաժիններ վճարել, եթե դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարին կամ գերազանցում են այն: Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
(36-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 37. |
ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՆԵԼԸ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԻՆ ՎԱՐԿԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ |
1. Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկի բաժնետոմսերը գրավ ընդունելը կամ ձեռք բերելը անհրաժեշտ է տվյալ բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար, ընդ որում, բանկը պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք:
2. Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով:
3. Բանկին արգելվում է փոխառուին կամ նրա հետ փոխկապակցված անձանց բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության ձեռքբերման նպատակով վարկեր կամ այլ փոխառություններ տրամադրելը, ինչպես նաև երաշխավորել կամ երաշխիք տալ երրորդ անձից վարկ կամ փոխառություն ստանալու համար: Սույն հոդվածի խախտմամբ կնքված գործարքներն առոչինչ են:
(Վերնագիրը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
(37-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 38. |
ԲԱՆԿԻ և ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Բանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ:
2. Բանկը պարտավոր է իր գործունեության այնպիսի կանոններ սահմանել, որպեսզի բացառվի շահերի բախումը, մասնավորապես`
ա) մեկ հաճախորդի նկատմամբ, բանկի ստանձնած պարտավորությունները չհակասեն մեկ այլ հաճախորդի նկատմամբ նրա ստանձնած պարտավորություններին.
բ) բանկի ղեկավարների և աշխատակիցների շահերը չհակասեն բանկի հաճախորդի նկատմամբ բանկի ստանձնած պարտավորություններին:
3. Բանկերին արգելվում է հաճախորդների հետ վարկային կամ այլ գործարք կնքելիս տվյալ հաճախորդին պարտադրել, որ վերջինս բանկային այլ ծառայությունների վերաբերյալ գործարք կնքի տվյալ բանկի հետ:
4. Բանկը պարտավոր է հաճախորդների պահանջով ներկայացնել հրապարակման ենթակա տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
5. Սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ տրամադրելու համար բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 39. |
ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ |
1. Բանկերի հետ կապված անձանց հետ կնքվող գործարքները չեն կարող վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսել, քան այլ անձանց հետ կնքված նույնանման գործարքները: Բանկի հետ կապված անձանց հետ կնքված` վերջիններիս համար առավել բարենպաստ պայմաններ նախատեսող գործարքները առ ոչինչ են:
2. Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով բանկի հետ կապված անձանց թվին են դասվում`
ա) բանկի ղեկավարները.
բ) բանկի կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք.
գ) սույն մասին «ա» և «բ» կետերում նշված անձանց հետ փոխկապակցված (կամ) և համագործակցող անձինք.
դ) բանկի հետ փոխկապակցված անձինք:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 40. |
ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼԸ |
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ և այլն) շրջանառությունը բանկերում` բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության, բանկում հաշիվ կամ ավանդային հաշիվ բացելու, դրանցով փոխանցում կատարելու կամ դրանցով այլ գործարքներ ու գործառնություններ իրականացնելու ձևով, արգելվում է: Կենտրոնական բանկը կարող է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը կանխարգելելու համար սահմանել բանկային գործառնությունների իրականացման կարգ, բանկերի կողմից ներկայացվող հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ և ձևեր, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: Կենտրոնական բանկը կարող է բանկից, բանկի հաճախորդից կամ բանկի մասնակցից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:
(40-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 41. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ |
Բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակումներ նախատեսել բանկի վարկային, ավանդային, ֆինանսական գործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար կամ դրանց իրականացման հատուկ կարգ սահմանել: (2-րդ նախադասությունն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253): (3-րդ նախադասությունն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253):
(41-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 42. |
ԲԱՆԿԵՐԻ ԱԶԱՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կնքել, որոնք ուղղված են կամ հանգեցնում են բանկերի ազատ տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կամ որոնց հետևանքով բանկը, նրա հետ փոխկապակցված և համագործակցող անձինք Հայաստանի Հանրապետության բանկային շուկայում ձեռք են բերում գերիշխող դիրք, որը նրանց հնարավորություն է տալիս կանխորոշելու սույն օրենքի 34 հոդվածով սահմանված գործունեության և գործառնությունների կամ դրանցից թեկուզ մեկի շուկայական սակագներն ու պայմանները: Սույն սահմանափակումը չի տարածվում բանկի վրա, եթե տվյալ բանկը հնարավորություն ունի կանխորոշելու վերոհիշյալ գործունեության կամ գործառնությունների որոշակի տեսակի շուկայում սակագները զուտ այն պատճառով, որ տվյալ գործունեությունը կամ գործառնությունը իրականացնում է միայն տվյալ բանկը:
ՀոԴՎԱԾ 421. |
ԲԱՆԿԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ |
Բանկերը պարտավոր են Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով, հաճախականությամբ և կարգով Կենտրոնական բանկ ներկայացնել իրենց հեռանկարային զարգացման ծրագրերը:
(421 հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 43. |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Բանկերը, Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով, պարտավոր են պարբերաբար, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ, հրապարակել տեղեկություններ` իրենց գործունեության, ավանդների ընդունման և վարկերի տրամադրման կարգի ու պայմանների վերաբերյալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի սահմանած հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների:
3. Բանկերն իրենց մասնակիցների ընդհանուր ժողովի անցկացման մասին Կենտրոնական բանկին ծանուցում են դրա անցկացումից ոչ ուշ, քան տասնհինգ օր առաջ:
(43-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 44.
ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`
ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.
բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.
գ) բանկի իրացվելիության նորմատիվները.
դ) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.
ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.
զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը.
է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.
ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը:
2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող` սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ընդհանուր կապիտալի հիմնական տնտեսական նորմատիվի և օրենքով նախատեսված այլ դեպքերի:
3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի համար, եթե բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշերի ամփոփ գնահատականի չափից, կամ տվյալ բանկի ֆինանսական ցուցանիշերը վատթարացել են, կամ բանկը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում:
(44-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 45. |
ԲԱՆԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ |
1. Բանկի ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են` կանոնադրական հիմնադրամը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տարրերը:
3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանում է Կենտրոնական բանկը: Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունը ընդհանուր կապիտալի հաշվարկում:
(45-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 46. |
ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկերի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը` որոշակի գումարների ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ:
2. Կենտրոնական բանկը բանկերի կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը վերանայելիս սահմանում է նաև այն ժամկետը, որի ընթացքում բանկերը պարտավոր են լրացնել կանոնադրական հիմնադրամի կամ ընդհանուր կապիտալի նվազագույն վերանայված չափերը, ընդ որում` տվյալ ժամկետը չի կարող երկու տարուց պակաս լինել:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի այլ նվազագույն չափ` որոշակի գումարի ձևով: Կենտրոնական բանկը կարող է վերանայել նոր ստեղծվող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ: Կենտրոնական բանկի կողմից նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
(46-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 47. |
ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
Բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվներն են`
ա) ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը.
բ) հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը:
Հոդված 48. |
ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
Բանկերի ընդհանուր իրացվելիության նորմատիվներն են`
ա) բանկի բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
բ) բանկի բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիության):
Հոդված 49. |
ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների (բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների) գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
(49-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 50. |
ԲԱՆԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
Բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից տվյալ բանկի հետ կապված անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, բանկի հետ կապված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, (բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների) գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
(50-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 51. |
ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ |
Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Պարտադիր պահուստների նվազագույն չափը խստացնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, եթե տվյալ որոշմամբ ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
(51-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 52. |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ |
Բանկերում և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում արտարժութային դիրքի գործակիցը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Հոդված 53. |
ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը խստացնելու դեպքում հիմնական տնտեսական նորմատիվներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից վեց ամիս հետո, եթե սույն օրենքն այլ բան չի սահմանում:
2. Կենտրոնական բանկի կողմից հիմնական տնտեսական նորմատիվների ռեժիմը մեղմացնելու դեպքում այդ նորմատիվներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահից:
Հոդված 54. |
ՀԱՏՈՒԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ |
1. Բանկային համակարգի կայունությունը ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ` մինչև վեց ամիս տևողությամբ:
2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում, որը հնարավորություն կտա բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնել սահմանված նորմատիվների պահանջներին:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(Վերնագիրը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 55.
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Բանկերը և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում տարեկան և եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ: Կենտրոնական բանկը կարող է սահմանել հաշվետվությունների ներկայացման նաև այլ պարբերականություն:
2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանք ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկը` հաշվի առնելով միջազգային ստանդարտները:
(Վերնագիրը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 56. |
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԲԱՆԿԵՐՈՒՄ |
Բանկերը հաշվապահական հաշվառում վարում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
(56-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 57. |
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ |
1. Բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության բացառիկ իրավունքը պատկանում է Կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունը իրականացնում է օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Կենտրոնական բանկի ծառայողները վերստուգումներ են կատարում բանկերում` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով և հաճախականությամբ: Արտահերթ վերստուգումներն իրականացվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
3. Բոլոր բանկերը և մասնաճյուղերը պարտավոր են ընդունել և աջակցել Կենտրոնական բանկի ծառայողներին: Վերահսկողություն և վերստուգումներ իրականացնելիս արգելվում է ծառայողների օրինական գործողություններին խոչընդոտելը կամ միջամտելը:
4. Կենտրոնական բանկը կարող է վերստուգման արդյունքով համապատասխան բանկի վերաբերյալ իրեն հայտնի դարձած այնպիսի տեղեկություններ հայտնել այլ երկրի բանկերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնին, ազգային բանկ կամ այլ մարմին, որոնք անհրաժեշտ են նրանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` իր երկրում ստեղծված տարածքային ստորաբաժանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ իր երկրում տարածքային ստորաբաժանում ստեղծելուն համաձայնություն տալու համար` Կենտրոնական բանկի և տվյալ երկրի բանկերի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան պետական մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով: Կենտրոնական բանկը կարող է սույն կետով սահմանված տեղեկությունները տրամադրել, անգամ, եթե դրանք բանկային կամ այլ գաղտնիք կազմեն:
5. Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Կենտրոնական բանկի հետ համատեղ:
(57-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 58. |
ԲԱՆԿԻ ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ |
1. Յուրաքանչյուր տարի բանկերը ստուգվում են օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից: Անկախ աուդիտային կազմակերպություն նշանակում է բանկը` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով: Անկախ աուդիտային կազմակերպությունը`
ա) օժանդակում է բանկի ֆինանսական հաշվետվությունների պատշաճ ձևակերպումը.
բ) պատրաստում և (կամ) ստուգում է տարեկան ֆինանսական հաշվետվությունները և ներկայացնում է աուդիտային եզրակացություն այն մասին, թե արդյոք ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ են արտահայտում բանկի ֆինանսական վիճակը.
գ) ստուգում է բանկի վերստուգիչ հանձնաժողովի կազմակերպման և գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին:
(2-րդ մասը հանվել է 23.10.01 ՀՕ-253)
2. Կենտրոնական բանկը կարող է պարտադրել բանկին վեց ամսվա ընթացքում հրավիրել աուդիտային գործունեություն իրականացնող անկախ աուդիտային կազմակերպություն և հրապարակել նրա եզրակացությունը:
3. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում բանկերի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո վեցամսյա ժամկետում:
4. Կենտրոնական բանկի պահանջով անկախ աուդիտային կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել բանկի աուդիտային ստուգման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, անգամ, եթե դրանք առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն կետով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտային կազմակերպությունը կրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
(58-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 59. |
ՀԱՇՎԵԿՇՌԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո վեցամսյա ժամկետում մամուլում հրապարակել իրենց հաշվեկշռի և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
2. Բանկերը պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:
Գ Լ ՈՒ Խ 7
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 60.
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Կենտրոնական բանկի կողմից բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել, եթե`
ա) բանկի կանոնադրական հիմնադրամը կամ ընդհանուր կապիտալի այլ տարրերը համալրվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.
բ) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները.
գ) բանկի, մասնաճյուղի կանոնադրությունը փոփոխվել և լրացվել են օրենքների և այլ իրավական ակտերի խախտումներով.
դ) խախտվել են բանկի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները կամ, Կենտրոնական բանկի կարծիքով, բանկն իրականացրել է այնպիսի գործողություններ (գործունեություն), որոնք կարող են վտանգել ավանդատուների կամ բանկի այլ պարտատերերի շահերը.
ե) խախտվել են հաշվապահական հաշվառում վարելու կանոնները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և հրապարակման կարգը և պայմանները, և (կամ) այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
զ) բանկը չի կատարել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրված հանձնարարականը.
է) բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած` բանկերի ցուցանիշերի ամփոփ գնահատականի չափից.
ը) բանկն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով չի կատարել բանկային ավանդների երաշխիքային հիմնադրամին երաշխիքային վճարների վճարումը:
(60-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 61. |
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ |
1. Սույն օրենքի 60-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցները`
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը բանկերին և բանկի ղեկավարներին չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով և պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:
3. Կենտրոնական բանկը կարող է օրենսդրության յուրաքանչյուր խախտման համար բանկի և (կամ) բանկի ղեկավարի (բացառությամբ խորհրդի անդամների) նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու հանձնարարականով, և (կամ) տուգանք` բանկի կամ ղեկավարի նկատմամբ, և (կամ) բանկի ղեկավարներին որակավորման վկայականից զրկում:
(61-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 62. |
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ |
1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը և խախտում թույլ տված բանկը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական և (կամ) բանկի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած բանկի համար:
3. Նախազգուշացումը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:
(62-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 63. |
ՏՈՒԳԱՆՔԸ |
1. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ բանկը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է բանկի թղթակցային հաշվից` հօգուտ պետական բյուջեի:
2. Տուգանքը որպես պատժամիջոց կարող է կիրառվել սույն օրենքի 60 հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:
3. Յուրաքանչյուր խախտման համար բանկից գանձվող տուգանքի չափը սահմանում է Կենտրոնական բանկը, ընդ որում`
ա) տնտեսական նորմատիվի յուրաքանչյուր խախտման համար, Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններն ուշացնելու համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի հինգ տոկոս: Սույն դրույթը չի տարածվում պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման վրա.
բ) բանկային օրենսդրության յուրաքանչյուր այլ խախտման համար բանկի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն կանոնադրական հիմնադրամի մեկ տոկոսը:
4. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի տուգանվող բանկի ծանր ֆինանսական կացությանը:
5. Կենտրոնական բանկը բանկի կողմից չհիմնավորված ռիսկային գործունեություն վարելու, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի կամ բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի հիմնական տնտեսական նորմատիվը տրման պահին խախտելու, հաշվետվություններն ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տեղեկություններ արտացոլելու, Կենտրոնական բանկի վերստուգումներին խոչընդոտելու կամ սույն օրենքով սահմանված կարգով տրված Կենտրոնական բանկի հանձնարարականները չկատարելու համար կարող է բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի անդամների) նկատմամբ նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը չգերազանցող գումարի չափով: Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով` դատարանի որոշմամբ, եթե բանկի ղեկավարը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Նշված անձանց վրա դրված տուգանքները գանձվում են նրանց անձնական միջոցներից` հօգուտ պետական բյուջեի:
(63-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 64. |
ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ԶՐԿԵԼԸ |
1. Բանկի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`
ա) միտումնավոր կերպով խախտել են օրենքներն ու այլ իրավական ակտերը.
բ) պաշտոնավարման ընթացքում վարել են անհիմն և վտանգավոր գործունեություն, խոչընդոտել են վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին.
գ) կատարել են այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով բանկը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնաս.
դ) գործունեության ընթացքում նրանք կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բանկի կամ բանկի հաճախորդների շահերին.
ե) անազնիվ և անբարեխիղճ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայողական պարտականությունների, այդ թվում` բանկի և բանկի հաճախորդների նկատմամբ ստանձնած հավատարմագրային պարտականությունների նկատմամբ.
զ) չեն համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշերին.
է) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:
2. Կենտրոնական բանկի` բանկի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից այդ անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բանկի կանոնադրությամբ և այլ ներքին փաստաթղթերով տրված լիազորությունները դադարում են:
(64-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 65. |
ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ |
1. Լիցենզիան կարող է ուժը կորցրած ճանաչվել, եթե`
ա) խախտվել են սույն օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները.
բ) բանկը լիցենզիա ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում բանկային գործունեություն չի իրականացրել.
գ) բանկը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում չի կատարել խախտումները վերացնելու մասին Կենտրոնական բանկի հանձնարարականը.
դ) դադարել է բանկի գործունեությունը:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:
3. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ օտարերկրյա բանկն իր գրանցման կամ հիմնական գործունեության վայրի երկրում զրկվել է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից:
(65-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 66. |
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ և ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Սույն օրենքի 65 հոդվածով նախատեսված հիմքերով բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշումն անմիջապես հրապարակվում է: Նշված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե որոշմամբ այլ ժամկետ չի սահմանված:
2. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու որոշման ուժի մեջ մտնելու պահից բանկը զրկվում է բանկային գործունեություն իրականացնելու իրավունքից` բացառությամբ սույն օրենքով նախատեսված գործարքների, որոնք ուղղված են նրա ստանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը, և օրենքով սահմանված կարգով լուծարվում է:
3. Բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշման պատճենը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում է բանկին կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղին: Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը դատարան չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
(66-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 8
ԲԱՆԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 67. |
ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
1. Բանկը կարող է վերակազմակերպվել բանկի` մեկ այլ բանկի հետ միացման և բանկի վերակազմավորման միջոցով:
2. Բանկի վերակազմավորումը (կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունը) կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված կարգով:
3. Բանկի միացումը կատարվում է սույն գլխով սահմանված կարգով:
(67-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
ՀՈԴՎԱԾ 68. |
ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ |
1. Բանկի կամ մի քանի բանկերի` մեկ այլ բանկի միանալու դեպքում միացող բանկերը կնքում են միացման պայմանագիր` ստանալով Կենտրոնական բանկի նախնական հավանությունը:
2. Միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար բանկը Կենտրոնական բանկի սահմանած ձևով, կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը սույն հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան գործարքի էական պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, կայացնում է սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված նախնական հավանություն տալու կամ չտալու մասին որոշում: Սույն կետով սահմանված ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում հավանություն տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը համարվում է ընդունված:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է հավանություն չտալ միացման պայմանագրի կնքմանը, եթե`
ա) բանկի (բանկերի) վերակազմակերպումը կամ ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, պահանջվող փաստաթղթերը չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ ներկայացվել են թերի.
բ) միացման արդյունքում պահպանվող բանկի ֆինանսական վիճակն էականորեն կվտանգվի.
գ) միացման արդյունքում բանկը բանկային շուկայում ձեռք կբերի գերիշխող կամ մենաշնորհ դիրք.
դ) գործարքի արդյունքում կողմերից որևէ մեկի ավանդատուների, այլ պարտատերերի շահերը կվտանգվեն:
5. Կենտրոնական բանկի նախնական հավանությունն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, միացող բանկերը միջնորդագրին կից Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանն են ներկայացնում միացման պայմանագիրը և Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր: Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում և գրանցում է միացման պայմանագիրն այն ստանալու պահից` երկշաբաթյա ժամկետում, եթե պայմանագիրը համապատասխանում է ստացված նախնական հավանության պայմաններին:
(68-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
ՀՈԴՎԱԾ 69. |
ԲԱՆԿԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
1. Միացման պայմանագրում սահմանված ժամկետներում միացման մասին որոշում ընդունած բանկերն իրականացնում են միացման պայմանագրով նախատեսված միջոցառումները, հաստատում են փոխանցման ակտը և պահպանվող բանկի կանոնադրության կամ կանոնադրության լրացումների և փոփոխությունների հետ միասին սույն օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով ներկայացնում են Կենտրոնական բանկ` գրանցման:
2. Պահպանվող բանկի կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները Կենտրոնական բանկի կողմից գրանցելու պահից միացված բանկի գործունեության դադարման վերաբերյալ բանկերի գրանցման մատյանում կատարվում է գրառում: Սույն կետում նշված գրառման պահից պահպանվող բանկը համարվում է վերակազմակերպված:
(69-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 70. |
ԴՈՒՍՏՐ ԲԱՆԿԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄԸ ՄԱՅՐ ԲԱՆԿԻ ՀԵՏ |
(70-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 71. |
ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ |
(71-րդ հոդվածն ուժը կորցրել է 23.10.01 ՀՕ-253)
(8-րդ գլուխը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Գ Լ ՈՒ Խ 9
ԲԱՆԿԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 72.
ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
1. Բանկը լուծարվում է`
ա) լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում.
բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում.
գ) «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում.
դ) բանկի ինքնալուծարման դեպքում.
ե) օրենքներով նախատեսված այլ հիմքերով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում բանկը լուծարվում է «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(72-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 73. |
ԲԱՆԿԵՐԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ |
1. Բանկի ինքնալուծարման մասին բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է որոշում և ինքնալուծարման թույլտվություն ստանալու համար դիմում է Կենտրոնական բանկ` կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկը:
2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել ինքնալուծարման մասին դիմումը, եթե Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով`
ա) բանկի ինքնալուծարման դեպքում, բանկը ի վիճակի չի լինի լրիվ բավարարել իր պարտատերերի պահանջները.
բ) ինքնալուծարումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ապակայունացմանը: Այս դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երկարաձգել բանկի գործունեությունը մինչև երկու տարի ժամկետով:
3. Բանկի ինքնալուծարման դեպքում բանկի կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է լուծարման նախագիծ, որի համաձայն իրականացվում է բանկի լուծարումը: Լուծարման նախագիծը պետք է հաստատվի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից:
Հոդված 74. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ |
1. Բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է սույն օրենքի 72-րդ հոդվածով սահմանված` դատարանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը կայացնելու պահից` առնվազն հնգօրյա ժամկետում, բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով` բանկը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով: Այն կազմվում է առնվազն երեք անդամից: Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ բանկի գործադիր տնօրենը կամ կառավարման նման լիազորություններ իրականացնող անձը, եթե բանկի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
2. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող բանկի կառավարման լիազորությունները:
3. Լուծարային հանձնաժողով ստեղծելուց հետո` երեք օրվա ընթացքում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին բանկի լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին, որը չի կարող պակաս լինել երկու ամսից:
4. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում բանկի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
(74-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 75. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ |
Լուծարային հանձնաժողովն իր նշանակումից հետո երկշաբաթյա ժամկետում`
ա) հաշվեգրում և գնահատում է լուծարվող բանկի ակտիվներն ու պասսիվները.
բ) հայտնաբերում է բանկի պարտապաններին և սահմանում է լուծարվող բանկի կողմից տրված վարկերի ժամկետից շուտ վերադարձնելու կարգը.
գ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.
դ) միջոցներ է ձեռնարկում լուծարվող բանկի նկատմամբ առկա պարտավորությունների ապահովման ուղղությամբ.
ե) որոշում է բանկի պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:
Հոդված 76. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Լուծարային հանձնաժողովը պարտավոր է առնվազն ամիսը մեկ անգամ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` իր գործունեության վերաբերյալ:
Հոդված 77. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ |
1. Լուծարային միջոցների բաշխումից հետո լուծարային հանձնաժողովը հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկին` իր գործունեության արդյունքների վերաբերյալ:
2. Ներկայացված հաշվետվությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատվելուց հետո բանկը համարվում է լուծարված, իսկ լուծարային հանձնաժողովն ազատվում է բանկի լուծարման հետ կապված պարտավորություններից:
3. Բանկի լուծարման մասին Կենտրոնական բանկում վարվող բանկերի գրանցումների մատյանում և իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնում համապատասխան գրառում է կատարվում:
4. Լուծարային հանձնաժողովը բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանք է հրապարակում:
(77-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-253)
Հոդված 78. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
Լուծարային հանձնաժողովի անդամները վարձատրություն են ստանում լուծարվող բանկի միջոցների հաշվին:
Հոդված 79. |
ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Լուծարային հանձնաժողովի անդամներն իրենց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների և իրենց գործողություններով պատճառված վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքների և այլ իրավական ակտերի համաձայն:
Հոդված 80. |
ԲԱՆԿԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ |
Պարտատերերի պահանջները բավարարվում են լուծարային միջոցների սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքի (միջոցների) հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 10
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 81.
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ: ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 60 օր հետո:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման կարգի մասին» որոշումը, բացառությամբ տվյալ որոշման յոթերորդ մասի «դ» կետի: Վերջինս ուժը կորցնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ համապատասխան լրացում կատարելուց հետո:
3. Մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը լիցենզավորված և գործող բանկերը (և նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները) համարվում են լիցենզավորված, իսկ մասնաճյուղերը` գրանցված` սույն օրենքի դրույթների համաձայն:
4. Կենտրոնական բանկին` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում`
ա) վերանայել Կենտրոնական բանկի որոշումները և դրանք համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին.
բ) ընդունել սույն օրենքով սահմանված այն նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի անարգել գործողության համար.
գ) սահմանել բանկերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառման կարգը` այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Կենտրոնական բանկի հետ համատեղ, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից`
- մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացնել բանկերի լիցենզավորման հետ կապված տուրքերի տեսակների և չափերի վերաբերյալ առաջարկություններ.
- երկամսյա ժամկետում սույն օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ազգային ժողով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
6. Մինչև սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում օրենքներում և այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը առկա նորմերը և կարգերը շարունակում են գործել:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, անկախ կազմակերպական-իրավական տեսակից, պարտավոր են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան մինչև 1997 թվականի հունվարի 1-ը վերագնահատել սեփականության իրավունքով իրենց պատկանող հիմնական միջոցները:
|
Լ. Տեր-Պետրոսյան |
|